Անձնվիրաբար ծառայողների կյանքից. Բրազիլիա
ՄԻ ՔԱՆԻ տարի առաջ Ռուբիան, որը հիմա 30 տարեկան է, այցելեց Սանդրային՝ մի ռահվիրա քրոջ, որը ծառայում էր Բրազիլիայի հարավում գտնվող մի փոքրիկ ժողովում։ Այցելության ընթացքում տեղի ունեցավ մի բան, որն անչափ տպավորեց Ռուբիային և նույնիսկ փոխեց նրա կյանքը։ Ի՞նչ էր տեղի ունեցել։ Ահա թե ինչ է պատմում Ռուբիան։
«ԱԿԱՆՋՆԵՐԻՍ ՉԷԻ ՀԱՎԱՏՈՒՄ»
«Սանդրայի հետ այցելեցի մի կնոջ, որի հետ նա Աստվածաշունչ էր ուսումնասիրում։ Ուսումնասիրության ընթացքում այդ կինն ասաց. «Սա՛նդրա, աշխատանքիս վայրում երեք աղջիկներ ասացին, որ ուզում են Աստվածաշունչ ուսումնասիրել։ Ես ասացի, որ պիտի սպասեն։ Գիտեմ, որ դու այս տարի շատ զբաղված ես»։ Ես շշմել էի. ականջներիս չէի հավատում։ Մարդիկ, որ ուզում էին ճանաչել Եհովային, պետք է հերթ կանգնեին։ Այն ժողովում, որտեղ ես էի ծառայում, շատ դժվար էր նույնիսկ մեկ ուսումնասիրություն ունենալ։ Այդ պահին մեծ ցանկություն ունեցա օգնելու այդ փոքրիկ քաղաքում ապրող մարդկանց։ Շուտով մեծ քաղաքից, որտեղ ապրում էի, տեղափոխվեցի այն բնակավայրը, որտեղ Սանդրան էր ծառայում»։
Ի՞նչ եղավ հետո։ Ռուբիան պատմում է. «Տեղափոխվելուց երկու ամիս անց ունեի 15 ուսուցում, և, երևի չհավատաք, բայց շատ չանցած՝ Սանդրայի պես՝ ես էլ ունեցա ուսումնասիրել ցանկացողների ցուցակ»։
ՎԵՐԱՆԱՅԵՑ ԻՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ
Դիեգոն, որը նոր էր դարձել 20 տարեկան, այցելեց Պրուդենտոպոլիսում (փոքրիկ քաղաք Բրազիլիայի հարավում) ռահվիրա ծառայող մի ամուսնական զույգի։ Այցելությունն այնքան տպավորեց նրան, որ նա որոշեց վերանայել իր ծառայությունը։ Դիեգոն պատմում է. «Ես առանձնապես ջանքեր չէի թափում շատ ծառայելու համար. ամսվա մեջ քարոզում էի ընդամենը մի քանի ժամ։ Երբ այցելեցի այս ռահվիրաներին և լսեցի նրանց պատմածները, ակամայից նրանց ուրախ ոգին համեմատեցի ծառայության հանդեպ իմ անտարբեր վերաբերմունքի հետ։ Երբ տեսա, թե ինչքան ուրախ են նրանք, ինքս ինձ ասացի. «Ա՜խ, երանի իմ կյանքն էլ այսպես իմաստալից լիներ»»։ Այս այցից հետո Դիեգոն ռահվիրայություն սկսեց։
Գուցե դու էլ Դիեգոյի պես երիտասարդ ես և մասնակցում ես քարոզչական ծառայությանը, հաճախում ես ժողովի հանդիպումներին, բայց միևնույն ժամանակ զգում ես, որ ծառայությունդ միապաղաղ է։ Քարոզչական գործը մի ուրիշ հաճույք կպատճառի քեզ, եթե կարողանաս տեղափոխվել այնտեղ, որտեղ քարոզիչների կարիքը մեծ է։ Ինչ խոսք, հարմարավետ կյանքից հրաժարվելու միտքը կարող է վախեցնել քեզ։ Բայց շատ երիտասարդներ հենց այդպես են վարվել։ Նրանք ցանկացել են լիարժեքորեն ծառայել Եհովային, ուստի չեն վախեցել փոխել իրենց նպատակներն ու ցանկությունները։
ՄԱԵՍՏՐՈ՞, ԹԵ՞ ՔԱՐՈԶԻՉ
Մի քանի տարի առաջ Բրունոն, որը հիմա 28 տարեկան է, սովորում էր մի հայտնի երաժշտական հաստատությունում։ Նա նպատակ ուներ դառնալու դիրիժոր։ Այնքան լավ էր սովորում, որ մի քանի անգամ հրավիրվեց սիմֆոնիկ նվագախումբ ղեկավարելու։ Բրունոյին խոստումնալից կարիերա էր սպասում։ «Այդուհանդերձ, ես զգում էի, որ կյանքումս մի բան պակասում է,— պատմում է նա։— Ես նվիրվել էի Եհովային, բայց գիտեի, որ իմ լավագույնը չեմ տալիս նրան, և սա ինձ անհանգստացնում էր։ Աղոթեցի Եհովային այս մասին, նաև զրուցեցի ժողովի փորձառու եղբայրների հետ։ Լրջորեն խորհրդածելուց հետո որոշեցի, որ իմ կյանքում երաժշտության փոխարեն ծառայությունը պետք է լինի առաջին տեղում։ Թողեցի ուսումս և տեղափոխվեցի այնպիսի տարածք, որտեղ քարոզիչների կարիք կար»։ Չփոշմանե՞ց Բրունոն իր կայացրած որոշման համար։
Բրունոն տեղափոխվեց Գուապիարա քաղաք (բնակչությունը՝ մոտ 7000), որը Սան Պաուլու քաղաքից հեռու է մոտ 260 կիլոմետր։ Դա մեծ փոփոխություն էր նրա համար։ Բրունոն պատմում է. «Ես ապրում էի մի փոքրիկ տան մեջ. այստեղ չկար ո՛չ սառնարան, ո՛չ հեռուստացույց, ո՛չ ինտերնետ։ Բայց կային բաներ, որոնք ես առաջ չունեի. բանջարանոց և պտղատու այգի»։ Տեղի փոքրիկ ժողովի հետ ծառայելուց բացի, Բրունոն նաև շաբաթը մեկ, վերցնելով սնունդ, ջուր և գրականություն, մոտոցիկլետով գնում էր քարոզելու գյուղական վայրերում։ Այդ կողմերի բնակիչներից շատերը երբեք չէին լսել բարի լուրը։ «Ես ունեի 18 ուսուցում,— պատմում է նա։— Սիրտս ուրախությունից ալեկոծվում էր, երբ տեսնում էի, թե այդ մարդիկ ինչպես են փոխում իրենց կյանքը։— Հետո ավելացնում է.— Հիմա շատ լավ հասկանում եմ, թե ինչն էր իմ կյանքում պակասում. բավարարվածության այն խոր զգացումը, որ ստանում ես Թագավորության շահերն առաջին տեղում դնելուց։ Ես երբեք սա չէի զգա, եթե ձգտեի նյութապաշտական նպատակների»։ Իսկ, հետաքրքիր է, ինչպե՞ս էր Բրունոն ապրում։ Նա ժպտալով ասում է. «Դե՜, կիթառի դասեր եմ տալիս»։ Կարելի է ասել, որ նա հիմա էլ է մաեստրո։
«ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՐՈՂ ԷԻ ԹՈՂՆԵԼ ԱՅԴ ՄԱՐԴԿԱՆՑ»
Մարիանան, որ հիմա մոտ 30 տարեկան է, իրավաբանական կրթություն է ստացել։ Նա ուներ լավ վարձատրվող աշխատանք, բայց, Բրունոյի պես, բավականություն չէր ստանում կյանքից։ Մարիանան ասում է. «Ինձ թվում էր, թե «քամու հետևից եմ վազում»» (Ժող. 1։17)։ Մի քանի եղբայրներ և քույրեր հորդորեցին նրան մտածել ռահվիրայության մասին։ Խորհրդածելուց հետո Մարիանան իր ընկերուհիներ Բիանկայի, Կարոլինի և Ջուլիանայի հետ որոշեց աջակցել Բարա դու Բուգրես քաղաքի (հեռավոր քաղաք Բոլիվիայի սահմանի մոտ) ժողովին՝ հազարավոր կիլոմետրեր հայրենի վայրերից հեռու։
Մարիանան պատմում է. «Ես մտադիր էի այնտեղ մնալ երեք ամիս։ Բայց երրորդ ամսվա վերջում արդեն անց էի կացնում 15 ուսուցում։ Ինչպե՞ս կարող էի թողնել այդ մարդկանց և վերադառնալ տուն. չէ՞ որ նրանք օգնության կարիք ունեին, որ աճեն ճշմարտության մեջ»։ Հետաքրքիր է, որ մյուս քույրերն էլ որոշեցին մնալ։ Ի՞նչ է Մարիանան ասում իր նոր կյանքի մասին։ «Ինձ անչափ հաճելի է, որ Եհովան իմ միջոցով օգնում է մարդկանց բարելավելու իրենց կյանքը։ Երջանիկ եմ, որ կարող եմ իմ ժամանակն ու էներգիան օգտագործել մի բանի համար, ինչն իսկապես արժեքավոր է»։ Կարոլինը ամփոփում է իրենց բոլորի զգացումները. «Երբ քեզ չես խնայում Թագավորության շահերի համար, ամեն օր պառկում ես քնելու խոր բավարարվածության զգացումով։ Ինձ համար շատ կարևոր է «ուսուցումներիս» օգնելը։ Ի՜նչ լավ է, որ նրանք հոգևորապես աճում են։ Ես զգում եմ Սաղմոս 34։8 խոսքերի ճշմարտացիությունը, որտեղ ասվում է. «Ճաշակե՛ք և տեսե՛ք, որ Եհովան բարի է»»։
Որքա՜ն ուրախ է Եհովան, որ ամբողջ աշխարհում ավելի ու ավելի շատ երիտասարդ եղբայրներ և քույրեր են «հոժար կամքով» գնում հեռավոր վայրեր և քարոզում բարի լուրը (Սաղ. 110։3; Առակ. 27։11)։ Եհովան, անշուշտ, առատորեն օրհնում է իր այս անձնազոհ ծառաներին (Առակ. 10։22)։