Նրանց ավելցուկը լրացրեց պակասը
49 թվականն էր։ Պետրոսը, Հակոբոսը և Հովհաննեսը, «որոնք սյուներ էին համարվում», Պողոսին ու նրա ծառայակից Բառնաբասին հանձնարարեցին «հիշել աղքատներին»։ Ինչ խոսք, նրանց գլխավոր գործը ազգերին քարոզելն էր, բայց նրանք նաև պետք է աղքատ քրիստոնյաների համար օգնություն հավաքեին (Գաղ. 2։9, 10)։
Պողոսի նամակներից երևում է, որ նա մեծ ուշադրություն դարձրեց այդ հարցին։ Օրինակ՝ կորնթացի քրիստոնյաներին նա գրեց. «Ինչ վերաբերում է սրբերի համար փող հավաքելուն, ապա ինչպես որ պատվիրեցի Գաղատիայի ժողովներին, դուք էլ այդպես արեք։ Շաբաթվա առաջին օրը ձեզանից ամեն մեկը թող իր տանը մի բան մի կողմ դնի և հավաքի՝ ըստ իր ունեցածի, որպեսզի երբ ես գամ, հավաքելն այդ ժամանակ չլինի։ Բայց երբ գամ, կուղարկեմ այն մարդկանց, ում նամակներով հավանություն եք տվել, որպեսզի ձեր նվերը տանեն Երուսաղեմ» (1 Կորնթ. 16։1–3)։
Պողոսը կորնթացիներին գրած երկրորդ նամակում կրկին նշեց, թե որն է օգնություն հավաքելու նպատակը. «Ուզում եմ, որ ձեր ավելցուկը լրացնի նրանց պակասը» (2 Կորնթ. 8։12–15)։
56թ.-ին, երբ Պողոսը նամակ գրեց Հռոմի քրիստոնյաներին, հավաքելու գործը գրեթե ավարտվել էր։ Նա ասաց. «Հիմա պատրաստվում եմ մեկնել Երուսաղեմ, որպեսզի սրբերին ծառայեմ, որովհետև Մակեդոնիայում և Աքայիայում լինողները հոժարությամբ բաժին հանեցին իրենց ունեցածից՝ նվիրաբերություն անելով Երուսաղեմի սրբերի մեջ եղող աղքատների համար» (Հռոմ. 15։25, 26)։ Դրանից կարճ ժամանակ անց Պողոսը օգնությունը տեղ հասցրեց։ Դա երևում է նրա այն խոսքերից, որոնք նա ասաց հռոմեացի կառավարիչ Ֆելիքսին, երբ վերադարձել էր Երուսաղեմ ու ձերբակալվել. «Ես եկա, որ իմ ազգին ողորմության նվերներ և ընծաներ բերեմ» (Գործ. 24։17)։
Այն՝ ինչ Պողոսն ասաց մակեդոնացի քրիստոնյաների մասին, ցույց է տալիս, թե ինչ ոգի ունեին առաջին դարի քրիստոնյաները. «Իրե՛նք խնդրեցին մեզ բազում աղաչանքներով, որ պատիվ ունենան նվերներ տալու»։ Առաքյալը խրախուսեց կորնթացիներին հետևելու նրանց օրինակին՝ ասելով. «Թող ամեն մեկը անի այնպես, ինչպես իր սրտում է որոշել, ո՛չ դժկամությամբ, ո՛չ էլ հարկադրանքով, որովհետև Աստված ուրախությամբ տվողին է սիրում»։ Ի՞նչը մղեց ժողովներին նման առատաձեռնություն ցուցաբերելու։ Պատճառը միայն այն չէր, որ նրանք ուզում էին «սրբերի կարիքները առատորեն բավարարել». նրանք ցանկանում էին նաև, «որ շատերը շատ անգամ շնորհակալություն հայտնեն Աստծուն» (2 Կորնթ. 8։4; 9։7, 12)։ Ընդօրինակելով առաջին դարի քրիստոնյաներին՝ մենք էլ կարող ենք այսպիսի առատաձեռնություն դրսևորել։ Եհովա Աստված, անկասկած, կօրհնի մեզ մեր դրսևորած անեսասեր ոգու համար։ Այո՛, նրա օրհնությունը իսկապես հարստացնում է (Առակ. 10։22)։
ԻՆՉՊԵՍ ԵՆ ՈՄԱՆՔ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐՈՒՄ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻ ՀԱՄԱՐ
Ինչպես որ Պողոս առաքյալի օրերում էր, այսօր շատերը որոշակի գումար են «մի կողմ դնում», որպեսզի ժողովում այն գցեն «Համաշխարհային գործի համար» գրությունն ունեցող նվիրաբերությունների արկղը (1 Կորնթ. 16։2)։ Ամեն ամիս այդ նվիրաբերությունները ժողովներից ուղարկվում են Եհովայի վկաների տեղի մասնաճյուղ։ Կամավոր նվիրաբերությունները հնարավոր է նաև ուղարկել անմիջապես այնտեղ։ Կարելի է նվիրաբերել նաև թանկարժեք զարդեր։ Այդ դեպքում համառոտ նամակ գրեք և հստակ նշեք, որ դա նվիրաբերություն է։
ԱՅԼ ԿԵՐՊԵՐ
Անշարժ գույք։ Վաճառքի համար պիտանի անշարժ գույքը անհատը կարող է կա՛մ անմիջապես նվիրաբերել մասնաճյուղին, կա՛մ նվիրաբերել՝ պահպանելով գույքի նկատմամբ սեփականության իր իրավունքը՝ շարունակելով ապրել այնտեղ մինչև իր կյանքի վերջը։ Եթե որևէ մեկը ցանկանում է նվիրաբերել իր սեփականությունը, ապա փաստաթղթերը ձևակերպելուց առաջ պետք է կապ հաստատի մասնաճյուղի հետ։
Կտակ։ Ունեցվածքը կամ դրամը կարելի է նաև կտակել մասնաճյուղին։ Այն պետք է կազմվի օրենքով սահմանված կարգով։ Կտակի պատճենը հարկավոր է ուղարկել մասնաճյուղ։
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել Եհովայի վկաների տեղի մասնաճյուղ։