Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ամբողջովին կատարիր ավետարանչի գործը

Ամբողջովին կատարիր ավետարանչի գործը

«Ավետարանչի գործն արա և ամբողջովին կատարիր քո ծառայությունը» (2 ՏԻՄՈԹ. 4։5

1. Ինչո՞ւ Եհովան կարող է կոչվել առաջին և մեծագույն ավետարանիչը։

ԱՎԵՏԱՐԱՆԻՉԸ նա է, ով բարի լուր է հայտնում։ Եհովա Աստված առաջին և մեծագույն ավետարանիչն է։ Մեր նախածնողների ապստամբությունից անմիջապես հետո նա բարի լուր հայտնեց. օձը, այսինքն՝ Բանսարկու Սատանան, ոչնչացվելու է (Ծննդ. 3։15)։ Դարերի ընթացքում Եհովան իր հավատարիմ ծառաների միջոցով մանրամասներ է հաղորդել, թե ինչպես է իր անունը մաքրելու նախատինքից, ինչպես է վերացնելու Սատանայի հասցրած վնասը և թե մարդիկ ինչպես կարող են կրկին ունենալ այն հնարավորությունները, որ կորցրին Ադամն ու Եվան։

2. ա) Ի՞նչ դեր ունեն հրեշտակներն ավետարանելու գործում։ բ) Ավետարանելու հարցում ի՞նչ օրինակ թողեց Հիսուսը։

2 Հրեշտակները նույնպես ավետարանիչներ են։ Բացի բարի լուր հայտնելուց, նրանք նաև օգնում են ուրիշներին տարածելու այն (Ղուկ. 1։19; 2։10; Գործ. 8։26, 27, 35; Հայտն. 14։6)։ Միքայել հրեշտակապետը նույնպես ավետարանիչ է։ Երկրի վրա լինելով մարդ՝ նա, այսինքն՝ Հիսուս Քրիստոսը, լավ օրինակ թողեց ավետարանելու հարցում։ Նրա գլխավոր նպատակը բարի լուրը տարածելն էր (Ղուկ. 4։16–21

3. ա) Ի՞նչ է այն բարի լուրը, որ տարածում ենք։ բ) Ի՞նչ հարցեր են մեզ՝ ավետարանիչներիս, հետաքրքրում։

3 Հիսուսն իր աշակերտներին պատվիրեց լինել ավետարանիչներ (Մատթ. 28։19, 20; Գործ. 1։8)։ Պողոս առաքյալը իր ծառայակից Տիմոթեոսին հորդորեց. «Ավետարանչի գործն արա և ամբողջովին կատարիր քո ծառայությունը» (2 Տիմոթ. 4։5)։ Ի՞նչ է այն բարի լուրը, որը մենք՝ Հիսուսի հետևորդներս, տարածում ենք։ Այն ներառում է այն սրտառուչ ճշմարտությունը, որ մեր երկնային Հայրը սիրում է մեզ (Հովհ. 3։16; 1 Պետ. 5։7)։ Աստված իր սերը գլխավորապես արտահայտում է իր Թագավորության միջոցով։ Ուստի մենք ուրախությամբ պատմում ենք ուրիշներին, որ բոլոր նրանք, ովքեր կընդունեն այդ Թագավորության իշխանությունը, կհնազանդվեն Աստծուն և կանեն այն, ինչ արդար է, կարող են դառնալ նրա ընկերները (Սաղ. 15։1, 2)։ Եհովայի նպատակն է վերացնել ամեն տառապանք։ Նա  նաև վերացնելու է այն ցավը, որ զգում ենք անցյալի դառը հիշողություններից։ Իրոք, սա հրաշալի լուր է (Ես. 65։17)։ Քանի որ ավետարանիչներ ենք, քննենք երկու կարևոր հարց. ինչո՞ւ է խիստ կարևոր, որ այսօր մարդիկ լսեն բարի լուրը, և ինչպե՞ս կարող ենք ամբողջովին կատարել ավետարանչի գործը։

ԻՆՉՈ՞Ւ ՄԱՐԴԻԿ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՆ ԼՍԵԼՈՒ ԲԱՐԻ ԼՈՒՐԸ

Հմտորեն տրված հարցերի միջոցով օգնիր մարդկանց հասկանալու, թե ինչու են հավատում այս կամ այն բանին

4 Ի՞նչ կզգաս, եթե քեզ ասեն, որ հայրդ լքել է ձեր ընտանիքը։ Ասողները պնդում են, թե լավ գիտեն հորդ, և թե նա անտարբեր, մութ և դաժան անձնավորություն է։ Ոմանք նույնիսկ փորձում են համոզել քեզ, որ անիմաստ է փորձել վերականգնել կապը հորդ հետ, որովհետև նա մահացել է։ Այսօր շատերն են նման պատմություններ լսում Աստծու մասին. իբր Աստված առեղծված է, նրան հնարավոր չէ ճանաչել կամ որ նա դաժան է։ Օրինակ՝ որոշ կրոնական առաջնորդներ պնդում են, թե Աստված հավիտյան պատժելու է չար մարդկանց՝ տանջելով նրանց ինչ-որ վայրում։ Ուրիշները Աստծուն մեղադրում են բնական աղետների համար։ Թեև այս աղետների պատճառով մահանում են թե՛ բարի և թե՛ չար մարդիկ, նրանք ասում են, որ դա Աստծու պատիժն է։

Հարցերի միջոցով բացիր նրանց միտքն ու սիրտը, որ ընդունեն ճշմարտությունը

5, 6. Ինչպե՞ս են էվոլյուցիոն տեսությունը և ուրիշ կեղծ ուսմունքներ անդրադարձել մարդկանց վրա։

5 Ուրիշներն էլ պնդում են, թե Աստված չկա։ Օրինակ՝ էվոլյուցիոն տեսության կողմնակիցները հայտարարում են, թե կյանքը պատահականորեն է առաջացել, և ոչ մի Ստեղծիչ էլ չկա։ Ոմանք նույնիսկ ասում են, որ մարդը պարզապես կենդանու մի տեսակ է, հետևաբար չպետք է զարմանալ, երբ նա իրեն կենդանու պես է պահում։ Ըստ նրանց՝ ուժեղները, որոնք դաժանորեն իշխում են թույլերի վրա, պարզապես հետևում են, այսպես կոչված, բնության օրենքներին։ Ուստի զարմանալի չէ, որ, շատերի կարծիքով, անարդարություն միշտ էլ կլինի։ Հետևաբար էվոլյուցիային հավատացողները ապագայի որևէ հույս չունեն։

6 Անկասկած, էվոլյուցիոն տեսությունը և ուրիշ կեղծ ուսմունքներ ավելացնում են մարդկանց տառապանքը այս վերջին օրերում (Հռոմ. 1։28–31; 2 Տիմոթ. 3։1–5)։ Մարդու կողմից հնարված այդ ուսմունքները որևէ իրական բարի լուր չեն բերել։ Փոխարենը, ինչպես ասում է Պողոս առաքյալը, դրանք «մտավոր առումով խավարի մեջ են» պահում մարդկանց և «օտարացած են այն կյանքից, որն Աստծուց է» (Եփես. 4։17–19)։ Էվոլյուցիոն տեսությունը և կեղծ ուսմունքները խանգարում են մարդկանց ընդունելու Աստծուց եկող բարի լուրը (կարդա՛ Եփեսացիներ 2։11–13

Հարցերի միջոցով օգնիր նրանց տրամաբանելու Աստվածաշնչի շուրջ, այնպես որ ճիշտ եզրահանգումներ անեն

7, 8. Ո՞րն է այն միակ միջոցը, որով մարդիկ կարող են լիովին հասկանալ բարի լուրը։

7 Աստծու հետ հաշտվելու համար մարդիկ պետք է նախ համոզվեն, որ նա գոյություն ունի, և որ արժե մտերմանալ նրա հետ։ Մենք կարող ենք օգնել նրանց գիտելիքներ ձեռք բերելու Աստծու մասին՝ հորդորելով ուսումնասիրել արարչագործությունը։ Երբ մարդիկ ստեղծագործությունը ուսումնասիրում են անաչառ կերպով, նրանք տեսնում են, թե որքան իմաստուն և հզոր է Աստված (Հռոմ. 1։19, 20)։ «Ինչպե՞ս է կյանքն առաջացել» և «Կյանքի ծագումը. հինգ հարց, որ արժե քննել» գրքույկների միջոցով կարող ենք օգնել մարդկանց մտածելու այն ամենի մասին, ինչ Աստված արել է, և ակնածանքով լցվելու։ Բայց միայն ստեղծագործությունից սովորելով՝ նրանք չեն կարող գտնել կյանքի ամենաբարդ հարցերից մի քանիսի պատասխանները, օրինակ՝ «ինչո՞ւ է Աստված թույլատրում տառապանքի գոյությունը», «ո՞րն է Աստծու նպատակը երկրի առնչությամբ», «Աստված հոգ տանո՞ւմ է անձամբ իմ մասին»։

8 Միակ միջոցը, որով մարդիկ կարող են լիովին հասկանալ Աստծու և նրա նպատակի մասին բարի լուրը, Աստվածաշունչը ուսումնասիրելն է, և, ինչ խոսք, մեզ համար մեծ պատիվ է օգնել նրանց այդ հարցում։  Մարդու սրտին հասնելու համար հարկավոր է ավելին անել, քան միայն նրան փաստերին ծանոթացնելը. անհրաժեշտ է օգնել, որ նա համոզվի իր սովորած բաներում (2 Տիմոթ. 3։14)։ Մենք կարող ենք ավելի համոզիչ խոսել, եթե հետևենք Հիսուսի օրինակին։ Ծառայության մեջ Քրիստոսի հաջողության պատճառներից մեկն այն էր, որ նա հմուտ էր հարցեր գործածելու մեջ։ Ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել նրան։

ՀՄՈՒՏ ԱՎԵՏԱՐԱՆԻՉՆԵՐԸ ՄՏԱԾՎԱԾ ՀԱՐՑԵՐ ԵՆ ՏԱԼԻՍ

9. Ի՞նչ պետք է անենք, եթե ուզում ենք հոգևորապես օգնել մարդկանց։

9 Ինչո՞ւ է կարևոր, Հիսուսի պես, հարցեր գործածել ծառայության ժամանակ։ Պատկերացրու՝ բժիշկը հավաստիացնում է, որ կարող է բուժել քեզ, եթե համաձայնվես բարդ վիրահատության։ Բայց նա քո առողջական վիճակի մասին որևէ հարց չի տվել քեզ։ Կվստահե՞ս նրան։ Դժվար թե։ Անկախ այն բանից, թե որքան հմուտ է բժիշկը, նա պետք է հարցեր տա, լսի գանգատներդ և նոր օգնություն առաջարկի։ Նմանապես եթե ուզում ենք օգնել մարդկանց ընդունելու Թագավորության բարի լուրը, պետք է տիրապետենք հարցեր տալու արվեստին։ Մենք կկարողանանք օգնել նրանց միայն այն բանից հետո, երբ հստակ պատկերացնենք նրանց հոգևոր վիճակը։

Մարդու սրտին հասնելու համար հարկավոր է օգնել նրան, որ համոզվի իր սովորած բաներում

10, 11. Ի՞նչ արդյունքների կարող ենք հասնել՝ ուսուցանելու հարցում ընդօրինակելով Հիսուսին։

10 Հիսուսը գիտեր, որ ուսուցիչը, մտածված հարցեր տալով, կարող է ոչ միայն ավելի լավ ճանաչել աշակերտին, այլև նրան ներգրավվել քննարկման մեջ։ Օրինակ՝ երբ նա ցանկացավ նրանց խոնարհություն սովորեցնել, այնպիսի հարց տվեց, որը մղեց նրանց մտածելու (Մարկ. 9։33)։ Իսկ որպեսզի Պետրոսին սովորեցներ սկզբունքներով մտածել, նա նրան տվեց այնպիսի հարց, որը պատասխանի ընտրության հնարավորություն էր տալիս (Մատթ. 17։24–26)։ Մեկ ուրիշ անգամ, ցանկանալով իմանալ, թե ինչ կա աշակերտների սրտում, Քրիստոսը տվեց տեսակետ բացահայտող հարցեր (կարդա՛ Մատթեոս 16։13–17)։ Հարցեր տալով և իր ասելիքն ամփոփելով՝ Հիսուսն ավելին էր անում, քան միայն ասելը, թե ինչ է հարկավոր անել։ Հիսուսը հասնում էր մարդկանց սրտին և մղում էր նրանց վարվելու բարի լուրին ներդաշնակ։

11 Եթե, ընդօրինակելով Հիսուսին, մտածված հարցեր տանք, ապա կհասնենք առնվազն երեք բանի. կիմանանք, թե ինչպես լավագույն ձևով օգնենք մարդկանց, կհաղթահարենք առարկությունը և կօգնենք խոնարհ մարդկանց հոգևոր ամուր արմատներ ունենալու։ Քննենք երեք օրինակ և տեսնենք, թե ինչպես կարող ենք հմտորեն հարցեր գործածել։

12-14. Ինչպե՞ս կարող ես դեռահաս երեխայիդ օգնել իրեն ավելի վստահ զգալու իր հավատի մասին խոսելիս։ Բեր օրինակ։

12 Օրինակ 1։ Ի՞նչ կարող ես անել, եթե դեռահաս երեխադ քեզ ասում է, որ դժվարանում է արարչագործության հանդեպ իր հավատը պաշտպանել համադասարանցու առաջ։ Անկասկած, կցանկանաս օգնել նրան, որ վստահորեն պատմի բարի լուրը։ Ուստի ոչ թե քննադատիր կամ անմիջապես խորհուրդ տուր, այլ, ընդօրինակելով Հիսուսին, տուր տեսակետ բացահայտող հարցեր։ Ինչպե՞ս կարող ես դա անել։

13 «Կյանքի ծագումը. հինգ հարց, որ արժե քննել» գրքույկից որոշ հատվածներ ընթերցիր երեխայիդ հետ, այնուհետև հարցրու, թե, ըստ նրա, որ մտքերը կարող են ամենից շատ հետաքրքրական լինել։ Օգնիր հասկանալու, թե անձամբ ինքը ինչու է հավատում Արարչին և ինչու է ուզում անել նրա կամքը (Հռոմ. 12։2)։ Երեխադ պետք է  իմանա, որ անպայման չէ, որ Աստծուն հավատալու իր պատճառները համընկնեն քո պատճառներին։

14 Բացատրիր երեխայիդ, որ նման ձևով կարող է խոսել համադասարանցու հետ։ Այսինքն՝ երեխադ կարող է արարչության մասին մի քանի փաստ ներկայացնել, հետո տալ եզրահանգումների տանող կամ տեսակետ բացահայտող հարցեր։ Օրինակ՝ նա համադասարանցուն կարող է խնդրել կարդալ «Կյանքի ծագումը» գրքույկի 21-րդ էջի շրջանակը։ Հետո կարող է հարցնել. «Ի՞նչ ես կարծում, իսկապե՞ս մեր համակարգչային դարում ոչ մի բան չի կարող համեմատվել ԴՆԹ-ի տվյալների պահպանման գերհզոր համակարգի հետ»։ Դասարանցին հավանաբար կպատասխանի՝ այո։ Հետո երեխադ կարող է հարցնել. «Եթե գիտնականները չեն կարողանում ստեղծել նմանատիպ համակարգ, այդ դեպքում ինչպե՞ս է բանականություն չունեցող մատերիան այսպիսի բան առաջ բերել»։ Որպեսզի երեխադ իրեն ավելի վստահ զգա իր հավատի մասին խոսելիս, կարող ես պարբերաբար նրա հետ տարբեր իրավիճակներ փորձել։ Եթե երեխայիդ սովորեցնես մտածված հարցեր տալ, ապա կօգնես նրան ամբողջովին կատարելու ավետարանչի գործը։

15. Ինչպե՞ս կարող ենք հարցերի միջոցով օգնել աթեիստին։

15 Օրինակ 2։ Քարոզչական ծառայության ժամանակ մենք հանդիպում ենք այնպիսի մարդկանց, ովքեր կասկածում են Աստծու գոյությանը կամ ընդհանրապես չեն հավատում նրան։ Ենթադրենք՝ մարդն ասում է, որ աթեիստ է։ Նման առարկությունը ինքնին չի նշանակում, որ պետք է դադարեցնենք խոսակցությունը։ Մենք կարող ենք հարգալից հարցնել, թե որքան ժամանակ է նա աթեիստ, և թե ինչ պատճառով է մերժում Աստծու գոյությունը։ Ուշադիր լսիր և գովիր, որ այդ հարցին լուրջ ուշադրություն է դարձնում։ Այնուհետև հարցրու, թե ըստ նրա՝ սխալ է արդյոք կարդալ այնպիսի գրքույկ, որը փաստեր է ներկայացնում այն մասին, որ կյանքը պատահականորեն չի առաջացել։ Եթե դիմացինը  անաչառ մարդ է, ապա, հավանաբար, կասի, որ անխոհեմ կլինի հրաժարվել այդ փաստերին ծանոթանալուց։ Կարող ենք առաջարկել «Ինչպե՞ս է կյանքն առաջացել» կամ «Կյանքի ծագումը. հինգ հարց, որ արժե քննել» գրքույկները։ Նրբանկատ և սիրալիր կերպով տրված հարցերը բանալու պես են և կարող են անհատի սիրտը բացել բարի լուրի առաջ։

16. Ինչո՞ւ լավ կլինի, որ ուսումնասիրողը հարցերի պատասխանները չկարդա ուսումնասիրության ձեռնարկից։

16 Օրինակ 3։ Երբ Աստվածաշունչ ենք ուսուցանում և բավարարվում ենք նրանով, որ ուսումնասիրողը պարզապես կարդում է պարբերությունների պատասխանները, ապա դրանով, հավանաբար, կասեցնում ենք նրա հոգևոր աճը։ Նա, ըստ ամենայնի, հոգևոր խոր արմատներ չի գցի, որովհետև չի խորհրդածում նյութի շուրջ։ Նա նման կլինի խոր արմատներ չունեցող բույսի. ինչպես որ այդ բույսը կչորանա արևի ճառագայթների տակ, այնպես էլ ուսումնասիրողը, ըստ ամենայնի, չի դիմանա հալածանքին (Մատթ. 13։20, 21)։ Որպեսզի նման բան տեղի չունենա, լավ կլինի նրան հարցնել, թե ինչ է կարծում իր սովորածի մասին։ Փորձիր հասկանալ, թե արդյոք համաձայն է նշված մտքերին, իսկ որ ավելի կարևոր է, հարցրու, թե ինչու է համաձայն կամ ինչու համաձայն չէ։ Հետո օգնիր տրամաբանելու սուրբգրային համարների շուրջ, այնպես որ ճիշտ եզրահանգումներ անի (Եբր. 5։14)։ Եթե հարցերը հմտորեն տանք, հավանականությունը կմեծանա, որ ուսումնասիրողն ամուր արմատներ գցի հավատի մեջ և դիմադրի նրանց, ովքեր կհակառակվեն իրեն կամ կփորձեն մոլորեցնել (Կող. 2։6–8)։ Ուրիշ ի՞նչ կարող ենք անել, որպեսզի ամբողջովին կատարենք ավետարանչի գործը։

ՀՄՈՒՏ ԱՎԵՏԱՐԱՆԻՉՆԵՐԸ ԱՋԱԿՑՈՒՄ ԵՆ ԻՐԱՐ

17, 18. Ծառայության ժամանակ ինչպե՞ս կարող ենք համագործակցության ոգի դրսևորել։

17 Հիսուսն իր աշակերտներին երկու-երկու էր ուղարկում քարոզելու (Մարկ. 6։7; Ղուկ. 10։1)։ Հետագայում Պողոս առաքյալը հիշատակեց իր այն «համագործակիցների» մասին, ովքեր «բարի լուրի համար կողք կողքի պայքարեցին [իր] հետ» (Փիլիպ. 4։3)։ Այս սուրբգրային նախադեպին համահունչ՝ 1953թ.-ին գործողության մեջ դրվեց մի ծրագիր, ըստ որի՝ քարոզիչները միմյանց օգնելու էին հմտանալու քարոզչական գործում։

18 Ինչպե՞ս կարող ենք համագործակցության ոգի դրսևորել ծառայության ժամանակ (կարդա՛ 1 Կորնթացիներ 3։6–9)։ Քո Աստվածաշնչով հետևիր այն համարներին, որ ընթերցում է ծառայակիցդ։ Երբ բնակիչը կամ ծառայակիցդ խոսում է, նայիր նրան և ուշադիր լսիր։ Հետևիր զրույցի ընթացքին, որպեսզի անհրաժեշտության դեպքում օգնես ծառայակցիդ, օրինակ՝ առարկության դեպքում (Ժող. 4։12)։ Բայց զգույշ եղիր, որ անտեղի չընդհատես նրան, երբ նա լավ վկայություն է տալիս բնակչին։ Հակառակ դեպքում՝ գուցե թևաթափ անես ծառայակցիդ կամ էլ շփոթեցնես բնակչին։ Ինչ խոսք, սխալ չէ մեկ կամ երկու միտք հայտնելը, բայց լավ կլինի՝ կարճ խոսես և թույլ տաս, որ ծառայակիցդ շարունակի զրույցը։

19. Ի՞նչը լավ կլինի, որ հիշենք և ինչո՞ւ։

19 Իսկ ինչպե՞ս կարող ենք աջակցել իրար, երբ քայլում ենք մի տնից մյուսը։ Այդ ընթացքում կարող ենք քննարկել, թե ինչպես բարելավենք մեր մատուցումները։ Զգույշ եղիր, որ բացասաբար չարտահայտվես քո քարոզչական տարածքում ապրող մարդկանց մասին, ինչպես նաև չգանգատվես հավատակիցներից (Առակ. 18։24)։ Լավ կլինի՝ հիշենք, որ բոլորս էլ կավե անոթներ ենք, և Եհովան անզուգական բարություն է ցուցաբերել մեր հանդեպ՝ մեզ գանձ վստահելով՝ բարի լուրի քարոզչությունը (կարդա՛ 2 Կորնթացիներ 4։1, 7)։ Ուստի եկեք ցույց տանք մեր գնահատանքը այդ գանձի հանդեպ՝ ամբողջովին կատարելով ավետարանչի գործը։