Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Մխիթարվիր և մխիթարիր

Մխիթարվիր և մխիթարիր

Լինելով անկատար՝ բոլորս էլ հիվանդանում ենք։ Ոմանք տառապում են ծանր հիվանդությունից։ Ի՞նչը կարող է օգնել մեզ, երբ հիվանդ ենք։

Մեծ օգնություն կարող են լինել ընտանիքի անդամները, ընկերները և հավատակիցները։

Մենք լավ ենք զգում, երբ մեր ընկերը բարի և սիրով լի խոսքեր է ասում. դրանք բալասանի պես բուժիչ ազդեցություն են թողնում մեզ վրա (Առակ. 16։24; 18։24; 25։11)։ Սակայն մենք, լինելով ճշմարիտ քրիստոնյաներ, չենք մտածում միայն մեր մխիթարության մասին, այլ նաև ուզում ենք «ամեն տեսակ նեղության մեջ լինողներին.... մխիթարել այն մխիթարությամբ, որով ինքներս ենք մխիթարվում Աստծուց» (2 Կորնթ. 1։4; Ղուկ. 6։31)։ Անտոնիոն, որը մարզային վերակացու է Մեքսիկայում, հենց այդպես է վարվում։

Երբ Անտոնիոյի մոտ ախտորոշեցին ավշաուռուցք (արյան քաղցկեղի մի տեսակ), նա խիստ մտահոգվեց։ Բայց Անտոնիոն ջանում էր վերահսկել իր բացասական էմոցիաները։ Ինչպե՞ս։ Նա փորձում էր անգիր անել Թագավորության երգերը և բարձրաձայն երգել, որպեսզի լսեր բառերը և խորհրդածեր դրանց շուրջ։ Նաև բարձրաձայն աղոթում էր ու Աստվածաշունչ էր կարդում։ Այս ամենից Անտոնիոն շատ էր մխիթարվում։

Սակայն Անտոնիոն ասում է, որ իրեն շատ են օգնել հավատակիցները։ Նա պատմում է. «Մենք մի ազգական ունենք, որը երեց է։ Երբ ես ու կինս ընկճված էինք լինում, խնդրում էինք նրան գալ ու աղոթել մեզ հետ։ Այսպես մխիթարվում և հանգստանում էինք։ Ընտանիքի անդամների և հավատակիցների աջակցությամբ մենք համեմատաբար կարճ ժամանակում կարողացանք հաղթահարել բացասական զգացումները»։ Անտոնիոն անչափ երախտապարտ է Եհովային, որ այսպիսի սիրող և հոգատար ընկերներ ունի։

Մեկ այլ օգնություն է սուրբ ոգին։ Պետրոս առաքյալն ասաց, որ Աստծու սուրբ ոգին «ձրի պարգև» է (Գործ. 2։38)։ Թեև բոլոր քրիստոնյաները չեն, որ օծվում են սուրբ ոգով, սակայն բոլորս կարող ենք ստանալ այն։ Եհովան սուրբ ոգին առատորեն է տալիս, ուստի եկեք խնդրենք նրան, որ տա մեզ այդ պարգևը (Ես. 40։28–31

ԱՆԿԵՂԾՈՐԵՆ ՀԵՏԱՔՐՔՐՎԻՐ

Պողոս առաքյալը շատ դժվարություններ տեսավ և նույնիսկ մահվան վտանգի առաջ կանգնեց (2 Կորնթ. 1։8–10)։ Սակայն նա չափազանց չէր անհանգստանում իր կյանքի համար։ Պողոսը մխիթարվում էր այն մտքով, որ Աստված կանգնած է իր թիկունքին։ Առաքյալը գրեց. «Օրհնյալ լինի մեր Տեր Հիսուս Քրիստոսի Աստվածը և Հայրը, գթության Հայրը և ամենայն մխիթարության Աստվածը, որը մխիթարում է մեզ մեր բոլոր նեղություններում» (2 Կորնթ. 1։3, 4)։ Պողոսը չլցվեց ինքնախղճահարության զգացումով։ Ավելին, փորձությունների շնորհիվ նա ավելի կարեկից դարձավ, ուստի կարող էր ավելի լավ մխիթարել ուրիշներին։

Ապաքինվելուց հետո Անտոնիոն ի վիճակի էր նորից անցնելու շրջագայական ծառայության։ Ճիշտ է, նա մինչև հիվանդանալն էլ հետաքրքրություն էր ցույց տալիս հավատակիցների հանդեպ, բայց դրանից հետո իր կնոջ հետ հատուկ ջանքեր արեց, որպեսզի այցելի ու քաջալերի հիվանդ հավատակիցներին։ Օրինակ՝ երբ Անտոնիոն այցելեց մի եղբոր, որը լուրջ հիվանդ էր, տեսավ, որ նա չի ուզում գնալ հանդիպումների։ «Բանն այն չէր, որ նա չէր սիրում Եհովային կամ եղբայրներին ու քույրերին,— ասում է Անտոնիոն։— Պարզապես հիվանդությունն այնպես էր ազդել նրա վրա, որ նա իրեն անարժեք էր զգում»։

Մի անգամ, երբ ընկերական հավաքույթ էր և այդ եղբայրը նույնպես ներկա էր, Անտոնիոն նրան խնդրեց աղոթել։ Եղբայրը սկզբում տատանվեց, բայց հետո համաձայնվեց։ Անտոնիոն ասում է. «Նա մի հրաշալի աղոթք արեց, և դրանից հետո կարծես ուրիշ մարդ լիներ։ Նա դարձյալ իրեն արժեքավոր զգաց»։

Բոլորիս կյանքում էլ եղել է ինչ-որ բան, որի պատճառով տառապել ենք։ Բայց, ինչպես Պողոսն ասաց, նման բաները կարող են օգնել մեզ, որ մխիթարենք ուրիշներին։ Եկեք ուշադիր լինենք մեր եղբայրների և քույրերի հանդեպ և, երբ նրանք տառապում են, մխիթարենք՝ ընդօրինակելով մեր Աստծուն՝ Եհովային։