Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ովքե՞ր են յոթ հովիվները և ութ իշխաններն այսօր

Ովքե՞ր են յոթ հովիվները և ութ իշխաններն այսօր

«Նրա դեմ յոթ հովիվներ կհանենք, ութ իշխաններ՝ մարդկանց միջից» (ՄԻՔ. 5։5

1. Ասորա-իսրայելական միությունը ինչո՞ւ էր դատապարտված ձախողման։

Մ.Թ.Ա. 8-րդ դարում՝ ինչ-որ ժամանակ 762–759թթ. ընկած ժամանակահատվածում, Իսրայելի և Ասորիքի թագավորները պատերազմ հայտարարեցին Հուդայի թագավորությանը։ Նրանք մտադիր էին գրավելու Երուսաղեմը, գահընկեց անելու Աքազ թագավորին և նրա փոխարեն թագավոր դնելու մեկ ուրիշի, որը հնարավոր է՝ Դավթի սերնդից չլիներ (Ես. 7։5, 6)։ Բայց Իսրայելի թագավորը պետք է որ մի բան լավ իմանար. Եհովան խոստացել էր, որ Դավթի «գահը դարեդար հաստատ պիտի մնա», իսկ Աստծու խոսքը երբեք անկատար չի մնում (2 Սամ. 7։16; Հեսու 23։14

2–4. Բացատրիր, թե ինչպես է Եսայիա 7։14, 16-ը կատարվել՝ ա) մ.թ.ա. ութերորդ դարում, բ) առաջին դարում։

2 Սկզբում թվում էր՝ ասորա-իսրայելական միությունը հաղթելու է պատերազմը. ընդամենը մեկ ճակատամարտում Աքազը կորցրեց 120000 «քաջազուն ռազմիկ», իսկ նրա որդի Մաասիան սպանվեց (2 Տար. 28։6, 7)։ Բայց Եհովան չէր մոռացել Դավթին տված խոստումը, ուստի Եսայիա մարգարեի միջոցով մի անչափ քաջալերական լուր հայտնեց։

3 Եսայիան ասաց. «Ահա օրիորդը կհղիանա և մի որդի կծնի ու նրա անունը Էմմանուել կդնի.... Բայց նախքան տղան կհասկանա չարը մերժելն ու բարին ընտրելը, այն երկրները [Իսրայելն ու Ասորիքը], որոնց երկու թագավորների նկատմամբ դու հիվանդագին վախ ես տածում, ամբողջովին լքված կլինեն» (Ես. 7։14, 16)։ Ինչ խոսք, մարգարեության առաջին մասը վերաբերում է Մեսիայի ծննդին (Մատթ. 1։23)։ Բայց, քանի որ «երկու թագավորները»՝ Իսրայելի և Ասորիքի թագավորները, առաջին դարում վտանգ չէին ներկայացնում Հուդայի համար, Էմմանուելի մասին մարգարեությունը պետք է որ նախ կատարվեր Եսայիայի օրերում։

 4 Եսայիայի մարգարեանալուց կարճ ժամանակ անց նրա կինը հղիացավ ու որդի ծնեց, որին անվանեցին Մահեր-Շալալ-Հաշ-Բազ։ Այս երեխան, հավանաբար, հենց «Էմմանուելն» էր, որի մասին մարգարեացավ Եսայիան *։ Աստվածաշնչյան ժամանակներում նորածնին երբեմն, ի հիշատակ որևէ կարևոր իրադարձության, տալիս էին մի անուն, բայց նրա ծնողներն ու բարեկամները այլ անունով էին նրան կոչում (2 Սամ. 12։24, 25)։ Ինչ վերաբերում է Հիսուսին, նրան երբևէ այս անունով չեն կոչել (կարդա՛ Եսայիա 7։14; 8։3, 4

5. Ի՞նչ անխոհեմ որոշում կայացրեց Աքազ թագավորը։

5 Մինչ Իսրայելն ու Ասորիքը մտադիր էին գրավելու Հուդան, մի ռազմատենչ ազգ նույնպես նվաճողական նպատակներ ուներ։ Դա աստիճանաբար հզորացող Ասորեստանն էր, որը հետագայում դարձավ աշխարհակալ ուժ։ Ըստ Եսայիա 8։3, 4-ի՝ Ասորեստանը նախքան Հուդայի թագավորության վրա հարձակվելը զավթելու էր «Դամասկոսի հարստությունը և Սամարիայի ավարը»։ Աստծու խոսքին վստահելու փոխարեն, որ ասվել էր Եսայիայի միջոցով, անհավատարիմ Աքազը Ասորեստանի հետ դաշինք կնքեց, որը, ի վերջո, աղետալի հետևանքներ ունեցավ. ասորեստանցիները սկսեցին ճնշել Հուդային (2 Թագ. 16։7–10)։ Աքազը, լինելով Հուդայի հովիվը, պետք է պաշտպաներ իր ժողովրդին։ Բայց նա դա չարեց։ Ինքներս մեզ կարող ենք հարցնել. «Երբ կարևոր որոշումներ կայացնելու առաջ եմ կանգնում, հույսս Աստծո՞ւ վրա եմ դնում, թե՞ մարդկանց» (Առակ. 3։5, 6

ՆՈՐ ՀՈՎԻՎՆ ԱՅԼ ԿԵՐՊ Է ՎԱՐՎՈՒՄ

6. Ինչո՞վ էր տարբերվում Աքազի կառավարումը Եզեկիայի կառավարումից։

6 Աքազը մահացավ մ.թ.ա. 746-ին՝ իր որդի Եզեկիային թողնելով Հուդայի նյութապես և հոգևորապես սնանկացած թագավորությունը։ Ի՞նչ արեց երիտասարդ թագավորը առաջին հերթին։ Թուլացած տնտեսությո՞ւնը ամրապնդեց։ Ո՛չ։ Եզեկիան հոգևոր մարդ էր և լավ հովիվ էր իր ազգի համար։ Առաջին հերթին նա վերականգնեց մաքուր երկրպագությունը և օգնեց կամակոր ժողովրդին, որ նորից Եհովայի հետ լավ փոխհարաբերություններ ունենա։ Երբ Եզեկիան հասկացավ, թե ինչ է ուզում Աստված, որ ինքն անի, վճռականորեն գործի անցավ։ Ի՜նչ լավ օրինակ է նա մեզ համար (2 Տար. 29։1–19

7. Ինչո՞ւ էր կարևոր, որ նոր թագավորը ղևտացիներին հավաստիացնի, որ կաջակցի իրենց։

7 Ղևտացիները կարևոր դեր էին ունենալու մաքուր երկրպագությունը վերականգնելու գործում։ Ուստի Եզեկիան հանդիպեց նրանց հետ և հավաստիացրեց, որ կաջակցի իրենց։ Կարող ենք պատկերացնել, թե ինչպես էին նրանց աչքերից ուրախության արցունքներ հոսում, երբ թագավորը նրանց ասաց. «Եհովան ընտրել է ձեզ, որպեսզի նրա առաջ կանգնեք իրեն սպասավորություն անելու համար» (2 Տար. 29։11)։ Ղևտացիները հստակ պատվեր ստացան առաջ տանելու մաքուր երկրպագությունը։

8. Ուրիշ ի՞նչ արեց Եզեկիան, որպեսզի վերականգնի ազգի հոգևոր վիճակը, և ի՞նչ արդյունքների հասավ։

8 Եզեկիան Հուդայի և Իսրայելի բոլոր բնակիչներին հրավիրեց Պասեքը նշելու, որն անցավ մեծ շուքով։ Պասեքից հետո սկսվեց Անթթխմոր հացերի յոթնօրյա տոնը։ Մարդկանց այնքան դուր եկավ տոնակատարությունը, որ այն նշեցին ևս յոթ օր։ Աստվածաշնչում ասվում է. «Երուսաղեմում մեծ ուրախություն էր տիրում, որովհետև Իսրայելի Դավիթ թագավորի որդի Սողոմոնի օրերից ի վեր Երուսաղեմում նման բան չէր եղել» (2 Տար. 30։25, 26)։ Այդ հոգևոր խնջույքը ոգևորեց բոլորին։ 2 Տարեգրություն 31։1-ում կարդում ենք. «Երբ այս ամենն ավարտվեց.... նրանք.... ջարդեցին սուրբ սյուներն ու կոտրեցին սուրբ ձողերը, կործանեցին բարձունքներն ու զոհասեղանները»։ Այսպես Հուդան  սկսեց վերադառնալ դեպի Եհովան։ Այդ հոգևոր մաքրումը չափազանց կարևոր էր, որովհետև շուտով նրանք դժվարությունների էին բախվելու։

ԹԱԳԱՎՈՐԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է

9. ա) Իսրայելի պլաններն ինչպե՞ս խափանվեցին։ բ) Սենեքերիմն ի՞նչ հաջողությունների հասավ Հուդայում։

9 Ինչպես որ Եսայիան ասել էր, ասորեստանցիները գրավեցին Իսրայելի թագավորությունը և արտաքսեցին բնակիչներին։ Այդպիսով խափանվեցին Իսրայելի՝ Դավթի գահին ապօրինի թագավոր դնելու պլանները։ Այնուհետև Ասորեստանը հայացքն ուղղեց դեպի Հուդան։ «Եզեկիայի թագավորության տասնչորսերորդ տարում Ասորեստանի Սենեքերիմ թագավորը դուրս եկավ Հուդայի բոլոր բերդաքաղաքների դեմ ու գրավեց դրանք»։ Ըստ որոշ տեղեկությունների՝ Սենեքերիմը նվաճեց Հուդայի 46 քաղաք։ Պատկերացրու քեզ այդ ժամանակ Երուսաղեմում։ Ի՞նչ կզգայիր՝ իմանալով, որ Հուդայի քաղաքները մեկը մյուսի հետևից ընկնում են ասորեստանյան բանակի առաջ (2 Թագ. 18։13

10. Միքիա 5։5, 6 համարները ինչո՞ւ կքաջալերեին Եզեկիային։

10 Եզեկիան, անշուշտ, գիտեր մոտեցող վտանգի մասին, բայց նա խուճապի չմատնվեց։ Իր հավատուրաց հոր՝ Աքազի պես անխոհեմաբար ինչ-որ հեթանոս ազգից օգնություն խնդրելու փոխարեն՝ նա վստահեց Եհովային (2 Տար. 28։20, 21)։ Հավանաբար, նա տեղյակ էր իր ժամանակակից Միքիայի խոսքերին։ Վերջինս Ասորեստանի մասին մարգարեացել էր. «[Ասորեստանի] դեմ յոթ հովիվներ կհանենք, ութ իշխաններ՝ մարդկանց միջից։ Նրանք Ասորեստանի երկիրը սրով կհովվեն» (Միք. 5։5, 6)։ Այս ներշնչյալ խոսքերը, անշուշտ, կքաջալերեին Եզեկիային. դրանք ցույց էին տալիս, որ մի շատ արտասովոր բանակ է դուրս գալու Ասորեստանի զորքի դեմ և զավթիչներին ջախջախիչ պարտության է մատնելու։

11. Ե՞րբ է տեղի ունենալու յոթ հովիվների և ութ իշխանների մասին մարգարեության գլխավոր կատարումը։

11 Յոթ հովիվների և ութ իշխանների մասին մարգարեության գլխավոր և ամենակարևոր կատարումը տեղի էր ունենալու Հիսուսի ծննդից երկար ժամանակ անց, նրա, «ով իշխան էր լինելու Իսրայելում.... որի ծագումը վաղեմի ժամանակներից է» (կարդա՛ Միքիա 5։1, 2)։ Դա կատարվելու  է այն ժամանակ, երբ ժամանակակից «ասորեստանցին», կամ՝ թշնամին, հարձակվի Եհովայի ծառաների վրա։ Եհովան այդ ահազդու թշնամու դեմ դուրս է բերելու ուժեր, որոնց գլխին կանգնած է լինելու իր այժմ իշխող Որդին։ Ի՞նչ ուժեր են լինելու դրանք։ Նախքան այս հարցին պատասխանելը տեսնենք, թե ինչ ենք սովորում այն բանից, թե ինչ արեց Եզեկիան ասորեստանյան սպառնալիքի ներքո։

ԵԶԵԿԻԱՆ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՔԱՅԼԵՐ Է ՁԵՌՆԱՐԿՈՒՄ

12. Ի՞նչ քայլեր ձեռնարկեցին Եզեկիան և նրա հետ եղողները՝ Աստծու ժողովրդին պաշտպանելու նպատակով։

12 Եհովան միշտ պատրաստ է մեզ համար անելու այն, ինչ մենք ինքներս չենք կարող անել, այդուհանդերձ նա մեզնից ակնկալում է, որ անենք այն, ինչ կարող ենք։ Եզեկիան խորհրդակցեց «իր իշխանների և ուժեղ մարդկանց հետ», և նըրանք որոշեցին «փակել քաղաքից դուրս գտնվող աղբյուրների ջրերը.... Բացի դրանից, Եզեկիան, քաջություն հավաքելով, վերաշինեց պարսպի բոլոր քանդված մասերը, վրան աշտարակներ կառուցեց և դրսի կողմից մեկ ուրիշ պարիսպ շինեց։ Նա.... շատ նիզակներ ու վահաններ պատրաստեց» (2 Տար. 32։3–5)։ Եհովան մի քանի քաջազուն մարդկանց՝ Եզեկիայի, նրա իշխանների և հոգևորապես ամուր մարգարեների միջոցով իր ժողովրդին պաշտպանեց և հովվեց։

13. Ո՞րն էր ամենակարևոր քայլը, որ Եզեկիան արեց թշնամու գալիք հարձակմանը ժողովրդին պատրաստելու համար։ Բացատրիր։

13 Այն, ինչ հետո արեց թագավորը, ավելի կարևոր էր, քան աղբյուրները փակելը կամ պարիսպն ամրացնելը։ Քանի որ Եզեկիան լավ հովիվ էր, նա հավաքեց ժողովրդին և նրանց հոգևորապես ոգևորեց՝ ասելով. «Մի՛ վախեցեք ու մի՛ սարսափեք Ասորեստանի թագավորից.... որովհետև մեզ հետ եղողներն ավելի շատ են, քան նրա հետ եղողները։ Նրա հետ մարմնեղեն բազուկ կա, իսկ մեզ հետ մեր Աստված Եհովան է, որ օգնի մեզ ու մեր պատերազմները մղի»։ Եհովան կռվելու էր իր ժողովրդի համար։ Այս հիշեցումը ամրացրեց ժողովրդի հավատը, և «ժողովուրդը սիրտ առավ Հուդայի Եզեկիա թագավորի խոսքերից»։ Նկատենք, որ «թագավորի խոսքերն» էին, որ սիրտ տվեցին ժողովրդին։ Այո՛, նա, նրա իշխանները, քաջազուն մարդիկ, ինչպես նաև Միքիա և Եսայիա մարգարեները իսկական հովիվներ էին, որոնց մասին Եհովան կանխագուշակել էր իր մարգարեի միջոցով (2 Տար. 32։7, 8; կարդա՛ Միքիա 5։5, 6

Ժողովուրդը սիրտ առավ Եզեկիայի խոսքերից (տե՛ս պարբերություն 12, 13)

14. Ի՞նչ ասաց ռաբսակը, և ինչպե՞ս արձագանքեց ժողովուրդը։

14 Ասորեստանի թագավորը ճամբար դրեց Լաքիսի մոտ՝ Երուսաղեմից հարավ-արևմուտք։ Նա երեք պատվիրակ ուղարկեց Երուսաղեմ, որպեսզի հրեաներից պահանջի հանձնվել։ Այդ նպատակով նրա խոսնակը (որի պաշտոնական կոչումը ռաբսակ էր) զանազան հնարքներ կիրառեց։ Խոսելով եբրայերեն՝ նա ժողովրդին կոչ արեց թողնել թագավորին ու ենթարկվել ասորեստանցիներին։ Ռաբսակը կեղծավորաբար խոստացավ, որ ժողովրդին կտանեն այնպիսի տեղ, որտեղ նրանք կապրեն հարմարավետ կյանքով (կարդա՛ 2 Թագավորներ 18։31, 32)։ Հետո ասաց, որ ինչպես որ ազգերի աստվածները չեն կարողացել պաշտպանել իրենց երկրպագուներին, այնպես էլ Եհովան չի կարողանա պաշտպանել հրեաներին։ Ժողովուրդը, իմաստություն դրսևորելով, ոչինչ չպատասխանեց նրա զրպարտչական խոսքերին։ Այսօր Եհովայի ծառաները նման իրավիճակներում հաճախ հենց այդպես են վարվում (կարդա՛ 2 Թագավորներ 18։35, 36

15. ա) Ի՞նչ էր պահանջվում Երուսաղեմի բնակիչներից։ բ) Ինչպե՞ս Եհովան փրկեց քաղաքը։

15 Անշուշտ, Եզեկիան մտահոգված էր, բայց նա օգնության համար չդիմեց որևէ երկրի, այլ մարդ ուղարկեց Եսայիա մարգարեի մոտ։ Եսայիան Եզեկիային ասաց. «[Սենեքերիմը] չի մտնելու այս քաղաքը և նետեր չի արձակելու այստեղ» (2 Թագ. 19։32)։ Երուսաղեմի բնակիչներից պահանջվում  էր ընդամենը քաջ լինել և ամուր մնալ։ Եհովան էր կռվելու Հուդայի փոխարեն, և այդպես էլ եղավ։ «Հենց այդ գիշեր Եհովայի հրեշտակը դուրս եկավ ու ասորեստանցիների բանակում հարյուր ութսունհինգ հազար մարդ սպանեց» (2 Թագ. 19։35)։ Հուդան չփրկվեց այն պատճառով, որ Եզեկիան փակեց քաղաքի աղբյուրները կամ շինեց պարիսպը։ Հուդան փրկվեց, որովհետև Եհովա՛ն կռվեց նրա համար։

Ի՞ՆՉ ԵՆՔ ՍՈՎՈՐՈՒՄ

16. Ովքե՞ր են այսօր ներկայացնում՝ ա) Երուսաղեմի բնակիչներին, բ) «ասորեստանցուն», գ) յոթ հովիվներին և ութ իշխաններին։

16 Յոթ հովիվների և ութ իշխանների մասին մարգարեության գլխավոր կատարումը տեղի է ունենալու մեր ժամանակներում։ Հին Երուսաղեմի բնակիչները հարձակման ենթարկվեցին ասորեստանցիների կողմից։ Մոտ ապագայում Եհովայի անպաշտպան թվացող ժողովուրդը հարձակման է ենթարկվելու ժամանակակից «ասորեստանցու» կողմից, որի նպատակն է լինելու ջնջել նրան երկրի երեսից։ Աստվածաշունչը այդ հարձակման մասին խոսում է այնպես, ինչպես որ խոսում է «Մագոգի երկրի Գոգի», «հյուսիսի թագավորի» և «երկրի թագավորների» հարձակումների մասին (Եզեկ. 38։2, 10–13; Դան. 11։40, 44, 45; Հայտն. 17։14; 19։19)։ Արդյոք սրանք տարբե՞ր հարձակումներ են։ Մենք չգիտենք։ Աստվածաշունչը նույն հարձակման մասին կարող է խոսել տարբեր անվանումներով։ Իսկ ի՞նչ «զենք» է Եհովան օգտագործելու անողորմ թշնամու՝ «ասորեստանցու» դեմ։ Ըստ Միքիայի մարգարեության՝ մի շատ անհավանական, «գաղտնի զենք»՝ «յոթ հովիվ, ութ իշխան» (Միք. 5։5)։ Այդ «զենքը» ժողովի երեցներն են (1 Պետ. 5։2)։ Այսօր Եհովան ունի երեցների մի մեծ բանակ, որոնք հովվում են իր թանկագին գառնուկներին *։ Նրանք պատրաստում են իր ժողովրդին ժամանակակից «ասորեստանցու» հարձակմանը։ Միքիայի մարգարեությունն ասում է, որ երեցները «Ասորեստանի երկիրը սրով կհովվեն» (Միք. 5։6)։ Նրանց «զենքերի» մեջ մտնում է «ոգու սուրը»՝ Աստծու Խոսքը (2 Կորնթ. 10։4; Եփես. 6։17

17. Ի՞նչ եզրակացություններ կարող են անել երեցները աստվածաշնչյան այս քննարկումից։

17 Այս հոդվածը կարդացող երեցները կարող են մի քանի օգտակար եզրակացություն անել։ 1) Ամենից գործնական քայլը «ասորեստանցու» գալիք հարձակմանը պատրաստվելու համար հետևյալն է. ամրացնել Աստծու հանդեպ հավատը և օգնել հավատակիցներին նույնն անելու։ 2) Երբ «ասորեստանցին» հարձակվի, երեցները պետք է լիովին համոզված լինեն, որ Եհովան կազատի իր ժողովրդին։ 3) Այդ ժամանակ Եհովայի կազմակերպությունից ստացվող փրկարար առաջնորդությունը կարող է ոչ գործնական թվալ։ Բոլորս պետք է պատրաստ լինենք հնազանդվելու ցանկացած հրահանգի, որ գուցե ստանանք՝ անկախ նրանից՝ դա մարդկային տեսանկյունից ողջամիտ կլինի, թե ոչ։ 4) Հիմա է ժամանակը, որ նրանք, ովքեր իրենց հույսը դնում են բարձրագույն կրթության, նյութական բաների կամ մարդկային կազմակերպությունների վրա, շտկեն իրենց մտածելակերպը։ Այսօր երեցները պետք է պատրաստ լինեն օգնելու բոլոր նրանց, ովքեր թույլ հավատ ունեն։

18. Աստվածաշնչյան այս արձանագրության շուրջ խորհրդածելը ի՞նչ օգուտներ կարող է բերել մեզ ապագայում։

18 Կգա այն ժամանակը, երբ Աստծու ներկայիս ծառաները կթվան անպաշտպան, ինչպես որ պաշարված Երուսաղեմի բնակիչներն էին անպաշտպան թվում։ Այդ ժամանակ Եզեկիայի խոսքերը կարող են օգնել մեզ, որ ամուր պահենք մեր հավատը։ Եկեք հիշենք, որ մեր թշնամիների հետ «մարմնեղեն բազուկ կա, իսկ մեզ հետ մեր Աստված Եհովան է, որ օգնի մեզ ու մեր պատերազմները մղի» (2 Տար. 32։8

^ պարբ. 4 Եսայիա 7։14-ում «օրիորդ» թարգմանված եբրայերեն բառը կարող է նշանակել նաև ամուսնացած կին։ Ուստի այդ բառը կարող է վերաբերել և՛ Եսայիայի կնոջը, և՛ հրեա կույս Մարիամին։

^ պարբ. 16 Յոթ թիվը Աստվածաշնչում հաճախ խորհրդանշում է ամբողջություն, լրիվություն։ Ութ թիվը, որը մեկով ավելի է յոթից, երբեմն ներկայացնում է առատություն, շատություն։