Ընթերցողների հարցերը
Նախքան ճշմարտությունն իմանալը ես ու կինս դիմեցինք արհեստական բեղմնավորման, որովհետև շատ էինք ուզում երեխա ունենալ։ Մեր բեղմնավորված ձվաբջիջներից (սաղմերից) ոչ բոլորն են օգտագործվել։ Որոշները սառեցվել են ու տրվել պահպանման։ Ինչպե՞ս վարվել դրանց հետ՝ շարունակել պահե՞լ, թե՞ վերացնել։
Սա մեկն է այն բազմաթիվ բարոյական հարցերից, որոնց բախվում են ամուսինները, երբ դիմում են արհեստական, կամ՝ արտամարմնային բեղմնավորման (ԱՄԲ)։ Յուրաքանչյուր զույգ պետք է կայացնի այնպիսի որոշում, որը պատիվ կբերի Եհովային։ Օգտակար կլինի ընդհանուր պատկերացում ունենալ վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների մասին։
1978թ.-ին Անգլիայում արհեստական բեղմնավորման ճանապարհով լույս աշխարհ եկավ առաջին երեխան, որին շատերն անվանեցին «փորձանոթային» երեխա։ Նրա մայրը չէր կարողանում հղիանալ արգանդափողերի անանցանելիության պատճառով, այսինքն՝ սերմնաբջիջները չէին կարողանում հանդիպել ձվաբջջին։ Բժիշկները վիրահատության միջոցով այդ կնոջ օրգանիզմից դուրս բերեցին հասունացած ձվաբջիջը, տեղադրեցին ապակե տարայի մեջ և բեղմնավորեցին ամուսնու սերմնաբջջի հետ։ Առաջացած սաղմը սկսեց զարգանալ սնուցող միջավայրում, հետո այն տեղադրեցին մոր արգանդում։ Այդ կինը աղջիկ ունեցավ։ Այս մեթոդը և դրա տարբերակները կոչվեցին «in vitro» բեղմնավորում (բառացի՝ բեղմնավորում «ապակու մեջ»), կամ՝ արտամարմնային բեղմնավորում։
Տարբեր երկրներում արհեստական բեղմնավորումը կարող է տարբեր ձևերով կատարվել, սակայն բոլորն էլ ներառում են հետևյալ գործողությունները։ Մի քանի շաբաթ կնոջը տալիս են ձվաբջիջների հասունացումը խթանող պատրաստուկներ, որպեսզի միանգամից մի քանի ձվաբջիջներ արտադրվեն։ Ամուսինը մաստուրբացիայի միջոցով տալիս է իր սերմը։ Ձվաբջիջն ու լվացված սերմը բեղմնավորում են լաբորատոր պայմաններում։ Կարող են բեղմնավորվել մեկից ավելի ձվաբջիջներ, որոնք սկսում են բաժանվել և դառնում են սաղմեր։ Մեկ-երկու օր հետո սաղմերը մանրազնին ստուգում են և պարզում, թե որոնք են համեմատաբար առողջ և որոնք ավելի մեծ հավանականությամբ կկպչեն արգանդի պատին ու կզարգանան։ Սովորաբար երրորդ օրը կնոջ արգանդում տեղադրում են ոչ թե մեկ, այլ երկու կամ երեք սաղմ, որպեսզի մեծացնեն հղիության հավանականությունը։ Եթե տեղի է ունենում մեկ կամ ավելի սաղմի իմպլանտացիա, կինը հղիանում է, և սպասվում է, որ նա ժամանակին կծննդաբերի։
Իսկ ի՞նչ են անում այն սաղմերը, որոնք չեն տեղադրվել կնոջ արգանդում, ներառյալ այն սաղմերը, որոնք համեմատաբար առողջ չեն կամ արատավոր են։ Եթե ոչինչ չարվի, դրանք շուտով կդառնան անկենսունակ։ Որպեսզի նման բան տեղի չունենա, ավելացած սաղմերը սառեցնում են հեղուկ ազոտի մեջ։ Եթե առաջին ԱՄԲ-ի փորձը չի հաջողվում, պահպանված սաղմերից մի քանիսը կարող են օգտագործվել հաջորդ փորձի ժամանակ, որը նախորդից ավելի էժան է։ Բայց սա առաջ է բերում բարոյական հարցեր։ Շատ ծնողներ դժվարին որոշման առաջ են կանգնում. ի՞նչ անել իրենց սառեցված սաղմերի հետ։ Հնարավոր է՝ նրանք այլևս չեն ուզում երեխա ունենալ, վախենում են բազմապտուղ հղիության հետ կապված վտանգներից *, նրանց տարիքը կամ ֆինանսական միջոցները թույլ չեն տալիս ևս մեկ փորձ անել։ Կամ էլ գուցե կողակիցներից մեկը կամ երկուսը մահանան կամ նորից ամուսնանան։ Այո՛, սա բարդ հարց է, դժվար է կողմնորոշվել, և որոշ զույգեր տարիներ շարունակ վճարում են իրենց սաղմերի պահպանման համար։
2008թ.-ին մի գլխավոր էմբրիոլոգ «Նյու Յորք թայմս» թերթում գրեց, որ շատ ծնողներ իսկապես տանջվում են, որ չեն կարողանում կողմնորոշվել, թե ինչ անեն ավելացած սաղմերը։ Հոդվածում նաև գրված էր. «Մեր երկրի հիվանդանոցներում կա առնըվազն 400000 սառեցված սաղմ, և ամեն օր ավելանում են նորերը.... Սաղմը, եթե համապատասխան կերպով սառեցվի, կարող է կենսունակ լինել տասը տարի և ավելի, բայց բոլոր սաղմերը չեն, որ կենդանի են մնում հալեցնելուց հետո» (ընդգծումը մերն է)։ Այս վերջին միտքը որոշ քրիստոնյաների ստիպում է մտածել։ Ինչո՞ւ։
Քննենք մի իրավիճակ, որում քրիստոնյան կարող է հայտնվել։ Այս իրավիճակի շուրջ խորհրդածելը կարող է օգնել քրիստոնյա ամուսիններին որոշում կայացնելու ԱՄԲ-ի հետ կապված հարցերում։ Ենթադրենք՝ քրիստոնյայի հարազատը անբուժելի հիվանդ է, նրա կյանքը պահպանվում է արհեստական շնչառության միջոցով։ Ճշմարիտ քրիստոնյաները ցանկանում են լիարժեք բուժօգնություն ստանալ։ Համաձայն Ելք 20։13-ի և Սաղմոս 36։9-ի՝ նրանք թանկ են գնահատում կյանքը։ «Արթնացե՛ք»-ի 1974թ. մայիսի համարում (անգլ.) գրվեց. «Այն մարդիկ, ովքեր ուզում են ապրել Աստվածաշնչի սկզբունքներով, երբեք չեն դիմի ակտիվ էֆթանազիայի [այսինքն՝ գիտակցաբար վերջ չեն դնի հիվանդի կյանքին]։ Այդպիսի մարդիկ հարգում են կյանքի վերաբերյալ Աստծու տեսակետը, այսինքն՝ որ կյանքը սուրբ է, իրենց խղճին դեմ չեն գնում և հնազանդվում են պետության օրենքներին»։ Որոշ դեպքերում, սակայն, կյանքը պահպանող սարքերը միակ միջոցն են անհատին կենդանի պահելու համար։ Ուստի ընտանիքի անդամները որոշում են՝ շարունակե՞լ կյանքի արհեստական պահպանումը, թե՞ ոչ։
Ճիշտ է, սա նույնը չէ, ինչ այն իրավիճակը, երբ ամուսինները դիմում են արհեստական բեղմնավորման և այժմ ունեն պահված սաղմեր։ Բայց նմանությունն այն է, որ նրանց կարող են առաջարկել սաղմերը հանել հեղուկ ազոտից և թողնել, որ դրանք հալչեն։ Առանց հեղուկ ազոտի, այսինքն՝ առանց արհեստական միջավայրի՝ սաղմերը դառնում են անկենսունակ։ Ամուսինները որոշում են՝ վարվե՞լ այդպես, թե՞ ոչ (Գաղ. 6։7)։
ԱԲՄ-ի դիմած որոշ զույգեր գուցե որոշեն ավելացված սաղմերը պահել սառած վիճակում և դրանք օգտագործել ապագայում, երբ դարձյալ ցանկանան երեխա ունենալ։ Որոշ զույգեր էլ կարող են որոշել դադարեցնել սաղմերի պահպանումը՝ համարելով, որ դրանք կենսունակ են մնում միայն արհեստական եղանակով։ Նման իրավիճակում գտնվող քրիստոնյաները, հաշվի առնելով Աստվածաշնչով կրթված իրենց խիղճը, պետք է կայացնեն այնպիսի որոշում, որը պատիվ կբերի Աստծուն։ Մի կողմից՝ նրանց խիղճը պետք է մաքուր մնա, մյուս կողմից՝ նրանք պետք է հաշվի առնեն նաև ուրիշների խիղճը (1 Տիմոթ. 1։19)։
Նման իրավիճակում գտնվող քրիստոնյաները, հաշվի առնելով Աստվածաշնչով կրթված իրենց խիղճը, պետք է կայացնեն այնպիսի որոշում, որը պատիվ կբերի Աստծուն
Վերարտադրողական էնդոկրինոլոգիայի մի մասնագետ ասում է, որ զույգերի մեծ մասին «անհանգստացնում է այն, որ պետք է որոշեն, թե ինչ անեն իրենց [սառեցված] սաղմերի հետ»։ Հետո ավելացնում է. «Բազմաթիվ զույգերի համար գոյություն չունի ճիշտ որոշում»։
Այսպիսով՝ ճշմարիտ քրիստոնյաները, եթե դիմում են ԱՄԲ-ի, պետք է ծանրութեթև անեն այս մեթոդի բոլոր հետևանքները։ Աստվածաշունչը խորհուրդ է տալիս. «Խորագետը տեսնում է փորձանքը և թաքնվում, բայց անփորձները [«միամիտները», Արևմտահայերեն Աստվածաշունչ] առաջ են գնում ու պատժվում» (Առակ. 22։3)։
Իրար հետ ապրող տղամարդն ու կինը Աստվածաշունչ են ուսումնասիրում և ուզում են մկրտվել։ Նրանք չեն կարող օրինականացնել իրենց կապը, որովհետև տղամարդը այդ երկրում օրինականորեն չի բնակվում։ Պետությունը թույլ չի տալիս նրան ամուսնանալու։ Այդ դեպքում նրանք կարո՞ղ են կազմել հավատարմության մասին փաստաթուղթ, ստորագրել այն և հետո մկրտվել։
Եհովայի կազմակերպությունում իսկապես կա այդպիսի բան։ Գուցե թվա, որ հարցում նշված տղամարդու և կնոջ համար նման փաստաթուղթ կազմելը և ստորագրելը խնդրի լուծում կլինի, բայց դա կլիներ ոչ աստվածաշնչային լուծում։ Մի փոքր ավելի մանրամասն խոսենք այդ փաստաթղթի մասին։
Հավատարմության մասին փաստաթուղթը վկաների ներկայությամբ ստորագրում են այն տղամարդն ու կինը, որոնք հնարավորություն չունեն օրինականորեն ամուսնանալու ստորև նշված պատճառով։ Այդ փաստաթղթի միջոցով նրանք խոստանում են հավատարիմ լինել իրար և հնարավորության դեպքում օրինականացնել իրենց միությունը։ Դրանից հետո ժողովը նրանց դիտում է որպես ամուսինների, ինչպես որ կդիտեր, եթե նրանք իրենց կապը գրանցեին պետական մարմիններում։
Ո՞ր դեպքում է օգտագործվում հավատարմության մասին փաստաթուղթը։ Ամուսնության հիմնադիրը Եհովան է, և նա այն շատ բարձր է գնահատում։ Նրա Որդին ասաց. «Ինչ որ Աստված միավորեց մեկ լծի տակ, թող մարդը չբաժանի» (Մատթ. 19։5, 6; Ծննդ. 2։22–24)։ Հետո ավելացրեց. «Ով իր կնոջից բաժանվում է առանց պոռնկության պատճառի և ուրիշի հետ է ամուսնանում, շնություն է գործում» (Մատթ. 19։9)։ Փաստորեն, ըստ Աստվածաշնչի՝ միայն պոռնկությունը, կամ՝ ամուսնական դավաճանությունը կարող է վերջ դնել ամուսնությանը։ Օրինակ՝ եթե ամուսնացած տղամարդը սեռական հարաբերություն է ունենում ուրիշ կնոջ հետ, ապա նրա կինը կարող է որոշել ամուսնալուծվել։ Եթե ամուսնալուծվի, կարող է կրկին ամուսնանալ։
Եղել են երկրներ, որտեղ գերիշխող եկեղեցին չի ընդունել աստվածաշնչյան այս հստակ տեսակետը։ Ըստ նրա՝ ոչ մի պատճառով չէր կարելի ամուսնալուծվել։ Եկեղեցու ազդեցությամբ որոշ երկրներ ընդունել էին օրենքներ, որոնք արգելում էին ամուսնալուծվել նույնիսկ ամուսնական դավաճանության դեպքում։ Այսօր իրավիճակը փոխվել է։ Այդուհանդերձ, կան երկրներ, որտեղ ամուսնալուծության գործընթացը չափազանց բարդ է ու կարող է տևել երկար տարիներ։ Եկեղեցին կամ պետությունը կարծես «արգելում» է, կամ՝ խոչընդոտում է այն բանին, ինչն Աստված թույլ է տալիս (Գործ. 11։17)։
Ենթադրենք՝ զույգը ապրում է մի երկրում, որտեղ անհնար կամ չափազանց դժվար է ամուսնալուծվել. գուցե տարիներ պահանջվեն դրա համար։ Եթե նրանք ողջամտության սահմաններում ամեն ինչ արել են օրենքով գոյություն ունեցող ամուսնությանը վերջ դնելու համար և Աստվածաշնչի հիման վրա կարող են ամուսնանալ, նրանք կարող են ստորագրել հավատարմության մասին փաստաթուղթ։ Հենց այսպիսի երկրների համար է, որ Եհովայի կազմակերպությունը հնարավորություն է տալիս կազմելու այդ փաստաթուղթը։ Սակայն այս հնարավորությունը նախատեսված չէ այն երկրների համար, որտեղ հնարավոր է ամուսնալուծվել, նույնիսկ եթե ամուսնալուծության գործընթացը մի փոքր թանկ արժե կամ բարդ է։
Ոմանք, չհասկանալով հավատարմության մասին փաստաթղթի էությունը և ապրելով այնպիսի երկրում, որտեղ հնարավոր է ամուսնալուծվել, ցանկացել են օգտվել այս հնարավորությունից՝ բարդություններից և անհարմարություններից խուսափելու նպատակով։
Հիմա վերադառնանք ընթերցողի հարցին։ Իրար հետ ապրող տղամարդն ու կինը ուզում են ամուսնանալ։ Նրանցից յուրաքանչյուրը, ըստ Աստվածաշնչի, իրավունք ունի ամուսնանալու։ Սակայն տղամարդը այդ երկրում չի բնակվում օրինականորեն, ուստի պետությունը նրան թույլ չի տալիս ամուսնանալ (որոշ երկրներ թույլատրում են ամուսնանալ, նույնիսկ եթե տղամարդը կամ կինը չունի օրինական կարգավիճակ)։ Այդ երկրում հնարավո՛ր է ամուսնալուծվել, հետևաբար ամուսնանալ ցանկացող տղամարդն ու կինը չեն կարող կազմել և ստորագրել հավատարմության մասին փաստաթուղթ։ Նկատենք, որ այս զույգի դեպքում հարցն այն չէ, որ նրանք ուզում են ապահարզան ստանալ, և պետությունը խոչընդոտում է նրանց։ Ի՞նչ կարող է անել օրինական գրանցում չունեցող այդ տղամարդը։ Նրանք կարող են ամուսնանալ այնպիսի երկրում, որտեղ նրա կարգավիճակը խոչընդոտ չի լինի դրա համար։ Կամ կարող են ամուսնանալ հենց այն երկրում, որտեղ հիմա ապրում են, եթե տղամարդը քայլեր ձեռնարկի օրինականացնելու իր կարգավիճակը։
Այո՛, հարցում նշված տղամարդն ու կինը կարող են իրենց կյանքը համապատասխանեցնել Աստծու չափանիշներին և պետության օրենքներին (Մարկ. 12։17; Հռոմ. 13։1)։ Դա անելուց հետո արդեն նրանք կարող են մկրտվել (Եբր. 13։4)։
^ պարբ. 6 Ի՞նչ անել, եթե թվում է՝ պտուղը նորմալ չի զարգանում, կամ տեղի է ունեցել մի քանի սաղմի իմպլանտացիա։ Հղիությունը գիտակցաբար կանգնեցնելը նշանակում է աբորտ անել։ Բազմապտուղ հղիությունները (երկվորյակ, եռյակ և ավելի) ԱՄԲ-ի դեպքում սովորական բան են։ Իսկ դա ավելացնում է, օրինակ, վաղաժամ ծննդաբերության և արյունահոսության վտանգները։ Բազմապտուղ հղիություն տանող կնոջը գուցե հորդորեն մտածել «ընտրովի կրճատման» մասին, այսինքն՝ որ մեկ կամ ավելի սաղմ սպանվի։ Դա գիտակցաբար արված արհեստական վիժում է, որը հավասարազոր է մարդասպանության (Ելք 21։22, 23; Սաղ. 139։16)։