Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Եհովան ժողովում է իր ուրախ ժողովրդին

Եհովան ժողովում է իր ուրախ ժողովրդին

«Ժողովիր ժողովրդին՝ տղամարդկանց, կանանց, երեխաներին.... պանդուխտներին» (2 ՕՐԵՆՔ 31։12

1, 2. Ի՞նչ ենք քննելու այս հոդվածում։

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ և մարզային համաժողովները Եհովայի վկաների ժամանակակից պատմության մեջ առանձնահատուկ տեղ են զբաղեցնում։ Այդ համաժողովների ժամանակ մի յուրօրինակ ուրախություն է տիրում։ Մեզանից ոմանք արդեն տասնյակ տարիներ է՝ մասնակցում են աստվածապետական այս միջոցառումներին։

2 Այսպիսի հավաքույթներ Աստծու ժողովուրդը անց է կացրել նաև մի քանի հազար տարի առաջ։ Այս հոդվածում կքննենք ժամանակակից համաժողովների սուրբգրային նախադեպեր։ Կտեսնենք, թե ինչ նմանություններ կան հին ժամանակների և մերօրյա մեծ հավաքույթների միջև և թե ինչ օգուտներ ենք ստանում դրանցից (Սաղ. 44։1; Հռոմ. 15։4

ՆՇԱՆԱԿԱԼԻՑ ՀԱՄԱԺՈՂՈՎՆԵՐ՝ ԱՆՑՅԱԼՈՒՄ ԵՎ ՀԻՄԱ

3. ա) Ի՞նչ տեղի ունեցավ Եհովայի ժողովրդի առաջին մեծ հավաքույթի ժամանակ։ բ) Ինչպե՞ս էին իսրայելացիները մեկտեղ հավաքվում։

3 Առաջին մեծ հավաքույթը, որի մասին հիշատակվում է Աստվածաշնչում, տեղի ունեցավ Սինա լեռան ստորոտում։ Եհովայի ժողովուրդը հավաքվել էր նրանից կրթվելու։ Սա ճշմարիտ երկրպագության պատմության մեջ նշանակալից իրադարձություն էր։ Այդ հավաքույթին Եհովան ցույց տվեց իր զորությունը և իսրայելացիներին տվեց իր Օրենքը։ Նրանք, անկասկած, երբեք չէին մոռանա իրենց տեսածն ու լսածը (Ելք 19։2–9, 16–19; կարդա՛ Ելք 20։18; 2 Օրենք 4։9, 10)։ Այդ օրը Աստծու և իսրայելացիների միջև առանձնահատուկ փոխհարաբերություն հաստատվեց։ Դրանից շատ չանցած՝ Եհովան Մովսեսին ասաց, թե ինչպես պետք է հավաքել ժողովրդին. նա պատվիրեց պատրաստել երկու արծաթյա փող, որպեսզի դրանց ազդարարությամբ «բոլոր իսրայելացիները» հավաքվեն «հանդիպման վրանի մուտքի մոտ» (Թվեր 10։1–4)։ Փորձիր պատկերացնել, թե ինչ հուզմունք էր տիրում այդ հավաքույթների ժամանակ։

4, 5. Ինչո՞ւ էին Մովսեսի և Հեսուի կազմակերպած հավաքույթները կարևոր։

 4 Երբ իսրայելացիների 40-ամյա դեգերումները անապատում մոտենում էին ավարտին, Մովսեսը նրանց մեկտեղ հավաքեց։ Շատ կարևոր պահ էր եկել Իսրայել ազգի համար. նրանք շուտով մտնելու էին Ավետյաց երկիր։ Մովսեսը մտադիր էր հիշեցնել այն բոլոր բաները, որ Եհովան արել էր նրանց համար և դեռ անելու էր (2 Օրենք 29։1–15; 30։15–20; 31։30

5 Հավանաբար, այդ մեծ հավաքույթին Մովսեսը ժողովրդին ասաց, որ այսուհետ իրենք կանոնավորաբար հավաքվելու են, որպեսզի կրթվեն Եհովայից։ Յուրաքանչյուր յոթերորդ տարում Տաղավարների տոնին տղամարդիկ, կանայք, երեխաները և Իսրայելում ապրող պանդուխտները պետք է հավաքվեին Եհովայի ընտրած վայրում, որպեսզի «լսեն ու սովորեն վախենալ Եհովայից և զգուշորեն կատարեն օրենքի բոլոր խոսքերը» (կարդա՛ 2 Օրենք 31։1, 10–12)։ Ինչպես տեսնում ենք, Աստված ուզում էր, որ իր ժողովուրդը հաճախակի մեկտեղ հավաքվի և սովորի իր պատվիրաններն ու նպատակները։ Իսկ երբ իսրայելացիները նվաճել էին Ավետյաց երկիրը, սակայն դեռևս շրջապատված էին հեթանոս ազգերով, Հեսուն հավաքեց ողջ ազգին, որպեսզի ամրացնի նրանց սրտերը և լցնի Եհովային հավատարիմ մնալու վճռականությամբ։ Այդ օրը ժողովուրդը երդվեց ծառայել Աստծուն (Հեսու 23։1, 2; 24։1, 15, 21–24

6, 7. Ինչո՞ւ կարող ենք ասել, որ որոշ համաժողովներ նշանակալից են եղել Եհովայի ժողովրդի համար։

6 Մեր ժամանակներում Եհովայի ժողովուրդը նույնպես հավաքվում է նրանից կրթվելու։ Վերջին հարյուրամյակում, ինչպես որ հազարավոր տարիներ առաջ, նույնպես եղել են նշանակալից մեծ հավաքույթներ՝ համաժողովներ։ Այդ համաժողովներին հայտարարվել է աստվածապետական կարևոր փոփոխությունների կամ սուրբգրային նոր հասկացողության մասին (Առակ. 4։18)։ Առաջին աշխարհամարտից հետո առաջին մեծ համաժողովը տեղի ունեցավ 1919թ.-ին Սիդար Փոյնթում (ԱՄՆ, Օհայո նահանգ)։ Այդ համաժողովին, որին ներկա էր 7000 մարդ, հայտարարվեց համաշխարհային քարոզարշավ սկսելու մասին։ 1922թ.-ին այս նույն վայրում տեղի ունեցավ իննօրյա համաժողով։ Եղբայր Ռադերֆորդը հանդես եկավ ոգեշունչ ելույթով։ Նա ունկնդիրներին կոչ արեց. «Եղեք Տիրոջ հավատարիմ ու ճշմարիտ վկանե՛րը։ Կռվեք մինչև վե՛րջ, մինչև որ Բաբելոնի քարը քարին չմնա։ Լուրը հռչակեք ամենո՛ւր։ Աշխարհը պիտի իմանա, որ Եհովան է Աստված և որ Հիսուս Քրիստոսը թագավորների Թագավորն է ու տերերի Տերը։ Այսօր ամենակարևոր օրն է։ Տեսե՛ք, Թագավորն իշխո՛ւմ է։ Դուք նրա մունետիկնե՛րն եք։ Դե ուրեմն, հռչակե՛ք, հռչակե՛ք, հռչակե՛ք Թագավորին ու նրա Թագավորությունը»։ Ներկաները և ընդհանրապես ամբողջ եղբայրությունը մեծ ոգևորությամբ արձագանքեցին այդ կոչին։

7 Հիշարժան էր նաև 1931թ.-ին Կոլումբուսում (Օհայո նահանգ) տեղի ունեցած համաժողովը. Աստվածաշունչ ուսումնասիրողները ստացան նոր անուն՝ «Եհովայի վկաներ»։ 1935թ.-ին եղբայր Ռադերֆորդը բացատրեց, թե ինչ է այն «մեծ բազմությունը», որ «կանգնած է գահի առջև և Գառան առջև» (Հայտն. 7։9–17)։ 1942թ.-ին, երբ Երկրորդ աշխարհամարտը ընթանում էր ամբողջ թափով, Նաթան Նորը հանդես եկավ մի ցնցող ելույթով. «Խաղաղություն. կարո՞ղ է այն հարատև լինել»։ Այս ելույթում եղբայրը ցույց տվեց, թե ինչ է Հայտնություն 17-րդ գլխում նշված «ալ կարմիր գազանը», և ասաց, որ Աստծու ծառաները շատ գործ ունեն անելու պատերազմից հետո։

1950 թ. միջազգային համաժողով, Նյու Յորք

8, 9. Ինչո՞ւ կարող ենք ասել, որ որոշ համաժողովներ առանձնապես հուզիչ են եղել ներկաների համար։

8 1946թ.-ին եղբայր Նորը «Ուրախ ազգեր» համաժողովում (Քլիվլենդ, Օհայո նահանգ) հանդես եկավ մի ուշագրավ ելույթով, որի վերնագիրն էր. «Վերակառուցման և ընդլայնման խնդիրները»։ Մի պատվիրակ ելույթի թողած ազդեցության մասին գրեց. «Այդ երեկո պատիվ ունեի նրա հետ լինելու բեմում. ես կանգնած էի նրա հետևում։ Երբ նա խոսում էր Բրուքլինի Բեթելի ու տպարանի ընդլայնման  մասին, ծափահարությունների տարափ տեղաց, որը երկար ժամանակ չէր դադարում։ Բեմից որևէ դեմք հստակ չէր երևում, բայց զգացվում էր նրանց ոգևորությունը»։ 1950թ.-ին Նյու Յորքում տեղի ունեցած միջազգային համաժողովում ներկաները մեծ ուրախությամբ ընդունեցին «Քրիստոնեական Հունարեն Գրությունների նոր աշխարհ թարգմանությունը»։ Հետագայում թարգմանվեցին նաև Եբրայերեն Գրությունները, և, այդպիսով, ժամանակակից անգլերենով լույս տեսավ մի նոր Աստվածաշունչ, որտեղ Աստծու անունը վերականգնված էր բոլոր այն տեղերում, որտեղ որ պետք է վերականգնվեր (Երեմ. 16։21

9 Համաժողովներ անցկացվեցին նաև այն երկրներում, որտեղ Եհովայի վկաները հալածանքների են ենթարկվել կամ արգելքի տակ են եղել։ Ադոլֆ Հիտլերը երդվեց վերացնել Գերմանիայի Եհովայի վկաներին, բայց 1955թ.-ին Նյուրնբերգ քաղաքում տեղի ունեցավ Եհովայի վկաների համաժողով հենց այն վայրում, որտեղ Հիտլերը իր շքերթներն էր անցկացնում։ Ներկա էր 107000 մարդ։ Շատերը ուրախությունից արտասվում էին։ 1989թ.-ին Լեհաստանում անցկացվեցին «Աստծու հանդեպ նվիրվածություն» խորագրով մարզային երեք համաժողովներ, որոնց ներկա եղավ, ընդհանուր հաշվով, 166518 պատվիրակ։ Նրանցից շատերը նախկին Խորհրդային Միությունից, Չեխոսլովակիայից և Արևելյան Եվրոպայի այլ երկրներից էին։ Ոմանք առաջին անգամ էին մասնակցում Աստծու ժողովրդի այսքան մեծ հավաքույթի. մինչ այդ ամենամեծ հավաքույթը, որին նրանք ներկա էին եղել, 15 կամ 20 հոգուց էր բաղկացած։ 1993թ.-ին Կիևում (Ուկրաինա) անցկացվեց «Աստվածային ուսուցում» միջազգային համաժողովը, որտեղ մկրտվեց 7402 մարդ։ Սա Եհովայի վկաների պատմության մեջ երբևէ տեղի ունեցած ամենամեծ մկրտությունն է (Ես. 60։22; Անգե 2։7

10. Հատկապես ո՞ր համաժողովներն են հիշարժան քեզ համար և ինչո՞ւ։

10 Անշուշտ, քո կյանքում եղել են այնպիսի մարզային կամ միջազգային համաժողովներ, որոնք դաջվել են հիշողությանդ մեջ։ Գուցե հիշում ես քո առաջին համաժողովը կամ այն համաժողովը, երբ մկրտվեցիր։ Այո՛, դրանք նշանակալից հոգևոր իրադարձություններ են եղել քեզ համար։ Թանկ գնահատիր այդ հիշողությունները (Սաղ. 42։4

ՈՒՐԱԽԱԼԻ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՎԱՔՈՒՅԹՆԵՐ

11. Ի՞նչ պատվիրեց Աստված իսրայելացիներին։

11 Եհովան պատվիրեց իսրայելացիներին տարեկան երեք անգամ հավաքվել Երուսաղեմում՝ Անթթխմոր հացերի, Շաբաթների (հետագայում՝ Պենտեկոստե) և Տաղավարների տոները նշելու համար։ Աստված ասաց. «Տարվա մեջ երեք անգամ քո բոլոր տղամարդիկ պետք է ներկայանան ճշմարիտ Տիրոջ՝ Եհովայի երեսի առաջ» (Ելք 23։14–17)։ Հասկանալով այս տոների հոգևոր մեծ արժեքը՝ շատ տղամարդիկ իրենց հետ տանում էին նաև ընտանիքի անդամներին (1 Սամ. 1։1–7; Ղուկ. 2։41, 42

12, 13. Ի՞նչ էր նշանակում իսրայելացիների համար տարեկան տոներին մասնակցելը։

12 Ի՞նչ էր նշանակում իսրայելացի ընտանիքների համար նման ճանապարհորդություն կատարելը։ Օրինակ՝ Հովսեփն ու Մարիամը Նազարեթից Երուսաղեմ հասնելու  համար պետք է անցնեին մոտ 100 կիլոմետր։ Ի՞նչ ես կարծում, որքա՞ն ժամանակ կպահանջվեր քեզնից այդ ճանապարհը փոքր երեխաների հետ ոտքով անցնելու համար։ Իսրայելացիները խմբով էին գնում Երուսաղեմ՝ ազգականների ու ծանոթների հետ։ Դա եզրակացնում ենք Աստվածաշնչի այն հատվածից, երբ 12-ամյա Հիսուսը իր ծնողների հետ գնաց Երուսաղեմ։ Պետք է որ շատ հետաքրքիր լիներ միասին ճանապարհ գնալը, կերակուր պատրաստելը և այդ անծանոթ տարածքներում քնելու հարմար տեղ գտնելը։ Կարելի է ասել, որ ճանապարհորդությունը ընդհանուր առմամբ անվտանգ էր անցնում, քանի որ, օրինակ, Մարիամն ու Հովսեփը 12 տարեկան Հիսուսին որոշակի ազատություն էին տվել։ Պատկերացնո՞ւմ ես, ինչ անմոռանալի պահեր էին դրանք, հատկապես երեխաների համար (Ղուկ. 2։44–46

13 Եկան ժամանակներ, երբ հրեաները այդ տոներին գալիս էին տարբեր երկրներից, քանի որ ցրված էին աշխարհով մեկ։ Մ.թ. 33-ի Պենտեկոստեին հոգևոր արժեքները գնահատող հրեաներն ու պրոզելիտները Երուսաղեմ եկան Իտալիայից, Լիբիայից, Կրետեից, Փոքր Ասիայից և Միջագետքից (Գործ. 2։5–11; 20։16

14. Ի՞նչ օգուտներ էին ստանում իսրայելացիները՝ ներկա գտնվելով տարեկան տոնակատարություններին։

14 Հավատարիմ իսրայելացիների համար այդ ճանապարհորդությունների գլխավոր նպատակը հազարավոր մարդկանց հետ Եհովային երկրպագելն էր։ Դա բոլորին մեծ ուրախություն էր պատճառում։ Եհովան Տաղավարների տոնի առնչությամբ իր ժողովրդին ասաց. «Տոնի ընթացքում ուրախացիր, ինչպես դու, այնպես էլ քո որդին, աղջիկը, ծառան, աղախինը, ղևտացին, պանդուխտը, որբը և այրին, որոնք քո քաղաքում են։ Այն վայրում, որը Եհովան կընտրի, յոթ օր քո Աստված Եհովայի պատվին տոն նշիր, որովհետև քո Աստված Եհովան կօրհնի քո ամբողջ բերքն ու ձեռքիդ բոլոր գործերը, և այդժամ դու ուրախ կլինես» (2 Օրենք 16։14, 15; կարդա՛ Մատթեոս 5։3

ԻՆՉՈ՞Ւ ՊԵՏՔ Է ԲԱՐՁՐ ԳՆԱՀԱՏԵՆՔ ՄԵՐ ՀԱՄԱԺՈՂՈՎՆԵՐԸ

15, 16. Ի՞նչ զոհողություն ես արել համաժողովներին ներկա լինելու համար։ Ինչո՞ւ արժե զոհողություն անել։

15 Մենք կարող ենք շատ բան սովորել անցյալում տեղի ունեցած մեծ հավաքույթներից։ Ճիշտ է, դարերի ընթացքում աստվածապետական հավաքույթների հետ կապված շատ բան է փոխվել, բայց չի փոխվել դրանց էությունը։ Աստվածաշնչյան ժամանակներում մարդիկ պետք է զոհողություններ անեին, որպեսզի կարողանային մասնակցել տոնակատարություններին։ Նույնը և այսօր։ Հարկավոր է զոհողություններ անել, որպեսզի կարողանանք օգուտներ քաղել համաժողովներից։ Դրանք տալիս են այն ամենը, ինչ անհրաժեշտ է Եհովայի հետ մտերիմ լինելու համար, մղում են մեզ կիրառելու սովորածը, օգնում են խուսափելու խնդիրներից և խրախուսում են ունենալ այնպիսի ձգտումներ ու հետաքրքրություններ, որոնք մեզ կթարմացնեն և ոչ թե կծանրաբեռնեն (Սաղ. 122։1–4

Հարավային Կորեա

16 Համաժողովները միշտ ուրախություն են պատճառել եղբայրներին ու քույրերին։ 1946թ.-ին տեղի ունեցած մի մեծ համաժողովի վերաբերյալ մի հաշվետվությունում ասվում է. «Շատ տպավորիչ էր տեսնել, թե ինչպես են հազարավոր Վկաներ միասին հավաքվել մի վայրում։ Բայց ավելի տպավորիչ էր բազմահազար մարդկանց քաղցր երգեցողությունը նվագախմբի հնչյունների ներքո»։ Նույն հաշվետվությունում նաև ասվում է. «Պատվիրակներից շատերը, ցանկանալով ծառայել հավատակիցներին, հաճույքով կամավորագրվում էին, որպեսզի աշխատեն համաժողովի այս կամ այն բաժնում»։ Դու է՞լ ես նույն զգացումներն ունենում մարզային կամ միջազգային համաժողովներին (Սաղ. 110։3; Ես. 42։10–12

17. Ի՞նչ փոփոխություններ են եղել համաժողովների անցկացման հարցում։

17 Այսօր մարզային համաժողովների անցկացումը տարբերվում է նախկինից։ Օրինակ՝ տասնամյակներ առաջ որոշ երկրներում համաժողովները կարող էին տևել մինչև ութ օր։ Օրվա ծրագիրը բաղկացած  էր լինում երեք մասից՝ առավոտյան, ցերեկային ու երեկոյան։ Համաժողովի ծրագրով նախատեսվում էր նաև գնալ քարոզչական ծառայության։ Ծրագիրը երբեմն սկսվում էր առավոտյան ժամը իննին և ավարտվում երեկոյան ժամը իննին։ Տքնաջան կամավորները ժամերով աշխատում էին, որ պատվիրակների համար նախաճաշ, ճաշ և ընթրիք պատրաստեն։ Այժմ համաժողովները ավելի կարճ են տևում և պատվիրակների համար կերակուր չի պատրաստվում. նրանք իրենք են իրենց հետ ուտելիք բերում։ Այս ամենը հնարավորություն է տալիս ավելի շատ կենտրոնանալու հոգևորի վրա։

Մոզամբիկ

18, 19. Համաժողովի ծրագրի ո՞ր մասերին ես հատկապես սպասում և ինչո՞ւ։

18 Սակայն համաժողովի ծրագրի որոշ մասեր չեն փոխվել։ Օրինակ՝ համաժողովներին առաջվա պես հայտարարվում է նոր հրատարակությունների լույսընծայման մասին։ Ճիշտ ժամանակին հոգևոր կերակուրը, որը մեզ տալիս է աստվածաշնչյան մարգարեությունների և ուսմունքների վերաբերյալ ավելի խոր հասկացողություն, մենք ստանում ենք ոչ միայն համաժողովի ելույթների, այլև նոր հրատարակությունների միջոցով (Մատթ. 24։45)։ Անկեղծ մարդիկ հաճախ հենց այդ հրատարակությունների միջոցով են հասկանում սուրբգրային ճշմարտությունները։ Ուշագրավ են նաև Աստվածաշնչի վրա հիմնված ներկայացումները։ Դրանք ոգևորում են ինչպես երիտասարդներին, այնպես էլ տարեցներին, մղում են քննելու շարժառիթները և պայքարելու այս աշխարհի անաստված մտածելակերպի դեմ։ Իսկ մկրտության ելույթը բոլորիս հնարավորություն է տալիս ստուգելու, թե ինչն է առաջնահերթ մեզ համար։ Մենք ուրախանում ենք՝ տեսնելով նորանոր մարդկանց, ովքեր իրենց նվիրումը Եհովային խորհրդանշում են մկրտությամբ։ Ծրագրի այս մասերին մենք անհամբերությամբ ենք սպասում։

19 Այո՛, համաժողովները երկար տարիներ եղել են ճշմարիտ երկրպագության բաղկացուցիչ մասը։ Դրանք նպաստում են մեր ուրախությանը և օգնում են, որ դժվարին ժամանակներում հավատարիմ մնանք Եհովային։ Այսպիսի հավաքույթները մղում են ավելին անելու ծառայության մեջ, հնարավորություն են տալիս նոր ընկերներ ձեռք բերելու, բարձր գնահատելու մեր համաշխարհային եղբայրությունը։ Համաժողովը այն կարևոր միջոցներից է, որով Եհովան օրհնում է իր ժողովրդին և հոգ է տանում նրա մասին։ Եկեք մեր գործերը այնպես կազմակերպենք, որ ներկա լինենք մարզային համաժողովի բոլոր մասերին և օգուտներ ստանանք (Առակ. 10։22