Շարունակ մոտեցիր Եհովային
«Մոտեցեք Աստծուն, և նա կմոտենա ձեզ» (ՀԱԿ. 4։8)։
1, 2. ա) Ի՞նչ «դիտավորություն» ունի Սատանան։ բ) Ի՞նչը կօգնի մեզ մոտենալու Եհովային։
ԵՀՈՎԱ ԱՍՏՎԱԾ մարդկանց այնպես է ստեղծել, որ նրանք ցանկանան մտերմանալ իր հետ։ Բայց Սատանան ուզում է, որ մենք մտածենք իր պես, այսինքն՝ որ Եհովայի կարիքը չունենք։ Այս սուտը նա սկսեց տարածել այն ժամանակվանից, երբ Եդեմի պարտեզում խաբեց Եվային (Ծննդ. 3։4–6)։ Ամբողջ պատմության ընթացքում մարդկության մեծ մասը մտածել է, որ Աստծու կարիքը չունի։
2 Սակայն մենք «անտեղյակ չենք» Սատանայի «դիտավորություններին» (2 Կորնթ. 2։11)։ Սատանան փորձում է հեռացնել մեզ Եհովայից՝ դրդելով սխալ որոշումների։ Բայց ինչպես տեսանք նախորդ հոդվածում, մենք կարող ենք ճիշտ որոշումներ կայացնել աշխատանքի ու զվարճությունների հետ կապված, ինչպես նաև երբ ընտանիքի անդամը հեռանում է Եհովայից։ Այս հոդվածում կքննենք չորս բան, որոնք կարող են մեզ մոտեցնել Աստծուն, եթե մեր կյանքում ճիշտ տեղում լինեն։ Դրանք են՝ տեխնիկա, առողջություն, փող և հպարտություն (Հակ. 4։8)։
ՏԵԽՆԻԿԱ
3. Բացատրիր, թե էլեկտրոնային տեխնիկան ինչ օգուտ կամ վնաս կարող է տալ։
3 Աշխարհում գնալով մեծ տարածում են գտնում էլեկտրոնային տեխնիկայի միջոցները։ Դրանք կարող են և՛ օգուտ բերել, և՛ վնաս։ Օրինակ՝ համակարգիչները։ Այս հոդվածը, որը հիմա կարդում ես, գրվել և տպագրվել է համակարգչի միջոցով։ Համակարգիչը հնարավորություն է տալիս մանրակրկիտ հետազոտություն անելու, հաղորդակցվելու և հաճելի ժամանակ անցկացնելու։ Սակայն համակարգչային տեխնիկայով տարվելու վտանգ կա, ինչը կարող է սեպ խրել մեր ու մեր երկնային Հոր միջև։ Գովազդային հոլովակները անընդհատ համոզում են, որ մենք այսինչ նորագույն սարքի կարիքն ունենք։ Մի տղա այնքան էր ցանկանում ունենալ պլանշետային համակարգիչ, որ այն գնելու համար իր երիկամներից մեկը գաղտնի վաճառեց։ Ինչպիսի՜ անհեռատես զոհողություն։
4. Ի՞նչ արեց մի քրիստոնյա, որպեսզի չափից շատ ժամանակ չանցկացնի համակարգչի առաջ։
4 Բայց շատ ավելի մեծ անհեռատեսություն է տեխնիկայի պատճառով զոհել Եհովայի հետ ունեցած մտերմությունը։ Քսանութամյա Յոնն * ասում է. «Ես գիտեմ, թե ինչ է ասում Աստվածաշունչը. «հարմար ժամանակ գնել» հոգևոր բաների համար։ Բայց երբ նստում եմ համակարգչի առաջ, այդ մասին մոռանում եմ ու դառնում իմ ամենաոխերիմ թշնամին»։ Յոնը հաճախ էր մինչև ուշ գիշեր մնում ինտերնետում։ «Որքան ավելի շատ էի հոգնում, այնքան ավելի դժվար էր լինում դուրս գալ զրուցարանից և չդիտել կարճ տեսանյութեր, որոնք միշտ չէր, որ լավն էին»,— պատմում է Յոնը։ Այս վատ սովորությունը թողնելու նպատակով Յոնը համակարգիչը դրեց այնպիսի ռեժիմում, որ այն ինքնուրույն անջատվի, երբ իր քնելու ժամը գա (կարդա՛ Եփեսացիներ 5։15, 16)։
5, 6. ա) Ի՞նչ պատասխանատվություն ունեն ծնողները։ բ) Ի՞նչ կարող են անել ծնողները, որպեսզի երեխաները առողջ ընկերակցություն ունենան։
5 Ծնողնե՛ր, թեև կարիք չկա, որ ձեր երեխայի ամեն մի քայլը հսկեք, այդուհանդերձ պետք է հետևեք, թե ինչպես են նրանք օգտվում համակարգչից։ Մի՛ թողեք նրանց համակարգչի առջև պարզապես այն պատճառով, որ նրանք զբաղված լինեն և ձեզ չանհանգստացնեն։ Այլապես նրանք կարող են մտնել անբարո կայքեր, խաղալ դաժան տեսախաղեր, առնչվել ոգեհարցությանը և վատ ընկերներ ձեռք բերել։ Նրանք կարող են մտածել. «Եթե մաման ու պապան բան չեն ասում, ուրեմն կարելի է»։ Որպես ծնող՝ դու պատասխանատու ես պաշտպանելու քո զավակներին այն ամենից, ինչը կարող է հեռացնել նրանց Եհովայից։ Անգամ կենդանիներն են պաշտպանում իրենց ձագերին վտանգից։ Պատկերացրու, թե ինչ կաներ մայր արջը, երբ իր ձագերին վտանգ սպառնար (համեմատի՛ր Օսեե 13։8)։
6 Այնպես արա, որ երեխաներդ շփվեն տարբեր տարիքի հոգևորապես հասուն քրիստոնյաների հետ։ Հիշիր, սակայն, որ ամենից շատ երեխաներդ քեզ հետ շփվելու կարիք ունեն։ Ուստի նրանց հետ ծիծաղիր, խաղա, ինչ-որ գործ արա, և միասին «մոտեցեք Աստծուն» *։
ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ
7. Ինչո՞ւ ենք ուզում առողջ լինել։
7 «Ինչպե՞ս ես»։ Գրեթե ամեն օր այս հարցը տալիս ենք իրար։ Այն հիշեցնում է մեզ մի դաժան իրականություն։ Բոլորս էլ ժամանակ առ ժամանակ հիվանդանում ենք, որովհետև մեր նախածնողները թույլ տվեցին, որ Սատանան հեռացնի իրենց Եհովայից։ Երբ հիվանդ ենք, մեզ համար ավելի դժվար է Եհովային ծառայել, ինչը Սատանայի սրտով է։ Իսկ մահը ընդհանրապես զրկում է մեզ Եհովային ծառայելու հնարավորությունից (Սաղ. 115։17)։ Ուստի բնական է, որ ուզում ենք ամեն ինչ անել առողջ լինելու համար *։ Բացի այս, մենք պետք է մտածենք նաև մեր հավատակիցների առողջության և բարօրության մասին։
8, 9. ա) Ինչպե՞ս կարող ենք ծայրահեղության մեջ չընկնել առողջական հարցերում։ բ) Ինչո՞վ է օգտակար ուրախ լինելը։
8 Սակայն մենք պետք է զգուշանանք առողջական հարցերում ծայրահեղությունների մեջ ընկնելուց։ Ոմանք եռանդորեն գովաբանում են որոշ սննդակարգեր, բուժման ձևեր և ապրանքներ, ընդ որում ավելի եռանդագին, քան Աստծու Թագավորության մասին բարի լուրը։ Նրանք գուցե անկեղծորեն հավատում են, որ օգնում են ուրիշներին։ Բայց նույնիսկ այդ դեպքում տեղին չէ Թագավորության սրահում հանդիպումից առաջ և հետո կամ համաժողովի ժամանակ առաջարկել զանազան ապրանքներ կամ ջատագովել առողջության վերաբերյալ տեսակետներ։ Ինչո՞ւ։
9 Մենք իրար հետ հավաքվում ենք հոգևոր թեմաներ քննարկելու նպատակով։ Մեր հանդիպումները նպաստում են, օրինակ, որ ավելի ուրախ լինենք, իսկ ուրախությունը սուրբ ոգու պտղի հատկություններից է (Գաղ. 5։22)։ Անկախ այն բանից՝ մեզնից խորհուրդ հարցնում են, թե ոչ, հանդիպումների ժամանակ առողջության վերաբերյալ խորհուրդներ տալը կամ ապրանքներ առաջարկելը կարող է շեղել դիմացինի ուշադրությունը հոգևոր բաներից և զրկել նրան ուրախությունից (Հռոմ. 14։17)։ Մարդու անձնական գործն է, թե նա ինչ որոշումներ կկայացնի իր առողջության վերաբերյալ։ Բացի այդ, ոչ մի մարդ չի կարող բուժել բոլոր հիվանդությունները։ Նույնիսկ հանճարեղ բժիշկներն են հիվանդանում, ծերանում և, ի վերջո, մահանում։ Չափից դուրս առողջության մասին անհանգստանալով՝ մենք չենք երկարացնի մեր կյանքը (Ղուկ. 12։25)։ Դրա փոխարեն՝ լավ կլինի ուրախ սիրտ ունենալ, որովհետև «ուրախ սիրտը բուժիչ է» (Առակ. 17։22)։
10. ա) Ըստ Եհովայի՝ ի՞նչն է մարդուն իսկապես գեղեցիկ դարձնում։ բ) Ե՞րբ լիովին առողջ կլինենք։
10 Բնական է մտածել նաև մեր արտաքին տեսքի մասին։ Բայց դա չի նշանակում, որ կաշվից դուրս գալով պետք է փորձենք ջնջել տարիքի բոլոր հետքերը։ Այդ հետքերը կարող են վկայել մեր հասունության, արժանապատվության և ներքին գեղեցկության մասին։ Օրինակ՝ Աստվածաշունչն ասում է. «Ալևորությունը գեղեցկության պսակ է, եթե գտնվում է արդարության ճանապարհին» (Առակ. 16։31)։ Ահա այսպես է նայում մեզ Եհովան, և մենք էլ պետք է ջանանք այդպես նայել ինքներս մեզ (կարդա՛ 1 Պետրոս 3։3, 4)։ Շատերը պատրաստ են դիմել վտանգավոր բժշկական պրոցեդուրաների կամ վիրահատությունների զուտ այն բանի համար, որ ավելի գեղեցիկ տեսք ունենան։ Սակայն մի՞թե խելամիտ է դրա համար սեփական առողջությունը կամ կյանքը վտանգի ենթարկել։ Անկախ տարիքից և առողջական վիճակից՝ մենք կարող ենք իսկապես գեղեցիկ լինել, եթե ունենանք «Եհովայի ուրախությունը» (Նեեմ. 8։10)։ Միայն նոր աշխարհում կունենանք լիարժեք առողջություն և երիտասարդական գեղեցկություն (Հոբ 33։25; Ես. 33։24)։ Իսկ մինչ այդ պետք է իմաստուն որոշումներ կայացնենք և հավատանք Եհովայի խոստումներին։ Դա կօգնի, որ վայելենք կյանքը հիմա և չափից շատ չանհանգստանանք առողջությամբ (1 Տիմոթ. 4։8)։
ՓՈՂ
11. Ինչպե՞ս կարող է փողը ծուղակ դառնալ։
11 Փող ունենալը կամ այն ազնիվ ճանապարհով վաստակելը սխալ չէ (Ժող. 7։12; Ղուկ. 19։12, 13)։ Բայց եթե մեր մեջ «փողասիրություն» զարգացնենք, ապա անխուսափելիորեն կհեռանանք Եհովայից (1 Տիմոթ. 6։9, 10)։ «Աշխարհի հոգսերը», այսինքն՝ ապրուստի միջոցներ ունենալու համար չափազանց անհանգստանալը, կարող են հոգևորապես խեղդել մեզ։ Նույնը կարող է անել «հարստության հրապույրը», այսինքն՝ այն սխալ տեսակետը, թե հարստությունը բերում է տևական երջանկություն և ապահովություն (Մատթ. 13։22)։ Հիսուսը հստակ ասաց, որ «ոչ ոք» չի կարող հաջողությամբ ծառայել և՛ Աստծուն, և՛ հարստությանը (Մատթ. 6։24)։
12. Ի՞նչ ֆինանսական ծուղակներ կան այսօր, և ինչպե՞ս կարող ենք խուսափել դրանցից։
12 Փողի մասին սխալ տեսակետը կարող է տանել սխալ քայլերի (Առակ. 28։20)։ Շատերը կարճ ժամանակում փող վաստակելու նպատակով գնել են վիճակախաղի տոմսեր կամ սկսել են զբաղվել ցանցային մարկետինգով, ինչի մեջ նույնիսկ ժողովի անդամներին են ներգրավվել։ Ուրիշները ներդրումներ են արել՝ անիրական ակնկալիքներ ունենալով, որ բարձր տոկոսներ կստանան։ Եթե ագահ լինենք, ապա հեշտությամբ կխաբվենք։ Ուստի պահպանիր առողջ դատողություն. սովորաբար հնարավոր չէ կարճ ժամանակում շատ փող աշխատել։
13. Ինչպե՞ս է փողի վերաբերյալ Աստծու տեսակետը տարբերվում աշխարհի տեսակետից։
13 Երբ «թագավորությունը և Աստծու արդարությունը» առաջին տեղում ենք դնում, Եհովան օրհնում է ապրուստի միջոցներ ձեռք բերելու համար մեր գործադրած ջանքերը (Մատթ. 6։33; Եփես. 4։28)։ Նա չի ուզում, որ լարված աշխատելու պատճառով ժողովի հանդիպումների ժամանակ քնով ընկնենք կամ էլ մտածենք փողի մասին։ Աշխարհում շատերը համոզված են, որ ապահով ապագա կարող են ունենալ միայն այն դեպքում, եթե ամեն գնով փող աշխատեն։ Նրանք հաճախ իրենց երեխաներին էլ են խրախուսում նյութապաշտության ճանապարհով գնալու։ Հիսուսը ցույց տվեց, որ նման մտածելակերպը անխոհեմ է (կարդա՛ Ղուկաս 12։15–21)։ Այդպիսի մտածելակերպ ուներ, օրինակ, Գեեզին, որը կարծում էր, թե կարող է և՛ ագահ լինել, և՛ բարի անուն ունենալ Աստծու մոտ (2 Թագ. 5։20–27)։
14, 15. Ինչո՞ւ չպետք է մեր հույսը դնենք այս աշխարհի ֆինանսական համակարգի վրա։ Բեր օրինակ։
14 Եղել են դեպքեր, երբ արծիվը փորձել է չափազանց ծանր ձուկ բարձրացնել և, ճանկերը զոհից չազատելով, խեղդվել է։ Կարո՞ղ է նման բան պատահել քրիստոնյային։ Ալիքս անունով մի երեց ասում է. «Սովորաբար ես շատ խնայող եմ։ Օրինակ՝ եթե շամպունի շշից մի փոքր ավել է դուրս գալիս, ես այն հետ եմ լցնում»։ Ալիքսը սկսեց հետաքրքրվել արժեթղթերի առքուվաճառքով։ Նա մտածում էր, որ այդպիսով կկարողանա շատ փող աշխատել, ինչը իրեն հնարավորություն կտա դուրս գալու աշխատանքից և ծառայելու ընդհանուր ռահվիրա։ Ալիքսը գնալով խորացավ տարբեր առաջարկներ և շուկայական տեղեկագրեր ուսումնասիրելու մեջ։ Իր ողջ խնայողություններով և վերցրած պարտքով գնեց արժեթղթեր, որոնց գինը, ըստ վերլուծաբանների, արագ աճելու էր։ Բայց տեղի ունեցավ հակառակը. գները կտրուկ իջան։ «Ես վճռեցի փողերս հետ բերել,— պատմում է Ալիքսը։— Մտածեցի, որ եթե մի փոքր սպասեմ, գները կբարձրանան»։
15 Ամիսներ շարունակ Ալիքսը չէր կարողանում ուրիշ բանի մասին մտածել։ Նա չէր կարողանում կենտրոնանալ հոգևորի վրա, քունը կորցրել էր։ Արժեթղթերի շուկայում իրավիճակը այդպես էլ չփոխվեց։ Ալիքսի խնայողությունները ջրի տակ անցան, և նա ստիպված վաճառեց տունը։ «Ես մեծ ցավ պատճառեցի ընտանիքիս»,— ասում է Ալիքսը։ Բայց նա մի կարևոր բան սովորեց. «Հիմա գիտեմ, որ ցանկացած մարդ, ով իր հույսը դնում է Սատանայի աշխարհի վրա, խոր հիասթափություն է ապրելու» (Առակ. 11։28)։ Այո՛, եթե մեր հույսը դնենք մեր խնայողությունների, ներդրումների և փող վաստակելու կարողության վրա, ապա դա նույնը կլինի, ինչ ապավինել «այս աշխարհի աստծուն»՝ Սատանային (2 Կորնթ. 4։4; 1 Տիմոթ. 6։17)։ Ալիքսը պարզեցրեց իր կյանքը «բարի լուրի համար»։ Այդ փոփոխության շնորհիվ նա ու նրա ընտանիքի անդամները հիմա ավելի ուրախ են ու ավելի են մտերմացել Եհովայի հետ (կարդա՛ Մարկոս 10։29, 30)։
ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ
16. Հպարտանալը մի՞շտ է սխալ։
16 Հպարտանալը միշտ չէ, որ սխալ է։ Օրինակ՝ մենք պետք է հպարտ լինենք, որ Եհովայի վկա ենք (Երեմ. 9։24)։ Լինելով Եհովայի վկա՝ ջանում ենք ճիշտ որոշումներ կայացնել և միշտ բարձր պահել մեր բարոյական չափանիշները։ Բայց պետք է զգուշանանք, որ չդառնանք բարձրամիտ, որ շատ մեծ կարևորություն չտանք սեփական տեսակետին և դիրքին, այլապես կհեռանանք Եհովայից (Սաղ. 138։6; Հռոմ. 12։3)։
17, 18. ա) Աստվածաշնչից բեր ինչպես հպարտ, այնպես էլ խոնարհ մարդկանց օրինակներ։ բ) Ինչպե՞ս մի եղբայր թույլ չտվեց, որ հպարտությունը իրեն հեռացնի Եհովայից։
17 Աստվածաշնչում կան ինչպես հպարտ, այնպես էլ խոնարհ մարդկանց օրինակներ։ Դավիթ թագավորը խոնարհ էր և իր հույսը Եհովայի վրա էր դնում, ուստի Աստված օրհնեց նրան (Սաղ. 131։1–3)։ Մինչդեռ Նաբուգոդոնոսոր և Բաղդասար թագավորները հպարտ էին, ու Եհովան նրանց խոնարհեցրեց (Դան. 4։30–37; 5։22–30)։ Այսօր մեր խոնարհությունը կարող է փորձվել տարբեր իրավիճակներում։ 32-ամյա Ռայանը, որը ծառայող օգնական էր, տեղափոխվեց ուրիշ ժողով։ Նա ասում է. «Ես սպասում էի, որ շուտով երեց կնշանակվեմ։ Բայց մեկ տարի անցավ, իսկ ակնկալիքներս չարդարացան»։ Կբարկանա՞ր ու կդառնանա՞ր Ռայանը՝ մտածելով, որ երեցները չեն ուզում՝ ինքը երեց դառնա։ Կդադարե՞ր հանդիպումներին հաճախելուց, թույլ կտա՞ր, որ հպարտությունը իրեն հեռացնի Եհովայից և նրա ժողովրդից։ Ի՞նչ կանեիր դու։
18 «Ես ձգձգվող ակնկալիքի մասին մեր հրատարակություններում կարդացի հնարավոր ամեն ինչ,— հիշում է Ռայանը (Առակ. 13։12)։— Սկսեցի հասկանալ, որ պետք է սովորեմ համբերել և խոնարհ լինել։ Պետք է Եհովային թույլ տայի, որ կրթի ինձ»։ Ռայանը դադարեց իր անձի վրա կենտրոնանալուց և սկսեց ուշադրություն դարձնել ուրիշներին ժողովում և ժողովից դուրս։ Շուտով նա Աստվածաշնչի մի քանի ուսումնասիրություն էր անցկացնում։ Ռայանն ասում է. «Անակնկալի եկա, երբ մեկուկես տարի անց նշանակվեցի երեց։ Ես դադարել էի այդ մասին մտածելուց, որովհետև ծառայությունից մեծ հաճույք էի ստանում» (կարդա՛ Սաղմոս 37։3, 4)։
ՄՈՏ ՄՆԱ ԵՀՈՎԱՅԻՆ
19, 20. ա) Ի՞նչ պետք է անենք, որ այս կամ այն բանի պատճառով չհեռանանք Եհովայից։ բ) Ո՞ւմ պետք է ընդօրինակենք, որպեսզի միշտ մոտ մնանք Եհովային։
19 Այս և նախորդ հոդվածներում քննարկված բոլոր բաները իրենց պատշաճ տեղն ունեն կյանքում։ Մենք հպարտ ենք, որ ծառայում ենք Եհովային։ Երջանիկ ընտանիքը և լավ առողջությունը նրա մեծագույն պարգևներից են։ Հասկանում ենք, որ աշխատանքի և փողի միջոցով կարող ենք հոգալ մեր կարիքները։ Գիտենք, որ ժամանցը կարող է թարմացնել մեզ, և որ տեխնիկան օգտակար է։ Բայց այդ նույն բաները կարող են հեռացնել մեզ Եհովայից, եթե չլինեն իրենց ճիշտ տեղում։
Թող ոչինչ չհեռացնի քեզ Եհովայից
20 Սատանան, ինչ խոսք, ուզում է, որ դու և քո ընտանիքը հեռանաք Եհովայից։ Բայց դու կարող ես այնպես անել, որ նման բան չպատահի (Առակ. 22։3)։ Մոտեցիր Եհովային ու մի հեռացիր նրանից։ Սուրբգրային բազմաթիվ օրինակներ կան, որոնք կարող են օգնել քեզ։ Ենոքն ու Նոյը «քայլեցին ճշմարիտ Աստծու հետ» (Ծննդ. 5։22; 6։9)։ Մովսեսը «շարունակեց հաստատուն մնալ, ասես տեսնում էր Նրան, ով անտեսանելի է» (Եբր. 11։27)։ Հիսուսը միշտ ուներ Աստծու աջակցությունը, որովհետև միշտ անում էր այն, ինչ հաճելի էր իր երկնային Հորը (Հովհ. 8։29)։ Ընդօրինակիր նրանց։ «Միշտ ուրախ եղիր։ Անդադար աղոթիր։ Ամեն ինչի համար շնորհակալություն հայտնիր» (1 Թեսաղ. 5։16–18)։ Թող որ ոչինչ չհեռացնի քեզ Եհովայից։