Ընթերցողների հարցերը
Ընթերցողների հարցերը
Ի՞նչ պետք է անեմ, երբ Աստվածաշունչ կարդալիս հարց է ծագում կամ երբ խորհրդի կարիք ունեմ՝ անձնական խնդրի հետ կապված։
Առակներ 2։1–5-ը հորդորում է յուրաքանչյուրիս «որոնել» հասկացողություն և խորաթափանցություն ինչպես «թաքցված գանձեր»։ Սա նշանակում է, որ պետք է խոր փնտրտուքներ անենք՝ գտնելու աստվածաշնչյան մեր հարցի պատասխանը և անձնական խնդրի լուծումը։ Ինչպե՞ս կարող ենք դա անել։
«Օգուտներ քաղիր Աստվածապետական ծառայության դպրոցից» գրքի «Ինչպես փնտրտուքներ կատարել» վերնագրով գլխում, որը գտնվում է 33–38 էջերում, խոսվում է այն մասին, թե ինչպես կարելի է փնտրտուքներ անել՝ օգտագործելով «հավատարիմ և իմաստուն ծառայի» տված հրատարակությունները (Մատթ. 24։45)։ 36-րդ էջում բացատրվում է, թե ինչպես կարելի է օգտվել ««Դիտարանի» հրատարակությունների ցանկից», որը բաղկացած է թեմատիկ ցանկից ու աստվածաշնչյան համարների ցանկից։ Դրա շնորհիվ կկարողանաս փնտրտուք անել կա՛մ գլխաբառով, կա՛մ աստվածաշնչյան համարով։ Այդպես կգտնես աղբյուրներ, որոնք կարող ես քննել։ Համբերությամբ փնտրիր քեզ անհրաժեշտ հարցի պատասխանը կամ առաջնորդությունը։ Հիշիր, որ «թաքցված գանձեր» ես փնտրում, իսկ դրա համար ժամանակ ու ջանքեր են անհրաժեշտ։
Անշուշտ, կան որոշ թեմաներ և աստվածաշնչյան համարներ, որոնց մասին մեր հրատարակություններում կոնկրետ չի խոսվել։ Եվ նույնիսկ եթե աստվածաշնչյան որոշ համարների վերաբերյալ մեկնաբանություն է տրվել, գուցե չի բացատրվել այն հարցի տեսանկյունից, որը ծագել է քեզ մոտ։ Բացի այդ, աստվածաշնչյան որոշ արձանագրություններ հարցեր են առաջացնում, քանի որ Սուրբ Գրքում ոչ բոլոր մանրամասնություններն են բացատրվում։ Ուստի չենք կարող գտնել յուրաքանչյուր հարցի կոնկրետ պատասխանը։ Նման դեպքերում պետք է խուսափենք ենթադրություններ անելուց, որպեսզի չներգրավվենք վիճաբանությունների մեջ, որոնք «անիմաստ հարցեր են առաջ բերում՝ փոխանակ սովորեցնելու Աստծու տված բաները, որ ամրացնում են հավատը» (1 Տիմոթ. 1։4; 2 Տիմոթ. 2։23; Տիտոս 3։9)։ Ո՛չ մասնաճյուղը և ո՛չ էլ գլխավոր վարչությունը չեն վերլուծում և պատասխանում այն հարցերին, որոնք չեն քննարկվել մեր գրականության մեջ։ Կարող ենք բավարարվել նրանով, որ Աստվածաշունչը բավականաչափ տեղեկություն է տալիս կյանքում մեզ առաջնորդելու համար։ Այնուհանդերձ, այն նաև բաց է թողնում բավականին մանրամասնություններ՝ հնարավորություն տալով մեզ ամուր հավատ դրսևորել Հեղինակի հանդեպ (տե՛ս «Մոտեցիր Եհովային» գրքի 185, 186 էջերը)։
Իսկ ի՞նչ կարող ես անել, եթե շատ փնտրտուքներ ես արել քեզ հուզող հարցի վերաբերյալ, բայց չես գտել անհրաժեշտ առաջնորդությունը կամ լուծումը։ Մոտեցիր հասուն հավատակցի, թերևս տեղի երեցներից մեկին։ Նրանք աստվածաշնչյան բավականին գիտելիքներ ունեն, ինչպես նաև փորձ։ Այդ անհատների տված հավասարակշռված օգնությունը հատկապես տեղին կլինի, եթե անձնական խնդրի կամ որոշման հետ կապված խորհրդի կարիք ունես, քանի որ նրանք ճանաչում են քեզ, մտերիմ են քեզ հետ ու գիտեն քո իրավիճակը։ Եվ երբեք մի՛ մոռացիր աղոթել Եհովային կոնկրետ քո մտահոգությունների մասին ու խնդրել նրան, որ իր սուրբ ոգու միջոցով առաջնորդի քո միտքը, «քանի որ Եհովան է տալիս իմաստություն.... ու խորաթափանցություն» (Առակ. 2։6; Ղուկ. 11։13)։