Աստծու Խոսքի միջոցով օգնիր քեզ և ուրիշներին
«Բոլոր բաների վերաբերյալ քո բոլոր պատվերները ես արդար եմ համարում» (ՍԱՂ. 119։128)։
1. Ինչո՞ւ պետք է լիովին վստահենք Աստծու Խոսքին։
ԵՐԲ երեցները զրուցում են Աստվածաշունչ ուսումնասիրողի հետ, որպեսզի տեսնեն, թե արդյոք նա համապատասխանում է քարոզիչ դառնալու չափանիշներին, ուշադրություն են դարձնում այն բանին, թե «արդյոք անհատի խոսքերը ցույց տալիս են, որ նա հավատում է, որ Աստվածաշունչը Աստծու ներշնչված Խոսքն է» *։ Թագավորության քարոզիչ դառնալ ցանկացողները և ընդհանրապես Աստծու բոլոր ծառաները պետք է լիովին հավատան, որ Սուրբ Գիրքը ներշնչված է Աստծուց։ Եթե ամբողջովին վստահենք Աստծու Խոսքին և օգտագործենք այն ծառայության ժամանակ, կկարողանանք օգնել մարդկանց, որ ճանաչեն Եհովային ու փրկվեն։
2. Ինչո՞ւ պետք է հարատևենք այն բաներում, որ սովորել ենք։
2 Պողոս առաքյալը Տիմոթեոսին գրեց. «Հարատևիր այն բաներում, որ սովորեցիր և որոնցում հաստատ համոզվեցիր»։ Առաքյալի հիշատակած «այն բաները» աստվածաշնչյան ճշմարտություններն են, որոնք մղեցին Տիմոթեոսին հավատալու բարի լուրին։ Այս ճշմարտությունները նույն ազդեցությունն ունեն մեզ վրա և «իմաստուն են դարձնում [մեզ] փրկության համար» (2 Տիմոթ. 3։14, 15)։ Պողոսի հաջորդ խոսքերը հաճախ օգտագործում ենք ցույց տալու համար, որ Աստվածաշունչը աստվածային ծագում ունի։ Բայց այս խոսքերը կարող են օգնել նաև այլ հարցերում (կարդա՛ 2 Տիմոթեոս 3։16)։ Եկեք այս համարը մանրամասնորեն քննենք։ Դա կմեծացնի մեր վստահությունն այն բանում, որ Եհովայի բոլոր խոսքերը «արդար» են (Սաղ. 119։128)։
«ՕԳՏԱԿԱՐ Է ՍՈՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ»
3–5. ա) Պենտեկոստեի ժամանակ մարդիկ ինչպե՞ս արձագանքեցին Պետրոսի ելույթին։ բ) Ինչո՞ւ Թեսաղոնիկեում շատերն ընդունեցին ճշմարտությունը։ գ) Մեր ծառայությունից ի՞նչը կարող է տպավորել մարդկանց։
3 Հիսուսն Իսրայել ազգին ասաց. «Ձեզ մոտ եմ ուղարկում մարգարեների, իմաստունների և ուսուցիչների» (Մատթ. 23։34)։ Նա խոսում էր իր առաքյալների մասին, որոնց սովորեցրել էր ծառայության մեջ օգտագործել Աստծու Խոսքը։ 33թ. Պենտեկոստեին այդ «ուսուցիչներից» մեկը՝ Պետրոս առաքյալը, Երուսաղեմում մեծ բազմության առաջ ներկայացրեց մի ելույթ, որում մեջբերումներ արեց Եբրայերեն Գրություններից։ Լսելով, թե Պետրոսն ինչպես է բացատրում սուրբգրային խոսքերը՝ ունկնդիրներից շատերը «մինչև իրենց սրտի խորքը ցնցվեցին»։ Նրանք զղջացին իրենց մեղքերի համար և Աստծուց ներում խնդրեցին։ Այդ օրը մոտ երեք հազար հոգի դարձավ քրիստոնյա (Գործ. 2։37–41)։
4 Մեկ այլ ուսուցիչ էր Պողոս առաքյալը, որը բարի լուրը քարոզեց Երուսաղեմից շատ հեռու։ Օրինակ՝ Մակեդոնիայի քաղաքներից մեկում՝ Թեսաղոնիկեում, նա «երեք շաբաթ օր» հրեաների ժողովարանում «Սուրբ Գրքի օգնությամբ տրամաբանում էր նրանց հետ. նա բացատրում էր և վկայակոչումներ անելով՝ ապացուցում, որ անհրաժեշտ էր, որ Քրիստոսը չարչարվեր և հարություն առներ»։ Արդյունքում հրեաներից ոմանք, նաև Աստծուն երկրպագող հույների մի մեծ բազմություն հավատացյալներ դարձան (Գործ. 17։1–4)։
5 Շատերին է տպավորում այն, որ մենք ծառայության մեջ օգտագործում ենք Սուրբ Գիրքը։ Շվեյցարիայում մեր քույրերը տնետան ժամանակ տանտիրոջ համար կարդացին սուրբգրային մի համար։ Տանտերը նրանց հարցրեց. «Դուք ո՞ր կրոնից եք»։ Քույրերը պատասխանեցին, որ իրենք Եհովայի վկաներ են։ Տանտերն ասաց. «Դե իհարկե, ուրիշ ո՞վ, բացի Եհովայի վկաներից, կգար իմ տուն և կկարդար Աստվածաշնչից»։
6, 7. ա) Ժողովում սովորեցնելու առանձնաշնորհում ունեցողները ինչպե՞ս կարող են լավագույն ձևով օգտագործել Աստվածաշունչը։ բ) Աստվածաշնչի ուսումնասիրություն անցկացնելու ժամանակ ինչո՞ւ է կարևոր սուրբգրային համարները արդյունավետ օգտագործել։
6 Ինչպե՞ս կարող ենք Աստվածաշունչը լավագույն ձևով օգտագործել ուսուցանելիս։ Եթե ժողովում բեմից սովորեցնելու առանձնաշնորհում ունես, գլխավոր մտքերը հիմնիր կոնկրետ սուրբգրային համարների վրա։ Գլխավոր համարները սեփական բառերով ներկայացնելու, տպված թղթից կամ էլեկտրոնային սարքից ընթերցելու փոխարեն՝ բացիր Աստվածաշունչը և կարդա անմիջապես այնտեղից։ Ունկնդիրներին հորդորիր նույնն անել։ Նաև բացատրիր համարները և ցույց տուր, թե դրանք ինչպես կարող են օգնել նրանց Եհովայի հետ ավելի մտերմանալու։ Բարդ օրինակների և զվարճալի պատմությունների փոխարեն՝ ժամանակն օգտագործիր Աստծու Խոսքը բացատրելու համար։
7 Ի՞նչ պետք է հիշենք, երբ Աստվածաշնչի ուսումնասիրություն ենք անցկացնում։ Պետք է զգույշ լինենք, որ չանտեսենք սուրբգրային համարները։ Մենք պետք է քաջալերենք ուսումնասիրողին կարդալու նշված համարները և օգնենք հասկանալու դրանք։ Ինչպե՞ս։ Կարիք չկա ուսումնասիրությունը դասախոսության վերածելու՝ համարները երկար-բարակ բացատրելով։ Դրա փոխարեն՝ ուսումնասիրողին մղիր արտահայտվելու։ Մի՛ ասա, թե նա ինչին հավատա կամ ինչպես վարվի, այլ տուր լավ մտածված հարցեր, որոնց շնորհիվ նա կկարողանա ճիշտ եզրահանգումների գալ *։
«ՕԳՏԱԿԱՐ Է ՀԱՆԴԻՄԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ»
8. Ի՞նչ պայքար էր մղում Պողոսը։
8 Հաճախ մտածում ենք, որ հանդիմանել կարող են միայն երեցները։ Իրոք, վերակացուների վրա պատասխանատվություն է դրված հանդիմանելու նրանց, «ովքեր շարունակ մեղք են գործում» (1 Տիմոթ. 5։20; Տիտոս 1։13)։ Բայց մենք էլ կարող ենք հանդիմանել։ Ինչպե՞ս։ Մենք կարող ենք հանդիմանել ինքներս մեզ։ Պողոսը օրինակելի քրիստոնյա էր և ուներ մաքուր խիղճ (2 Տիմոթ. 1։3)։ Այդուհանդերձ, նա գրեց. «Իմ անդամներում ուրիշ օրենք եմ տեսնում, որը պատերազմում է իմ մտքի օրենքի դեմ և ինձ գերի է տանում մեղքի օրենքին»։ Այս խոսքերի համատեքստը ուսումնասիրելով՝ ավելի լավ կհասկանանք, թե ինչ պայքար էր մղում առաքյալը՝ իր մեղավոր էությունը վերահսկելու համար (կարդա՛ Հռոմեացիներ 7։21–25)։
9, 10. ա) Հավանաբար, ի՞նչ թուլությունների դեմ էր պայքարում Պողոսը։ բ) Ինչպե՞ս էր Պողոսը, հավանաբար, պայքարում մեղքի դեմ։
9 Ի՞նչ թուլություններ ուներ Պողոսը, որոնց դեմ պայքարում էր։ Նա կոնկրետ չի նշում, բայց Տիմոթեոսին գրած նամակում ասում է, որ «անպատկառ մարդ» է եղել (1 Տիմոթ. 1։13)։ Նախքան ճշմարտությունն ընդունելը Պողոսը կատաղի կերպով հալածել էր քրիստոնյաներին։ Նա խոստովանում է. «Ծայրաստիճան կատաղած էի նրանց վրա» (Գործ. 26։11)։ Պողոսը սովորեց տիրապետել իրեն, բայց երբեմն այնպիսի իրավիճակներ էին լինում, որ պետք է պայքարեր իր զգացումներն ու խոսքերը վերահըսկելու համար (Գործ. 15։36–39)։ Ինչպե՞ս էր նա այդ պայքարը մղում։
10 Կորնթացիներին գրած նամակում Պողոսն ասում է, թե ինչպես է ինքն իրեն հանդիմանում (կարդա՛ 1 Կորնթացիներ 9։26, 27)։ Նա իր անկատար էությանը դիպուկ հոգևոր հարվածներ էր տալիս։ Շատ հավանական է՝ առաքյալը խորհուրդներ էր փնտրում Աստծու Խոսքում, աղաչում էր Եհովային, որ օգնի իրեն այդ խորհուրդները կիրառելու, և ջանք չէր խնայում բարելավելու իր քրիստոնեական անձնավորությունը *։ Պողոսի օրինակը կարող է օգտակար լինել մեզ համար, որովհետև մենք էլ ենք պայքարում մեր մեղավոր հակումների դեմ։
11. Ինչպե՞ս կարող ենք «շարունակ ստուգել», թե արդյոք գնում ենք ճշմարտության ճանապարհով։
11 Մենք երբեք չպետք է ինքնագոհ դառնանք։ Հարկավոր է «շարունակ ստուգել», թե արդյոք գնում ենք ճշմարտության ճանապարհով (2 Կորնթ. 13։5)։ Երբ կարդում ենք այնպիսի համարներ, ինչպիսիք են Կողոսացիներ 3։5–10-ը, կարող ենք ինքներս մեզ հարցնել. «Ամեն ինչ անո՞ւմ եմ մեղավոր հակումներս սպանելու համար, թե՞ բարոյական անկում եմ ապրում։ Երբ ինտերնետում անբարո կայք է բացվում, անմիջապես փակո՞ւմ եմ այն։ Սովորություն ունե՞մ անբարո կայքեր փնտրելու»։ Այս և այլ հարցերում կիրառելով Աստծու Խոսքը՝ մենք «արթուն կմնանք և կպահպանենք մեր զգոնությունը» (1 Թեսաղ. 5։6–8)։
«ՕԳՏԱԿԱՐ Է ՈՒՂՂԵԼՈՒ ՀԱՄԱՐ»
12, 13. ա) Ի՞նչ է նշանակում «ուղղել» թարգմանված բառը, և ինչպե՞ս կարող ենք Հիսուսին ընդօրինակել «ուղղելու» հարցում։ բ) Ո՞ր խոսելաձևից պետք է խուսափենք, երբ ուզում ենք «ուղղել»։
12 «Ուղղել» թարգմանված հունարեն բառը նշանակում է «դարձնել լավը, շտկել, վերականգնել պատշաճ վիճակը»։ Երբեմն մարդիկ սխալ են հասկանում մեր խոսքերը կամ գործերը, և կարիք է առաջանում իրավիճակը «ուղղելու»։ Առաջին դարում հրեա կրոնական առաջնորդները դժգոհեցին, որ Հիսուսը լավ է վերաբերվում «հարկահավաքներին ու մեղավորներին»։ Քրիստոսը այսպես պատասխանեց. «Ոչ թե առողջները բժշկի կարիք ունեն, այլ հիվանդները։ Ուրեմն գնացեք և սովորեք, թե ինչ է նշանակում՝ «ողորմություն եմ ուզում և ոչ թե զոհ»» (Մատթ. 9։11–13)։ Նա համբերատարությամբ և բարյացակամորեն Աստծու խոսքերը բացատրում էր բոլորին։ Նման մոտեցման շնորհիվ Հիսուսը մարդկանց օգնեց հասկանալու, որ Եհովան «ողորմած ու գթառատ, բարկանալու մեջ դանդաղ և սիրառատ բարությամբ ու ճշմարտությամբ լի» Աստված է (Ելք 34։6)։ «Ուղղելու» նպատակով Հիսուսի գործադրած ջանքերը ապարդյուն չանցան. բազմաթիվ մարդիկ հավատացին բարի լուրին։
13 Մենք Հիսուսից սովորում ենք, թե ինչպես պետք է օգնենք մարդկանց։ 2 Տիմոթեոս 3։16-ում գրված խոսքերը չեն նշանակում, որ եթե ուզում ենք ինչ-որ մեկին «ուղղել», ապա կարող ենք կոպիտ տոնով խոսել։ «Ամբողջ Գիրքը» մեզ իրավունք չի տալիս խստորեն նախատելու։ Սուր քննադատությունը «սրի պես խոցում է», հաճախ մեծ ցավ է պատճառում և գրեթե օգուտ չի տալիս (Առակ. 12։18)։
14–16. ա) Ինչպե՞ս կարող են երեցները «ուղղել»։ բ) Ինչո՞ւ է կարևոր երեխաներին «ուղղել» աստվածաշնչյան սկզբունքներով։
14 Ինչպե՞ս կարող ենք համբերատար ու բարյացակամ կերպով «ուղղել»։ Ենթադրենք՝ ամուսինները, որոնք հաճախ են վիճում իրար հետ, երեցից օգնություն են խնդրում։ Ի՞նչ կանի երեցը։ Առանց որևէ մեկի կողմը բռնելու՝ նա կարող է նրանց ուշադրությունը հրավիրել աստվածաշնչյան սկզբունքների վրա՝ օգտվելով, օրինակ, «Ընտանեկան երջանկության գաղտնիքը» գրքի 3-րդ գլխից։ Քննարկման ընթացքում ամուսինները գուցե հասկանան, թե իրենցից յուրաքանչյուրը որ հարցում պետք է ավելի շատ աշխատի։ Հետագայում երեցը շարունակում է հետաքրքրվել, թե ինչպես են ընթանում գործերը, և եթե հարկ կա, առաջարկում է լրացուցիչ օգնություն։
15 Ինչպե՞ս կարող են ծնողները «ուղղել» իրենց երեխաներին, որպեսզի նրանք հոգևորապես ամրանան։ Ենթադրենք՝ նկատում ես, որ դեռահաս աղջիկդ ընկերացել է մեկի հետ, ով կասկածելի վարք ունի։ Ի՞նչ կարող ես անել նրան օգնելու համար։ Նախ՝ հարկավոր է ավելի շատ տեղեկություն իմանալ նոր ընկերոջ մասին։ Եթե իրոք հիմքեր կան անհանգստանալու, կարող ես խոսել աղջկադ հետ՝ օգտվելով, օրինակ, «Երիտասարդների հարցերը. գործնական խորհուրդներ» գրքից (հատոր 2, անգլ., ռուս.)։ Հաջորդ օրերին կարող ես ավելի շատ ժամանակ հատկացնել նրան։ Կարող ես նաև հետևել նրա տրամադրվածությանը քարոզչական ծառայության ընթացքում կամ ընտանիքով ժամանակ անցկացնելիս։ Եթե լինես համբերատար ու բարյացակամ, աղջիկդ կզգա, որ սիրում ես իրեն ու հետաքրքրված ես իրենով։ Հավանաբար, նա կցանկանա կիրառել քո խորհուրդը և կործանարար ճանապարհից հետ կկանգնի։
16 Համբերատար և բարյացակամ կերպով կարող ենք օգնել նաև նրանց, ովքեր անհանգստացած են իրենց առողջական վիճակով, ընկճվել են աշխատանքը կորցնելու պատճառով կամ ովքեր չեն կարողանում համակերպվել սուրբգրային որոշ ուսմունքների հետ։ Աստծու Խոսքի միջոցով «ուղղելը» բազմաթիվ օգուտներ է բերում Եհովայի ծառաներին։
«ՕԳՏԱԿԱՐ Է ԱՐԴԱՐՈՒԹՅԱՄԲ ԽՐԱՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ»
17. Ինչո՞ւ պետք է երախտագիտությամբ ընդունենք խրատը։
17 «Ոչ մի խրատ տվյալ պահին չի ուրախացնում, այլ տրտմեցնում է, սակայն հետո դրանով կրթվածներին խաղաղության պտուղ է բերում, այսինքն՝ արդարություն» (Եբր. 12։11)։ Չափահաս քրիստոնյաների մեծ մասն ասում է, որ քրիստոնյա ծնողներից ստացած խրատը օգնել է իրենց։ Իսկ Եհովայի տված խրատը, որ ստանում ենք երեցների միջոցով, մեզ պահում է կյանքի ճանապարհի վրա (Առակ. 4։13)։
18, 19. ա) Ինչո՞ւ է Առակներ 18։13-ում գրված խորհուրդը անչափ կարևոր «արդարությամբ խրատելու» համար։ բ) Երբ երեցները մեղմություն և սեր են դրսևորում մեղք գործած անհատին խրատելիս, ի՞նչ արդյունք կարող է լինել։
18 Խրատելը հմտություն է պահանջում։ Եհովան քրիստոնյաներին պատվիրում է «արդարությամբ խրատել» (2 Տիմոթ. 3։16)։ Ուստի խրատելիս հարկավոր է առաջնորդվել Աստվածաշնչի սկզբունքներով։ Այդպիսի մի սկզբունք գտնում ենք Առակներ 18։13-ում. «Եթե ինչ-որ մեկը բանը չլսած պատասխան է տալիս, ապա դա հիմարություն է նրա կողմից և նվաստացուցիչ է»։ Հետևաբար, երբ երեցները մտադիր են խոսելու այն մարդու հետ, որը մեղադրվում է լուրջ մեղք գործելու մեջ, նրանք պետք է մանրակրկիտ հետազոտեն հարցը, որպեսզի տեղյակ լինեն բոլոր փաստերին (2 Օրենք 13։14)։ Միայն այդ դեպքում նրանք կարող են «արդարությամբ խրատել»։
19 Բացի այդ, Աստծու Խոսքը երեցներին հորդորում է խրատել «մեղմությամբ» (կարդա՛ 2 Տիմոթեոս 2։24–26)։ Նույնիսկ եթե անհատը նախատինք է բերել Եհովային կամ նրա պատճառով տուժել են անմեղ մարդիկ, երեցները խորհուրդ տալիս պետք է զգուշանան բարկանալուց, որովհետև դա չի օգնի նրան։ Երբ երեցները ընդօրինակում են «Աստծու բարությունը», անհատը գուցե զղջա (Հռոմ. 2։4)։
20. Ի՞նչ սկզբունքներով պետք է առաջնորդվեն ծնողները երեխաներին խրատելիս։
20 Ծնողները իրենց երեխաներին պետք է դաստիարակեն աստվածաշնչյան սկզբունքներով՝ «Եհովայի խրատով և նրա մտածելակերպը նրանց մեջ սերմանելով» (Եփես. 6։4)։ Հայրը չպետք է պատժի իր որդուն միայն մեկ հոգու կողմից տրված տեղեկության հիման վրա։ Խելահեղ ցասումը տեղ չունի քրիստոնեական ընտանիքում։ «Եհովան անչափ գորովալից է ու ողորմած», և նրանք, ովքեր երեխաներին խրատելու պատասխանատվություն ունեն, պետք է ձգտեն նույն հատկությունները դրսևորել (Հակ. 5։11)։
ԵՀՈՎԱՅԻ ԱՆԳԻՆ ՆՎԵՐԸ
21, 22. Սաղմոս 119։97–104-ում գրված խոսքերից ո՞րն է ամենից դիպուկ կերպով նկարագրում քո զգացումները Եհովայի Խոսքի հանդեպ։
21 Մի աստվածավախ մարդ ասաց, թե ինչու է սիրում Եհովայի օրենքը (կարդա՛ Սաղմոս 119։97–104)։ Ուսումնասիրելով այդ օրենքը՝ նա ձեռք բերեց իմաստություն, խորամտություն և հասկացողություն։ Աստծու պատվերներին հետևելով՝ նա խուսափեց «ստության ճանապարհներից», որոնք ցավ են բերում դրանցով գնացողներին։ Աստծու Խոսքը ուսումնասիրելը հաճելի էր այդ մարդուն և բավարարվածության զգացումով էր լցնում նրան։ Նա վճռել էր հնազանդ լինել Աստծուն, որի պատվերները այնքա՜ն օգուտներ էին տվել իրեն։
22 Բա՞րձր ես գնահատում «ամբողջ Գիրքը»։ Եթե այո, ուրեմն հավատդ ամուր կլինի այն բանի հանդեպ, որ Աստված կիրագործի իր նպատակը։ Աստծու խորհուրդները պաշտպանում են քեզ մեղքի մահացու ազդեցությունից։ Եթե Աստվածաշունչը հմտորեն բացատրես, ապա կօգնես ուրիշներին քայլելու կյանքի ճանապարհով և մնալու այդ ճանապարհի վրա։ Ծառայելով մեր անսահմանորեն իմաստուն և սիրառատ Աստծուն՝ Եհովային՝ եկեք լիարժեքորեն օգտվենք «ամբողջ Գրքից»։
^ պարբ. 1 Տե՛ս «Կազմակերպված ենք՝ կատարելու Եհովայի կամքը» գիրքը, էջ 79։
^ պարբ. 7 Ուսուցանելիս Հիսուսը հաճախ հարցնում էր՝ «ի՞նչ եք կարծում», հետո սպասում էր պատասխանի (Մատթ. 18։12; 21։28; 22։42)։
^ պարբ. 10 Պողոսի նամակները լի են մեղավոր հակումները հաղթահարելու մասին քաջալերական խոսքերով (Հռոմ. 6։12; Գաղ. 5։16–18)։ Տրամաբանական է եզրակացնել, որ նա ինքը հետևում էր այն խորհուրդներին, որ տալիս էր ուրիշներին (Հռոմ. 2։21)։