Սնահավատորեն չմոտենանք Աստվածաշնչին
«ԱՍՏԾՈՒ խոսքը կենդանի է ու զորեղ» (Եբր. 4։12)։ Պողոս առաքյալի այս խոսքերը ցույց են տալիս, որ Աստծու խոսքը կարող է հասնել մարդկանց սրտին և փոխել նրանց կյանքը։
Առաքյալների մահից հետո հավատուրացությունը, որի մասին կանխագուշակվել էր, սկսեց արմատներ գցել քրիստոնեության մեջ, ինչի պատճառով մարդիկ սկսեցին աղավաղված տեսակետ ունենալ Աստծու Խոսքի զորության մասին (2 Պետ. 2։1–3)։ Ժամանակի ընթացքում եկեղեցական առաջնորդները սկսեցին մոգական զորություն վերագրել Աստծու Խոսքին։ Պրոֆեսոր Հարի Գամբլը գրել է «քրիստոնեական տեքստերի մոգական զորության» մասին։ Նա ասում է, որ ըստ եկեղեցու հայր Օրիգենեսի (երրորդ դար)՝ «երբ սուրբ բառերը հասնում են ականջին, անգամ դա օգտակար է։ Եթե հեթանոսության մեջ խոսքերը մոգական զորություն են ունեցել, ապա որքան զորեղ կարող են լինել աստվածային ծագում ունեցող խոսքերը»։ Իսկ չորրորդ դարի վերջերին ապրած Հովնան Ոսկեբերանը գրել է, որ «սատանան չի համարձակվի մոտենալ այն տանը, որտեղ Ավետարան կա»։ Նա նաև գրել է, որ ոմանք Ավետարաններից արտագրում էին հատվածներ և այդ գրությունները՝ իբրև թալիսման, կախում իրենց վզից։ Պրոֆեսոր Գամբլը նաև նշում է, որ կաթոլիկ աստվածաբան Օգոստինոսը «թույլատրելի էր համարում գլխացավի դեպքում քնել բարձի տակ Ավետարան դրած»։ Ինչպես տեսնում ենք, Աստվածաշնչի խոսքերին մարդիկ մոգական զորություն են վերագրել։ Դո՞ւ էլ ես Աստվածաշունչը համարում հաջողություն բերող թալիսման։ Կարծո՞ւմ ես, որ այն պաշտպանում է չարից։
Աստվածաշնչի սխալ գործածության մի ձև էլ կա. մարդիկ պատահականորեն բացում են այն, կարդում են առաջին իսկ հանդիպած խոսքը և դա համարում Աստծու կողմից իրենց տրված առաջնորդություն։ Պրոֆեսոր Գամբլն ասում է, որ մի անգամ Օգոստինոսը հարևանի տնից լսեց երեխայի մի ձայն, որն ասում էր. «Վերցրու և կարդա, վերցրու և կարդա»։ Օգոստինոսը եզրակացրեց, որ Աստված իրեն պատվիրում է բացել Աստվածաշունչը և կարդալ առաջին իսկ հանդիպած համարը։
Ոմանք, երբ դժվարություններ են ունենում, հենց այսպես են վարվում։ Նախ աղոթում են Աստծուն, հետո Աստվածաշունչը բացում պատահական էջի վրա՝ հավատալով, որ առաջին իսկ հանդիպած խոսքը կօգնի լուծելու իրենց խնդիրները։ Գուցե նրանք նպատակ չունեն գուշակությամբ զբաղվելու. պարզապես ուզում են առաջնորդություն ստանալ։ Ճշմարիտ քրիստոնյաները չպետք է փորձեն այս ձևով առաջնորդություն ստանալ Աստվածաշնչից։
Հիսուսն իր աշակերտներին վստահեցրեց. «Օգնականը՝ սուրբ ոգին, որ Հայրը կուղարկի իմ անունով, նա ամեն բան կսովորեցնի ձեզ և կհիշեցնի այն ամենը, ինչ ասացի ձեզ» (Հովհ. 14։26)։ Այս խոսքերից երևում է, որ սուրբ ոգին մեզ կարող է հիշեցնել այն, ինչը մենք արդեն գիտենք, մինչդեռ Աստվածաշունչը պատահականորեն բացելու և «առաջնորդություն» ստանալու համար չի պահանջվում Աստվածաշնչի իմացություն։
Այսօր շատերը սնահավատորեն են մոտենում Աստվածաշնչին։ Այնինչ Աստծու Խոսքը դատապարտում է դա (Ղևտ. 19։26; 2 Օրենք 18։9–12; Գործ. 19։19)։ Թեև «Աստծու խոսքը կենդանի է ու զորեղ», բայց մենք էլ պետք է հմտանանք այն գործածելու մեջ։ Աստվածաշնչային ճշգրիտ գիտելիքնե՛րը և ոչ թե Աստվածաշնչի սնահավատ գործածությունն է բարելավում մարդու կյանքը։ Այդպիսի գիտելիքները շատերին են օգնել բարոյական բարձր արժեքներ ունենալու, թողնելու վնասակար ապրելակերպը, ամրացնելու ընտանեկան կյանքը և մտերիմ փոխհարաբերություններ զարգացնելու Աստվածաշնչի Հեղինակի հետ։