Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Տեսնո՞ւմ ես «Եհովայի վայելչությունը»

Տեսնո՞ւմ ես «Եհովայի վայելչությունը»

Կյանքի ճնշումների պատճառով գուցե կորցնենք մեր հանգիստը, ուժասպառ լինենք և նույնիսկ սկսենք ուրիշ աչքերով նայել կյանքին։ Իսրայելի Դավիթ թագավորը բազմաթիվ դժվարությունների բախվեց։ Ի՞նչ էր անում նա նման իրավիճակներում։ Մի հուզիչ սաղմոսում Դավիթն ասում է. «Իմ ձայնով ես Եհովային օգնության կանչեցի, իմ ձայնով Եհովայից բարեհաճություն աղերսեցի։ Նրա առջև իմ մտահոգությունը թափեցի, պատմեցի նրան իմ կրած նեղությունների մասին, երբ ոգիս մաշվում էր իմ ներսում։ Այդ ժամանակ դու իմացար իմ ճանապարհը»։ Այո՛, Դավիթը խոնարհաբար աղոթում էր Աստծուն օգնության համար (Սաղ. 142։1–3

Ծանր պահերին Դավիթը խոնարհաբար աղոթում էր Եհովային օգնության համար

Մեկ այլ սաղմոսում Դավիթն ասում է. «Մի բան խնդրեցի Եհովայից, և սա է իմ փափագը, որ կյանքիս բոլոր օրերում Եհովայի տանը բնակվեմ, Եհովայի վայելչությունը տեսնեմ և հիացմունքով նրա տաճարին նայեմ» (Սաղ. 27։4)։ Պատկերացնենք Դավթին խորանի գավիթից դուրս կանգնած. խորանը այն ժամանակ ճշմարիտ երկրպագության կենտրոնն էր։ Դավթի սիրտն այնքան լի էր երախտագիտության զգացումով, որ նա ցանկանում էր կյանքի մնացած տարիները ղևտացիների պես անցկացնել այստեղ և «Եհովայի վայելչությունը տեսնել»։

Եբրայերեն այն բառը, որը թարգմանվել է «վայելչություն», կապ ունի այն բանի հետ, ինչը «հաճելի է, դուրեկան, գրավիչ»։ Դավիթը «հիացմունքով» էր նայում տաճարին, այսինքն՝ նա երախտագիտությամբ էր լցված Աստծու տված հոգևոր բարիքների համար։ Կարող ենք ինքներս մեզ հարցնել. «Ունե՞մ նույն զգացումները, ինչ Դավիթն ուներ»։

«ՀԻԱՑՄՈՒՆՔՈՎ ՆԱՅԻՐ» ԱՍՏԾՈՒ ՏՎԱԾ ՀՈԳԵՎՈՐ ԲԱՐԻՔՆԵՐԻՆ

Այսօր Եհովայի հետ մտերիմ փոխհարաբերություններ ունենալու համար կարիք չկա ինչ-որ շոշափելի կառույցի։ Դրա համար գոյություն ունի Աստծու մեծ հոգևոր տաճարը, որը ճշմարիտ երկրպագության սուրբ կառույց է *։ Եթե «հիացմունքով», կամ՝ երախտագիտությամբ նայենք այս հոգևոր բարիքին, մենք նույնպես կտեսնենք «Եհովայի վայելչությունը»։

Խորանի մուտքի դիմաց դրված էր պղնձե զոհասեղանը, որի վրա ողջակեզներ էին մատուցում (Ելք 38։1, 2; 40։6)։ Այդ զոհասեղանը խորհրդանշում էր Աստծու պատրաստակամությունը՝ ընդունելու Հիսուսի մարդկային կյանքը որպես զոհ (Եբր. 10։5–10)։ Ի՞նչ է դա նշանակում մեզ համար։ Պողոս առաքյալը գրեց. «Մենք, որ թշնամիներ էինք, հաշտվեցինք Աստծու հետ նրա Որդու մահով» (Հռոմ. 5։10)։ Հիսուսի թափած արյանը հավատ ընծայելով՝ մենք դառնում ենք Եհովայի ընկերը և ձեռք բերում նրա հավանությունն ու վստահությունը։ Մենք «Եհովայի հետ մտերմանում» ենք (Սաղ. 25։14

Քանի որ մեր «մեղքերը ջնջվել» են, մենք «թարմություն» ենք զգում, որը տալիս է Եհովան (Գործ. 3։19)։ Մենք նման ենք մի բանտարկյալի, որը, հասկանալով, որ իրեն մահապատիժ է սպասում, զղջում է իր սխալների համար և մեծ փոփոխություններ անում։ Նրա վարքը տեսնելով՝ մեծահոգի դատավորը չեղյալ է համարում նրա մահվան դատավճիռը, ավելին, նա ոչնչացնում է նրա հանցագործությունների մասին բոլոր արձանագրությունները։ Կարելի է պատկերացնել, թե որքան թեթևացած և ուրախ է բանտարկյալը։ Այդ դատավորի պես՝ Եհովան բարեհաճ է բոլոր զղջացողների հանդեպ և չեղյալ է համարում նրանց մահվան դատավճիռը։

ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆ ԳՏԻՐ ՃՇՄԱՐԻՏ ԵՐԿՐՊԱԳՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Դավիթը տեսնում էր, որ Եհովայի տանը բազմություններ են հավաքվում, ընթերցվում և բացատրվում  է Օրենքը, խունկ է վառվում, քահանաներն ու ղևտացիները սուրբ ծառայություն են մատուցում (Ելք 30։34–38; Թվեր 3։5–8; 2 Օրենք 31։9–12)։ Ճշմարիտ երկրպագության այս հատկանիշները իրենց արտացոլումն ունեն մեր օրերում։

«Որքա՜ն լավ և որքա՜ն հաճելի է, երբ եղբայրները միասնության մեջ են բնակվում» նաև այսօր (Սաղ. 133։1)։ Մեր համաշխարհային «եղբայրության» շարքերը անհամեմատ խտացել են (1 Պետ. 2։17)։ Մեր հավաքույթներին Աստծու Խոսքը ընթերցվում և բացատրվում է։ Իր կազմակերպության միջոցով Եհովան կրթական ամենատարբեր ծրագրեր է իրականացնում։ Մենք ունենք առատ հոգևոր կերակուր անձնական և ընտանեկան ուսումնասիրության համար։ Կառավարիչ մարմնի անդամներից մեկն ասաց. «Եհովայի Խոսքի շուրջ ամեն օր խորհրդածելը և նրանում խորաթափանցություն և հասկացողություն փնտրելը իմ միտքը լցնում են հոգևոր գանձերով և սիրտը՝ գոհունակության զգացումով»։ Այո՛, «գիտելիքը կարող է մեր հոգուն հաճելի դառնալ» (Առակ. 2։10

Ամեն օր Աստծու ծառաները ընդունելի աղոթքներ են մատուցում նրան։ Եհովայի համար այդպիսի աղոթքները նման են խնկի անուշ բուրմունքին (Սաղ. 141։2)։ Որքա՜ն «հաճելի է մեր հոգուն» իմանալ, որ Եհովա Աստծուն մեծ բավականություն են պատճառում մեր խոնարհ աղոթքները։

Մովսեսն աղոթեց. «Թող Եհովայի՝ մեր Աստծու հաճությունը մեզ վրա լինի, և մեր ձեռքերի գործը հաստատի՛ր մեզ համար» (Սաղ. 90։17)։ Երբ եռանդորեն ենք ծառայում, Եհովան օրհնում է մեր ջանքերը (Առակ. 10։22)։ Հնարավոր է՝ օգնել ես ոմանց իմանալու ճշմարտությունը։ Գուցե տարիներ շարունակ առողջական խնդիրներ, էմոցիոնալ ցավ ես ունեցել կամ հալածվել ես, անտարբերության ես բախվել քարոզչության ժամանակ, բայցևայնպես շարունակել ես հավատարմորեն ծառայել Եհովային (1 Թեսաղ. 2։2)։ Ինչ խոսք, դու տեսել ես «Եհովայի վայելչությունը» և հասկացել ես, որ մեր երկնային Հայրը շատ թանկ է գնահատում քո ջանքերը։

«Եհովան ինձ նշանակված բաժինն է ու իմ բաժակը,— երգեց Դավիթը։— Դու ամուր պահում ես ինձ բաժին ընկած ժառանգությունը։ Ինձ բաժին ընկած սահմանները հաճելի են ինձ» (Սաղ. 16։5, 6)։ Դավիթը շնորհակալ էր Եհովային իր «բաժնի» համար. որն էր Եհովայի հետ ունեցած իր լավ փոխհարաբերությունները և նրան ծառայելու առանձնաշնորհումը։ Դավթի պես՝ մենք գուցե զանազան դժվարություններ ենք կրում, բայց, մյուս կողմից, բազմաթիվ հոգևոր օրհնություններ ունենք։ Ուստի եկեք շարունակենք ուրախություն գտնել ճշմարիտ երկրպագության մեջ և միշտ հիացմունքով նայենք Եհովայի հոգևոր տաճարին։

^ պարբ. 6 Տե՛ս 1996թ. հուլիսի 1-ի «Դիտարանը», էջ 14–24 (անգլ., ռուս.)։