Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

«Այդ օրը ձեզ համար հիշարժան պետք է լինի»

«Այդ օրը ձեզ համար հիշարժան պետք է լինի»

«Այդ օրը ձեզ համար հիշարժան պետք է լինի.... Այն որպես տոն նշեք Եհովայի պատվին» (ԵԼՔ 12։14

1, 2. Հատկապես ո՞ր տարեդարձը պետք է հետաքրքրի բոլոր քրիստոնյաներին և ինչո՞ւ։

ԵՐԲ մտածում ես տարեդարձերի մասին, ո՞րն է առաջին հերթին միտքդ գալիս։ Ամուսնացածները գուցե ասեն. «Իմ ամուսնության տարեդարձը»։ Ուրիշների համար դա գուցե լինի պատմական որևէ իրադարձություն, որը նշվում է շատ-շատերի կողմից, օրինակ՝ հայրենիքի անկախության տարեդարձը։ Իսկ գիտե՞ս՝ կա մի տարեդարձ, որն արդեն նշվում է ավելի քան 3500 տարի։

2 Դա Պասեքն է։ Այն նշանավորում է իսրայելացիների ազատագրումը Եգիպտոսի ստրկական լծից։ Այս տարեդարձը պետք է կարևոր լինի քեզ համար։ Ինչո՞ւ։ Որովհետև առնչվում է քո կյանքի որոշ կարևոր բնագավառների հետ։ Բայց գուցե մտածես. «Հրեաներն են նշում Պասեքը, իսկ ես քրիստոնյա եմ. ինչո՞ւ դա պետք է ինձ հետաքրքրի»։ Այս հարցի պատասխանը կարող ենք գտնել հետևյալ խորիմաստ խոսքերում. «Քրիստոսը՝ մեր Պասեքի գառը, զոհաբերվեց» (1 Կորնթ. 5։7)։ Այս ճշմարտության նշանակությունը հասկանալու համար հարկավոր է իմանալ հրեական Պասեքի մասին և այն քննել բոլոր քրիստոնյաներին տրված մի պատվերի լույսի ներքո։

ԻՆՉՈ՞Ւ ԷԻՆ ՆՇՈՒՄ ՊԱՍԵՔԸ

3, 4. Ի՞նչ տեղի ունեցավ առաջին Պասեքից առաջ։

3 Առաջին Պասեքից առաջ մի դեպք տեղի ունեցավ։ Ամբողջ աշխարհում հարյուր միլիոնավոր մարդիկ, ովքեր հրեաներ չեն, որոշ բաներ գիտեն այդ մասին։ Այդ դեպքի մասին նրանք գուցե կարդացել են Աստվածաշնչի «Ելք» գրքում կամ լսել են ուրիշներից կամ էլ դրա վերաբերյալ ֆիլմ են դիտել։ Ի՞նչ դեպք էր դա։

4 Երբ իսրայելացիները արդեն երկար տարիներ էր, ինչ Եգիպտոսում ստրուկներ էին, Եհովան Մովսեսին և նրա եղբայր Ահարոնին ուղարկեց հպարտ փարավոնի մոտ՝ ասելու, որ բաց թողնի Իր ժողովրդին։ Բայց փարավոնը հրաժարվեց, ուստի Եհովան երկիրը հարվածեց մի շարք կործանարար պատուհասներով։ Տասներորդ պատուհասի ժամանակ սպանվեցին եգիպտացիների  առաջնեկները, և փարավոնը վերջապես բաց թողեց իսրայելացիներին (Ելք 1։11; 3։9, 10; 5։1, 2; 11։1, 5

5. Ի՞նչ պատրաստություն պետք է տեսնեին իսրայելացիները ազատագրվելու համար (տե՛ս 17-րդ էջի նկարը)։

5 Ազատագրվելու համար իսրայելացիները պետք է հետևեին որոշ կոնկրետ հրահանգների։ 1513թ. եբրայական աբիբ ամիսն էր (հետագայում կոչվեց նիսան *), գարնանային գիշերահավասարի ժամանակները։ Աստված ասաց, որ այդ ամսվա տասներորդ օրը իսրայելացիները սկսեն պատրաստություն տեսնել, որ նիսանի 14-ին որոշակի քայլեր անեն։ Եբրայեցիների համար օրը սկսվում էր արևամուտին և ավարտվում էր հաջորդ օրվա արևամուտով։ Նիսանի 14-ին յուրաքանչյուր իսրայելացու տանը պետք է արու ոչխար կամ այծ մորթվեր։ Նրանք կենդանու արյունը պետք է քսեին իրենց տան դռների երկու կողափայտերին ու շեմքի վերին հատվածին (Ելք 12։3–7, 22, 23)։ Գառան միսը պետք է խորովեին և ուտեին անթթխմոր հացով ու խոտերով։ Աստծու հրեշտակը անցնելու էր երկրով մեկ և սպանելու էր Եգիպտոսի առաջնեկներին, իսկ հնազանդ իսրայելացիները պաշտպանված էին լինելու։ Այս պատուհասից հետո նրանք ազատ էին արձակվելու (Ելք 12։8–13, 29–32

6. Ազատագրվելուց հետո Աստծու ժողովուրդն ի՞նչ պետք է աներ։

6 Այսպես իսրայելացիները ազատագրվեցին։ Նրանք պետք է հետագա տարիներին հիշեին իրենց ազատագրումը։ Աստված նրանց ասաց. «Այդ օրը ձեզ համար հիշարժան պետք է լինի։ Սերնդեսերունդ այն որպես տոն նշեք Եհովայի պատվին։ Տոնեք այն. դա կանոն է դարեդար»։ Նիսանի 14-ին նրանք նշում էին իրենց ազատագրումը, իսկ նիսանի 15-ից սկսած, նշում էին յոթնօրյա մի տոն՝ Անթթխմոր հացերի տոնը։ Թեև բուն Պասեքը նշվում էր նիսանի 14-ին, տոնի բոլոր ութ օրերը կարող էին կոչվել Պասեք (Ելք 12։14–17; Ղուկ. 22։1; Հովհ. 18։28; 19։14)։ Պասեքը այն հաստատված տոներից մեկն էր, որը հրեաները նշում էին ամեն տարի (2 Տար. 8։13

7. Վերջին ընդունելի Պասեքի ժամանակ ի՞նչ ասաց Հիսուսն իր հետևորդներին։

7 Լինելով հրեաներ՝ Հիսուսն ու առաքյալները, Մովսիսական օրենքի համաձայն, ամեն տարի նշում էին Պասեքը (Մատթ. 26։17–19)։ Երբ նրանք միասին վերջին անգամ էին նշում այն, Հիսուսն ասաց, որ իր հետևորդները այդուհետ ամեն տարի պետք է մեկ այլ բան նշեն՝ Տիրոջ ընթրիքը։ Իսկ ո՞ր օրն էին նրանք նշելու այն։

Ո՞Ր ՕՐԸ ՊԵՏՔ Է ՆՇՎԵՐ ՏԻՐՈՋ ԸՆԹՐԻՔԸ

8. Ի՞նչ հարց է ծագում Պասեքի և Տիրոջ ընթրիքի առնչությամբ։

8 Քանի որ Հիսուսը Տիրոջ ընթրիքը հաստատեց վերջին ընդունելի Պասեքը նշելուց անմիջապես հետո, այն նշելու օրը պետք է որ համընկներ այն օրվա հետ, երբ հրեաները նշում են Պասեքը։ Գուցե նկատել ես, սակայն, որ հրեական Պասեքի օրը որոշ ժամանակակից օրացույցներում մեկ կամ մի քանի օրով տարբերվում է այն օրվանից, երբ մենք նշում ենք Քրիստոսի մահը։ Ինչո՞ւ։ Հարցի պատասխանը որոշ չափով կապ ունի Աստծու՝ իսրայելացիներին տրված պատվերի հետ։ Մովսեսը, այն բանից հետո, երբ ասաց, որ «Իսրայելի ողջ ժողովը.... մորթի» գառը, ասաց, թե նիսանի 14-ին կոնկրետ երբ դա անեն (կարդա՛ Ելք 12։5, 6

9. Ըստ Ելք 12։6-ի՝ ե՞րբ էր մորթվելու Պասեքի գառը (տե՛ս նաև  «Օրվա ո՞ր մասում» շրջանակը)։

9 Մի հրեական աշխատությունում ուշադրություն է հրավիրվում այն բանի վրա, որ Ելք 12։6-ում գրված է, որ գառը պետք է մորթվեր «երկու երեկոների միջև» (The Pentateuch and Haftorahs)։ Աստվածաշնչի որոշ թարգմանություններում օգտագործվում է հենց այս արտահայտությունը։ Ուրիշներում, այդ թվում նաև հրեական «Թանախում»,  բնագրի արտահայտությունը թարգմանված է՝ «մթնշաղին»։ Կան թարգմանություններ էլ, որոնցում այն թարգմանված է՝ «արևամուտի կողմերը»։ Այսպիսով՝ գառը պետք է մորթվեր այն ժամանակ, երբ արևը մայր էր մտել, բայց դեռ լույս էր, այսինքն՝ նիսանի 14-ի սկզբում։

10. Ըստ ոմանց՝ ե՞րբ պետք է գառը մորթվեր, և ի՞նչ հարց է դա առաջացնում։

10 Հետագայում որոշ հրեաներ մտածեցին, որ տաճար բերված բոլոր գառները մորթելու համար ժամեր կպահանջվեն։ Ուստի նրանք համարեցին, որ Ելք 12։6-ը վերաբերում է նիսանի 14-ի վերջին, այսինքն այն ժամանակահատվածին, երբ արևը զենիթից սկսում է իջնել (կեսօրից հետո), մինչև որ մայր է մտնում։ Բայց եթե դա ճիշտ էր, ապա ե՞րբ էին ուտում գառը։ Պրոֆեսոր Ջոնաթան Քլավանսը, որը հին հուդայականության մասնագետ է, նշեց. «Նոր օրը սկսվում էր մայրամուտով, ուստի զոհաբերությունը անում էին 14-ին, բայց Պասեքը և ընթրիքը, փաստորեն, սկսում էր 15-ին՝ չնայած «Ելք»-ում այս ամսաթվի մասին որևէ բան չի նշվում»։ Նա նաև գրեց. «Ռաբունական գրականությունում.... նույնիսկ ակնարկ չկա այն մասին, թե Սեդերը [Պասեքի ընթրիքը] ինչպես էր կատարվում նախքան տաճարի կործանումը» 70թ.-ին (ընդգծումը մերն է)։

11. ա) Ինչերի՞ միջով անցավ Հիսուսը 33թ. Պասեքի օրը։ բ) Ինչո՞ւ էր 33թ. նիսանի 15-ը կոչվում «մեծ» շաբաթ (տե՛ս ծանոթագրությունը)։

11 Այդ դեպքում հարց է առաջանում. ո՞ր օրն է նշվել 33թ. Պասեքը։ Քանի որ մոտենում էր այն օրը, «երբ Պասեքի զոհը պիտի մատուցվեր», նիսանի 13-ին Քրիստոսը Պետրոսին ու Հովհաննեսին ասաց. «Գնացե՛ք և մեզ համար Պասեքի ընթրիքը պատրաստեք» (Ղուկ. 22։7, 8)։ Արևամուտից հետո՝ նիսանի 14-ին, «ժամը եկավ» ուտելու Պասեքի ընթրիքը։ Դա հինգշաբթի երեկոյան էր։ Հիսուսը իր առաքյալների հետ կերավ այդ ընթրիքը, որից հետո հաստատեց Տիրոջ ընթրիքը (Ղուկ. 22։14, 15)։ Այդ գիշեր նա ձերբակալվեց և դատվեց։ Հիսուսին ցցին գամեցին նիսանի 14-ի կեսօրին մոտ, և կեսօրից հետո նա մահացավ (Հովհ. 19։14)։ Այսպիսով՝ «Քրիստոսը՝ մեր Պասեքի գառը, զոհաբերվեց» այն նույն օրը, երբ մորթվեց Պասեքի գառը (1 Կորնթ. 5։7; 11։23; Մատթ. 26։2)։ Նա թաղվեց, երբ նիսանի 14-ը դեռ չէր ավարտվել * (Ղևտ. 23։5–7; Ղուկ. 23։54

ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐ ՔԵԶ ՀԱՄԱՐ

12, 13. Ի՞նչ օգուտներ էին քաղում իսրայելացի երեխաները Պասեքի տոնից։

12 Եկեք վերադառնանք Եգիպտոս։ Մովսեսն իսրայելացիներին ասաց, որ ամեն տարի նշեն Պասեքը. դա «դարեդար....  կանոն» էր լինելու։ Երեխաները հարցնելու էին իրենց ծնողներին, թե ինչու են իրենք նշում Պասեքը (կարդա՛ Ելք 12։24–27; 2 Օրենք 6։20–23)։ Այո՛, Պասեքը հիշարժան օր էր լինելու նույնիսկ երեխաների համար (Ելք 12։14

13 Սերնդեսերունդ իսրայելացիները իրենց երեխաներին կարևոր դասեր էին սովորեցնում Պասեքի վերաբերյալ։ Դրանցից մեկն այն էր, որ Եհովան կարող է պաշտպանել իր երկրպագուներին։ Երեխաները սովորում էին, որ Եհովան վերացական, անբացատրելի աստվածություն չէ, այլ իրական, կենդանի Աստված է, որը հետաքրքրված է իր ծառաներով և գործում է հօգուտ նրանց։ Եհովան փաստել էր դա, երբ պաշտպանել էր իսրայելացիների առաջնեկներին «եգիպտացիներին պատուհասելիս». նա կենդանի էր թողել իսրայելացի առաջնեկներին։

14. Ի՞նչ կարող են ծնողները սովորեցնել իրենց երեխաներին, երբ խոսում են նրանց հետ Պասեքի մասին։

14 Քրիստոնյա ծնողներն իրենց երեխաներին ամեն տարի մանրամասնորեն չեն պատմում Պասեքի մասին։ Բայց դու, եթե քրիստոնյա ծնող ես, սովորեցնո՞ւմ ես երեխաներիդ նույն դասը, այն, որ Աստված պաշտպանել է իր ժողովրդին և այսօր էլ պաշտպանում է։ Խոսո՞ւմ ես այդ մասին խորին համոզվածությամբ (Սաղ. 27։11; Ես. 12։2)։ Իսկ անո՞ւմ ես դա ոչ թե չոր դասախոսության ձևով, այլ խոսելով այնպես, որ նրանք հաճույք ստանան զրույցից։ Սա անելով՝ կնպաստես քո ընտանիքի հոգևոր աճին։

Պասեքի մասին պատմությունը քննարկելիս ի՞նչ կսովորեցնես երեխաներիդ (տե՛ս պարբերություն 14)

15, 16. Պասեքի ու Ելք 12–15-րդ գլուխների միջոցով ի՞նչ կարող ենք մեր երեխաներին սովորեցնել Եհովայի մասին։

15 Պասեքից, սակայն, չենք սովորում միայն այն, որ Եհովան իր ժողովրդին պաշտպանելու կարողություն ունի։ Նա իսրայելացիներին նաև ազատեց՝ «հանելով Եգիպտոսից»։ Մի պահ պատկերացրու, թե դա ինչպես տեղի ունեցավ։ Նրանց առաջնորդում էր ամպի ու կրակե սյունը։ Իսրայելն անցավ Կարմիր ծովի հատակով, իսկ աջ ու ձախ կողմերում ջրերը պատնեշի պես կանգնած էին։ Ապահով անցնելուց հետո Աստծու ժողովուրդը սեփական աչքերով տեսավ, թե ջրերը ինչպես են կլանում եգիպտական զորքը։ Ազատագրված իսրայելացիները բարձրաձայն երգեցին. «Պիտի երգեմ Եհովային.... Ձին իր հեծյալի հետ ծովը նետեց։ Իմ ուժն ու զորությունն է Յահը, քանի որ նա իմ փրկությունն է» (Ելք 13։14, 21, 22; 15։1, 2; Սաղ. 136։ 11–15

16 Եթե երեխաներ ունես, օգնո՞ւմ ես նրանց լցվելու համոզվածությամբ, որ Եհովան ազատարար է։ Նրանք տեսնո՞ւմ են, որ դու ինքդ համոզված ես, որ Եհովան կարող է ազատել իր ժողովրդին։ Երևո՞ւմ է այդ համոզվածությունը քո զրույցներից և կայացրած որոշումներից։ Անշուշտ, կարող ես ձեր ընտանեկան երկրպագության ժամանակ քննարկել Ելք 12–15-րդ գլուխները՝ կենտրոնանալով այն բանի վրա, թե Եհովան ինչպես է ազատել իր ժողովրդին։ Ուրիշ ժամանակ այդ միտքը կարող ես շեշտել՝ քննարկելով Գործեր 7։30–36 կամ Դանիել 3։16–18, 26–28 համարները։ Այո՛, երիտասարդ թե տարեց՝ բոլորս պետք է համոզված լինենք, որ Եհովան այսօր էլ է ազատարար։ Նա ինչպես որ  իր ժողովրդին ազատագրեց Մովսեսի օրերում, այնպես էլ կազատագրի մեզ ապագայում (կարդա՛ 1 Թեսաղոնիկեցիներ 1։9, 10

ԵԿԵՔ ՀԻՇԵՆՔ

17, 18. Ի՞նչ պետք է մեր միտքը գա, երբ մտածում ենք առաջին Պասեքի ժամանակ օգտագործված արյան մասին։

17 Ճշմարիտ քրիստոնյաները չեն նշում հրեական Պասեքը։ Այդ տոնը Մովսիսական օրենքի մաս էր կազմում, իսկ մենք այդ Օրենքի տակ չենք (Հռոմ. 10։4; Կող. 2։13–16)։ Մեր սրտին շատ թանկ է մեկ ուրիշ իրադարձություն՝ Աստծու Որդու մահը։ Այդուհանդերձ, կան բաներ, որ կարող ենք սովորել առաջին Պասեքից։

18 Գառան արյունը, որ քսեցին դռների երկու կողափայտերին ու շեմքի վերին հատվածին, նշանակում էր փրկություն։ Այսօր մենք կենդանական զոհեր չենք մատուցում Աստծուն ո՛չ Պասեքի օրը, ո՛չ էլ ուրիշ ժամանակ։ Կա մի ավելի լավ զոհ, որը կարող է մշտապես պահպանել մեր կյանքը։ Պողոս առաքյալը գրեց «առաջնեկների ժողովի»՝ օծյալ քրիստոնյաների մասին, որոնք «գրանցվել են երկնքում»։ Նրանց կյանքը պահպանվում է «շաղ տրվող արյան»՝ Հիսուսի արյան միջոցով (Եբր. 12։23, 24)։ Այս նույն արյունը հնարավոր է դարձնում ուրիշ ոչխարների հավիտենական կյանքը երկրի վրա։ Նրանք պետք է կանոնավորաբար իրենք իրենց հիշեցնեն. «Նրա միջոցով մենք ստացանք ազատությունը իր արյամբ տրված փրկանքով, այո՛, մեր հանցանքների ներումը Աստծու անզուգական բարության հարստության շնորհիվ» (Եփես. 1։7

19. Այն, որ Հիսուսի ոսկորները չջարդեցին, ինչպե՞ս է ամրացնում մեր վստահությունը աստվածաշնչյան մարգարեությունների հանդեպ։

19 Իսրայելացիները, երբ մորթում էին Պասեքի գառը, նրա ոչ մի ոսկոր չպետք է կոտրեին (Ելք 12։46; Թվեր 9։11, 12)։ Իսկ կոտրեցի՞ն «Աստծու գառան»՝ Հիսուսի ոսկորները, որը եկավ իր կյանքը փրկանք տալու (Հովհ. 1։29)։ Նրան ցցին գամեցին երկու հանցագործների կողքին։ Հրեաները Պիղատոսին խնդրեցին, որ կոտրել տա ցցին գամվածների ոսկորները։ Դա կարագացներ նրանց մահը, և նրանք չէին մնա ցցի վրա նիսանի 15-ին, որը մեծ շաբաթ էր։ Զինվորները ջարդեցին հանցագործների ոտքերը, «բայց երբ մոտեցան Հիսուսին ու տեսան, որ արդեն մեռած է, նրա ոտքերը չկոտրեցին» (Հովհ. 19։31–34)։ Դա համապատասխանում էր այն բանին, ինչ արվում էր Պասեքի գառան հետ։ Ուստի Պասեքի գառը «ստվերն» էր Հիսուսի զոհի, որը տրվեց 33թ. նիսանի 14-ին (Եբր. 10։1)։ Բացի այդ, կատարվեց Սաղմոս 34։20-ը, ինչը ամրացնում է մեր վստահությունը աստվածաշնչյան մարգարեությունների հանդեպ։

20. Պասեքի և Տիրոջ ընթրիքի միջև ի՞նչ ուշագրավ տարբերություն կա։

20 Սակայն կան նաև տարբերություններ հրեաների Պասեքի և Տիրոջ ընթրիքի միջև, ինչը ցույց է տալիս, որ Պասեքը նախատիպը չէր այն բանի, ինչ Հիսուսի հետևորդները պետք է անեին՝ ի հիշատակ նրա մահվան։ Եգիպտոսում իսրայելացիները կերան գառան միսը, բայց ոչ արյունը։ Սա տարբերվում է նրանից, ինչ Հիսուսն իր աշակերտներին պատվիրեց անել։ Քրիստոսն ասաց, որ նրանք, ովքեր թագավորելու են «Աստծու Թագավորության մեջ», պետք է ուտեն հաց և խմեն գինի, որոնք խորհրդանշում են իր մարմինն ու արյունը։ Այս մասին մանրամասնորեն կխոսենք հաջորդ հոդվածում (Մարկ. 14։22–25

21. Ինչո՞ւ է օգտակար գիտելիքներ ունենալ Պասեքի մասին։

21 Այդուհանդերձ, Պասեքը կարևոր իրադարձություն էր Աստծու ժողովրդի պատմության մեջ։ Թեև այն «հիշարժան» պետք է լիներ հրեաների և ոչ թե քրիստոնյաների համար, մենք՝ քրիստոնյաներս, պետք է գիտելիքներ ունենանք Պասեքի մասին և բազմաթիվ կարևոր բաներ սովորենք դրանից. չէ՞ որ Պասեքի մասին պատմությունը «Աստծուց ներշնչված ամբողջ Գրքի» մի մասն է (2 Տիմոթ. 3։16

^ պարբ. 5 Ճիշտ է, այս ամիսը նիսան է կոչվել իսրայելացիների՝ բաբելոնյան գերությունից վերադառնալուց հետո, սակայն պարզության համար հրեական օրացույցի առաջին ամիսը կանվանենք նիսան։

^ պարբ. 11 Արևամուտին սկսվեց նիսանի 15-ը. սա Անթթխըմոր հացերի տոնի առաջին օրն էր, որը միշտ շաբաթ էր համարվում՝ անկախ նրանից, թե այն շաբաթվա որ օրն էր ընկնում։ 33թ. նիսանի 15-ը շաբաթվա շաբաթ օր էր, և այդ տարի երկու շաբաթները համընկան։ Այդ պատճառով էլ այդ օրը կոչվում էր «մեծ» շաբաթ (կարդա՛ Հովհաննես 19։31, 42