Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Եղիր վստահելի տնտես

Եղիր վստահելի տնտես

«Դուք ինքներդ ձեզ չեք պատկանում» (1 ԿՈՐՆԹ. 6։19

1. Ի՞նչ են շատերը պատկերացնում՝ լսելով «ծառա» բառը։

Ի՞ՆՉ ես պատկերացնում, երբ լսում ես «ծառա» բառը։ Շատերը պատկերացնում են մի մարդու, որն ունի ցածր դիրք, քիչ ազատություն, ծանր աշխատում է, բայց իր աշխատանքի արդյունքից գրեթե չի օգտվում։ Պարզ է, որ շատ քիչ մարդ կցանկանա ծառա լինել։

2, 3. ա) Քրիստոսի պատրաստակամ ծառաները ի՞նչ վերաբերմունքի են արժանանում։ բ) Ի՞նչ հարցեր ենք քննարկելու։

2 Հիսուսն ասաց, որ իր աշակերտները խոնարհ ծառաներ են լինելու։ Բայց դա չէր նշանակում, որ նրանք նվաստ վիճակում էին լինելու կամ ճնշումների էին ենթարկվելու։ Ընդհակառակը՝ նրանք արժանանալու էին պատվի, վստահության և հարգանքի։ Օրինակ՝ Հիսուսը իր մահից կարճ ժամանակ առաջ խոսեց մի «հավատարիմ և իմաստուն ծառայի» մասին։ Նա ասաց, որ հանձնարարություններ է տալու այդ ծառային (Մատթ. 24։45–47

3 Հետաքրքիր է, որ զուգահեռ արձանագրության մեջ այդ ծառան կոչվում է «տնտես» (կարդա՛ Ղուկաս 12։42–44)։ Ճշմարիտ քրիստոնյաների մեծամասնությունը «տնտես» դասակարգի անդամ չէ։ Այդուհանդերձ, Աստվածաշունչը ցույց է տալիս, որ բոլոր նրանք, ովքեր ծառայում են Աստծուն, տնտեսի գործ ունեն անելու։ Իսկ ի՞նչ գործեր է անում տնտեսը։ Ինչպե՞ս պետք է նա վերաբերվի այդ գործերին։ Այս հարցերին պատասխանելու համար նախ քննենք, թե ինչ գործեր էր անում տնտեսը հին ժամանակներում։

Ի՞ՆՉ ԷՐ ԱՆՈՒՄ ՏՆՏԵՍԸ

4, 5. Ի՞նչ գործեր էր անում տնտեսը հնում։ Բեր օրինակներ։

4 Հին ժամանակներում տնտեսը վստահելի ծառա էր և վերահսկում էր իր տիրոջ տնային տնտեսությունն ու գործերը։ Սովորաբար տնտեսը զգալի իշխանություն ուներ։ Նա տնօրինում էր տիրոջ ունեցվածքը, փողը և ղեկավարում էր մյուս ծառաներին։ Օրինակ՝ Աբրահամի ծառա Եղիեզերը «տնօրինում էր [Աբրահամի]  ողջ ունեցվածքը»։ Աբրահամը հավանաբար նրա՛ն ուղարկեց Միջագետք, որպեսզի նա իր որդի Իսահակի համար կին ընտրի։ Սա շատ կարևոր հանձնարարություն էր (Ծննդ. 13։2; 15։2; 24։2–4

5 Աբրահամի ծոռ Հովսեփը Պետափրեսի տան վերակացուն էր (Ծննդ. 39։1, 2)։ Ժամանակին Հովսեփն ինքը իր «տան վրա նշանակված մարդ» ունեցավ, այսինքն՝ տնտես։ Այդ տնտեսը կազմակերպեց Հովսեփի տասը եղբայրների հյուրասիրությունը։ Նա էր, որ Հովսեփի հրամանով կազմակերպեց արծաթե գավաթի «անհետացումը»։ Հստակ է, որ տնտեսները մեծ վստահություն էին վայելում (Ծննդ. 43։19–25; 44։1–12

6. Ի՞նչ գործ են անում վերակացուները։

6 Դարեր անց Պողոս առաքյալը գրեց, որ վերակացուները «Աստծու տնտեսներ են» (Տիտոս 1։7)։ Նրանք նշանակվում են «Աստծու հոտի» հովիվներ և առաջնորդում են ժողովի անդամներին (1 Պետ. 5։1, 2)։ Այսօր գրեթե ամեն մի վերակացու ծառայում է մեկ ժողովի։ Շրջագայող վերակացուները ծառայում են շատ ժողովների։ Մասնաճյուղի կոմիտեի անդամները հոգ են տանում մեկ կամ մի քանի երկրների ժողովների մասին։ Բոլոր վերակացուները, անկախ նրանից, թե ինչ պարտականություններ ունեն, ջանում են լավագույն ձևով կատարել դրանք։ Նրանք «հաշիվ պիտի տան» Աստծուն (Եբր. 13։17

7. Ինչո՞ւ կարող ենք ասել, որ բոլոր քրիստոնյաները տնտեսներ են։

7 Սակայն մյուս քրիստոնյաները, ովքեր վերակացու չեն, նույնպես տնտեսներ են։ Պետրոս առաքյալը, որն իր նամակը գրեց բոլոր քրիստոնյաներին, ասում է. «Ինչ չափով որ ամեն մեկը պարգև է ստացել, այդ չափով էլ օգտագործեք այն՝ իրար ծառայելով որպես հիանալի տնտեսներ Աստծու անզուգական բարության, որ զանազան կերպերով է դրսևորվում» (1 Պետ. 1։1; 4։10)։ Անզուգական բարություն ցուցաբերելով մեր հանդեպ՝ Աստված յուրաքանչյուրիս տվել է այս կամ այն պարգևը, ընդունակությունը կամ հնարավորությունը, որը մենք կարող ենք օգտագործել հօգուտ հավատակիցների։ Հետևաբար, եթե ծառայում ենք Աստծուն, ուրեմն տնտեսներ ենք։ Եհովան վստահում և պատվի է արժանացնում իր տնտեսներին ու ակնկալում է, որ նրանք լավագույն ձևով կատարեն ստանձնած պարտականությունները։

ՄԵՆՔ ՊԱՏԿԱՆՈՒՄ ԵՆՔ ԱՍՏԾՈՒՆ

8. Ի՞նչ կարևոր սկզբունք պետք է հիշենք։

8 Տնտես լինելու հետ կապված քննենք երեք սկզբունք։ Առաջին սկզբունքը հետևյալն է. բոլոր ճշմարիտ քրիստոնյաները պատկանում են Աստծուն և հաշվետու են նրան։ Պողոսը գրեց. «Դուք ինքներդ ձեզ չեք պատկանում, քանի որ մեծ գնով գնվեցիք [այսինքն՝ Հիսուսի զոհաբերական արյամբ]» (1 Կորնթ. 6։19, 20)։ Քանի որ պատկանում ենք Եհովային, մենք պարտավոր ենք հնազանդվել նրա պատվիրաններին, որոնք ծանր չեն (Հռոմ. 14։8; 1 Հովհ. 5։3)։ Նաև մենք Քրիստոսի ծառաներն ենք։ Հնում ապրած տնտեսների պես՝ մենք բավական ազատություն ունենք մեր հանձնարարությունները կատարելու համար։ Բայց այդ ազատությունը սահմաններ ունի։ Մենք պետք է հետևենք տրվող առաջնորդությանը։ Անկախ մեր առանձնաշնորհումներից՝ մենք շարունակում ենք մնալ Աստծու և Քրիստոսի ծառաները։

9. Հիսուսն ինչպե՞ս բացատրեց տիրոջ ու ծառայի փոխհարաբերությունը։

9 Հիսուսն օգնում է մեզ հասկանալու, թե, ընդհանրապես, տերը ինչ է սպասում ծառայից։ Մի անգամ նա աշակերտներին ասաց. «Ձեզանից ո՞վ է նա, որ.... ծառա ունենա, ու երբ նա [ողջ օրը աշխատելուց հետո] վերադառնա, նրան ասի. «Եկ ու սեղանի մոտ թիկնիր»։ Փոխարենը՝ մի՞թե չի ասի նրան. «Մի բան պատրաստիր ինձ համար, որ ընթրեմ, և գոգնոց կապիր ու ծառայիր ինձ, մինչև որ ուտեմ ու խմեմ, հետո դու էլ կարող ես ուտել ու խմել»»։  Հիսուս բացատրեց այս օրինակի իմաստը՝ ասելով. «Այդպես էլ դուք, երբ ձեզ հանձնարարված բոլոր բաներն անեք, ասացեք. «Մենք անպիտան ծառաներ ենք։ Մենք արեցինք այն, ինչ պարտավոր էինք անել»» (Ղուկ. 17։7–10

10. Ինչո՞ւ կարող ենք ասել, որ Եհովան բարձր է գնահատում իրեն ծառայելու համար մեր գործադրած ջանքերը։

10 Անկասկած, Եհովան բարձր է գնահատում իրեն ծառայելու համար մեր գործադրած ջանքերը։ Աստվածաշունչը վստահեցնում է մեզ. «Աստված անարդար չէ, որ մոռանա ձեր աշխատանքը և այն սերը, որ դրսևորեցիք իր անվան հանդեպ» (Եբր. 6։10)։ Եհովան երբեք մեզնից չի ակնկալում այն, ինչը չենք կարող անել։ Ավելին, այն ինչ նա պահանջում է, մեր օգտի համար է ու երբեք չափազանց ծանր չէ։ Այդուհանդերձ, մենք, որ նվիրվել ենք Եհովային, նրա կամքը պետք է վեր դասենք մեր շահերից, ինչպես որ վերոհիշյալ առակում ծառան պետք է իր տիրոջ կամքը վեր դասեր իր շահերից։ Համաձա՞յն ես։

Ի՞ՆՉ Է ԵՀՈՎԱՆ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԲՈԼՈՐԻՑՍ

11, 12. Որպես տնտեսներ՝ ո՞ր հատկությունը պետք է դրսևորենք և ի՞նչ գործեր չպետք է անենք։

11 Երկրորդ սկզբունքը սա է. լինելով տնտեսներ՝ մենք բոլորս հնազանդվում ենք նույն չափանիշներին։ Ճիշտ է՝ որոշ պատասխանատվություններ ժողովում ունեն միայն մի քանի հոգի, բայց պատասխանատվությունների մեծ մասն ունեն բոլորը։ Օրինակ՝ մենք, լինելով Քրիստոսի աշակերտներ ու Եհովայի վկաներ, պատասխանատվություն ունենք իրար սիրելու։ Հիսուսն ասաց, որ ճշմարիտ քրիստոնյաներին բնորոշող նշանը սերն է (Հովհ. 13։35)։ Սակայն մենք ջանում ենք սիրել նաև նրանց, ովքեր մեր հավատակիցները չեն։ Սա մի բան է, որ բոլորս կարող ենք անել և պետք է անենք։

12 Աստված նաև պահանջում է, որ լավ վարք ունենանք և չանենք այն գործերը, որոնք դատապարտվում են իր Խոսքում։ Պողոս առաքյալը գրեց. «Ո՛չ պոռնիկները, ո՛չ կռապաշտները, ո՛չ շնացողները, ո՛չ իգացողները, ո՛չ արվամոլները, ո՛չ գողերը, ո՛չ ագահները, ո՛չ հարբեցողները, ո՛չ չարախոսները, ո՛չ էլ շորթողները Աստծու թագավորությունը չեն ժառանգելու» (1 Կորնթ. 6։9, 10)։ Ինչ խոսք, ջանքեր են հարկավոր Աստծու արդար չափանիշներին համապատասխանելու համար, և արժե ջանքեր գործադրել, որովհետև բազմաթիվ օգուտներ կստանանք։ Օրինակ՝ կապրենք այնպիսի կյանքով, որը կնպաստի լավ առողջությանը, լավ փոխհարաբերություններ կունենանք մարդկանց հետ և, ամենակարևորը, կվայելենք Եհովայի բարեհաճությունը (կարդա՛ Եսայիա 48։17, 18

13, 14. Ի՞նչ պատասխանատվություն ունեն բոլոր քրիստոնյաները, և ինչպե՞ս պետք է վերաբերվենք դրան։

13 Ինչպես տեսանք, տնտեսը գործ ուներ անելու։ Նույնը և մենք։ Մեզ մի թանկագին պարգև է տրվել՝ ճշմարտության մասին գիտելիքները։ Աստված ուզում է, որ այդ գիտելիքները փոխանցենք ուրիշներին (Մատթ. 28։19, 20)։ Պողոսը գրեց. «Թող մարդիկ մեզ համարեն ինչպես Քրիստոսի ենթակայության տակ լինողներ և Աստծու սրբազան գաղտնիքների տնտեսներ» (1 Կորնթ. 4։1)։ Առաքյալը գիտեր, որ ինքը պետք է պատասխանատվությամբ վերաբերվի «սրբազան գաղտնիքներին», կամ՝ Աստվածաշնչի ճշմարտություններին և դրանք փոխանցի ուրիշներին, ինչպես որ Տերը՝ Հիսուս Քրիստոսը, պատվիրել էր իրեն (1 Կորնթ. 9։16

14 Ճշմարտությունը ուրիշներին պատմելը, ի վերջո, սիրո դրսևորում է։ Ինչ խոսք, յուրաքանչյուրիս հանգամանքները տարբեր են, և ծառայությանն էլ տարբեր չափով ենք կարողանում մասնակցել։ Եհովան հասկանում է դա։ Կարևորն այն է, որ անենք մեր լավագույնը։ Այդպիսով անշահախնդիր սեր ցուցաբերած կլինենք Աստծու և մերձավորի հանդեպ։

 ԿԱՐԵՎՈՐ Է ՀԱՎԱՏԱՐԻՄ ԼԻՆԵԼ

15–17. ա) Ինչո՞ւ է անչափ կարևոր, որ տնտեսը հավատարիմ լինի։ բ) Ըստ Հիսուսի պատմածի՝ ի՞նչ է լինում, երբ տնտեսը հավատարիմ չի լինում։

15 Երրորդ սկզբունքը, որ սերտորեն կապված է նախորդ երկուսի հետ, սա է. մենք պետք է լինենք հավատարիմ և վստահելի։ Տնտեսը կարող էր ունենալ բազմաթիվ լավ հատկություններ և ընդունակություններ, բայց եթե նա լիներ անպատասխանատու և տիրոջն անհավատարիմ, ապա այդ բոլոր լավ հատկությունները օգուտ չէին ունենա։ Որպեսզի տնտեսը կարողանար իր գործերը լավ անել և հաջողության հասնել, պետք է հավատարիմ լիներ։ Հիշենք, թե ինչ ասաց Պողոսը. «Տնտեսից ակնկալվում է, որ նա հավատարիմ լինի» (1 Կորնթ. 4։2

16 Եթե հավատարիմ ենք, ապա անպայման կպարգևատրվենք։ Եթե հավատարիմ չենք, ապա կկորցնենք Աստծու հավանությունը։ Այս սկզբունքը տեսնում ենք տաղանդների մասին առակում։ Այն ծառաները, որոնք հավատարիմ եղան ու «գործի մեջ դրեցին» տիրոջ փողը, գովասանքի արժանացան և առատորեն օրհնվեցին։ Իսկ այն ծառան, որն անպատասխանատու կերպով մոտեցավ տիրոջ հանձնարարությանը, կոչվեց «չար», «ծույլ» և «անպիտան»։ Նրանից վերցրին տաղանդը և նրան դուրս նետեցին (կարդա՛ Մատթեոս 25։14–18, 23, 26, 28–30

17 Մեկ ուրիշ անգամ Հիսուսը ցույց տվեց, թե ինչ է լինում, երբ տնտեսը հավատարիմ չի լինում։ Նա ասաց. «Մի հարուստ մարդ կար, որը մի տնտես ուներ։ Նրա մոտ այդ տնտեսի մասին մեղադրանքներ եղան, թե նա վատնում է տիրոջ ունեցվածքը։ Ուստի այդ հարուստ մարդը կանչեց նրան ու ասաց. «Այս ի՞նչ եմ լսում քո մասին։ Հաշվետվություն ներկայացրու քո արած գործերի մասին, քանի որ դու այլևս չես կարող իմ տնտեսը լինել»» (Ղուկ. 16։1, 2)։ Քանի որ տնտեսը ճիշտ չէր օգտագործել տիրոջ ունեցվածքը, տերը որոշեց  նրան հեռացնել պաշտոնից։ Միանգամայն պարզ է, թե ինչ ենք սովորում. մենք պետք է միշտ հավատարիմ լինենք ու պարտաճանաչ կերպով անենք մեզ տրված հանձնարարությունները։

ՀԱՄԵՄԱՏԵԼԸ ԻՄԱՍՏՈ՞ՒՆ Է

18. Ինչո՞ւ չպետք է մեզ համեմատենք ուրիշների հետ։

18 Յուրաքանչյուրս կարող է ինքն իրեն հարցնել. «Ինչպիսի՞ տնտես եմ ես»։ Եթե մեզ համեմատենք ուրիշների հետ, կարող են խնդիրներ ծագել։ Աստվածաշունչը խորհուրդ է տալիս. «Ամեն մեկը թող իր գործը կշռի, և այդ ժամանակ ուրախանալու պատճառ կունենա իր անձի համար՝ առանց իրեն ուրիշի հետ համեմատելու» (Գաղ. 6։4)։ Մենք ոչ թե պետք է մեզ համեմատենք ուրիշների հետ, այլ պետք է կենտրոնանանք այն բանի վրա, թե ինչ կարող ենք ինքներս անել։ Դա կօգնի, որ, մի կողմից, չհպարտանանք, մյուս կողմից՝ չվհատվենք։ Երբ գնահատում ենք մեր հնարավորությունները, չպետք է մոռանանք, որ հանգամանքները փոխվում են։ Վատ առողջության, տարիքի և զանազան պարտականությունների պատճառով գուցե չկարողանանք անել այն, ինչ անում էինք առաջ։ Սակայն հանգամանքները կարող են նաև այնպիսին լինել, որ մենք հնարավորություն ունենանք ավելին անելու, քան անում ենք այժմ։ Կանե՞նք ավելին։

19. Եթե որևէ առանձնաշնորհում չենք ստանում, ինչո՞ւ չպետք է հուսահատվենք։

19 Մենք չպետք է մեզ համեմատենք, օրինակ, նրանց հետ, ովքեր ունեն առանձնաշնորհում։ Հնարավոր է՝ եղբայրը ցանկանում է դառնալ երեց կամ ելույթներ ներկայացնել համաժողովներում։ Գովելի է, եթե ջանքեր ենք գործադրում այդ առանձնաշնորհումները ստանալու համար։ Սակայն չպետք է հուսահատվենք, երբ ժամանակն անցնում է, բայց մենք դրանք չենք ստանում։ Հնարավոր է՝ կան պատճառներ, որ պետք է ավելի երկար սպասենք։ Հիշենք, որ Մովսեսը թվում էր, թե պատրաստ է իսրայելացիներին դուրս բերելու Եգիպտոսից, բայց իրականում նա դեռ 40 տարի պետք է սպասեր։ Նա բավական ժամանակ ունեցավ զարգացնելու այն հատկությունները, որոնք անհրաժեշտ էին համառ և ապստամբ ժողովրդին առաջնորդելու համար (Գործ. 7։22–25, 30–34

20. Ի՞նչ ենք սովորում Հովնաթանից։

20 Հնարավոր է՝ մենք այդպես էլ չստանանք այս կամ այն առանձնաշնորհումը։ Հովնաթանի հետ հենց այդպես եղավ։ Նա Իսրայելի Սավուղ թագավորի որդին էր, հետևաբար նրանից հետո ինքը պետք է թագավորեր։ Բայց Աստված թագավոր նշանակեց Դավթին, որը Հովնաթանից տարիքով շատ ավելի փոքր էր։ Ինչպե՞ս արձագանքեց Հովնաթանը։ Նա ոչ միայն ընդունեց այդ փաստը, այլև նույնիսկ, իր կյանքը վտանգի ենթարկելով, աջակցեց Դավթին։ Հովնաթանը նրան ասաց. «Դու թագավոր կդառնաս Իսրայելի վրա, և ես քեզանից հետո երկրորդը կլինեմ» (1 Սամ. 23։17)։ Այս խոսքերից երևում է, որ Հովնաթանը ընդունեց իրերի նման դրությունը և, ի տարբերություն իր հոր, չնախանձեց Դավթին։ Ի՞նչ ենք սովորում։ Երբ ուրիշները առանձնաշնորհում են ստանում, նրանց նախանձելու փոխարեն՝ պետք է մտածենք այն մասին, թե ինքներս ինչպես կատարենք մեր հանձնարարությունները։ Կարող ենք վստահ լինել, որ նոր աշխարհում Եհովան կբավարարի մեր պատշաճ ցանկությունները։

21. Ինչպե՞ս պետք է վերաբերվենք այն բանին, որ մենք տնտեսներ ենք։

21 Եկեք միշտ հիշենք, որ մենք տնտեսներ ենք, բայց նվաստ վիճակում չենք, ազատությունից զրկված չենք և ճնշումների չենք ենթարկվում։ Ընդհակառակը՝ Եհովան մեզ վստահում է և մեծ պատիվ է տվել այս համակարգի վերջին օրերում կատարելու բարի լուրի քարոզչության գործը, մի բան, որը երբեք չի կրկնվելու։ Նա մեծ ազատություն է տվել մեզ, թե ինչպես կատարենք մեր պարտականությունները։ Ուստի եկեք լինենք հավատարիմ տնտեսներ։ Եկեք թանկ գնահատենք տիեզերքի մեծագույն Անձնավորությանը ծառայելու առանձնաշնորհումը։