Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Քաջալերանք «երեխաների.... բերանով»

Քաջալերանք «երեխաների.... բերանով»

2009թ. դեկտեմբերին Ռուսաստանի Գերագույն դատարանը հաստատեց մի որոշում, որի հետևանքով Տագանրոգ քաղաքի (Ռուսաստան) տեղի Եհովայի վկաների կրոնական կազմակերպությունը լուծարվեց, Թագավորության սրահը բռնագրավվեց և մեր հրատարակություններից 34-ը հայտարարվեց ծայրահեղական։ Այս ցնցող իրադարձության մասին տեղեկությունները, ինչպես նաև այդ որոշման հետևանքով տուժած Վկաների, այդ թվում նաև փոքր երեխաների լուսանկարները տեղադրվեցին Եհովայի վկաների պաշտոնական կայքում։

Ավստրալիացի երեխաները

Մի քանի ամիս հետո Ռուսաստանի՝ Եհովայի վկաների վարչական կենտրոնը մի փաթեթ ու մի նամակ ստացավ, որոնք ուղարկել էր Քվինսլենդում (Ավստրալիա) ապրող Վկաների մի ընտանիք։ Նրանք կայքում կարդացել էին դատարանի որոշման մասին։ «Սիրելի՛ եղբայրներ, մեր երեխաները՝ Կոդին և Լարիսան, անչափ ազդվել են՝ իմանալով Ռուսաստանի իրենց ընկերների փորձությունների և դրսևորած հավատի մասին։ Նրանք բացիկներ ու նամակներ են գրել, և մենք նվերների մի փոքրիկ փաթեթի հետ դրանք ուղարկում ենք տագանրոգցի երեխաներին։ Ուզում ենք, որ նրանք իմանան, որ իրենցից շա՜տ հեռու կան ուրիշ երեխաներ, ովքեր նույնպես հավատարմորեն ծառայում են Եհովային և մտածում են իրենց մասին։ Կոդին և Լարիսան պինդ գրկում են այդ երեխաներին և ուղարկում են իրենց ջերմ սերը»։

Նվերները ստանալուց հետո տագանրոգցի երեխաները շնորհակալական նկարազարդ նամակներ գրեցին Ավստրալիայում ապրող այս ընտանիքին։ Ռուսաստանի մասնաճյուղում ծառայող մի Վկա, տպավորված՝ «երեխաների.... բերանով» ասված քաջալերական խոսքերից, Կոդիին և Լարիսային գրեց. «Պատկերացրեք, թե որքան տհաճ է թե՛ երեխաներին, թե՛ մեծերին, երբ իրենց պատժում են մի բանի համար, ինչն իրենք չեն արել։ Տագանրոգի մեր եղբայրներն ու քույրերը ոչ մի վատ բան չեն արել, բայց նրանց Թագավորության սրահը վերցրել են իրենցից։ Դա շատ է տխրեցրել նրանց։ Այդ եղբայրներն ու քույրերը շատ կքաջալերվեն՝ իմանալով, որ աշխարհի մյուս ծայրում կա մեկը, ով մտածում է իրենց մասին։ Շնորհակալություն ձեզ ձեր ցուցաբերած ջերմ և առատաձեռն ոգու համար» (Սաղ. 8։2

Ռուսաստանցի երեխաները նվերներ են ստացել ավստրալիացի երեխաներից

Մենք համաշխարհային եղբայրության մաս ենք կազմում, և միմյանց հանդեպ ունեցած սերն օգնում է մեզ պայքարելու դժվարությունների և փորձությունների դեմ։ Մինչ դատական ատյանները քննարկում են այն հարցը, թե արդյոք Եհովայի վկաների հրատարակությունները ատելություն են հրահրում, մեր երեխաները, առանց իրենց վրա ուշադրություն հրավիրելու և չնայելով ազգային ու մշակութային տարբերություններին, ցույց են տալիս, որ անհանգստանում են միմյանց բարօրությամբ։ Այդպիսով նրանք փաստում են, թե որքան ճշմարիտ են Հիսուսի հետևյալ խոսքերը. «Սրանով բոլորը կիմանան, որ դուք իմ աշակերտներն եք, եթե սիրեք իրար» (Հովհ. 13։35