Եհովայի հիշեցումները հուսալի են
«Եհովայի հիշեցումը հուսալի է, իմաստուն է դարձնում անփորձին» (ՍԱՂ. 19։7)։
1. Ի՞նչ թեմաներ ենք ժամանակ առ ժամանակ քննարկում և ի՞նչ օգուտներ ենք քաղում։
«ԴԻՏԱՐԱՆԻ» հերթական ուսումնասիրությանը պատրաստվելիս երբևէ մտածե՞լ ես՝ «այս թեման կարծես ծանոթ է»։ Եթե մի որոշ ժամանակ է, ինչ ժողովում ես, հավանաբար նկատել ես, որ որոշ թեմաներ ժամանակ առ ժամանակ կրկնվում են, օրինակ՝ Աստծու Թագավորություն, փրկանք, աշակերտներ պատրաստելու գործ, ինչպես նաև զանազան հատկություններ, օրինակ՝ սեր և հավատ։ Այս թեմաները մեր հոգևոր սննդակարգի հիմնական բաղադրիչներից են։ Դրանք պարբերաբար քննելով՝ մենք հոգևորապես առողջ ենք մնում, մեր հավատը ամուր ենք պահում և «խոսքը ոչ միայն լսողներ [ենք լինում], այլև կատարողներ» (Հակ. 1։22)։
2. ա) Ինչի՞ հետ հաճախ կապ ունեն Աստծու հիշեցումները։ բ) Ինչո՞վ են Աստծու օրենքները տարբերվում մարդկային օրենքներից։
2 «Հիշեցում» թարգմանված եբրայերեն բառը հաճախ կապ ունի այն օրենքների, պատվիրանների և կանոնների հետ, որոնք Աստված տալիս է իր ժողովրդին։ Ի տարբերություն մարդկային օրենքների, որոնք հաճախ անհրաժեշտ է լինում ուղղել՝ Եհովայի օրենքները միշտ հուսալի են։ Ճիշտ է, նա որոշ օրենքներ տալիս է որոշակի ժամանակի կամ իրավիճակի համար, բայց դրանք երբեք չեն հնանում կամ դառնում թերի։ Սաղմոսերգուն ասաց. «Քո հիշեցումների արդարությունը հավիտենական է» (Սաղ. 119։144)։
3, 4. ա) Ի՞նչ կարող է մտնել Եհովայի հիշեցումների մեջ։ բ) Ի՞նչ օրհնություններ կստանային իսրայելացիները, եթե ուշադրություն դարձնեին Աստծու հիշեցումներին։
3 Հավանաբար նկատել ես, որ Եհովայի հիշեցումները երբեմն նախազգուշացումներ են։ Իսրայել ազգը կանոնավորաբար նախազգուշացումներ էր ստանում Աստծու մարգարեների միջոցով։ Օրինակ՝ երբ իսրայելացիները կանգնած էին Ավետյաց երկրի շեմին, Մովսեսը նախազգուշացրեց. «Զգույշ եղեք, որ չլինի թե ձեր սիրտը հրապուրվի, և շեղվեք ճանապարհից ու երկրպագեք ուրիշ աստվածների և խոնարհվեք նրանց առաջ, այլապես Եհովայի բարկությունը կբռնկվի ձեր դեմ» (2 Օրենք 11։16, 17)։ Աստվածաշնչում բազմաթիվ հիշեցումներ կան, որոնք Աստված տվել է իր ժողովրդին։
4 Եհովան իսրայելացիներին հիշեցնում էր, որ հարկավոր է վախենալ իրենից, լսել իր ձայնին և սրբացնել իր անունը (2 Օրենք 4։29–31; 5։28, 29)։ Եթե նրանք ուշադրություն դարձնեին այս հիշեցումներին, ապա շատ օրհնություններ կստանային (Ղևտ. 26։3–6; 2 Օրենք 28։1–4)։
ԻՆՉՊԵՍ ԻՍՐԱՅԵԼԸ ԱՐՁԱԳԱՆՔԵՑ ԱՍՏԾՈՒ ՀԻՇԵՑՈՒՄՆԵՐԻՆ
5. Ինչո՞ւ Աստված կռվեց հանուն Եզեկիա թագավորի։
5 Իսրայելի փոթորկալից պատմության ողջ ընթացքում Աստված պահել է իր խոստումը։ Օրինակ՝ երբ Ասորեստանի Սենեքերիմ թագավորը ներխուժեց Հուդա և սպառնաց տապալել Եզեկիա թագավորին, Եհովան օգնության հասավ իր ժողովրդին՝ հրեշտակ ուղարկելով։ Մի գիշերվա մեջ Աստծու հրեշտակը ոչնչացրեց Ասորեստանի բանակի «բոլոր խիզախ և ուժեղ ռազմիկներին», այնպես որ Սենեքերիմը՝ նվաստացած, ստիպված եղավ վերադառնալ հայրենիք (2 Տար. 32։21; 2 Թագ. 19։35)։ Ինչո՞ւ Աստված կռվեց հանուն Եզեկիա թագավորի։ Որովհետև Եզեկիան «Եհովային կառչած մնաց և չդադարեց նրան հետևելուց, պահեց [նրա] պատվիրանները» (2 Թագ. 18։1, 5, 6)։
6. Ինչպե՞ս Հովսիան ցույց տվեց իր վստահությունը Եհովայի հանդեպ։
6 Հովսիա թագավորը նույնպես հնազանդվեց Եհովայի պատվիրաններին։ Ութ տարեկանից՝ «Հովսիան.... արեց այն, ինչը ճիշտ էր Եհովայի աչքում.... և աջ կամ ձախ չխոտորվեց» (2 Տար. 34։1, 2)։ Նա Եհովայի հանդեպ իր վստահությունը ցույց տվեց՝ երկիրը մաքրելով կուռքերից և վերականգնելով ճշմարիտ երկրպագությունը։ Այդպես նա օրհնություններ բերեց ոչ միայն իրեն, այլև ողջ ազգին (կարդա՛ 2 Տարեգրություն 34։31–33)։
7. Երբ Իսրայելը անտեսում էր Եհովայի հիշեցումները, ի՞նչ հետևանքներ էր կրում։
7 Ցավոք, Աստծու ժողովուրդը միշտ չէր, որ լիովին ականջ էր դնում Նրա հիշեցումներին։ Դարեր շարունակ նրանք մե՛կ հնազանդ էին լինում նրան, մե՛կ՝ անհնազանդ։ Երբ նրանց հավատը թուլանում էր, նրանք, Պողոս առաքյալի խոսքերով ասած, «ուսմունքների ամեն քամուց այս ու այն կողմ էին քշվում» (Եփես. 4։13, 14)։ Երբ իսրայելացիները ականջ չէին դնում Եհովայի հիշեցումներին, դառը պտուղներ էին քաղում, ինչպես որ Աստված նրանց նախազգուշացրել էր (Ղևտ. 26։23–25; Երեմ. 5։23–25)։
8. Ի՞նչ զուգահեռ կարելի է տանել մեր ու իսրայելացիների միջև։
8 Ի՞նչ զուգահեռ կարելի է տանել մեր ու իսրայելացիների միջև։ Նրանց պես՝ մենք այսօր ստանում ենք խորհուրդ և խրատ (2 Պետ. 1։12)։ Ամեն անգամ, երբ կարդում ենք Աստծու Խոսքը, մենք հիշեցումներ ենք ստանում։ Ստեղծված լինելով ազատ կամքով՝ մենք կարող ենք որոշել կա՛մ հնազանդվել Եհովայի առաջնորդությանը կա՛մ անել այն, ինչ ուղիղ է թվում մեր աչքին (Առակ. 14։12)։ Քննենք մի քանի պատճառ, թե ինչու ճիշտ կլինի ականջ դնել Եհովայի հիշեցումներին, և ինչ օգուտներ կստանանք, եթե այդպես վարվենք։
ՀՆԱԶԱՆԴՎԻՐ ԱՍՏԾՈՒՆ ԵՎ ԱՊՐԻՐ
9. Երբ իսրայելացիները անապատում էին, ինչպե՞ս Եհովան վստահեցրեց, որ ինքը նրանց հետ է։
9 Երբ սկսվեցին իսրայելացիների 40-ամյա դեգերումները ահազդու անապատում, Եհովան նախապես մանրամասներ չէր հայտնել, թե ինչպես է առաջնորդելու, պաշտպանելու և հոգ տանելու նրանց։ Բայց նա միշտ ցույց էր տալիս, որ նրանք կարող են վստահել իրեն ու իր առաջնորդությանը։ Ցերեկը ամպի սյան և գիշերը կրակե սյան միջոցով Եհովան հիշեցնում էր իսրայելացիներին, որ ինքը նրանց հետ է այդ անհյուրընկալ վայրերում (2 Օրենք 1։19; Ելք 40։36–38)։ Աստված նաև տալիս էր նրանց այն ամենը, ինչի կարիքը որ ունեին։ «Ո՛չ նրանց հագուստը մաշվեց, ո՛չ էլ ոտքերը ուռան»։ Այո՛, «նրանք ոչ մի բանի պակասություն չզգացին» (Նեեմ. 9։19–21)։
10. Ինչպե՞ս է Եհովան այսօր առաջնորդում իր ժողովրդին։
10 Աստծու ծառաները այսօր կանգնած են արդար նոր աշխարհի շեմին։ Համոզվա՞ծ ենք, որ Եհովան կտա մեզ այն ամենը, ինչ անհրաժեշտ է «մեծ նեղությունից» վերապրելու համար (Մատթ. 24։21, 22; Սաղ. 119։40, 41)։ Եհովան այսօր իր ժողովրդին չի առաջնորդում դեպի նոր աշխարհ ամպի կամ կրակե սյան միջոցով։ Բայց նա իր կազմակերպության միջոցով օգնում է մեզ զգոն լինելու։ Օրինակ՝ այսօր ավելի շատ հորդորներ ենք ստանում Աստվածաշնչի ամենօրյա ընթերցանության, ընտանեկան երկրպագության, ինչպես նաև ժողովի հանդիպումներին և ծառայությանը կանոնավորաբար մասնակցելու միջոցով մեր հոգևոր վիճակը ամրացնելու մասին։ Փոփոխություններ արե՞լ ենք այս առաջնորդությանը հետևելու համար։ Այդպես վարվելը կօգնի մեզ զարգացնելու այնպիսի հավատ, որի շնորհիվ կենդանի կմնանք ու կմտնենք նոր աշխարհ։
11. Ինչպե՞ս է Աստված հոգ տանում մեր մասին։
11 Բացի նրանից, որ Եհովան օգնում է մեզ հոգևորապես արթուն մնալու, նա նաև առաջնորդություն է տալիս մեր ամենօրյա կյանքին վերաբերող հարցերում։ Օրինակ՝ մենք հորդոր ենք ստանում հավասարակշռված տեսակետ ունենալ նյութական բաների վերաբերյալ և մեր աչքը պարզ պահել, ինչը կնվազեցնի մեր անհանգստությունները։ Մենք նաև օգուտներ ենք ստանում հագուկապի, ժամանցի և լրացուցիչ կրթության վերաբերյալ առաջնորդությունից։ Չմոռանանք նաև այն հիշեցումները, որ ստանում ենք մեր տան, ավտոմեքենայի և Թագավորության սրահի անվտանգության, ինչպես նաև հնարավոր աղետներին պատրաստվելու վերաբերյալ։ Այս ամենը ցույց է տալիս, որ Աստված հոգ է տանում մեր մասին։
ՀԻՇԵՑՈՒՄՆԵՐՆ ՕԳՆԵՑԻՆ ԱՌԱՋԻՆ ԴԱՐԻ ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԻՆ ՀԱՎԱՏԱՐԻՄ ՄՆԱԼՈՒ
12. ա) Ինչի՞ մասին էր Հիսուսը հաճախ խոսում իր աշակերտների հետ։ բ) Ի՞նչը տպավորեց Պետրոսին, և ի՞նչ ենք սովորում դրանից։
12 Առաջին դարում Աստծու ծառաները կանոնավորաբար հիշեցումներ էին ստանում։ Հիսուսը հաճախ էր իր աշակերտների հետ խոսում խոնարհություն մշակելու անհրաժեշտության մասին։ Բայց նա ավելին էր անում, քան պարզապես ասում էր, թե ինչ է նշանակում խոնարհ լինել. Հիսուսը ցույց էր տալիս, թե ինչպես խոնարհ լինել։ Իր երկրային կյանքի վերջին օրը նա հավաքեց իր աշակերտներին՝ Պասեքը միասին տոնելու համար։ Մինչ աշակերտները ուտում էին, Հիսուսը վեր կացավ և լվաց նրանց ոտքերը, մի գործ, որը սովորաբար անում էին ծառաները (Հովհ. 13։1–17)։ Այս խոնարհ արարքը խորապես տպավորեց աշակերտներին։ Դրանից մոտ 30 տարի անց Պետրոս առաքյալը, որը ներկա էր եղել այդ ընթրիքին, հավատակիցներին խոնարհության մասին խորհուրդ տվեց (1 Պետ. 5։5)։ Հիսուսի օրինակը պետք է բոլորիս մղի խոնարհությամբ վարվելու իրար հետ (Փիլիպ. 2։5–8)։
13. Ո՞ր կարևոր հատկությունը զարգացնելու մասին Հիսուսը հիշեցրեց իր աշակերտներին։
13 Հիսուսը իր աշակերտների հետ հաճախ խոսում էր նաև ամուր հավատ ունենալու անհրաժեշտության մասին։ Աշակերտները, այն բանից հետո, երբ չկարողացան դևը հանել մի դիվահար տղայի միջից, Հիսուսին հարցրին. «Ինչո՞ւ մենք չկարողացանք նրան հանել»։ Հիսուսը պատասխանեց. «Ձեր թերահավատության պատճառով։ Ճշմարիտ ասում եմ ձեզ. եթե մանանեխի հատիկի չափ հավատ ունենաք.... անկարելի ոչինչ չի լինի ձեզ համար» (Մատթ. 17։14–20)։ Իր ծառայության ողջ ընթացքում Հիսուսը աշակերտներին սովորեցրեց, որ հավատը կարևոր հատկություն է (կարդա՛ Մատթեոս 21։18–22)։ Մենք մեր հավատը կարող ենք ամրացնել՝ ներկա լինելով բոլոր համաժողովներին և ժողովի հանդիպումներին։ Արդյոք ներկա՞ ենք լինում այս հավաքույթներին։ Դրանք ավելին են, քան պարզապես ուրախ միջոցառումներ. դրանք լավ առիթներ են փաստելու, որ վստահում ենք Եհովայի առաջնորդությանը։
14. Ինչո՞ւ է կարևոր զարգացնել այնպիսի սեր, ինչպիսին որ Քրիստոսն ուներ։
14 Քրիստոնեական Հունարեն Գրություններում շատ են միմյանց հանդեպ սեր դրսևորելու մասին հիշեցումները։ Հիսուսն ասաց, որ երկրորդ մեծագույն պատվիրանն է՝ «սիրի՛ր մերձավորիդ քո անձի պես» (Մատթ. 22։39)։ Նրա եղբայր Հակոբոսը սերը անվանեց «թագավորական օրենք» (Հակ. 2։8)։ Իսկ Հովհաննես առաքյալը գրեց. «Սիրելինե՛ր, ոչ թե նոր պատվիրան եմ գրում ձեզ, այլ հին պատվիրան, որը դուք սկզբից ունեիք.... Բայցևայնպես, մի նոր պատվիրան եմ գրում ձեզ» (1 Հովհ. 2։7, 8)։ Ի՞նչ նկատի ուներ Հովհաննեսը «հին պատվիրան» ասելով։ Նա խոսում էր սիրելու պատվիրանի մասին։ Դա «հին» էր այն իմաստով, որ Հիսուսը այն տվել էր «սկզբից»՝ տասնամյակներ առաջ։ Բայց «նոր» էր այն իմաստով, որ պահանջում էր անձնազոհ սեր դրսևորել, ինչի կարիքը աշակերտները կունենային նոր հանգամանքներում։ Մենք՝ Քրիստոսի հետևորդներս, ստանում ենք նախազգուշացումներ, որոնք օգնում են մեզ խուսափելու աշխարհին հատուկ եսասեր ոգուց, մի ոգի, որը կարող է քայքայել մերձավորի հանդեպ մեր սերը։ Ուրեմն չպե՞տք է արդյոք թանկ գնահատենք այդ հիշեցումները։
15. Ո՞րն էր Հիսուսի գլխավոր առաքելությունը երկրի վրա։
15 Հիսուսը մարդկանց հանդեպ անհատական ուշադրություն էր ցույց տալիս։ Նրա սիրառատ հոգատարությունը երևում է այն բանից, որ նա բուժում էր հիվանդներին և հարություն էր տալիս մահացածներին։ Այնուամենայնիվ, Քրիստոսի գլխավոր առաքելությունը մարդկանց ֆիզիկապես բուժելը չէր, այլ քարոզելն ու ուսուցանելն էր, ինչը հարատև օգուտներ էր բերելու մարդկանց։ Նրանք, ում Հիսուսը առաջին դարում բուժեց և հարություն տվեց, ի վերջո ծերացան ու մահացան, բայց նրանք, ովքեր դրականորեն արձագանքեցին նրա խոսքերին, կանգնեցին հավիտենական կյանքի ճանապարհին (Հովհ. 11։25, 26)։
16. Ի՞նչ չափերի է հասնում Թագավորության քարոզչության և աշակերտներ պատրաստելու գործը։
16 Հիսուսը իր աշակերտներին պատվիրեց. «Գնացեք և բոլոր ազգերի մեջ աշակերտներ պատրաստեք» (Մատթ. 28։19)։ Նրա աշակերտները շարունակեցին նրա սկսած գործը, և այսօր այն շատ ավելի մեծ մասշտաբով է կատարվում։ Յոթ միլիոնից ավելի Եհովայի վկաներ ավելի քան 230 երկրում եռանդորեն հռչակում են Աստծու Թագավորությունը և միլիոնավոր մարդկանց հետ կանոնավորաբար Աստվածաշնչի ուսումնասիրություն են անցկացնում։ Այս քարոզչական գործը վկայում է, որ ապրում ենք վերջին օրերում։
ՎՍՏԱՀԻՐ ԵՀՈՎԱՅԻՆ
17. Ի՞նչ խորհուրդ տվեցին Պողոս և Պետրոս առաքյալները։
17 Հստակ է, որ վաղ քրիստոնյաները հիշեցումների շնորհիվ ամուր պահեցին իրենց հավատը։ Պատկերացրու, թե որքան քաջալերվեց Տիմոթեոսը, երբ Պողոս առաքյալը, որ բանտարկված էր Հռոմում, նրան ասաց. «Շարունակիր.... ամուր բռնել առողջ խոսքերի օրինակը, որ լսեցիր ինձանից» (2 Տիմոթ. 1։13)։ Պետրոս առաքյալը, այն բանից հետո, երբ հավատակիցներին հորդորեց մշակել այնպիսի հատկություններ, ինչպիսիք են տոկունությունը, եղբայրասիրությունը և ինքնատիրապետումը, ասաց. «Մտադիր եմ միշտ հիշեցնել ձեզ այս ամենի մասին, թեև դուք գիտեք դրանք և ամուր հաստատված եք ճշմարտության մեջ» (2 Պետ. 1։5–8, 12)։
18. Ինչպե՞ս էին առաջին դարի քրիստոնյաները վերաբերվում հիշեցումներին։
18 Պողոսի և Պետրոսի նամակներում կային մտքեր, որոնք նման էին «այն խոսքեր[ին], որոնք նախապես ասվեցին սուրբ մարգարեների կողմից» (2 Պետ. 3։2)։ Վրդովվեցի՞ն առաջին դարի մեր եղբայրներն ու քույրերը՝ այդպիսի առաջնորդություն ստանալով։ Ո՛չ, որովհետև նրանք գիտեին, որ դա Աստծու սիրո դրսևորումն է, ինչը նպաստեց այն բանին, որ նրանք «շարունակե[ն] աճել մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի անզուգական բարության և նրա մասին գիտելիքների մեջ» (2 Պետ. 3։18)։
19, 20. Ինչո՞ւ պետք է վստահենք Եհովայի հիշեցումներին, և ինչո՞վ են դրանք օգտակար մեզ համար։
19 Այսօր մենք բազմաթիվ պատճառներ ունենք վստահելու Եհովայի հիշեցումներին, որոնք գրված են նրա անսխալական Խոսքում՝ Աստվածաշնչում (կարդա՛ Հեսու 23։14)։ Նրա էջերում կարող ենք կարդալ, թե հազարամյակներ շարունակ ինչպես է Աստված վերաբերվել անկատար մարդկանց։ Այդ պատմական արձանագրությունները մեր օգտի համար են (Հռոմ. 15։4; 1 Կորնթ. 10։11)։ Այսօր մենք տեսնում ենք, թե ինչպես են կատարվում աստվածաշնչային մարգարեությունները։ Դրանց կատարումը մեզ հիշեցնում է, որ այն, ինչ Եհովան ասում է, միշտ կատարվում է։ Օրինակ՝ մարգարեացվել էր, որ «վերջին օրերում» միլիոնավոր մարդիկ հորդելու են դեպի ճշմարիտ երկրպագությունը, ինչը և այսօր կատարվում է (Ես. 2։2, 3)։ Կատարվում է նաև այն մարգարեությունը, որ աշխարհի վիճակը վատանալու էր։ Բացի այդ, ինչպես նշվեց վերևում, այսօր ամբողջ աշխարհում կատարվող հսկայածավալ քարոզչությունը Հիսուսի խոսքերի ուղղակի կատարումն է (Մատթ. 24։14)։
20 Դարերի ընթացքում մեր Արարիչը հստակ ցույց է տվել, որ մենք կարող ենք իրեն վստահել։ Իսկ մենք ականջ դնո՞ւմ ենք նրա հիշեցումներին, հավատո՞ւմ ենք դրանց։ Ռոզելեն անունով մի քույր ասում է. «Երբ սկսեցի լիովին վստահել Եհովային, ավելի պարզ տեսա նրա սիրառատ հոգատարությունն ու հզոր աջակցությունը»։ Թող որ Եհովայի հիշեցումները օգտակար լինեն նաև մեզ համար։