Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ճանաչեցինք Աստծուն. բավարարվե՞նք այդքանով

Ճանաչեցինք Աստծուն. բավարարվե՞նք այդքանով

«Ճանաչեցիք Աստծուն» (ԳԱՂ. 4։9

1. Ինչո՞ւ օդաչուները պետք է նախաթռիչքային ստուգում անեն։

ԱՄԵՆ անգամ թռիչքից առաջ օդաչուները լրացնում են նախաթռիչքային ստուգման մի ցուցակ։ Ամենատարածված ինքնաթիռներից մեկի ստուգման ցուցակում, օրինակ, կա 30-ից ավելի կետ։ Եթե նրանք ամեն թռիչքից առաջ այդ ցուցակի բոլոր կետերին մանրամասն ուշադրություն չդարձնեն, ապա դժբախտ պատահարի հավանականությունը կմեծանա։ Այդ պահանջը վերաբերում է հատկապես փորձառու օդաչուներին, որովհետև նրանք հեշտությամբ կարող են ինքնավստահ դառնալ և մանրամասնորեն չանել այդ ստուգումը։

2. Ի՞նչ ստուգում պետք է անենք։

2 Օդաչուների պես՝ մենք էլ ստուգելու բան ունենք։ Փորձությունների միջով հաջողությամբ անցնելու համար մենք, անկախ նրանից՝ նոր ենք մկրտվել, թե վաղուց, պետք է կանոնավորաբար և մանրամասնորեն ստուգենք մեր հավատի խորությունը և Եհովա Աստծու հանդեպ նվիրվածության աստիճանը։ Հակառակ դեպքում՝ հոգևոր անկում կապրենք։ Աստվածաշունչը զգուշացնում է. «Ով կարծում է, թե կանգնած է, թող զգույշ լինի, որ չընկնի» (1 Կորնթ. 10։12

3. Ինչի՞ կարիք ունեին գաղատացիները։

3 Գաղատացի քրիստոնյաները կարիք ունեին ստուգելու իրենց հավատի խորությունը և բարձր գնահատելու իրենց հոգևոր ազատությունը։ Հիսուսը, իր կյանքը զոհաբերելով, իրեն հավատացողների առջև հնարավորություն բացեց մի յուրօրինակ ձևով ճանաչելու Աստծուն. նրանք կարող էին դառնալ նրա որդիները (Գաղ. 4։9)։ Աստծու հետ այս առանձնահատուկ փոխհարաբերությունները պահպանելու համար գաղատացիները պետք է մերժեին ժողովի այն անդամների գաղափարները, որոնք ասում էին, թե հարկավոր է պահել Մովսիսական օրենքը։ Աստված այլևս  չէր պահանջում պահել Օրենքը, իսկ անթլփատ այլազգիները ընդհանրապես չէին եղել Օրենքի տակ։ Ինչպես հրեաները, այնպես էլ այլազգիները կարիք ունեին հոգևորապես աճելու։ Նրանք պետք է հասկանային, որ չեն կարող Աստծու աչքում արդար լինել Մովսիսական օրենքի միջոցով։

ԱՍՏԾՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՔԱՅԼԵՐԸ

4, 5. Ի՞նչ հորդորեց Պողոսը գաղատացիներին, և ինչո՞ւ է նրա նամակը կարևոր մեզ համար։

4 Պողոս առաքյալը գաղատացիներին հորդորեց երբեք չհրաժարվել իրենց սովորած թանկ ճշմարտություններից ու չվերադառնալ հետևում թողած բաներին։ Առաքյալի նամակը վերաբերում է նաև մեզ։ Այն Աստծու բոլոր ծառաներին կարող է օգնել ամուր մնալու հավատի մեջ։

5 Բոլորս էլ լավ կանենք, եթե հիշենք, թե ինչպես ենք ազատվել հոգևոր ստրկությունից և դարձել Եհովայի վկա։ Ինքդ քեզ հարցրու. «Հիշո՞ւմ եմ այն քայլերը, որ արել եմ մկրտության պահանջներին համապատասխանելու համար։ Հիշո՞ւմ եմ, թե ինչպես սկսեցի ճանաչել Աստծուն և թե ինչպես նա սկսեց ճանաչել ինձ, ինչի շնորհիվ ձեռք բերեցի իսկական ազատություն»։

6. Ի՞նչ ցուցակ ենք քննարկելու։

6 Մենք արել ենք ինը քայլ՝ Եհովայի հետ փոխհարաբերություններ հաստատելու համար (տե՛ս  «Քայլեր, որոնք տանում են մկրտության և օգնում են հոգևորապես շարունակ աճելու» շրջանակը)։ Եթե ինքներս մեզ կանոնավորաբար հիշեցնենք այդ ինը քայլերը, ապա միշտ վճռական կլինենք չվերադառնալու աշխարհ։ Ինչպես որ փորձառու, բայցև զգուշավոր օդաչուն է ամեն անգամ թռիչքից առաջ ստուգում ցուցակը և դրա շնորհիվ ապահով թռիչք իրականացնում, այնպես էլ մենք կշարունակենք հավատարմորեն ծառայել Եհովային, եթե միշտ ստուգենք մեր հոգևոր ցուցակը։

ՆՐԱՆՔ, ՈՒՄ ԱՍՏՎԱԾ ՃԱՆԱՉՈՒՄ Է, ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՀՈԳԵՎՈՐԱՊԵՍ ԱՃԵԼ

7. Ի՞նչ օրինակի պետք է հետևենք և ինչո՞ւ։

7 Մենք պետք է կանոնավորաբար ստուգենք, թե մկրտությունից հետո ինչպիսին է մեր հոգևոր առաջադիմությունը։ Պողոսը Տիմոթեոսին գրեց. «Շարունակիր այն հավատով ու սիրով, որ Քրիստոս Հիսուսում է, ամուր բռնել առողջ խոսքերի օրինակը, որ լսեցիր ինձանից» (2 Տիմոթ. 1։13)։ Այդ «առողջ խոսքերը» գտնվում են Աստծու Խոսքում (1 Տիմոթ. 6։3)։ Ինչպես որ նկարի էսքիզից կարող ենք պատկերացում կազմել վերջնական նկարի մասին, այնպես էլ «առողջ խոսքերի օրինակից» կարող ենք պատկերացում կազմել Աստծու պահանջների մասին։ Ուստի քննենք այն ինը քայլերը, որոնք մեզ առաջնորդեցին մկրտության, և տեսնենք, թե որքանով ենք հարազատ մնում առողջ խոսքերի օրինակին։

8, 9. ա) Ինչո՞ւ պետք է շարունակենք աճել հավատի և գիտելիքի մեջ։ բ) Օրինակով ցույց տուր հոգևոր աճի կարևորությունը և թե ինչու է դա շարունակական պրոցես։

8 Առաջին քայլը գիտելիքներ ստանալն էր։ Դա մեր մեջ հավատ զարգացրեց։ Բայց մենք պետք է շարունակենք ավելացնել մեր գիտելիքները և մեծացնել հավատը, այսինքն՝ հոգևորապես աճենք (2 Թեսաղ. 1։3)։ Աճը շարունակական դրական փոփոխությունն է։ «Աճել» նշանակում է «ավելանալ», «ընդարձակվել»։ Ուրեմն մկրտությունից հետո մեր հոգևոր աճը պետք է շարունակվի և ոչ թե կանգ առնի։

Ծառի նման՝ քրիստոնյայի աճը պետք է շարունակական լինի

9 Հոգևոր աճը կարելի է համեմատել ծառի աճի հետ։ Ժամանակի ընթացքում ծառը կարող է հասնել հսկայական չափերի, հատկապես երբ նրա արմատները խորն են կամ տարածված։ Օրինակ՝ Լիբանանի մայրին կարող է հասնել մինչև 12-հարկանի շենքի բարձրության և ունենալ ամուր ու խոր արմատներ։ Նրա բնի շրջագիծը կարող է հասնել 12 մետրի (Երգ 5։15)։ Սկզբնական շրջանում ծառը  նկատելիորեն արագ է աճում։ Հետո աճը շարունակվում է համեմատաբար աննկատ. տարիների ընթացքում բունը հաստանում է, արմատները խորանում և տարածվում են, ծառը ավելի ամուր է դառնում։ Նույնը կարելի է ասել քրիստոնյայի հոգևոր աճի մասին։ Աստվածաշնչի ուսումնասիրության սկզբնական շրջանում մենք հոգևոր առումով արագորեն աճում ենք ու մկրտվում։ Ժողովի անդամները ուրախանում են մեր առաջադիմությամբ։ Մենք նույնիսկ համապատասխանում ենք ռահվիրա ծառայելու և այլ առանձնաշնորհումներ ստանալու չափանիշներին։ Հետագա տարիներին մեր հոգևոր աճը գուցե առանձնապես նկատելի չլինի։ Այդուհանդերձ, մենք շարունակում ենք աճել հավատի և գիտելիքի մեջ, մինչև որ «դառնանք չափահաս մարդու պես՝ հասնելով Քրիստոսի ողջ հասակին» (Եփես. 4։13)։ Այսպիսով՝ մի փոքրիկ ընձյուղից մենք դառնում ենք հասուն քրիստոնյա՝ ամուր և լավ զարգացած «ծառ»։

10. Ինչո՞ւ է կարևոր, որ նույնիսկ հասուն քրիստոնյան շարունակի աճել։

10 Մենք պետք է շարունակ ավելացնենք մեր գիտելիքներն ու հավատը, որպեսզի մեր արմատները ավելի ամուր լինեն Աստծու Խոսքի հողում (Առակ. 12։3)։ Մեր բազմաթիվ եղբայրներ ու քույրեր հենց դա են անում։ Օրինակ՝ մի եղբայր, որը ավելի քան երեսուն տարի է, ինչ երեց է, նշում է, որ իր հոգևոր աճը շարունակվում է։ Նա ասում է. «Աստվածաշնչի հանդեպ իմ երախտագիտությունը անսահմանորեն աճել է։ Ես անընդհատ հայտնաբերում եմ Աստվածաշնչի սկզբունքների ու օրենքների նոր կիրառություններ։ Ծառայության հանդեպ երախտագիտությունս նույնպես շարունակում է աճել»։

ԱՄՐԱՑՐՈՒ ՄՏԵՐՄՈՒԹՅՈՒՆԴ ԱՍՏԾՈՒ ՀԵՏ

11. Ինչպե՞ս կարող ենք ժամանակի ընթացքում Եհովային ավելի լավ ճանաչել։

11 Հոգևորապես աճելու համար հարկավոր է միշտ մտերիմ լինել Աստծու հետ։ Եհովան ուզում է, որ մեզ սիրված ու ապահով զգանք, ինչպես հավատարիմ և նվիրված ընկերոջ կողքին կամ ինչպես երեխան՝ իր հոգատար ծնողի գրկում։ Անշուշտ, կհամաձայնվես, որ Եհովային ճանաչելու և սիրելու համար ժամանակ է պետք։ Եթե Աստծու Խոսքը կարդանք ամեն օր, ինչպես նաև ժամանակ տրամադրենք «Դիտարան» և «Արթնացե՛ք» ամսագրերի և Աստվածաշնչի վրա հիմնված մյուս հրատարակությունների ընթերցանությանը, ապա ավելի լավ կճանաչենք Եհովային ու կմտերմանանք նրա հետ։

12. Ի՞նչ է անհրաժեշտ Եհովայի կողմից ճանաչվելու համար։

12 Աստծու ընկերների հոգևոր աճին  նպաստում են նաև անկեղծ աղոթքները և լավ ընկերակցությունը (կարդա՛ Մաղաքիա 3։16)։ Եհովայի «ականջները [ուղղված են] նրանց աղաչանքներին» (1 Պետ. 3։12)։ Ինչպես սիրող ծնողն է լսում իր երեխային, այնպես էլ Եհովան է ուշադրությամբ լսում, երբ օգնություն ենք խնդրում իրենից։ Ուստի պետք է «աղոթքում հարատևենք» (Հռոմ. 12։12)։ Առանց Աստծու օգնության՝ մենք չենք կարող հասուն քրիստոնյա լինել։ Այս աշխարհի ճնշումները չափազանց մեծ են, և մենք չենք կարող ինքներս հաղթահարել դրանք։ Եթե աղոթքում չհարատևենք, ապա կկտրվենք զորության Աղբյուրից։ Ինչպիսի՞ն է քո աղոթքների որակը։ Այս հարցում բարելավումներ անելու կարիք ունե՞ս (Երեմ. 16։19

13. Հոգևոր աճի համար ինչո՞ւ է կարևոր ընկերակցել հավատակիցների հետ։

13 Եհովային հաճելի են բոլոր նրանք, ովքեր «ապաստան են փնտրում իր մոտ»։ Ուստի Աստծուն ճանաչելուց հետո անգամ մենք պետք է շարունակենք կանոնավորաբար ընկերակցել նրան ճանաչողների հետ (Նաում 1։7)։ Հիասթափություններով լի այս աշխարհում մենք իմաստուն վարված կլինենք, եթե մեզ շրջապատենք մեր հավատակիցներով։ Նրանք կարող են քաջալերել մեզ ու մղել «սիրո և բարի գործերի» (Եբր. 10։24, 25)։ Փոխադարձ սերը, որի մասին գրեց Պողոսը եբրայեցիներին, կարող է լինել միևնույն հայացքներ ունեցող մարդկանց միջև։ Ուստի կանոնավորաբար ներկա եղիր հանդիպումներին և ակտիվորեն մասնակցիր։

14. Ինչո՞ւ կարող ենք ասել, որ զղջումը և դարձի գալը շարունակական պրոցես է։

14 Նախքան քրիստոնյա դառնալը մենք զղջացել ենք մեր մեղքերի համար և դարձի եկել։ Զղջումը, սակայն, շարունակական պրոցես է։ Քանի դեռ անկատար ենք, մեր մեջ բնակվող մեղքը պատրաստ է օձի պես խայթելու (Հռոմ. 3։9, 10; 6։12–14)։ Եկեք զգոն լինենք մեր թուլությունների հանդեպ։ Ճիշտ է, Եհովան համբերատար Աստված է, բայց մենք պետք է պայքարենք մեր սխալ հակումների դեմ և անենք անհրաժեշտ փոփոխություններ (Փիլիպ. 2։12; 2 Պետ. 3։9)։ Ժամանակդ և ուժերդ օգտագործիր Եհովային ծառայելու և ոչ թե եսասիրական նպատակների համար։ Մի քույր գրում է. «Ես մեծացել եմ ճշմարտության մեջ, սակայն Եհովայի մասին իմ պատկերացումը տարբերվում էր մեծամասնության տեսակետից։ Իմ կարծիքով՝ ես նրանից պետք է շատ վախենայի և զգում էի, որ երբեք չեմ կարող նրան հաճեցնել»։ Ժամանակի ընթացքում մեր քույրը մի քանի սխալ գործեց և հոգևոր առումով ծանր վիճակի մեջ հայտնվեց։ «Բանն այն չէր, որ ես չէի սիրում Եհովային,— շարունակում է նա։— Պարզապես նրան լավ չէի ճանաչում։ Բազմաթիվ ջերմեռանդ աղոթքների շնորհիվ սկսեցի դարձի գալ»։ Հետո ավելացնում է. «Զգացի, որ Եհովան ինձ, ինչպես մի փոքր երեխայի, զգուշորեն օգնում է անցնելու տարբեր խոչընդոտների վրայով՝ բացատրելով, թե ինչ փոփոխություններ պետք է անեմ»։

15. Ինչի՞ն են ուշադրություն դարձնում Հիսուսը և նրա Հայրը։

15 Աստծու հրեշտակը Պետրոսին և ուրիշ առաքյալների բանտից ազատելուց հետո պատվիրեց. «Ժողովրդին ասացե՛ք այս կյանքի մասին բոլոր խոսքերը» (Գործ. 5։19–21)։ Այո՛, ամեն շաբաթ քարոզչական ծառայությանը մասնակցելը հոգևոր ցուցակի կետերից է։ Հիսուսը և նրա Հայրը ուշադրություն են դարձնում ոչ միայն մեր հավատին, այլև ծառայությանը (Հայտն. 2։19)։ Վերևում հիշատակված երեցն ասում է. «Ծառայությունը շատ կարևոր է մեզ համար»։

16. Ինչո՞ւ լավ կլինի խորհրդածել մեր նվիրման մասին։

16 Խորհրդածիր նվիրմանդ մասին։ Ամենաթանկ բանը, որ ունենք, Եհովայի հետ մեր անձնական փոխհարաբերություններն են։ Նա ճանաչում է նրանց, ովքեր պատկանում են իրեն (կարդա՛ Եսայիա  44։5)։ Աղոթիր Եհովային ու խնդրիր, որ օգնի քեզ իր հետ միշտ մտերիմ լինելու։ Մի մոռացիր նաև մկրտությանդ օրը, որովհետև այդ օրը դու իրականացրել ես կյանքիդ ամենակարևոր որոշումը։

ՏՈԿԱ, ՈՐՊԵՍԶԻ ՊԱՀՊԱՆԵՍ ՄՏԵՐՄՈՒԹՅՈՒՆԴ ԵՀՈՎԱՅԻ ՀԵՏ

17. Եհովայի հետ մտերիմ լինելու համար ինչո՞ւ է տոկունություն անհրաժեշտ։

17 Պողոսը գաղատացիներին հորդորեց տոկուն լինել (Գաղ. 6։9)։ Այս հատկությունը կարևոր է նաև մեզ համար։ Ինչ խոսք, փորձություններ կլինեն, բայց հիշիր, որ Եհովան քո կողքին է։ Նրանից շարունակ խնդրիր իր սուրբ ոգին։ Դու մեծ թեթևացում կզգաս, երբ նա քո վիշտը փոխարինի ուրախությամբ, տառապանքը՝ խաղաղությամբ (Մատթ. 7։7–11)։ Մտածի՛ր. եթե Եհովան հոգ է տանում թռչունների մասին, ապա առավել ևս նա հոգ կտանի քո մասին. չէ՞ որ դու սիրում ես նրան և քո անձը տվել ես նրան (Մատթ. 10։29–31)։ Ուստի դու կարող ես դիմանալ փորձություններին։ Քանի որ Եհովան մեզ ճանաչում է, նա առատորեն օրհնում է մեզ։

18. Ի՞նչ պետք է անեն բոլոր նրանք, ովքեր ճանաչում են Աստծուն։

18 Այսպիսով՝ ի՞նչ պետք է անես, եթե համեմատաբար վերջերս ես ճանաչել Եհովային ու մկրտվել։ Շարունակիր ճանաչել նրան և հոգևորապես աճել։ Իսկ եթե վաղուց ես մկրտվե՞լ։ Միևնույն է, շարունակիր ավելի շատ ու ավելի խոր գիտելիքներ ձեռք բերել նրա մասին։ Թող որ երբեք ինքնագոհ չդառնանք՝ մտածելով, թե Եհովային բավական լավ ենք ճանաչում և կարիք չունենք մեր փոխհարաբերությունները նրա հետ ամրացնելու։ Եկեք մեր հոգևոր ցուցակի միջոցով պարբերաբար ստուգենք, թե արդյոք շարունակում ենք պահել մտերմությունը մեր սիրառատ Հոր, Ընկերոջ և Աստծու հետ (կարդա՛ 2 Կորնթացիներ 13։5, 6