Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Վստահիր Եհովային՝ «ամենայն մխիթարության Աստծուն»

Վստահիր Եհովային՝ «ամենայն մխիթարության Աստծուն»

Վստահիր Եհովային՝ «ամենայն մխիթարության Աստծուն»

«Օրհնյալ լինի մեր Տեր Հիսուս Քրիստոսի Աստվածը և Հայրը, գթության Հայրը և ամենայն մխիթարության Աստվածը» (2 ԿՈՐՆԹ. 1։3

1. Անկախ տարիքից՝ ինչի՞ կարիք ունեն մարդիկ։

ՄԽԻԹԱՐՈՒԹՅԱՆ կարիք ունեն թե՛ փոքրերը, թե՛ մեծերը։ Օրինակ՝ երբ փոքրիկն ընկնում է ու վնասվում, նա լաց է լինում, մինչև որ ծնողը գալիս ու հանգստացնում է նրան։ Իսկ մեծ տարիքում, հատկապես դժվար իրավիճակներում մարդն ավելի հաճախ է ունենում մխիթարության կարիք։

2. Ինչո՞ւ կարող ենք համոզված լինել, որ Եհովան կմխիթարի նրանց, ովքեր վստահում են իրեն։

2 Ընտանիքի անդամներն ու ընկերները կարող են որոշ չափով մխիթարել մեզ։ Երբեմն, սակայն, լինում են այնպիսի իրավիճակներ, երբ մարդն անզոր է ցավը դարմանել։ Միայն Աստված կարող է մխիթարել մեզ, անկախ նրանից, թե ինչ դժվարին իրավիճակում ենք գտնվում։ Նրա Խոսքը վստահեցնում է. «Եհովան մոտ է բոլոր իրեն կանչողներին.... Կլսի նրանց օգնության կանչը» (Սաղ. 145։18, 19)։ Այո՛, «Եհովայի աչքերն արդարներին են ուղղված, և ականջները՝ նրանց օգնության աղաղակին» (Սաղ. 34։15)։ Այդուհանդերձ, Աստծուց օգնություն և մխիթարություն ստանալու համար մենք պետք է վստահենք նրան։ Սաղմոսերգու Դավիթը հստակ ցույց տվեց դա, երբ երգեց. «Եհովան ապահով բարձունք կդառնա փշրվածի համար, ապահով բարձունք՝ նեղության ժամանակներում։ Քո անունը ճանաչողները կապավինեն քեզ. որովհետև դու չես լքի նրանց, ովքեր փնտրում են քեզ, ո՛վ Եհովա» (Սաղ. 9։9, 10

3. Ինչպե՞ս Հիսուսը օրինակի միջոցով ցույց տվեց, որ Եհովան սիրում է իր ժողովրդին։

3 Եհովան թանկ է համարում իր երկրպագուներին։ Դա երևում է Հիսուսի հետևյալ խոսքերից. «Չէ՞ որ հինգ ճնճղուկը վաճառվում է չնչին արժեք ունեցող երկու մետաղադրամով, սակայն նրանցից և ոչ մեկը չի մոռացվում Աստծու առաջ։ Իսկ ինչ վերաբերում է ձեզ, ձեր գլխի բոլոր մազերն անգամ հաշվված են։ Մի՛ վախեցեք, դուք շատ ճնճղուկներից ավելի թանկ եք» (Ղուկ. 12։6, 7)։ Իսկ Երեմիա մարգարեի միջոցով Եհովան իր վաղեմի ժողովրդին ասաց. «Հավիտենական սիրով ես քեզ սիրեցի։ Դրա համար էլ քեզ դեպի ինձ քաշեցի սիրառատ բարությամբ» (Երեմ. 31։3

4. Ինչո՞ւ կարող ենք վստահել Եհովայի խոստումներին։

4 Դժվարին ժամանակներում Եհովային ու նրա խոստումներին վստահելը կարող է մխիթարել մեզ։ Ուստի Աստծու հանդեպ պետք է ունենանք այն նույն վստահությունը, որն արտահայտեց Հեսուն՝ ասելով. «Այն բարի խոսքերից և ոչ մեկը, որ ձեր Աստված Եհովան խոսեց ձեզ հետ, առանց կատարվելու չմնաց։ Բոլորն էլ կատարվեցին ձեզ համար։ Նրանցից և ոչ մի խոսք առանց կատարվելու չմնաց» (Հեսու 23։14)։ Կարող ենք համոզված լինել, որ նույնիսկ եթե այժմ վհատված ենք, «Աստված հավատարիմ է» ու երբեք չի լքի իր նվիրված ծառաներին (կարդա՛ 1 Կորնթացիներ 10։13

5. Ինչպե՞ս կարող ենք մենք էլ մխիթարել ուրիշներին։

5 Պողոս առաքյալը Եհովայի մասին խոսեց որպես «ամենայն մխիթարության Աստծու»։ «Մխիթարել» բառը նշանակում է սփոփել նեղության կամ ցավի մեջ եղողին։ Ուստի որպեսզի մխիթարենք դիմացինին, պետք է մեղմենք նրա ցավը, վիշտը և ամոքենք նրան։ Եհովան, անշուշտ, այդպես է վարվում (կարդա՛ 2 Կորնթացիներ 1։3, 4)։ Ոչ ոք և ոչ մի բան չեն կարող խանգարել մեր երկնային Հորը, որ ձեռնարկի ամեն անհրաժեշտ միջոց՝ իրեն սիրողներին մխիթարելու համար։ Մենք էլ մեր հերթին կարող ենք մխիթարել «ամեն տեսակ նեղության մեջ» եղող մեր հավատակիցներին՝ «մխիթարելով այն մխիթարությամբ, որով ինքներս ենք մխիթարվում Աստծուց»։ Ոչ ոք ավելի լավ մխիթարություն չի կարող տալ հուսահատվածներին, քան Եհովան։

Ինչպես դիմագրավել տառապանքին

6. Ի՞նչը կարող է տառապանք պատճառել։

6 Կյանքի տարբեր ոլորտներում մենք մխիթարության կարիք ենք ունենում։ Սիրելիի, հատկապես կողակցի կամ երեխայի մահը մեծ վիշտ է պատճառում։ Մխիթարության կարիք է լինում նաև այն ժամանակ, երբ անհատը դառնում է խտրականության կամ կանխակալ կարծիքի զոհը։ Վատ առողջության, տարիքի, աղքատության, ամուսնական խնդիրների և աշխարհի վատացող պայմանների պատճառով նույնպես անհատը կարող է մխիթարության կարիք զգալ։

7. ա) Ինչպիսի՞ մխիթարության կարիք ենք ունենում դժվարին պահերին։ բ) Ի՞նչ կարող է անել Եհովան, որ բուժի «կոտրված ու փշրված» սիրտը։

7 Դժվարին պահերին այնպիսի մխիթարության կարիք ենք ունենում, որը կսփոփի մեր սիրտը, կխաղաղեցնի մեր միտքն ու զգացումները և լավ կանդրադառնա մեր ֆիզիկական ու հոգևոր առողջության վրա։ Օրինակ՝ մտածիր սրտի մասին։ Աստծու Խոսքն ասում է, որ սիրտը կարող է «կոտրվել ու փշրվել» (Սաղ. 51։17)։ Անկասկած, Եհովան կարող է շտկել այդ իրավիճակը, քանի որ նա «բուժում է սրտով կոտրվածներին և կապում է նրանց վերքերը» (Սաղ. 147։3)։ Նույնիսկ սարսափելի իրավիճակներում Աստված կարող է թեթևացում տալ կոտրված սրտին, եթե լիակատար հավատով աղոթենք նրան ու պահենք նրա պատվիրանները (կարդա՛ 1 Հովհաննես 3։19–22; 5։14, 15

8. Ինչպե՞ս Եհովան կարող է օգնել մեզ, երբ մտային լարվածություն ենք ունենում։

8 Հավատի տարբեր փորձությունների պատճառով հաճախ կարող է մտային մեծ լարվածություն առաջանալ։ Մեր ուժերով դժվար թե կարողանանք հաղթահարել դրանք։ Սակայն սաղմոսերգուն երգեց. «Երբ ինձ անհանգստացնող մտքերը շատացան իմ ներսում, քո մխիթարությունները սկսեցին փաղաքշել հոգիս» (Սաղ. 94։19)։ Իսկ Պողոսը գրեց. «Ոչ մի բանի մասին մի՛ մտահոգվեք, այլ ամեն ինչում աղոթքով և աղաչանքով շնորհակալության հետ մեկտեղ թող ձեր խնդրանքները հայտնի լինեն Աստծուն, և Աստծու խաղաղությունը, որ գերազանցում է ամեն միտք, կպահպանի ձեր սրտերն ու մտքերը Քրիստոս Հիսուսի միջոցով» (Փիլիպ. 4։6, 7)։ Մտային լարվածությունը թուլացնելու համար մեծապես կօգնեն Աստվածաշնչի ընթերցանությունն ու դրա շուրջ խորհրդածությունը (2 Տիմոթ. 3։15–17

9. Ինչպե՞ս կարող ենք դիմագրավել բացասական զգացումներին։

9 Երբեմն թերևս այնքան վհատվենք, որ տեղի տանք բացասական զգացումներին։ Գուցե մեզ թվա, թե չենք կարող կատարել որևէ սուրբգրային պարտականություն կամ ծառայության մեջ մեր ունեցած նշանակումը։ Այս դեպքում էլ Եհովան կարող է մխիթարել ու օգնել մեզ։ Բերենք մի օրինակ. երբ Հեսուին հանձնարարվեց առաջնորդել իսրայելացիներին թշնամի հզոր ազգերի դեմ, Մովսեսն ասաց ժողովրդին. «Քա՛ջ և ամո՛ւր եղեք։ Մի՛ վախեցեք ու մի՛ զարհուրեք նրանցից, որովհետև ձեր Աստված Եհովան է գնում ձեզ հետ։ Նա երբեք չի լքի ու չի թողնի ձեզ»։ (2 Օրենք 31։6)։ Եհովայի աջակցությամբ Հեսուն կարողացավ առաջնորդել նրա ժողովրդին դեպի Ավետյաց երկիր ու հաղթել բոլոր թշնամիներին։ Ավելի վաղ Մովսեսը Կարմիր ծովի մոտ նման իրավիճակում նույնպես զգացել էր Աստծու օգնությունը (Ելք 14։13, 14, 29–31

10. Եթե ծանր իրավիճակները ազդում են մեր ֆիզիկական առողջության վրա, ի՞նչը կարող է օգնել։

10 Ծանր իրավիճակները կարող են բացասական ազդեցություն թողնել մեր ֆիզիկական առողջության վրա։ Ինչ խոսք, ճիշտ սննդակարգը, բավականաչափ հանգիստը, մարմնամարզությունն ու մաքրություն պահպանելը կարող են լավ անդրադառնալ մեր առողջության վրա։ Մեզ վրա լավ ազդեցություն կթողնի այն բանի շուրջ խորհրդածելը, թե ինչ ապագա է խոստանում Աստվածաշունչը։ Ուստի երբ նեղության մեջ ենք, օգտակար կլինի հիշել Պողոսի օրինակն ու հետևյալ քաջալերական խոսքերը. «Ամեն կողմից ճնշված ենք, բայց նեղ դրության մեջ չենք, շփոթության մեջ ենք, բայց անելանելի վիճակում չենք, հալածված ենք, բայց ոչ լքված, վայր ենք գցված, բայց ոչ կործանված» (2 Կորնթ. 4։8, 9

11. Ինչպե՞ս է հնարավոր հակազդել հոգևոր հիվանդությանը։

11 Որոշ փորձություններ կարող են վնասակար ազդեցություն ունենալ մեր հոգևոր առողջության վրա։ Այս դեպքում նույնպես Եհովան օգնության է հասնում մեզ։ Նրա Խոսքը վստահեցնում է. «Եհովան նեցուկ է լինում բոլոր ընկնողներին և վեր է բարձրացնում բոլոր կռացածներին» (Սաղ. 145։14)։ Հոգևոր հիվանդությանը հակազդելու համար անհրաժեշտ է օգնության դիմել քրիստոնյա երեցներին (Հակ. 5։14, 15)։ Հավատի փորձությունների ժամանակ մեզ կզորացնի նաև մեր մտքում հավիտենական կյանքի հույսը անդադար վառ պահելը (Հովհ. 17։3

Մարդիկ, որոնք Աստծուց մխիթարություն են ստացել

12. Նկարագրի՛ր, թե ինչպես Եհովան մխիթարեց Աբրահամին։

12 Սուրբ ոգու ներշնչմամբ սաղմոսերգուն ասաց. «[Եհո՛վա] հիշի՛ր քո ծառային տրված խոսքը, որին ես սպասում եմ քո խոստման համաձայն։ Սա է իմ մխիթարությունը իմ նեղության մեջ, որովհետև քո խոսքերը պահպանեցին իմ կյանքը» (Սաղ. 119։49, 50)։ Այսօր մենք ունենք Եհովայի գրավոր Խոսքը, որտեղ կան բազում անհատների օրինակներ, ովքեր Աստծուց մխիթարություն են ստացել։ Նրանցից մեկը Աբրահամն է, որը շատ անհանգստացավ, երբ իմացավ, որ Եհովան պատրաստվում է կործանել Սոդոմն ու Գոմորը։ Հավատարիմ նահապետը հարցրեց Աստծուն. «Մի՞թե դու արդարին ամբարշտի հետ կկործանես»։ Եհովան մխիթարեց Աբրահամին՝ վստահեցնելով, որ եթե նույնիսկ 50 արդար գտնի, չի կործանի Սոդոմը։ Այդուհանդերձ, Աբրահամը ևս հինգ անգամ հարցրեց Եհովային, թե արդյոք նա կործանում կբերի, եթե այնտեղ լինեն 45, 40, 30, 20, 10 արդար մարդիկ։ Ամեն անգամ Եհովան մեծ համբերությամբ ու բարությամբ վստահեցնում էր նահապետին, որ կխնայի Սոդոմը։ Թեև այդ տարածքում չկար նույնիսկ տասը արդար մարդ, Եհովան փրկեց Ղովտին ու նրա աղջիկներին (Ծննդ. 18։22–32; 19։15, 16, 26

13. Ինչպե՞ս Աննան ցույց տվեց, որ վստահում է Եհովային։

13 Եղկանայի կինը՝ Աննան, շատ էր ցանկանում երեխա ունենալ։ Նա ամուլ էր, և դա տառապանք էր պատճառում իրեն։ Աննան աղոթեց Եհովային այդ մասին, և քահանայապետ Հեղին ասաց նրան. «Թող Իսրայելի Աստվածը քեզ տա այն, ինչ որ խնդրեցիր նրանից»։ Այդ խոսքերը մխիթարեցին Աննային, ու «նրա երեսից տրտմությունը վերացավ» (1 Սամ. 1։8, 17, 18)։ Աննան ապավինեց Եհովային ու վստահությամբ նրա ձեռքը հանձնեց ամեն բան։ Թեև նա չգիտեր՝ ինչ կլինի վերջում, սակայն ներքին խաղաղություն զգաց։ Որոշ ժամանակ անց Եհովան պատասխանեց Աննայի աղոթքին. նա հղիացավ ու որդի ունեցավ, որի անունը Սամուել դրեց (1 Սամ. 1։20

14. Ինչո՞ւ Դավիթը մխիթարության կարիք ուներ, և ո՞ւմ նա դիմեց։

14 Հին Իսրայելի Դավիթ թագավորը նույնպես այն մարդկանցից է, ով Աստծուց մխիթարություն է ստացել։ Քանի որ Եհովան մարդու «սիրտն է տեսնում», նա գիտեր, որ Դավիթը անկեղծ մարդ է ու նվիրված ճշմարիտ երկրպագությանը, ուստի ընտրեց նրան, որ դառնա Իսրայելի ապագա թագավորը (1 Սամ. 16։7; 2 Սամ. 5։10)։ Սակայն ավելի ուշ Դավիթը շնություն գործեց Բերսաբեի հետ և փորձեց ծածկել դա՝ սպանելով նրա ամուսնուն։ Երբ թագավորը գիտակցեց, թե ինչ մեծ մեղք է գործել, աղոթեց Եհովային. «Քո առատ ողորմության համաձայն՝ ջնջի՛ր իմ հանցանքները։ Ամբողջությամբ լվա՛ ինձ իմ անօրենությունից և սրբի՛ր ինձ իմ մեղքից։ Իմ հանցանքները ես գիտեմ, և իմ մեղքը միշտ իմ առջև է» (Սաղ. 51։1–3)։ Դավիթն իսկապես զղջաց, Եհովան էլ ներեց նրան։ Սակայն նա պետք է կրեր իր գործած սխալի հետևանքները (2 Սամ. 12։9–12)։ Այնուհանդերձ, Եհովայի ողորմությունը մխիթարում էր իր հավատարիմ ծառային։

15. Եհովան ինչպե՞ս օգնեց Հիսուսին նրա մահից առաջ։

15 Երկրի վրա եղած ժամանակ Հիսուսը բազում դժվարին իրավիճակների բախվեց։ Աստված թույլ տվեց հավատի այդ փորձությունները, և Հիսուսը պահեց իր անարատությունը որպես կատարյալ մարդ, որը միշտ վստահում էր Եհովային ու թիկունք կանգնում նրա գերիշխանությանը։ Մատնվելուց և մահապատժի դատապարտվելուց առաջ Հիսուսը աղոթեց Եհովային. «Ոչ թե իմ, այլ քո կամքը թող լինի»։ Ապա մի հրեշտակ երևաց ու զորացրեց նրան (Ղուկ. 22։42, 43)։ Այդ դժվար պահին Աստված մխիթարեց Հիսուսին, զորացրեց և անհրաժեշտ օգնությունը տվեց։

16. Ինչպե՞ս Եհովան կարող է օգնել մեզ, եթե մեր հավատարմությունը պահելու համար կանգնենք մահվան սպառնալիքի առաջ։

16 Նույնիսկ եթե մեր քրիստոնեական հավատարմությունը պահելու համար կանգնենք մահվան սպառնալիքի առաջ, հիշենք, որ Եհովան ի զորու է օգնության հասնելու, և նա անպատճառ կօգնի մեզ անարատ մնալու։ Մեզ նաև մխիթարում է հարության հույսն ու այն խոստումը, որ վերջին թշնամին՝ մահը, «պետք է ոչնչացվի» (1 Կորնթ. 15։26)։ Աստծու հավատարիմ ծառաները, ովքեր մահացել են, ինչպես նաև ուրիշներ Եհովայի հիշողության մեջ են ու հարություն են առնելու (Հովհ. 5։28, 29; Գործ. 24։15)։ Այդ խոստման հանդեպ համոզվածությունը մխիթարում և հույս է տալիս մեզ հալածանքների ժամանակ։

17. Ինչպե՞ս է Եհովան մխիթարում մեզ, երբ մահանում է մեր սիրելին։

17 Որքա՜ն մխիթարական է իմանալ, որ մեր սիրելիները, ովքեր այժմ ննջած են մահվան քնով, հնարավորություն ունեն կյանք վերստանալու և ապրելու հրաշալի նոր աշխարհում, որը զերծ է լինելու այսօրվա նեղություններից։ Ինչպիսի՜ մեծ առանձնաշնորհում կլինի Եհովայի ծառաների «մեծ բազմության» համար, որը կվերապրի այս ամբարիշտ համակարգի կործանումից, դիմավորել ու կրթել հարություն առածներին (Հայտն. 7։9, 10

Աստծու դարավոր բազուկները աջակցում են մեզ

18, 19. Ինչպե՞ս են Աստծու ծառաները մխիթարվել հալածանքների ժամանակ։

18 Մի ազդեցիկ ու սիրտ ջերմացնող երգում Մովսեսը Իսրայել ժողովրդին վստահեցրեց. «Վաղեմի Աստվածը թաքստոց է, նրա դարավոր բազուկները աջակցում են քեզ» (2 Օրենք 33։27)։ Ավելի ուշ Սամուել մարգարեն իսրայելացիներին ասաց. «Մի՛ խոտորվեք Եհովայի ճանապարհից և ձեր ողջ սրտով Եհովային ծառայեք.... Եհովան հանուն իր մեծ անվան չի լքի իր ժողովրդին» (1 Սամ. 12։20–22)։ Քանի դեռ կառչած ենք մաքուր երկրպագությանը, Եհովան երբեք չի լքի մեզ։ Նա միշտ կտա անհրաժեշտ օգնությունը։

19 Այս չափազանց դժվար վերջին օրերում Աստված շարունակ աջակցում ու մխիթարում է իր ժողովրդին։ Ավելի քան մեկ դար հազարավոր մեր հավատակիցները ամբողջ աշխարհում հալածվում և բանտարկվում են զուտ այն պատճառով, որ ծառայում են Եհովային։ Նրանց անցած ճանապարհը ցույց է տալիս, որ փորձությունների ժամանակ Եհովան իսկապես մխիթարում է իր ծառաներին։ Օրինակ՝ մեր եղբայրներից մեկը նախկին Խորհրդային Միությունում իր հավատի համար դատապարտվել էր 23 տարվա ազատազրկման։ Նույնիսկ այդ ժամանակ միջոցներ ձեռնարկվեցին, որ նա հոգևոր կերակուր ունենա, որպեսզի զորանա ու մխիթարվի։ Եղբայրն ասաց. «Այդ տարիների ընթացքում ես սովորեցի վստահել Եհովային ու զորություն ստացա նրանից» (կարդա՛ 1 Պետրոս 5։6, 7

20. Ինչո՞ւ կարող ենք վստահ լինել, որ Եհովան չի լքի մեզ։

20 Ինչ դժվարությունների էլ որ բախվենք, պետք է հիշենք սաղմոսերգուի մխիթարական խոսքերը, որն ասաց. «Եհովան չի թողնի իր ժողովրդին» (Սաղ. 94։14)։ Թեև մխիթարության կարիք ունենք, սակայն մեծ առանձնաշնորհում ունենք նաև ինքներս մխիթարելու ուրիշներին։ Ինչպես կտեսնենք հաջորդ հոդվածում, մենք կարող ենք մխիթարել սգավորներին։

[հարցեր ուսումնասիրության համար]

Ինչպե՞ս կպատասխանես

• Ի՞նչը կարող է տառապանք պատճառել մեզ։

• Ինչպե՞ս է Եհովան մխիթարում իր ծառաներին։

• Ի՞նչը կարող է մխիթարել մեզ, եթե կանգնած լինենք մահվան սպառնալիքի առաջ։

[շրջանակ/​նկար 25-րդ էջի վրա]

ԻՆՉՊԵՍ ԴԻՄԱԳՐԱՎԵԼ ԱՅՆ ԲԱՆԵՐԻՆ, ՈՐՈՆՔ ԿԱՐՈՂ ԵՆ ԱԶԴԵԼ ՄԵՐ...

սրտի վրա(Սաղ. 147։3; 1 Հովհ. 3։19–22; 5։14, 15)

մտքի վրա(Սաղ. 94։19; Փիլիպ. 4։6, 7)

զգացումների վրա(Ելք 14։13, 14; 2 Օրենք 31։6)

ֆիզիկական առողջության վրա(2 Կորնթ. 4։8, 9)

հոգևոր առողջության վրա(Սաղ. 145։14; Հակ. 5։14, 15)