Ինչպե՞ս կարող ենք «համբերությամբ սպասել»
«Ես համբերությամբ կսպասեմ» (ՄԻՔ. 7։7)։
1. Ինչո՞ւ գուցե անհամբեր դառնանք։
1914 ԹՎԱԿԱՆԻՆ հաստատվեց Մեսիական Թագավորությունը։ Երկնքում պատերազմ տեղի ունեցավ, և Հիսուսը Սատանային ու նրա դևերին գցեց երկրի մերձակայքը։ Սկսվեցին Բանսարկուի աշխարհի վերջին օրերը (կարդա՛ Հայտնություն 12։7–9)։ Սատանան գիտի, որ «քիչ ժամանակ ունի» (Հայտն. 12։12)։ Այդ «քիչ ժամանակը» արդեն տասնամյակներ է, ինչ շարունակվում է, և ոմանք գուցե մտածեն, թե վերջին օրերը երկարում են։ Իսկ դու կարողանո՞ւմ ես համբերությամբ սպասել այն օրվան, երբ Եհովան կվերացնի Սատանայի չար աշխարհը։
2. Ի՞նչ ենք քննարկելու այս հոդվածում։
2 Անհամբերությունը կարող է վտանգավոր լինել, որովհետև այդ հատկության պատճառով գուցե անմտածված քայլեր անենք։ Ինչպե՞ս կարող ենք համբերությամբ սպասել։ Այս հարցի պատասխանը կգտնենք հոդվածում՝ քննելով հետևյալ հարցերը. 1) ի՞նչ կարող ենք սովորել Միքիայից, 2) ո՞ր իրադարձությունները ցույց կտան, որ սպասելու ժամանակն ավարտված է, 3) ինչպե՞ս կարող ենք ցույց տալ մեր երախտագիտությունը Եհովայի համբերության համար։
Ի՞ՆՉ ԿԱՐՈՂ ԵՆՔ ՍՈՎՈՐԵԼ ՄԻՔԻԱՅԻՑ
3. Ինչի՞ էին նման իսրայելացիները Միքիայի օրերում։
3 Կարդա՛ Միքիա 7։2–6։ Միքիա մարգարեն տեսավ, որ իսրայելացիների հոգևոր վիճակը գնալով վատանում է։ Չար Աքազ թագավորի օրոք նրանց վիճակը ծայրահեղ վատացավ։ Մարգարեն անհավատարիմ իսրայելացիներին նմանեցրեց «փշի» և «փշոտ ցանկապատի»։ Ինչպես որ փշերն են վնասում այն մարդուն, ով ընկնում է դրանց վրա, այդպես էլ այդ իսրայելացիներն էին վնասում յուրաքանչյուր մարդու, ով գործ էր ունենում իրենց հետ։ Նրանք այն աստիճան էին բարոյապես ընկել, որ նույնիսկ ընտանեկան փոխհարաբերություններն էին փչանում։ Միքիան, հասկանալով, որ չի կարող որևէ բան փոխել, իր սիրտը թափեց Եհովայի առաջ, իսկ հետո համբերությամբ սպասեց, որ Եհովան գործի։ Մարգարեն համոզված էր, որ Եհովան իր որոշած ժամանակին կմիջամտի։
4. Ի՞նչ դժվարությունների ենք բախվում։
4 Միքիայի պես՝ մենք ապրում ենք եսասեր մարդկանց մեջ։ Շատերը «անշնորհակալ [են], անհավատարիմ, բնական կապվածություն չունեցող» (2 Տիմոթ. 3։2, 3)։ Մեզ համար դժվար է, երբ մեր աշխատակիցները, դասարանցիները և հարևանները եսասեր ոգի են դրսևորում։ Բայց Աստծու որոշ ծառաների դժվարությունները ավելի մեծ են։ Հիսուսն ասաց, որ իր հետևորդները հակառակության են բախվելու ընտանիքի անդամների կողմից։ Նկարագրելու համար այն, թե ինչ արձագանք է գտնելու իր հայտնած լուրը, նա ասաց խոսքեր, որոնք նման են Միքիա 7։6-ում գրվածին. «Եկել եմ բաժանելու տղային իր հորից, աղջկան իր մորից և հարսին իր սկեսրոջից։ Այո՛, մարդու թշնամիները իր տան անդամները կլինեն» (Մատթ. 10։35, 36)։ Իսկապես, շատ դժվար է դիմանալ, երբ ընտանիքի այն անդամները, ովքեր չեն ընդունում հավատդ, ծաղրում և հակառակվում են քեզ։ Եկեք չկոտրվենք, երբ ընտանիքի անդամները ճնշում են բանեցնում մեզ վրա։ Եկեք հավատարիմ մնանք Եհովային և համբերությամբ սպասենք, որ նա լուծի մեր խնդիրները։ Եթե շարունակ օգնություն խնդրենք Աստծուց, նա մեզ ուժ և իմաստություն կտա, և մենք կկարողանանք տոկալ։
5, 6. ա) Եհովան ինչպե՞ս պարգևատրեց Միքիային։ բ) Ի՞նչ չտեսավ մարգարեն։
5 Եհովան պարգևատրեց Միքիային համբերատարության համար։ Մարգարեն ականատես եղավ ամբարիշտ Աքազ թագավորի և նրա իշխանության վախճանին։ Նաև տեսավ, թե ինչպես Աքազի որդի Եզեկիան ժառանգեց գահը և վերականգնեց մաքուր երկրպագությունը։ Եհովան Միքիայի միջոցով դատաստանական խոսքեր էր ասել Սամարիայի դեմ, որոնք կատարվեցին, երբ ասորեստանցիները ներխուժեցին Իսրայելի հյուսիսային թագավորություն (Միք. 1։6)։
6 Բայց Միքիան չտեսավ այն բոլոր մարգարեությունների կատարումը, որ գրել էր Եհովայի ներշնչմամբ։ Նա, օրինակ, գրել էր. «Վերջին օրերում Եհովայի տան լեռը կհաստատվի լեռների գագաթներից վեր ու կբարձրանա բլուրներից վեր, և ժողովուրդները կհորդեն դեպի այն։ Շատ ազգեր կգնան ու կասեն. «Եկե՛ք, վե՛ր գնանք Եհովայի լեռը»» (Միք. 4։1, 2)։ Միքիան չտեսավ այս մարգարեության կատարումը. այն նրա մահից բավական ժամանակ հետո էր տեղի ունենալու։ Բայց նա վճռել էր մինչև մահ հավատարիմ մնալ Եհովային, անկախ նրանից, թե ինչպես էին վարվում ուրիշները։ Մարգարեն ասաց. «Բոլոր ժողովուրդներն իրենց աստծու անունով կքայլեն, բայց մենք մեր Աստված Եհովայի անունով կքայլենք դարեդար, հավիտյան» (Միք. 4։5)։ Միքիան կարողանում էր համբերատար կերպով սպասել ծանր ժամանակներում, որովհետև լիովին համոզված էր, որ Եհովան կատարելու է իր բոլոր խոստումները։ Հավատարիմ մարգարեն վստահեց Եհովային։
7, 8. ա) Եհովային վստահելու ի՞նչ պատճառ ունենք։ բ) Ինչպե՞ս կարող է ժամանակը մեզ համար արագ անցնել։
7 Իսկ մենք ունե՞նք նման վստահություն Եհովայի հանդեպ։ Անշուշտ, պատճառ ունենք դրա համար։ Մենք մեր աչքերով ենք տեսնում Միքիայի մարգարեության կատարումը։ «Վերջին օրերում» միլիոնավոր մարդիկ՝ բոլոր ազգերից, ցեղերից և լեզուներից, հորդում են դեպի «Եհովայի տան լեռը»։ Եհովայի այս միլիոնավոր երկրպագուներից ոմանք իրար թշնամի ազգերից են։ Չնայած դրան՝ նրանք «իրենց սրերից խոփեր են կոփել» և չեն ուզում «սովորել պատերազմել» (Միք. 4։3)։ Ի՜նչ մեծ առանձնաշնորհում է լինել Եհովայի խաղաղ ժողովրդի անդամներից մեկը։
8 Ինչ խոսք, մենք ուզում ենք, որ Եհովան այս չար աշխարհին շուտ վերջ տա։ Բայց որպեսզի համբերությամբ սպասենք, պետք է իրերին նայենք Եհովայի աչքերով։ Նա հաստատել է մեկ օր, երբ մարդկանց դատելու է «մի մարդու միջոցով, ում նա նշանակեց»՝ Հիսուս Քրիստոսի միջոցով (Գործ. 17։31)։ Բայց մինչ այդ Աստված ամեն տեսակ մարդկանց հնարավորություն է տալիս «ճշմարտության մասին ճշգրիտ գիտելիքներ» ստանալու, վարվելու այդ գիտելիքների համաձայն և փրկվելու։ Մարդկանց կյանքը, որը շատ թանկ է, վտանգի տակ է (կարդա՛ 1 Տիմոթեոս 2։3, 4)։ Եթե միշտ զբաղված լինենք նրանց օգնելով, որ գիտելիքներ ձեռք բերեն Աստծու մասին, ապա Եհովայի օրվա գալուն մնացած ժամանակը արագ կանցնի։ Շուտով սպասելու ժամանակը, գուցեև անսպասելի, կավարտվի։ Երբ դա տեղի ունենա, մենք շատ ուրախ կլինենք, որ զբաղված ենք եղել Թագավորության քարոզչության գործում։
Ո՞Ր ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՑՈՒՅՑ ԿՏԱՆ, ՈՐ ՍՊԱՍԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿՆ ԱՎԱՐՏՎԱԾ Է
9–11. Կատարվե՞լ է արդյոք 1 Թեսաղոնիկեցիներ 5։3-ում գրված մարգարեությունը։ Բացատրիր։
9 Կարդա՛ 1 Թեսաղոնիկեցիներ 5։1– 3։ Մոտ ապագայում ազգերը կազդարարեն «խաղաղություն և անվտանգություն»։ Որպեսզի չխաբվենք այս խոսքերից, պետք է «արթուն մնանք և պահպանենք մեր զգոնությունը» (1 Թեսաղ. 5։6)։ Համառոտ քննենք մի քանի բաներ, որոնք տեղի են ունենում այս ուշագրավ ազդարարությունից առաջ։ Դա կօգնի մեզ հոգևորապես արթուն մնալու։
10 Ե՛վ առաջին, և՛ երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ազգերը շատ էին ուզում, որ Երկիր մոլորակի վրա խաղաղություն լինի։ Առաջին աշխարհամարտից հետո ստեղծվեց Ազգերի լիգան այն հույսով, որ այդ կազմակերպությունը խաղաղություն կբերի աշխարհին։ Հետագայում՝ Երկրորդ աշխարհամարտից հետո, ստեղծվեց Միավորված ազգերի կազմակերպությունը (ՄԱԿ)։ Մարդիկ սկսեցին իրենց հույսը դնել նրա վրա՝ մտածելով, որ այն վերջապես խաղաղություն կհաստատի։ Պետական և կրոնական առաջնորդները մեծ հույսեր էին կապում ՄԱԿ-ի հետ։ ՄԱԿ-ը 1986 թվականը հռչակեց խաղաղության միջազգային տարի։ Այդ տարի տարբեր ազգերի բազմաթիվ քաղաքական և կրոնական առաջնորդներ հավաքվեցին Իտալիայի Ասիզի քաղաքում, որպեսզի կաթոլիկ եկեղեցու առաջնորդի հետ աղոթեն խաղաղության համար։
11 Սակայն 1986 թվականը խաղաղության տարի հռչակելը և նման այլ հայտարարություններ 1 Թեսաղոնիկեցիներ 5։3-ի կատարումը չեն եղել։ Ինչո՞ւ ենք այդպես ասում։ Որովհետև մարգարեացված «հանկարծահաս կործանումը» տեղի չի ունեցել։
12. Ի՞նչ գիտենք «խաղաղություն և անվտանգություն» ազդարարության մասին։
12 Ո՞վ է ապագայում «խաղաղություն և անվտանգություն» ազդարարելու։ Ի՞նչ դեր են խաղալու դրանում քրիստոնեական աշխարհի և այլ կրոնների առաջնորդները։ Ի՞նչ ներգրավվածություն են ունենալու պետությունների ղեկավարները։ Աստվածաշունչը չի պատասխանում այս հարցերին։ Բայց մենք մի բան հաստատ գիտենք. անկախ նրանից, թե ինչ ձևով այդ ազդարարությունը կարվի կամ որքան համոզիչ այն կհնչի, այդ խաղաղությունն ու անվտանգությունը միայն թվացյալ է լինելու։ Սատանան շարունակելու է ղեկավարել իր աշխարհը։ Այն ոտից գլուխ փտած է և շարունակելու է այդպիսին մնալ։ Որքա՜ն ցավալի կլինի, եթե մեզնից որևէ մեկը հավատա սատանայական այդ պրոպագանդային և չպահի քրիստոնեական չեզոքությունը։
13. Ինչո՞ւ են հրեշտակները պահում կործանման քամիները։
13 Կարդա՛ Հայտնություն 7։1–4։ Մինչ սպասում ենք 1 Թեսաղոնիկեցիներ 5։3-ի կատարմանը, հզոր հրեշտակները պահում են մեծ նեղության ավերիչ քամիները։ Ինչի՞ են նրանք սպասում։ Հովհաննես առաքյալը գրեց, որ «Աստծու ծառաների» վրա կնիք է դրվելու. հրեշտակները սպասում են, որ Աստծու օծյալ ծառաները ստանան իրենց վերջնական կնիքը *։ Դրանից հետո հրեշտակները բաց կթողնեն կործանման քամիները։ Ի՞նչ է տեղի ունենալու այդ ժամանակ։
14. Ի՞նչն է ցույց տալիս, որ Մեծ Բաբելոնի վերջը մոտ է։
14 Մեծ Բաբելոնը՝ կեղծ կրոնի համաշխարհային կայսրությունը, ստանալու է իր արժանի պատիժը. նա ոչնչացվելու է։ «Ժողովուրդները, բազմությունները, ազգերն ու լեզուները» չեն կարողանալու օգնել նրան։ Արդեն հիմա տեսնում ենք նշաններ, որ նրա վախճանը մոտ է (Հայտն. 16։12; 17։15–18; 18։7, 8, 21)։ Այսօր դա երևում է լրատվական հրապարակումներից, որտեղ կրոնն ու կրոնական առաջնորդները ավելի ու ավելի շատ են ենթարկվում քննադատության։ Չնայած այս ամենին՝ Մեծ Բաբելոնի առաջնորդները կարծում են, թե ոչ մի իրական վտանգ իրենց չի սպառնում։ Որքա՜ն են նրանք սխալվում։ «Խաղաղություն և անվտանգություն» ազդարարությունից հետո Սատանայի աշխարհի քաղաքական տարրերը հանկարծակի հարձակվելու են կեղծ կրոնի վրա և վերացնելու են այն։ Մեծ Բաբելոնին այլևս ոչ ոք չի տեսնի։ Անկասկած, արժե համբերությամբ սպասել այս անչափ կարևոր իրադարձություններին (Հայտն. 18։8, 10)։
ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՐՈՂ ԵՆՔ ՑՈՒՅՑ ՏԱԼ ՄԵՐ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ԱՍՏԾՈՒ ՀԱՄԲԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
15. Ինչո՞ւ է Եհովան համբերատար կերպով սպասում։
15 Մարդիկ մեծ նախատինք են բերում Եհովայի անվանը, բայց նա համբերատար կերպով սպասում է, մինչև գա իր գործելու ժամանակը։ Եհովան չի ուզում, որ ազնվասիրտ մարդիկ կործանվեն (2 Պետ. 3։9, 10)։ Մենք էլ չենք ուզում։ Ուստի մինչ Եհովայի օրը մոտենում է, եկեք ցույց տանք մեր երախտագիտությունը նրա համբերության համար։ Դա կարող ենք անել հետևյալ կերպերով։
16, 17. ա) Ինչո՞ւ պետք է ցանկանանք օգնել ոչ ակտիվներին։ բ) Ինչո՞ւ է հրատապ, որ ոչ ակտիվ քարոզիչները վերադառնան Եհովայի մոտ։
16 Օգնենք նրանց, ովքեր դարձել են ոչ ակտիվ։ Հիսուսն ասաց, որ երկնքում ուրախություն է լինում, երբ նույնիսկ մեկ կորած ոչխար է գտնվում (Մատթ. 18։14; Ղուկ. 15։3–7)։ Հստակ է, որ Եհովան մեծապես հոգ է տանում բոլոր նրանց մասին, ովքեր սիրում են իր անունը, նույնիսկ եթե նրանք այս պահին ակտիվ չեն ծառայության մեջ։ Երբ նման մարդկանց օգնում ենք վերադառնալու ժողով, ուրախացնում ենք Եհովային ու հրեշտակներին։
17 Հնարավոր է՝ այն քարոզիչներից ես, որոնք այժմ ակտիվ չեն ծառայության մեջ։ Գուցե ժողովի անդամներից մեկը նեղացրել է քեզ, և դու դադարել ես շփվել Եհովայի կազմակերպության հետ։ Գուցե արդեն մի որոշ ժամանակ է անցել։ Ինքդ քեզ հարցրու. «Հիմա ավելի՞ իմաստալից կյանքով եմ ապրում, ավելի՞ երջանիկ եմ։ Եհովա՞ն է ինձ նեղացրել, թե՞ անկատար մարդը։ Երբևէ եղե՞լ է, որ Եհովան որևէ բան անի ինձ վնասելու համար»։ Իրականում նա միշտ լավ բաներ է անում մեզ համար։ Եթե մենք նույնիսկ չենք ապրում մեր նվիրման համաձայն, նա թույլ է տալիս, որ վայելենք իր տված բարիքները (Հակ. 1։16, 17)։ Եհովայի օրը շուտով գալու է։ Հիմա է ժամանակը վերադառնալու մեր սիրառատ երկնային Հոր գիրկը, հիմա է ժամանակը վերադառնալու ժողով՝ միակ ապահով հանգրվանը այս վերջին օրերում (2 Օրենք 33։27; Եբր. 10։24, 25)։
18. Ինչո՞ւ պետք է աջակցենք առաջնորդություն տվող եղբայրներին։
18 Հավատարմորեն աջակցիր առաջնորդություն տվող եղբայրներին։ Եհովան՝ սիրառատ Հովիվը, առաջնորդում և պաշտպանում է մեզ։ Նա իր Որդուն նշանակել է հոտի Հովվապետ (1 Պետ. 5։4)։ 100000-ից ավելի ժողովներում երեցները հոգ են տանում Եհովայի յուրաքանչյուր գառան մասին (Գործ. 20։28)։ Երբ հավատարմորեն աջակցում ենք երեցներին, դրանով ցույց ենք տալիս մեր երախտագիտությունը Եհովայի և Հիսուսի հանդեպ այն ամենի համար, ինչ նրանք արել և անում են մեզ համար։
19. Ինչպե՞ս կարող ենք խտացնել մեր շարքերը։
19 Մոտ եղիր հավատակիցներիդ։ Երբ թշնամին հարձակվում է լավ պատրաստված զորքի վրա, զինվորները խտացնում են իրենց շարքերը, այսինքն՝ ավելի են մոտենում իրար։ Այդպես նրանք ստեղծում են անխոցելի պաշտպանություն։ Սատանան ուժգնացնում է իր հարձակումները Աստծու ժողովրդի վրա։ Մենք չպետք է կռվենք միմյանց դեմ մեր շարքերում։ Հիմա շատ կարևոր է, որ մոտ լինենք իրար, միմյանց թերությունները անտեսենք և Եհովայի իշխանության հանդեպ վստահություն դրսևորենք։
20. Ի՞նչ պետք է անենք այժմ։
20 Եկեք բոլորս հոգևորապես արթուն մնանք և համբերությամբ սպասենք «խաղաղություն և անվտանգություն» ազդարարությանը և օծյալների վերջնական կնքմանը։ Այս դեպքերից հետո չորս հրեշտակները բաց կթողնեն կործանման քամիները, և Մեծ Բաբելոնը կոչնչանա։ Մինչ սպասում ենք այս կարևոր դեպքերին, եկեք ընդունենք պատասխանատու եղբայրների առաջնորդությունը։ Եկեք խտացնենք մեր շարքերը, որպեսզի Սատանան և դևերը չկարողանան խոցել մեզ։ Հիմա շատ կարևոր է ականջ դնել սաղմոսերգուի հորդորին. «Քա՛ջ եղեք, և թող ձեր սրտերն ամրանան, դուք բոլորդ, որ Եհովային եք սպասում» (Սաղ. 31։24)։
^ պարբ. 13 Օծյալների նախնական և վերջնական կնքումների տարբերության մասին տե՛ս «Դիտարան», 2007, հունվարի 1, էջ 30, 31։