Ընթերցողների հարցերը
Մատթեոս 19։10–12 համարները ցույց տալի՞ս են, որ նրանք, ովքեր որոշում են մնալ ամուրի, խորհրդավոր ձևով ամուրիության պարգև են ստանում։
Երբ փարիսեցիները եկան Հիսուսի մոտ և խոսք բացեցին ամուսնալուծության մասին, նա պարզ ցույց տվեց, թե որն է Եհովայի չափանիշը ամուսնության վերաբերյալ։ Ըստ Մովսիսական օրենքի՝ եթե տղամարդը «անվայել բան» էր նկատում իր կնոջ վարքում, կարող էր բաժանման վկայական գրել ու տալ նրան։ Սակայն ամենասկզբում այդպես չէր (2 Օրենք 24։1, 2)։ Հիսուսն ասաց. «Ով իր կնոջից բաժանվում է առանց պոռնկության պատճառի և ուրիշի հետ է ամուսնանում, շնություն է գործում» (Մատթ. 19։3–9)։
Սա լսելով՝ աշակերտներն ասացին. «Եթե այդպիսին է տղամարդու պարագան իր կնոջ հետ, ավելի լավ է չամուսնանալ»։ Հիսուսն էլ պատասխանեց. «Ոչ բոլորը կարող են հետևել այս խոսքերին, այլ միայն նրանք, ովքեր ունեն այդ պարգևը։ Կան ներքինիներ, որ ի ծնե են այդպիսին, և կան ներքինիներ, որ մարդկանց կողմից են ներքինի դարձել, կան ներքինիներ էլ, որ իրենք իրենց ներքինի են դարձրել երկնքի թագավորության համար։ Ով կարող է այսպես ապրել, թող ապրի» (Մատթ. 19։10–12)։
Կային մարդիկ, որոնք ի ծնե էին ներքինի, մարդիկ էլ կային, որ պատահարի կամ խեղվելու հետևանքով էին ներքինի դարձել։ Բայց կային նաև այնպիսիները, որոնք ներքինի չէին, սակայն սեփական կամքով որոշել էին ապրել ներքինու պես։ Նրանք կարող էին ամուսնանալ, բայց, դրսևորելով ինքնատիրապետում, ամուրի էին մնացել «երկնքի թագավորության համար»։ Հիսուսի պես՝ այս մարդիկ նախընտրում էին մնալ ամուրի, որպեսզի կարողանան իրենց անձը ամբողջությամբ նվիրել Թագավորության գործին։ Նրանք չէին ծնվել ամուրիության պարգևով, ոչ էլ նրանց շնորհվել էր այդպիսի պարգև։ Այդ «ներքինիները» իրենք էին որոշել ամուրի մնալ, իրենք էին գիտակցաբար ձեռք բերել այդ պարգևը։
Հիմնվելով Հիսուսի վերոհիշյալ խոսքերի վրա՝ Պողոս առաքյալը նշեց, որ թեև թե՛ ամուրի, թե՛ ամուսնացած քրիստոնյաները կարող են ընդունելի ձևով ծառայել Աստծուն, այդուհանդերձ, այն ամուրիները, ովքեր «իրենց սրտում» որոշել են այդպիսին մնալ, «ավելի լավ են անում»։ Ինչո՞ւ «ավելի լավ»։ Որովհետև ամուսնացած մարդը պետք է ոչ միայն իր մասին հոգա, այլև իր կողակցի, պետք է նրան ժամանակ տրամադրի։ Սակայն ամուրի քրիստոնյաները չունեն այդպիսի պարտավորություն և կարող են «անդադար Տիրոջը ծառայել»։ Նրանք իրենց կարգավիճակը համարում են Աստծու կողմից տրված պարգև (1 Կորնթ. 7։7, 32–38)։
Այսպիսով՝ Աստվածաշնչի համաձայն՝ քրիստոնյան խորհրդավոր ձևով ամուրիության պարգև չի ստանում։ Նա ինքն է իր մեջ զարգացնում այդ պարգևը և ամուրի է մնում, որպեսզի առանց շեղումների ծառայի Թագավորության շահերին։ Այսօր շատերը իրենց սրտում որոշել են ամուրի մնալ հանուն Թագավորության, ուստի լավ կլինի, որ մյուսները քաջալերանքի աղբյուր լինեն նրանց համար։
Ի՞նչ տեսակետ ունեն Եհովայի վկաները գողացված իրեր գնելու վերաբերյալ։
Քրիստոնյաները գողացված իրեր կամ ապրանքներ գիտակցաբար չեն գնում։
Ոչ մի կասկած չկա, որ գողություն անելը սխալ է։ Մովսիսական օրենքում հստակ գրված էր. «Մի՛ գողացիր» (Ելք 20։15; Ղևտ. 19։11)։ Եթե գողը բռնվեր, պետք է վնասը փոխհատուցեր կրկնակի, քառակի կամ հնգակի՝ կախված հանգամանքներից։
Դեռևս հին ժամանակներում գողերը արագ շահույթ ստանալու և չբռնվելու համար փորձել են գողացված ապրանքը անմիջապես իրացնել՝ հաճախ վաճառելով այն բավական ցածր գնով, որպեսզի մարդիկ ցանկանան գնել։ Հավանաբար, հենց այս մասին է խոսվում Ելք 22։1-ում. «Եթե մի մարդ ցուլ կամ ոչխար գողանա և մորթի կամ վաճառի այն, ապա ցլի դիմաց նա պետք է իր նախրից հինգ ցուլ հատուցի, իսկ ոչխարի դիմաց՝ իր հոտից չորս ոչխար»։
Ռաբբի Աբրահամ Չիլը գրում է. «Արգելվում է գնել կամ ընդունել գողացված սեփականություն, նույնիսկ եթե ասում են, որ դա գողացված չէ։ Ուստի չի կարելի հովվից այծ գնել, որովհետև, հնարավոր է, հովիվն այդ այծը վաճառում է առանց այծի տիրոջ իմացության և մտադիր է հասույթն իրեն պահել» (The Mitzvot—The Commandments and Their Rationale)։
Ինչ խոսք, Աստվածաշունչը չի արգելում «հովվից այծ գնել» միայն այն կասկածի հիման վրա, որ հովիվը կարող է փողը իրեն պահել, այլ խոսքով՝ վաճառել գողացված ապրանք։ Ինչևէ, Եհովայի ծառաները չպետք է գիտակցաբար գնեն այնպիսի ապրանք, որը ամենայն հավանականությամբ գողացված է։ Աստծու Խոսքը ցույց է տալիս, որ Եհովան հարգում է մասնավոր սեփականության իրավունքը, մինչդեռ գողը զրկում է մարդուն այդ իրավունքից։ Գնելով գողացված ապրանք՝ նվազեցնում ենք այն բանի հավանականությունը, որ ապրանքի տերը երբևէ հետ կստանա իր ապրանքը (Առակ. 16։19; համեմատի՛ր 1 Թեսաղ. 4։6)։
Գաղտնիք չէ, որ մարդիկ ձգտում են գնումներ անել հարմար գներով։ Օրինակ՝ շատ կանայք այս կամ այն ապրանքը գնում են այն ժամանակ, երբ դրա գինը իջեցված է լինում, կամ էլ առևտուր են անում մեծածախ շուկաներից ու էժան խանութներից (Առակ. 31։14)։ Էժան ապրանք գնելու ցանկությունը, սակայն, պետք է սահմաններ ունենա։ Նեեմիայի օրերում հավատարիմ իսրայելացիները հրաժարվում էին գնումներ անել Շաբաթ օրը, նույնիսկ եթե բավական հաջող գնումներ կարող էին անել (Նեեմ. 10։31; համեմատի՛ր Ամոս 8։4–6)։ Նույն սկզբունքով՝ քրիստոնյաները, քանի որ մերժում են գողությունը, հրաժարվում են գնելուց այնպիսի էժան ապրանքներ, որոնք ակներևաբար գողացված են։
Հնարավոր է՝ գիտենք որոշ առևտրականների, որոնք գողացված ապրանքներ են վաճառում։ Կամ էլ, հնարավոր է, գաղտնի կերպով այնպիսի էժան գին են ասում, որ ցանկացած խելամիտ մարդ կարող է եզրակացնել, որ ապրանքը ոչ օրինական ճանապարհով է ձեռք բերվել։ Պետության օրենքում կարող է նշված լինել, որ հարկավոր է զգուշանալ այդպիսի ապրանք գնելուց։ Իրավաբանության մասին մի գրքում ասվում է.
«Պարտադիր չէ, որ մեղադրյալը հանցավոր մտադրություն ունեցած լինի և կոնկրետ իմանա, թե ումից, ում միջոցով, երբ, ինչպես կամ էլ ինչպիսի հանգամանքներում է գողացվել տվյալ գույքը։ Բավական է այն փաստը, որ նա գիտի, որ այդ գույքը գողացված է.... Որոշ դատարաններ հանցավոր մտադրություն են վերագրում մեղադրյալին այն բանի հիման վրա, որ մեղադրյալը գույքը ստացել է այնպիսի հանգամանքներում, երբ նորմալ մարդը կհասկանար, որ այն գողացված է եղել»։
Սա լուրջ պատճառ է, որ քրիստոնյան խուսափի գողացված ապրանք գնելուց։ Այդպիսի ապրանք գնելով՝ նա խախտում է օրենքը։ Կան երկրներ, որտեղ եթե մարդը, անկախ հանգամանքներից, գնի գողացված իր, ապա կհամարվի օրինախախտ։ Շատ մարդիկ մի պահ անգամ չեն տատանվում խախտելու օրենքը, եթե գիտեն, որ կարող են, այսպես ասած, ջրից չոր դուրս գալ։ Քրիստոնյաները այդպես չեն վարվում. նրանք ուզում են «հպատակվել վերին իշխանություններին»։ Այդ դեպքում նրանց չեն կարող հետապնդել որպես հանցագործների, և նրանք մաքուր խիղճ կունենան Եհովայի առաջ (Հռոմ. 13։1, 4, 5)։
Աբրահամը, որն Աստծու ընկերն էր, լավ օրինակ է մաքուր խիղճ ունենալու հարցում։ Նրա օրերում արևելյան չորս թագավորներ հաղթեցին այն թագավորներին, որոնց տարածքում ապրում էր Ղովտը, և իրենց հետ բավական մեծ ավար տարան։ Աբրահամը հետապնդեց ու հաղթեց թշնամիներին և գողացված ունեցվածքը հետ բերեց։ Սոդոմի թագավորն Աբրահամին ասաց, որ, որպես պարգևատրություն՝ ունեցվածքը իրեն վերցնի։ Իսկ Աբրահամը Սոդոմի թագավորին՝ այդ ունեցվածքի օրինական տիրոջը, ասաց. «Քո ունեցածից մի բան չեմ վերցնի, որպեսզի չասես, թե՝ «այդ ես հարստացրի Աբրամին»» (Ծննդ. 14։1–24)։
Քրիստոնյաներին չի հետաքրքրում այն օգուտը, որ կարող են ստանալ գողացված իրեր գնելով։ Երեմիան գրեց. «Անարդար ճանապարհով հարստություն դիզողը իր չածածը հավաքող կաքավի պես է» (Երեմ. 17։11)։ Նրանք իմաստություն են դրսևորում՝ չխախտելով պետության՝ գողացված գույքի մասին օրենքները։ Ավելին, թիկունք են կանգնում Աստծու արդար չափանիշներին։ Դավիթը տեղին գրեց. «Արդարի ունեցած քիչը ավելի լավ է, քան թե բազում ամբարիշտների ունեցած առատությունը» (Սաղ. 37։16)։