Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Թող Եհովայի խրատը ձևավորի քեզ

Թող Եհովայի խրատը ձևավորի քեզ

«Քո խորհրդով դու կառաջնորդես ինձ և հետո ինձ փառքի կարժանացնես» (ՍԱՂ. 73։24

1, 2. ա) Ի՞նչն է շատ կարևոր Եհովայի հետ մտերիմ լինելու համար։ բ) Ի՞նչ օգուտներ կստանանք, եթե ուսումնասիրենք պատմություններն այն մասին, թե ինչպես են մարդիկ արձագանքել Եհովայի խրատին։

«ԻՆՁ համար բարի է Աստծուն մոտենալը։ Գերիշխան Տեր Եհովային իմ ապավենն եմ դարձրել» (Սաղ. 73։28)։ Այս խոսքերում արտահայտված է սաղմոսերգուի վստահությունը Եհովայի հանդեպ։ Ի՞նչը մղեց նրան այս խոսքերն ասելու։ Տեսնելով ամբարիշտների խաղաղությունը՝ սաղմոսերգուն դառնացել էր։ Նա գրեց. «Իմ սիրտը զուր տեղն եմ մաքրում և ձեռքերս անմեղությամբ լվանում» (Սաղ. 73։2, 3, 13, 21)։ «Աստծու վեհապանծ սրբարանը» գալը, սակայն, օգնեց նրան շտկելու իր մտածելակերպը և պահպանելու մտերմությունը Նրա հետ (Սաղ. 73։16–18)։ Այս աստվածավախ մարդը մի շատ կարևոր բան սովորեց. Աստծու ժողովրդի մեջ լինելը, խորհուրդ ընդունելը և կիրառելը շատ կարևոր են Աստծու հետ մտերիմ լինելու համար (Սաղ. 73։24

2 Մենք նույնպես ուզում ենք մտերիմ լինել ճշմարիտ և կենդանի Աստծու հետ ու լինել նրան հաճելի մարդ։ Դրա համար շատ կարևոր է թույլ տալ, որ նրա խորհուրդը և խրատը ձևավորեն մեզ։ Ողորմած Աստվածը հին ժամանակներում առանձին մարդկանց և ազգերի խրատել է։ Այն մասին, թե ինչպես նրանք արձագանքեցին, գրված է Աստվածաշնչում՝ «մեր ուսուցման» և «մեզ զգուշացում լինելու համար, որ ապրում ենք այս ժամանակների վերջում» (Հռոմ. 15։4; 1 Կորնթ. 10։11)։ Այդ պատմությունները մանրամասնորեն ուսումնասիրելով՝ մենք ավելի լավ կճանաչենք Եհովային և կտեսնենք, թե ինչ օգուտներ ենք ստանում, երբ նա մեզ ձևավորում է։

 ԻՆՉՊԵՍ Է ԲՐՈՒՏԸ ԳՈՐԾԱԴՐՈՒՄ ԻՐ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ

3. Եսայիա 64։8-ում և Երեմիա 18։1–6-ում ինչպե՞ս է ցույց տրվում Եհովայի իշխանությունը մարդկանց նկատմամբ (տե՛ս 24-րդ էջի նկարը)։

3 Եհովան իշխանություն ունի ազգերի և առանձին մարդկանց վրա։ Աստվածաշնչում նա նմանեցվում է բրուտի. «Ո՛վ Եհովա, դու մեր Հայրն ես։ Մենք կավ ենք, իսկ դու մեր Բրուտն ես, մենք բոլորս քո ձեռքի գործն ենք» (Ես. 64։8)։ Բրուտը լիակատար իշխանություն ունի կավի վրա և կարող է նրան տալ իր ուզած ձևը։ Կավը չի կարող բրուտին ասել, թե նա իրեն ինչ ձև տա։ Նույնը կարելի է ասել մարդու և Աստծու մասին. մարդը չի կարող վիճել Աստծու հետ, ճիշտ ինչպես կավը չի կարող վիճել բրուտի հետ, որն իր ձեռքերով կավին ձև է տալիս (կարդա՛ Երեմիա 18։1–6

4. Աստված քմահաճորե՞ն է ձևավորում մարդկանց կամ ազգերին։ Բացատրիր։

4 Եհովան հին Իսրայելին ձևավորում էր այնպես, ինչպես բրուտը՝ կավին։ Բայց Եհովայի ու բրուտի միջև զգալի տարբերություն կա։ Բրուտը կավի զանգվածից կարող է պատրաստել այն, ինչ ցանկանա։ Բայց արդյո՞ք Մեծ Բրուտը կամայականորեն է վարվում՝ որոշ մարդկանց ու ազգերի դարձնելով լավը, մյուսներին՝ վատը։ Աստվածաշնչի պատասխանն է՝ ո՛չ։ Եհովան մարդկանց տվել է մի շատ թանկ նվեր՝ ազատ կամք։ Նա իր իշխանությունն այնպես չի բանեցնում, որ իր տված նվերը մարդիկ չկարողանան օգտագործել։ Մարդիկ իրենք են ընտրում՝ ձևավորվել Արարչի կողմից, թե ոչ (կարդա՛ Երեմիա 18։7–10

5. Ինչպե՞ս է Եհովան բանեցնում իր իշխանությունը, երբ մարդը համառում է և չի ուզում, որ Մեծ Բրուտն իրեն ձևավորի։

5 Ի՞նչ է լինում, երբ ինչ-որ մեկը համառում է և չի ուզում, որ Մեծ Բրուտն իրեն ձևավորի։ Ինչպե՞ս է Աստված այդ դեպքում բանեցնում իր իշխանությունը։ Բրուտը, երբ չի կարողանում իր ձեռքի տակ եղած կավից պատրաստել իր ուզած անոթը, կարող է փորձել այդ կավից ուրիշ անոթ պատրաստել կամ կարող է պարզապես դեն նետել այն։ Սովորաբար բրուտն է մեղավոր, երբ իր ուզած անոթը չի ստացվում։ Բայց դա այդպես չէ Եհովայի՝ Մեծ Բրուտի պարագայում (2 Օրենք 32։4)։ Եթե մարդը չի ուզում ձևավորվել Մեծ Բրուտի կողմից, ապա խնդիրը նրա մեջ է, ոչ թե Մեծ Բրուտի։ Այն, թե ինչպես Եհովան կձևավորի մարդուն, կախված է այդ մարդուց։ Ովքեր հնազանդվում են Մեծ Բրուտի ձեռքերին, նրանք դառնում են պիտանի անոթ։ Օրինակ՝ օծյալ քրիստոնյաները «ողորմության անոթներ են», որոնք դարձել են «անոթ.... պատվավոր գործածության համար»։ Իսկ նրանք, ովքեր համառորեն ընդդիմանում են Բրուտին, վերջիվերջո դառնում են «բարկության անոթներ, որոնք կործանման համար [են] պատրաստված» (Հռոմ. 9։ 19–23

6, 7. Ինչպե՞ս արձագանքեցին Դավիթն ու Սավուղը Եհովայի խրատին։

 6 Եհովան մեզ ձևավորում է, օրինակ, խորհուրդների ու խրատների միջոցով։ Իսրայելի թագավորներ Սավուղի և Դավթի օրինակով տեսնենք, թե ինչպես է Մեծ Բրուտը գործում։ Դավթի՝ Բերսաբեի հետ գործած մեղքը վատ անդրադարձավ իր և ուրիշների վրա։ Եհովան չվարանեց Դավթին խիստ խրատ տալուց, չնայած որ վերջինս թագավոր էր, և նրա մոտ ուղարկեց Նաթան մարգարեին (2 Սամ. 12։1–12)։ Ինչպե՞ս արձագանքեց Դավիթը։ Նա խորապես զղջաց, ուստի ողորմած Աստվածը ներեց նրան (կարդա՛ 2 Սամուել 12։13

 7 Ի տարբերություն Դավթի՝ Սավուղ թագավորը լավ չարձագանքեց խրատին։ Եհովան Սավուղին հստակ առաջնորդություն էր տվել Սամուել մարգարեի միջոցով. կործանման մատնել բոլոր ամաղեկացիներին և նրանց բոլոր անասուններին։ Սավուղը չենթարկվեց Եհովային։ Նա խնայեց Ագագ թագավորին և լավագույն անասուններին։ Ինչո՞ւ։  Պատճառներից մեկն այն էր, որ նա ցանկանում էր փառքի արժանանալ (1 Սամ. 15։1–3, 7–9, 12)։ Սավուղը պետք է ընդուներ խրատը և թույլ տար, որ Մեծ Բրուտը ձևավորի իրեն։ Բայց նա չուզեց փոխվել։ Թագավորը արդարացրեց իր արարքը՝ ասելով, որ անասուններին կարող են զոհաբերել Եհովայի համար։ Բացի այդ, նա նվազեցրեց Սամուելի խրատի կարևորությունը։ Եհովան Սավուղին զրկեց թագավոր լինելուց, ու վերջինս այլևս երբեք չվերականգնեց փոխհարաբերությունները ճշմարիտ Աստծու հետ (կարդա՛ 1 Սամուել 15։13–15, 20–23

Սավուղը մեղմացրեց խրատի կարևորությունը և մերժեց այն։ Նա չուզեց, որ Եհովան ձևավորի իրեն (տե՛ս պարբերություն 7)

Դավիթը խորապես զղջաց և ընդունեց խրատը։ Նա թույլ տվեց, որ Աստված ձևավորի իրեն։ Իսկ դու թույլ տալի՞ս ես (տե՛ս պարբերություն 6)

ԱՍՏՎԱԾ ԿՈՂՄՆԱԿԱԼ ՉԷ

8. Ի՞նչ ենք սովորում այն բանից, թե ինչպես Իսրայել ազգը արձագանքեց Եհովայի խրատին։

8 Եհովան իր կողմից ձևավորվելու հնարավորություն է տալիս ոչ միայն առանձին անհատների, այլև ամբողջ ազգերի։ Մ.թ.ա. 1513թ.-ին իսրայելացիները, ազատվելով եգիպտական լծից, ուխտի մեջ մտան Աստծու հետ։ Իսրայելը նրա ընտրյալ ազգն էր և պատիվ ուներ ձևավորվելու նրա կողմից՝ կարծես Մեծ Բրուտի ճախարակի վրա։ Այնուամենայնիվ, ժողովուրդը շարունակ վատ բաներ էր անում Եհովայի աչքում, նույնիսկ երկրպագում էր հարևան ազգերի աստվածներին։ Եհովան անընդհատ մարգարեներ էր ուղարկում, որ խելքի բերի նրանց, բայց իսրայելացիները չէին լսում (Երեմ. 35։12–15)։ Իր համառ ընթացքի համար Իսրայելը արժանի էր խիստ պատժի։ Ոչնչացման ենթակա անոթի պես՝ հյուսիսային տասցեղ թագավորությունը կործանվեց ասորեստանցիների կողմից, իսկ հարավային երկցեղ թագավորությունը՝ բաբելոնացիների  կողմից։ Այստեղից շատ կարևոր բան ենք սովորում. Եհովայի՝ մեզ ձևավորելու համար տված խրատը օգուտ կտա միայն այն դեպքում, եթե ճիշտ արձագանքենք դրան։

9, 10. Ինչպե՞ս նինվեցիներն արձագանքեցին Աստծու նախազգուշացմանը։

9 Եհովան Ասորեստանի մայրաքաղաք Նինվեի բնակիչներին հնարավորություն տվեց արձագանքելու իր նախազգուշացմանը։ Նա Հովնան մարգարեին ասաց. «Վե՛ր կաց, գնա՛ Նինվե մեծ քաղաքը և հայտարարիր, որ նրա չար գործերն ինձ են հասել»։ Նինվեն դատապարտված էր կործանման (Հովն. 1։1, 2; 3։1–4

10 Բայց երբ Հովնանը ազդարարեց այդ մասին, «Նինվեի բնակիչները հավատ ընծայեցին Աստծուն, ծոմ հայտարարեցին և մեծից մինչև փոքրը քուրձ հագան»։ Նրանց թագավորը «վեր կացավ իր գահից, հանեց իր արքայական հանդերձը, քրձով ծածկվեց ու նստեց մոխրի մեջ»։ Նինվեցիները թույլ տվեցին, որ Եհովան ձևավորի իրենց, ու զղջացին, Եհովան էլ աղետ չբերեց նրանց վրա (Հովն. 3։5–10

11. Եհովայի ո՞ր հատկությունն է ընդգծվում իսրայելացիների և նինվեցիների հետ նրա վարվելակերպում։

11 Իսրայելը պատժվեց, թեև ընտրյալ ազգ էր։ Իսկ նինվեցիները ընտրյալ ազգ չէին, բայց փափուկ կավի պես եղան Եհովայի ձեռքերում, ուստի նա փոխեց իր դատապարտական վճիռը և ողորմեց նրանց։ Իսրայելացիների և նինվեցիների այս օրինակները վառ կերպով փաստում են, որ մեր Աստված Եհովան «կողմնապահությամբ չի վարվում» (2 Օրենք 10։17

ԵՀՈՎԱՆ ԽՈՀԵՄ Է ԵՎ ՃԿՈՒՆ

12, 13. ա) Ի՞նչ է անում Եհովան, երբ մարդիկ փոխում են իրենց ընթացքը։ բ) Այն, որ Եհովան «ափսոսաց» Սավուղի և նինվեցիների դեպքում, ի՞նչ է ասում նրա մասին։

12 Եհովան խոհեմ է ու ճկուն։ Դա երևում է այն բանից, որ նա, ելնելով մարդկանց արձագանքից, փոխում է նրանց հետ կապված իր որոշումը։ Օրինակ՝ Իսրայելի առաջին թագավորի մասին նա ասաց. «Ափսոսում եմ, որ Սավուղին թագավոր դրեցի, քանի որ նա դադարեց ինձ հետևելուց» (1 Սամ. 15։11)։ Իսկ երբ նինվեցիները զղջացին ու հետ դարձան իրենց չար ճանապարհից, «ճշմարիտ Աստված ափսոսաց, որ մտադրվել էր աղետ բերել նրանց վրա և չբերեց» (Հովն. 3։10

13 «Ափսոսալ» թարգմանված եբրայերեն բառը նշանակում է տրամադրվածության կամ մտադրության փոփոխություն։ Եհովայի տրամադրվածությունը Սավուղ թագավորի հանդեպ փոխվեց՝ նրան թագավոր նշանակելուց մինչև թագավորի պաշտոնից զրկելը։ Իհարկե, Աստված չէր սխալվել թագավորի ընտրության հարցում։ Նրա տրամադրվածության փոփոխության պատճառն այն էր, որ Սավուղը դարձել էր անհավատ ու անհնազանդ։ Ճշմարիտ Աստվածը ափսոսաց նաև նինվեցիների պարագայում, այսինքն՝ փոխեց իր սկզբնական մտադրությունը նրանց առնչությամբ։ Որքա՜ն մխիթարական է իմանալ, որ Եհովան՝ մեր Բրուտը, խոհեմ է և ճկուն, գթասիրտ է ու ողորմած, պատրաստ է փոխելու իր դատապարտական վճիռը, երբ մարդիկ թողնում են իրենց սխալ ընթացքը։

ՄԻ՛ ՄԵՐԺԻՐ ԵՀՈՎԱՅԻ ԽՐԱՏԸ

14. ա) Ի՞նչ միջոցներով է Եհովան ձևավորում մեզ։ բ) Ինչպե՞ս պետք է արձագանքենք Եհովայի խրատին։

14 Այսօր Եհովան ձևավորում է մեզ իր Խոսքի՝ Աստվածաշնչի, և կազմակերպության միջոցով (2 Տիմոթ. 3։16, 17)։ Չպե՞տք է ուրեմն ուրախությամբ ընդունենք ցանկացած խրատ, որ ստանում ենք այս միջոցներով։ Անկախ այն բանից, թե որքան ժամանակ է, ինչ մկրտվել ենք, և թե որքան առանձնաշնորհումներ ունենք, մենք պետք է շարունակենք արձագանքել Եհովայի խրատին՝ թույլ տալով, որ նա մեզ ձևավորի և դարձնի այնպիսի անոթ, որը պատվավոր գործածության համար է։

15, 16. ա) Ի՞նչ զգացումներ գուցե ունենանք, երբ զրկվում ենք առանձնաշնորհումից։ Բեր օրինակ։ բ) Ի՞նչը կօգնի մեզ հաղթահարելու բացասական զգացումները։

 15 Որոշ դեպքերում խրատը լինում է հորդորի կամ ուղղելու տեսքով։ Իսկ երբ քրիստոնյան լուրջ սխալ է անում, խրատը կարող է ավելի խիստ լինել. նման դեպքերում նա կարող է զրկվել առանձնաշնորհումից։ Քննենք Դենիսի * օրինակը, որը երեց էր ծառայում։ Մի գործարքի ժամանակ նա, անխոհեմ վարվելով, սխալ քայլ արեց, և եղբայրները նրան առանձին հանդիմանեցին։ Ի՞նչ զգաց Դենիսը, երբ ժողովում հայտարարվեց, որ նա այլևս չի ծառայելու երեց։ Նա ասում է. «Ինձ թվում էր՝ ես կատարյալ անհաջողակ եմ։ Անցած 30 տարիների ընթացքում շատ առանձնաշնորհումներ եմ ունեցել. եղել եմ ընդհանուր ռահվիրա, ծառայել եմ Բեթելում, նշանակվել եմ ծառայող օգնական, հետո՝ երեց։ Իսկ բոլորովին վերջերս առաջին անգամ ելույթ ներկայացրի մարզային համաժողովում։ Եվ հանկարծ ամեն ինչ կորցրի։ Բացի նրանից, որ ամաչում էի ու շփոթված էի, նաև մտածում էի, որ այլևս տեղ չունեմ կազմակերպության մեջ»։

16 Դենիսը պետք է փոխեր իր ընթացքը։ Ի՞նչը օգնեց նրան հաղթահարելու բացասական զգացումները։ Նա պատմում է. «Ես վճռեցի լավ հոգևոր գրաֆիկ ունենալ։ Ինձ շատ օգնեցին եղբայրներն ու քույրերը և մեր հրատարակությունները։ Դիտարանի 2009թ. օգոստոսի 15-ի համարում տպագրվեց մի հոդված («Կորցրե՞լ ես առանձնաշնորհումդ. կարո՞ղ ես կրկին ձգտել դրան»), որը կարծես Եհովայի կողմից ինձ ուղարկված նամակ լիներ. այն իմ աղոթքների պատասխանն էր։ Ինձ շատ օգնեց հետևյալ միտքը. «Կենտրոնացիր քո հոգևոր առողջության վրա, մանավանդ որ հիմա ավելի շատ ժամանակ ունես»»։ Դենիսը օգուտ քաղեց տրված խրատից և մի քանի տարի անց կրկին նշանակվեց ծառայող օգնական։

17. Ընկերակցությունից զրկվելը ինչպե՞ս կարող է նպաստել մեղավորի հոգևոր ապաքինմանը։ Բեր օրինակ։

17 Եհովան խրատում է նաև ընկերակցությունից զրկելու միջոցով։ Դա պաշտպանում է ժողովը վատ ազդեցությունից և նպաստում է մեղավորի հոգևոր ապաքինմանը (1 Կորնթ. 5։6, 7, 11)։ Ռոբերտը 16 տարի ընկերակցությունից զրկված է եղել։ Այդ ընթացքում նրա ծնողները և եղբայրները հաստատակամորեն ու հավատարմորեն պահում էին Աստծու Խոսքում տրված առաջնորդությունը այն մասին, որ չպետք է շփում ունենալ մեղավորների հետ և նույնիսկ բարև չտալ նրանց։ Արդեն մի քանի տարի է, ինչ Ռոբերտը վերականգնվել է և հոգևորապես առաջադիմում է։ Երբ նրան հարցրին, թե ինչը մղեց իրեն այդքան երկար ժամանակ հետո վերադառնալու Եհովայի և նրա ժողովրդի մոտ, նա ասաց՝ իր ընտանիքի բռնած դիրքը։ «Եթե ընտանիքս թեկուզ մի փոքր շփվեր ինձ հետ, օրինակ՝ այս կամ այն կերպ հարցներ ողջությունս, դա կբավարարեր ինձ, և, հավանաբար, մեջս ցանկություն չէր առաջանա վերադառնալու Աստծու մոտ»։

18. Ինչպիսի՞ կավ պետք է լինենք Մեծ Բրուտի ձեռքերում։

18 Ինչ խոսք, գուցե կարիք չլինի, որ մենք նման խրատ ստանանք։ Բայց ինչպիսի՞ կավ կլինենք Մեծ Բրուտի ձեռքերում։ Ինչպե՞ս կարձագանքենք նրա խրատին։ Սավուղի՞ պես, թե՞ Դավթի։ Մեծ Բրուտը մեր Հայրն է։ Երբեք մի՛ մոռացիր, որ «ում Եհովան սիրում է, նրան հանդիմանում է, ինչպես հայրն է հանդիմանում իր սիրելի որդուն»։ Ուստի Եհովայի խրատը «մի՛ մերժիր և նրա հանդիմանությունից մի՛ գարշիր» (Առակ. 3։11, 12

^ պարբ. 15 Անունները փոխված են։