Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Եհովային ծառայելը իմ ուրախությունն է եղել

Եհովային ծառայելը իմ ուրախությունն է եղել

Եհովային ծառայելը իմ ուրախությունն է եղել

ՊԱՏՄՈՒՄ Է ՖՐԵԴ ՌԱՍԿԸ

Դեռ վաղ տարիքում հասկացել եմ Սաղմոս 27։10-ում արձանագրված Դավթի խոսքերի ճշմարտացիությունը. «Նույնիսկ եթե հայրս ու մայրս ինձ թողնեն, Եհովան կընդունի ինձ»։ Ուզում եմ պատմել, թե ինչպես եմ ինձ վրա զգացել այդ խոսքերի կատարումը։

ՄԵԾԱՑԵԼ եմ Ջորջիա նահանգում (ԱՄՆ)՝ պապիկիս պատկանող բամբակի ֆերմայում։ 1930-ականներն էին՝ Մեծ տնտեսական ճգնաժամի տարիները։ Հայրս, որը վհատության մեջ էր մորս ու նորածին եղբորս մահվան պատճառով, թողեց ինձ իր այրիացած հոր մոտ ու գնաց հեռավոր մի քաղաք՝ աշխատանք փնտրելու։ Հետագայում նա փորձեց այնպես անել, որ տեղափոխվեմ իր մոտ ապրելու, սակայն այդպես էլ չստացվեց։

Տան գործերը ղեկավարում էին պապիկիս ավագ աղջիկները։ Թեև պապիկս կրոնասեր մարդ չէր, նրա աղջիկները մոլի բապտիստներ էին։ Ծեծի սպառնալիքի ներքո ինձ ստիպում էին ամեն կիրակի գնալ եկեղեցի։ Այդ պատճառով փոքր հասակից շատ քիչ հետաքրքրություն ունեի կրոնի նկատմամբ։ Բայց շատ էի սիրում դպրոց գնալ ու սպորտով զբաղվել։

Այցելություն, որը փոխեց կյանքս

Մի օր՝ 1941​թ.-ին, երբ 15 տարեկան էի, մի տարեց մարդ իր կնոջ հետ եկավ մեր տուն։ Նա ներկայացավ որպես «քո հորեղբայր Թալմիջ Ռասկ»։ Երբեք չէի լսել նրա մասին։ Իմացա, որ նա և իր կինը Եհովայի վկաներ են։ Թալմիջն ասաց, որ Աստծու նպատակն է, որ մարդիկ հավիտյան ապրեն երկրի վրա։ Դա շատ էր տարբերվում այն ամենից, ինչ լսել էի եկեղեցում։ Տնեցիներից շատերը չընդունեցին, նույնիսկ արհամարհեցին նրանց ասածները ու արգելեցին նորից գալ մեր տուն։ Սակայն հորաքույր Մերին, որն ընդամենը երեք տարով էր մեծ ինձանից, Աստվածաշունչ վերցրեց, նաև գրականություն, որն օգնում էր հասկանալու այն։

Մերին արագ համոզվեց, որ գտել է ճշմարտությունը և 1942​թ.-ին մկրտվեց՝ դառնալով Եհովայի վկա։ Նա իր վրա զգաց Հիսուսի խոսքերի կատարումը. «Մարդու թշնամիները իր տան անդամները կլինեն» (Մատթ. 10։34–36)։ Ընտանիքի հակառակությունը շատ ուժգին էր։ Մերիի ավագ քույրը, որը զբաղվում էր այդ օկրուգի սոցիալական հարցերով, քաղաքագլխի հետ դավ նյութեց հորեղբայր Թալմիջի դեմ, և նրան ձերբակալեցին։ Նա մեղադրվում էր առանց արտոնագրի մանրավաճառությամբ զբաղվելու մեջ, և դատարանը նրան մեղավոր ճանաչեց։

Տեղի թերթում գրվեց, որ քաղաքագլուխը, որը նաև դատավորն էր, դատարանում ներկա գտնվողներին ասել էր. «Այս մարդու տարածած գրականությունը.... թույնի պես վտանգավոր է»։ Հորեղբայրս բողոքարկեց ու շահեց գործը, այդուհանդերձ, նա տասը օր բանտում անցկացրեց։

Ինչպես հորաքույր Մերին օգնեց ինձ

Մերին ինձ պատմում էր իր նոր հավատի մասին և վկայություն տալիս հարևաններին։ Մի անգամ նրա հետ գնացի Աստվածաշունչ ուսումնասիրելու մի տղամարդու հետ, որը վերցրել էր «Նոր աշխարհ» գիրքը *։ Նրա կինն ասաց, որ ամուսինը ամբողջ գիշեր կարդացել է այն։ Թեև չէի ցանկանում արագ ներքաշվել կրոնական որևէ բանի մեջ, բայց ինձ դուր էր գալիս այն, ինչ սովորում էի։ Առաջին հերթին, սակայն, ոչ թե աստվածաշնչյան ուսմունքները համոզեցին ինձ, որ Վկաները Աստծու ժողովուրդն են, այլ նրանց հանդեպ ուրիշների վերաբերմունքը։

Օրինակ՝ մի օր ես ու Մերին գնացել էինք լոլիկի մարգերի հողը փխրեցնելու։ Տունդարձի ճանապարհին տեսանք, որ հորաքույրերս վառարանում այրել են նրա գրականությունը, ձայնափողով նվագարկիչն ու աստվածաշնչյան մտքեր պարունակող ձայնագրությունները։ Ես շատ բարկացա, սակայն Մերիի ավագ քույրը անվրդով ձայնով ասաց. «Դու հետո մեզ շնորհակալություն կասես մեր արածի համար»։

Քանի որ Մերին չհրաժարվեց իր նոր հավատից և չդադարեց հարևաններին քարոզելուց, 1943​թ.-ին նրան ստիպեցին հեռանալ տնից։ Այդ ժամանակ ես արդեն գիտեի, որ Աստված ոչ միայն անուն ունի՝ Եհովա, այլև որ նա սիրառատ, կարեկից Աստված է ու մարդկանց չի վառում կրակե դժոխքում, և դա ինձ շատ էր դուր եկել։ Նաև իմացել էի, որ Եհովան կազմակերպություն ունի, որտեղ մարդիկ սիրում են իրար, թեև ինքս երբեք ներկա չէի եղել ժողովի հանդիպման։

Մի օր մարգագետինն էի հնձում, երբ մի մեքենա դանդաղ մոտեցավ։ Մեջը երկու մարդ էր նստած։ Նրանցից մեկը հարցրեց ինձ, թե արդյոք ես Ֆրեդն եմ։ Իմանալով, որ նրանք Վկաներ են, ասացի. «Կարո՞ղ ենք մեքենայով մի ապահով տեղ գնալ և այնտեղ խոսել»։ Մերին էր նրանց խնդրել, որ այցելեն ինձ։ Նրանցից մեկը Շիլդ Թութջյանն էր՝ շրջագայող ծառայող, որը քաջալերեց ինձ և ճիշտ ժամանակին հոգևոր առաջնորդություն տվեց։ Ընտանիքս հակառակվում էր ինձ, քանի որ պաշտպանում էի Եհովայի վկաների հավատալիքները։

Մերին, որ տեղափոխվել էր Վիրջինիա, գրեց ինձ, որ եթե վճռել եմ ծառայել Եհովային, կարող եմ մեկնել այնտեղ և ապրել իր մոտ։ Իսկույն որոշեցի գնալ։ 1943​թ. հոկտեմբերն էր՝ ուրբաթ օր։ Անհրաժեշտ իրերս դրեցի արկղի մեջ և այն ամրացրի տնից հեռու մի ծառի։ Շաբաթ օրը վերցրի արկղը, աննկատ թեքվեցի հարևանի տան կողմը ու գնացի քաղաք։ Հասնելով Ռոանոկ՝ Մերիին գտա Էդնա Ֆաուլսի տանը։

Հոգևոր աճ, մկրտություն, Բեթել

Էդնան օծյալ Վկա էր։ Նա անչափ բարի էր, ասես ժամանակակից Լիդիան լիներ։ Նա մեծ տուն էր վարձել և իր մոտ էր վերցրել ոչ միայն հորաքույր Մերիին, այլև իր եղբոր կնոջը և նրա երկու աղջիկներին։ Այդ աղջիկները՝ Գլեդիս ու Գրեյս Գրեգորիները, հետագայում միսիոներներ դարձան։ Գլեդիսը, որ հիմա 90 անց է, շարունակում է հավատարմորեն ծառայել Ճապոնիայի մասնաճյուղում։

Ես նույնպես մնացի Էդնայի տանը։ Կանոնավորաբար հաճախում էի ժողովի հանդիպումներին և հմտություններ էի ձեռք բերում ծառայության մեջ։ Այստեղ ազատություն ունեի Աստծու Խոսքն ուսումնասիրելու և քրիստոնեական հանդիպումներին հաճախելու։ Այդպիսով բավարարվում էր իմ հոգևոր քաղցը։ 1944​թ. հունիսի 14-ին մկրտվեցի։ Մերին և Գրեգորի քույրերը ռահվիրայություն սկսեցին ու նշանակում ստացան հյուսիսային Վիրջինիայում։ Այնտեղ՝ Լիսբուրգում, ժողովի կազմավորման մեջ նրանք մեծ դեր ունեցան։ 1946​թ. սկզբում ես նույնպես ռահվիրայություն սկսեցի նրանց մոտ գտնվող մի տարածքում։ Այդ ամառ միասին մեկնեցինք Քլիվլենդ (Օհայո)՝ ներկա լինելու հիշարժան միջազգային համաժողովին, որն անցկացվելու էր օգոստոսի 4–11-ը։

Համաժողովի ժամանակ Նաթան Նորը, որն այդ ժամանակ կազմակերպության նախագահն էր, խոսեց Բրուքլինի Բեթելը ընդլայնելու ծրագրերի մասին։ Պետք է բնակելի նոր շենք կառուցվեր և մեծացվեր տպարանը։ Երիտասարդ եղբայրների մեծ կարիք կար։ Ես մտածեցի, որ հենց այնտեղ կուզեմ ծառայել Եհովային։ Ուստի դիմում լրացրեցի և մի քանի ամիս անց՝ 1946​թ. դեկտեմբերի 1-ին, գնացի Բեթել։

Մոտ մեկ տարի անց, երբ ծառայում էի առաքման բաժնում, տպարանի վերակացուն՝ Մաքս Լարսոնը, կանգնեց իմ գրասեղանի մոտ և ասաց, որ ես նշանակվել եմ ծառայողական բաժին։ Այդ բաժնում ծառայելիս, հատկապես եղբայր Սալիվանի՝ բաժնի վերակացուի հետ աշխատելիս շատ բան սովորեցի Աստվածաշնչի սկզբունքների կիրառության և Աստծու կազմակերպության գործունեության վերաբերյալ։

Հայրս մի քանի անգամ այցելեց ինձ Բեթելում։ Իր կյանքի վերջին տարիներին նա կրոնասեր էր դարձել։ 1965-ին, երբ վերջին անգամ եկավ ինձ մոտ, ասաց. «Ես այլևս չեմ գա այստեղ՝ քեզ տեսնելու։ Դո՛ւ արի ինձ մոտ»։ Նախքան նրա մահանալը ես մի քանի անգամ այցելեցի նրան։ Հայրս վստահ էր, որ երկինք է գնալու։ Հույս ունեմ, որ նա Եհովայի հիշողության մեջ է, և եթե այդպես է, ապա երբ հարություն առնի, կտեսնի, որ ոչ թե այնտեղ է, ուր կարծում էր, թե կլինի, այլ այստեղ է՝ երկրի վրա՝ վերականգնված դրախտում հավիտյան ապրելու հեռանկարով։

Հիշարժան այլ համաժողովներ և շինարարական ծրագրեր

Համաժողովները միշտ կարևոր դեր են խաղացել հոգևոր աճի հարցում։ Հատկապես նշանակալից էին 1950-ականներին Նյու Յորքի «Յանկի» մարզադաշտում տեղի ունեցած միջազգային համաժողովները։ 1958​թ.-ին «Յանկի» և «Պոլո Գրաունդզ» մարզադաշտերում տեղի ունեցած համաժողովին պատվիրակների թիվը հասավ 253922-ի։ Նրանք ժամանել էին 123 երկրներից։ Երբեք չեմ մոռանա, թե ինչ տեղի ունեցավ այդ համաժողովին։ Մինչ օգնում էի համաժողովների բաժնում, եղբայր Նորը արագ քայլերով մոտեցավ ինձ ու ասաց. «Ֆրե՛դ, մոռացել եմ եղբոր նշանակել, որ ռահվիրաների համար ելույթ ներկայացնի։ Հիմա բոլոր ռահվիրաները մոտակայքում վարձած հանդիսությունների սրահում հավաքված սպասում են։ Հենց հիմա կգնա՞ս այնտեղ ու ելույթ ներկայացնես։ Ճանապարհին կմտածես, թե ինչի մասին խոսես»։ Ճանապարհին շատ աղոթեցի ու շնչակտուր տեղ հասա։

1950-ականներին և 60-ականներին Նյու Յորք քաղաքում ժողովների քանակը կտրուկ աճեց։ Թագավորության սրահների համար վարձած շինությունները չէին բավականացնում։ Ուստի 1970–1990թթ. Մանհեթենում երեք շինություն գնեցին և ձևափոխեցին, որպեսզի հնարավոր լիներ հանդիպումներն այնտեղ անցկացնել։ Ես այդ նախագծերի շինարարական կոմիտեների նախագահողն էի։ Հաճելի շատ հուշեր են մնացել, թե Եհովան ինչպես օրհնեց այն ժողովները, որոնք մասնակցում էին շինարարությանը։ Նրանք կարողացան ֆինանսավորել և ավարտին հասցնել աշխատանքները։ Այդ շինությունները մինչև հիմա ծառայում են որպես ճշմարիտ երկրպագության կենտրոններ։

Փոփոխություններ անձնական կյանքում

1957 թվականն էր։ Մի օր, երբ Բեթելի այգու միջով գնում էի աշխատանքի, սկսեց անձրև գալ։ Տեսա մի գեղեցիկ շիկահեր աղջկա, որ գնում էր իմ առջևից։ Նա նոր բեթելցի էր։ Քանի որ անձրևանոց չուներ, առաջարկեցի մտնել իմ անձրևանոցի տակ։ Այդպես հանդիպեցի Մերջրիին, և 1960​թ.-ից ի վեր թե՛ անձրևոտ և թե՛ արևոտ օրերին մենք քայլում ենք միասին՝ երջանիկ ծառայելով Եհովային։ 2010​թ. սեպտեմբերին նշեցինք մեր ամուսնության 50-րդ տարեդարձը։

Նոր էինք վերադարձել ամուսնական ճանապարհորդությունից, երբ եղբայր Նորը հայտնեց ինձ, որ նշանակվել եմ դասավանդելու «Գաղաադ» դպրոցում։ Ի՜նչ մեծ առանձնաշնորհում էր դա ինձ համար։ 1961–1965թթ. հինգ դասընթացներ կազմակերպվեցին, որոնք սովորականից ավելի երկար տևեցին, և որոնցում գլխավորապես սովորում էին մասնաճյուղերում ծառայող պատասխանատու եղբայրները։ 1965​թ. աշնանից դասերը առաջվա պես հինգ ամիս սկսեցին տևել, և կրկին գլխավոր նպատակն էր միսիոներներ պատրաստելը։

1972-ին նշանակվեցի ծառայելու որպես նամակագրության բաժնի վերակացու։ Տարբեր հարցերի ու խնդիրների լուծման համար փնտրտուքներ անելը օգնել է ինձ ավելի լավ հասկանալու աստվածաշնչյան ուսմունքները, նաև թե ինչպես է հարկավոր կիրառել մեր Աստծու վեհ սկզբունքները՝ ուրիշներին օգնելու համար։

Այնուհետև 1987-ին նշանակվեցի նոր բաժին, որը կոչվում է հիվանդանոցային տեղեկատվական ծառայություն։ Կազմակերպվեցին սեմինարներ, որպեսզի Հիվանդանոցների հետ կապի կոմիտեներում ծառայող երեցները սովորեն, թե ինչպես է հարկավոր բժիշկների, դատավորների և սոցիալական աշխատողների հետ քննարկել արյան վերաբերյալ աստվածաշնչյան մեր դիրքորոշումը։ Այդ ժամանակ մի մեծ խնդիր կար. բժիշկները, առանց ծնողների թույլտվության, Վկաների երեխաներին արյուն էին ներարկում և հաճախ ստանում էին դատարանի թույլտվությունը։

Երբ բժիշկներին առաջարկվում էր արյան փոխներարկման այլընտրանքային տարբերակներ, նրանք սովորաբար պատասխանում էին, որ չունեն բուժման այդպիսի ձևեր կամ որ դրանք շատ թանկ են։ Եթե վիրաբույժն այդպես էր պատասխանում, հաճախ ասում էի. «Ցույց տվեք ձեր ձեռքը, խնդրում եմ»։ Երբ նա ցույց էր տալիս, ասում էի. «Գիտե՞ք, դուք ունեք արյան փոխներարկման լավագույն այլընտրանքային տարբերակներից մեկը»։ Այս սիրալիր խոսքերով հիշեցնում էի նրան մի բանի մասին, ինչը ինքն էլ շատ լավ գիտեր. եթե զգուշորեն գործածի վիրաբուժական դանակը, արյան կորուստը հնարավորինս քիչ կլինի։

Վերջին քսան տարիների ընթացքում Եհովան առատապես օրհնել է մեր ջանքերը։ Շատ բժիշկների և դատավորների վերաբերմունքը նկատելիորեն փոխվեց, երբ ավելի լավ հասկացան մեր դիրքորոշումը։ Նրանք հասկացան, որ բժշկական հետազոտություններն ապացուցում են, որ արյան փոխներարկման այլընտրանքային տարբերակները արդյունավետ են։ Այժմ կան շատ բժիշկներ, որոնք պատրաստ են համագործակցելու, ինչպես նաև հիվանդանոցներ, որոնք պատրաստ են ընդունելու այդպիսի հիվանդների։

1996-ից ի վեր ես ու Մերջրին ծառայում ենք Պատերսոնում (Նյու Յորք) գտնվող «Դիտարանի» կրթական կենտրոնում, որը Բրուքլինից 110 կիլոմետր դեպի հյուսիս է։ Այստեղ ես մի որոշ ժամանակ աշխատեցի ծառայողական բաժնում, իսկ հետո դասավանդեցի մասնաճյուղերի պատասխանատու եղբայրների և շրջագայող վերակացուների համար նախատեսված դասընթացներում։ Վերջին 12 տարիների ընթացքում դարձյալ ծառայում եմ որպես նամակագրության բաժնի վերակացու (այդ բաժինը Բրուքլինից տեղափոխվել է Պատերսոն)։

Տարիքի հետ կապված դժվարություններ

Բեթելի ծառայության մեջ իմ ունեցած առանձնաշնորհումները կատարելը գնալով ավելի դժվար է դառնում, քանի որ արդեն 85 տարեկան եմ։ Տասը տարուց ավել է՝ պայքարում եմ քաղցկեղի դեմ։ Ինձ Եզեկիայի պես եմ զգում, որի կյանքը Եհովան երկարացրեց (Ես. 38։5)։ Կինս նույնպես վատառողջ է։ Միասին պայքարում ենք նրա Ալցհեյմերի հիվանդության դեմ։ Մերջրին հմուտ ծառայող է եղել, լավ օրինակ երիտասարդների համար և հավատարիմ օգնական ու նվիրված ընկեր ինձ համար։ Նա միշտ Աստվածաշնչի ջանասեր ուսումնասիրող է եղել և հիանալի ուսուցիչ բազում հոգևոր երեխաների համար, որոնք մինչև հիմա կապ են պահպանում մեզ հետ։

Հորաքույր Մերին մահացավ 2010​թ. մարտին 87 տարեկան հասակում։ Նա Աստծու Խոսքի հմուտ ուսուցիչ էր և շատերին էր օգնել ճշմարիտ երկրպագության կողմը կանգնելու։ Հորաքույրս երկար տարիներ անցկացրեց լիաժամ ծառայության մեջ։ Անչափ երախտապարտ եմ նրան, որ օգնեց ինձ ճշմարտությունն իմանալու և իր նման մեր սիրառատ Աստված Եհովայի ծառան դառնալու։ Մերիին թաղեցին իր ամուսնու կողքին, որը միսիոներ էր եղել Իսրայելում։ Վստահ եմ, որ երկուսն էլ Եհովայի հիշողության մեջ են և սպասում են հարության։

Նայելով ծառայության մեջ անցկացրած 67 տարիներին՝ երախտագիտությամբ եմ լցվում նրա տված առատ օրհնությունների համար։ Եհովայի կամքը կատարելը ինձ ուրախություն է պարգևել։ Վստահելով նրա անզուգական բարությանը՝ անձկությամբ սպասում եմ նրա Որդու խոստման իրականացմանը. «Ամեն ոք, ով թողել է տներ, եղբայրներ, քույրեր, հայր, մայր, զավակներ կամ արտեր իմ անվան համար, բազմապատիկը կստանա և հավիտենական կյանքը կժառանգի» (Մատթ. 19։29

[ծանոթագրություն]

^ պարբ. 11 Հրատարակվել է 1942​թ.-ին, սակայն այժմ չի տպագրվում (անգլ.)։

[նկար 19-րդ էջի վրա]

Պապիկիս պատկանող բամբակի ֆերմայում (Ջորջիա, ԱՄՆ, 1928)

[նկար 19-րդ էջի վրա]

Մերի հորաքույրը և Թալմիջ հորեղբայրը

[նկար 20-րդ էջի վրա]

Մերին, Գլեդիսը և Գրեյսը

[նկար 20-րդ էջի վրա]

Իմ մկրտությունը (հունիսի 14, 1944)

[նկար 20-րդ էջի վրա]

Բեթելում՝ ծառայողական բաժնում

[նկար 21-րդ էջի վրա]

Մերիի հետ՝ 1958​թ. միջազգային համաժողովին «Յանկի» մարզադաշտում

[նկար 21-րդ էջի վրա]

Մերջրիի հետ մեր հարսանիքի օրը

[նկար 21-րդ էջի վրա]

Միասին 2008-ին