Եհովան մեր լավագույն Ընկերն է
«[Աբրահամը] կոչվեց «Եհովայի ընկերը»» (ՀԱԿ. 2։23)։
1. Ստեղծված լինելով Աստծու պատկերով՝ ի՞նչ ենք կարողանում անել։
«ԻՍԿԸ հոր կտորն է»։ Այս խոսքերը հաճախ ենք լսում։ Այո՛, երեխաները սովորաբար նման են լինում իրենց ծնողներին, և դա բնական է, որովհետև հայրն ու մայրը երեխային են փոխանցում իրենց ժառանգական հատկանիշները։ Եհովան՝ մեր երկնային Հայրը, կյանքի Աղբյուրն է (Սաղ. 36։9)։ Մենք, լինելով նրա երկրային զավակները, ինչ-որ չափով նման ենք նրան։ Ստեղծված լինելով նրա պատկերով՝ մենք կարողանում ենք տրամաբանել, եզրակացություններ անել և ընկերական հարաբերություններ հաստատել (Ծննդ. 1։26)։
2. Ինչպե՞ս է հնարավոր, որ Եհովան դառնա մեր Ընկերը։
2 Իսկ հնարավո՞ր է Աստծու հետ ընկերություն անել։ Այո՛, հնարավոր է, քանի որ նա սիրում է մեզ, և եթե մենք հավատանք նրան և նրա Որդուն, կարող ենք դառնալ նրա ընկերը։ Հիսուսն ասաց. «Աստված այնքան շատ սիրեց աշխարհը, որ իր միածին Որդուն տվեց, որպեսզի ամեն ոք, ով հավատ է դրսևորում նրա հանդեպ, չկործանվի, այլ հավիտենական կյանք ունենա» (Հովհ. 3։16)։ Բազմաթիվ օրինակներ կան այն մարդկանց, ովքեր մտերիմ փոխհարաբերություններ են ունեցել Եհովայի հետ։ Քննենք երկուսը։
«ԻՄ ԸՆԿԵՐ ԱԲՐԱՀԱՄ»
3, 4. Ի տարբերություն իր հետնորդների՝ ի՞նչ փոխհարաբերություններ ուներ Աբրահամը Աստծու հետ։
3 Իսրայելացիների նախահայր և նահապետ Աբրահամի մասին Եհովան ասաց. «Իմ ընկեր Աբրահամ» (Ես. 41։8)։ Ո՞րն էր գաղտնիքը, որ այդ հավատարիմ մարդը մտերիմ հարաբերություններ ուներ իր Արարչի հետ։ Դա նրա հավատն էր (Ծննդ. 15։6; կարդա՛ Հակոբոս 2։21–23)։
4 Եհովան Աբրահամի հետնորդների համար, որոնք հետագայում դարձան Իսրայել ազգ, Հայր և Ընկեր էր։ Բայց, ցավոք, ժամանակի ընթացքում նրանց փոխհարաբերությունները խզվեցին։ Ինչո՞ւ։ Որովհետև իսրայելացիները դադարեցին Եհովայի խոստումներին հավատալուց։
5, 6. ա) Ինչպե՞ս է Եհովան դարձել քո Ընկերը։ բ) Ո՞ր հարցերին պետք է ուշադրություն դարձնենք։
5 Որքան շատ ես սովորում Եհովայի մասին, այնքան հավատդ ամրանում է ու ավելի շատ ես սիրում նրան։ Հիշիր այն ժամանակը, երբ հասկացար, որ Աստված իրական անձնավորություն է և կարող ես նրա հետ մտերմանալ։ Դու իմացար նաև, որ բոլորս Ադամի անհնազանդության պատճառով ի ծնե մեղավոր ենք, և որ մարդիկ, ընդհանուր առմամբ, օտարացած են Աստծուց (Կող. 1։21)։ Հետո հասկացար, որ մեր սիրառատ երկնային Հայրը անմատչելի անձնավորություն չէ և հետաքրքրված է մեզնով։ Երբ իմացար, որ նա մեր փրկության համար զոհաբերել է իր Որդուն, և երբ հավատ ընծայեցիր քավիչ զոհի հանդեպ, հիմք դրեցիր քո և Աստծու ընկերությանը։
6 Մենք պետք է ինքներս մեզ հարցնենք. «Ժամանակի ընթացքում Աստծու հետ փոխհարաբերություններս խորացե՞լ են։ Վստահությունս նրա հանդեպ ամո՞ւր է, իմ սերը մտերիմ Ընկերոջս հանդեպ օրեցօր մեծանո՞ւմ է»։ Գեդեոնը ևս հնում ապրած այն մարդկանցից էր, որը մտերիմ է եղել Եհովայի հետ։ Տեսնենք, թե ինչ կարող ենք սովորել նրանից։
«ԵՀՈՎԱՆ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Է»
7–9. ա) Ի՞նչ ուշագրավ դեպք պատահեց Գեդեոնի հետ, և ի՞նչ եղավ արդյունքում (տե՛ս 21-րդ էջի նկարը)։ բ) Ինչպե՞ս կարող ենք Եհովայի ընկերը դառնալ։
7 Իսրայելում խառը ժամանակներ էին, երբ Գեդեոնը դատավոր էր։ Դատավորներ 6-րդ գլխում կարդում ենք այն մասին, թե ինչպես Եհովայի հրեշտակը հայտնվեց Գեդեոնին Եփրայում։ Այդ ժամանակ մադիանացիները մեծ սպառնալիք էին իսրայելացիների համար։ Այդ պատճառով Գեդեոնը ցորենը կալսում էր ոչ թե բաց դաշտում, այլ հնձանում, որպեսզի կարողանար այն արագ թաքցնել։ Գեդեոնը զարմացավ, երբ հրեշտակը հայտնվեց ու իրեն ասաց՝ «ո՛վ խիզախ և ուժեղ մարդ»։ Նա հրեշտակին հարցրեց, թե արդյոք Եհովան, որն ազատել էր իսրայելացիներին Եգիպտոսից, իրոք օգնելու է իրենց։ Հրեշտակը, խոսելով Արարչի անունից, Գեդեոնին վստահեցրեց, որ Եհովան նրա հետ է։
8 Գեդեոնը անհանգիստ էր. նա ուզում էր իմանալ, թե ինչպես է ինքը «փրկելու Իսրայելին Մադիանի ձեռքից»։ Նա հստակ պատասխան ստացավ։ Եհովան նրան ասաց. «Ես քեզ հետ կլինեմ, և դու կջարդես մադիանացիներին մեկ մարդու պես» (Դատ. 6։11–16)։ Գեդեոնը՝ դեռևս անվստահ, նշան խնդրեց։ Նկատենք, որ նա ոչ մի կասկած չուներ, որ Եհովան իրական անձնավորություն է։
9 Այն, ինչ տեղի ունեցավ հետո, ամրացրեց Գեդեոնի հավատը և նրան ավելի մտերմացրեց Աստծու հետ։ Նա ուտելիք պատրաստեց և հյուրասիրեց հրեշտակին։ Երբ հրեշտակը գավազանով դիպավ ուտելիքին և այն բռնկվեց, Գեդեոնը հասկացավ, որ հրեշտակը իրոք Եհովայի ներկայացուցիչն է։ Նա վախեցած բացականչեց. «Վա՜յ ինձ, Գերիշխա՛ն Տեր Եհովա, որովհետև Եհովայի հրեշտակին երես առ երես տեսա»» (Դատ. 6։17–22)։ Արդյո՞ք այս դեպքը պատճառ եղավ, որ Գեդեոնի ու Եհովայի փոխհարաբերությունները վատանան։ Հակառակը՝ Գեդեոնը իրեն ավելի մտերիմ զգաց Եհովային։ Դա երևում է այն անվանումից, որը տրվեց այդ վայրում Գեդեոնի շինած զոհասեղանին՝ «Եհովա-Շալոմ», այսինքն՝ «Եհովան խաղաղություն է» (կարդա՛ Դատավորներ 6։23, 24, ծնթ.)։ Երբ խորհրդածում ենք այն մասին, թե ինչեր է Եհովան ամեն օր անում մեզ համար, հասկանում ենք, որ նա իսկական ընկեր է։ Եթե կանոնավորաբար աղոթենք Աստծուն, մեր սիրտը ավելի շատ կլցվի խաղաղությամբ, և մեր ու Աստծու ընկերությունը ավելի կամրանա։
«Ո՞Վ ԿԱՐՈՂ Է ՀՅՈՒՐ ԼԻՆԵԼ ՔՈ ՎՐԱՆՈՒՄ»
10. Ըստ Սաղմոս 15։3, 5-ի՝ ի՞նչ է Եհովան պահանջում այն մարդուց, ով ուզում է դառնալ իր ընկերը։
10 Եթե ուզում ենք, որ Եհովան դառնա մեր ընկերը, պետք է որոշակի պահանջների համապատասխանենք։ 15-րդ սաղմոսում Դավիթն ասում է, թե ինչ է պահանջվում այն մարդուց, ով ուզում է «հյուր լինել Եհովայի վրանում», այսինքն՝ լինել Նրա ընկերը (Սաղ. 15, 1)։ Քննեք այդ պահանջներից երկուսը՝ չզրպարտել և ամեն ինչում ազնիվ լինել։ Դավիթն ասաց. «Նա իր լեզվով չի զրպարտում.... և անմեղի դեմ կաշառք չի վերցնում» (Սաղ. 15։3, 5)։
11. Ինչո՞ւ է զրպարտելը սխալ։
11 Դավիթը նաև գրեց. «Լեզուդ հե՛տ պահիր չարիքից և շուրթերդ՝ սուտ խոսելուց» (Սաղ. 34։13)։ Այս ներշնչյալ հորդորին չհնազանդվելը կարող է փչացնել մեր ու մեր արդար երկնային Հոր փոխհարաբերությունները։ Բացի այդ, զրպարտելը հատուկ է Եհովայի գլխավոր թշնամուն՝ Սատանային, որի մյուս անվանումը՝ «Բանսարկու», նշանակում է «զրպարտիչ»։ Որպեսզի պահպանենք մեր մտերմությունը Եհովայի հետ, պետք է ուշադիր լինենք, թե ինչ ենք ասում ուրիշների մասին։ Հատկապես պետք է զգույշ լինենք, երբ խոսում ենք նշանակում ունեցող եղբայրների մասին (կարդա՛ Եբրայեցիներ 13։17; Հուդա 8)։
12, 13. ա) Ինչո՞ւ պետք է ամեն ինչում ազնիվ լինենք։ բ) Ի՞նչ արդյունքներ է բերում մեր ազնվությունը։
12 Եհովայի ծառաները հայտնի են իրենց ազնվությամբ։ Պողոս առաքյալը գրեց. «Շարունակ աղոթեք մեզ համար, քանի որ վստահ ենք, որ մաքուր [«ազնիվ», ծնթ.] խիղճ ունենք, որովհետև ուզում ենք ամեն ինչում ազնվությամբ վարվել» (Եբր. 13։18)։ Քանի որ մենք վճռել ենք «ամեն ինչում ազնվությամբ վարվել», չենք ուզում մեր հավատակիցներին օգտագործել ի շահ մեզ։ Օրինակ՝ եթե մեր եղբայրը կամ քույրը որոշակի աշխատանք է անում մեզ համար, մենք պետք է ամեն ինչ անենք, որ նրա հետ արդար վարվենք և վճարենք պայմանագրով նրան հասանելիք գումարը։ Մենք ազնվությամբ ենք վարվում մեր աշխատողների և մյուսների հետ։ Իսկ եթե մենք ենք աշխատում հավատակցի մոտ, պետք է ուշադիր լինենք, որ շահադիտական նպատակներ չունենանք նրա նկատմամբ և հատուկ վերաբերմունք չակնկալենք։
13 Նրանք, ովքեր գործ են ունենում մեզ՝ Եհովայի վկաներիս հետ, հաճախ են երախտագիտական խոսքեր ասում։ Օրինակ՝ մի մեծ շինարարական կազմակերպության տնօրեն նկատեց, որ Եհովայի վկաները պահում են իրենց խոսքը։ Նա ասաց. «Դուք միշտ ձեր խոսքի տերն եք» (Սաղ. 15։4)։ Ազնիվ վարքի շնորհիվ մենք շարունակում ենք մտերիմ լինել Եհովայի հետ։ Ավելին, այն փառք է բերում մեր երկնային սիրառատ Հորը։
ՕԳՆԵՆՔ ՄԱՐԴԿԱՆՑ ԴԱՌՆԱԼՈՒ ԵՀՈՎԱՅԻ ԸՆԿԵՐԸ
14, 15. Ինչպե՞ս կարող ենք օգնել մարդկանց դառնալու Եհովայի ընկերը։
14 Ծառայության ժամանակ հաճախ ենք հանդիպում այնպիսի մարդկանց, ովքեր հավատում են Աստծու գոյությանը։ Բայց նրանք Աստծուն չեն համարում իրենց ընկերը։ Ինչպե՞ս կարող ենք օգնել նրանց։ Ուշադրություն դարձնենք այն առաջնորդությանը, որ Հիսուսը տվեց իր 70 աշակերտներին, երբ նրանց երկու-երկու ուղարկեց քարոզելու. «Երբ որևէ տուն մտնեք, նախ ասացեք. «Թող խաղաղություն լինի այս տանը»։ Եթե այնտեղ խաղաղասեր մարդ լինի, ձեր խաղաղությունը նրա վրա կմնա։ Իսկ եթե ոչ, այն ձեզ կվերադառնա» (Ղուկ. 10։5, 6)։ Մարդկանց ուշադրությունը կարող ենք հրավիրել ճշմարտության վրա մեր բարյացակամ վերաբերմունքով։ Օրինակ՝ հակառակորդները, այդպիսի վերաբերմունք տեսնելով իրենց նկատմամբ, գուցե պակաս թշնամաբար տրամադրվեն մեր հանդեպ։ Բացի այդ, հաջորդ անգամ նրանք գուցե ցանկանան լսել ճշմարտությունը։
15 Մենք բարյացակամ ենք և խաղաղ ենք տրամադրված նաև նրանց հանդեպ, ովքեր մինչև կոկորդը խրված են կեղծ կրոնի մեջ կամ հետևում են կեղծ կրոնական սովորույթների։ Մեր հանդիպումներին մենք ջերմորեն ընդունում ենք նրանց, ովքեր հիասթափված են այսօրվա աշխարհից և ուզում են ավելի շատ իմանալ այն Աստծու մասին, որին երկրպագում ենք։ Այդպիսի մարդկանց բազմաթիվ օրինակներ կան «Դիտարանի»՝ «Աստվածաշունչը փոխում է կյանքերը» խորագրի ներքո։
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵՆՔ ՄԵՐ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԸՆԿԵՐՈՋ ՀԵՏ
16. Ինչպե՞ս կարող ենք լինել ոչ միայն Եհովայի ընկերները, այլև նրա «համագործակիցները»։
16 Իրար հետ աշխատող մարդիկ հաճախ մտերիմ ընկերներ են դառնում։ Բոլոր նրանք, ովքեր նվիրված են Եհովային, ոչ միայն նրա ընկերներն են, այլև նրա «համագործակիցները» (կարդա՛ 1 Կորնթացիներ 3։9)։ Մասնակցելով քարոզչությանը և աշակերտ պատրաստելու գործին՝ մենք ավելի լավ ենք հասկանում, թե ինչ չքնաղ հատկություններ ունի մեր երկնային Հայրը։ Տեսնում ենք, թե ինչպես է նրա սուրբ ոգին օգնում մեզ կատարելու մեր հանձնարարությունը՝ քարոզել բարի լուրը։
17. Համաժողովներին տրվող հոգևոր կերակուրն ինչպե՞ս է փաստում, որ Եհովան մեր Ընկերն է։
17 Որքան շատ ենք մասնակցում աշակերտ պատրաստելու գործին, այնքան ավելի ենք մտերմանում Եհովայի հետ։ Մենք տեսնում ենք, որ Եհովան թույլ չի տալիս հակառակորդներին կանգնեցնել իր գործը, և որ նա միշտ առաջնորդում է մեզ։ Մենք ուղղակի ապշում ենք՝ տեսնելով, թե ինչպես է Եհովան շարունակ հոգևոր առատ կերակուր տալիս մեզ։ Այն թեմաները, որ լսում ենք համաժողովներին, վառ կերպով ցույց են տալիս, որ մեր սիրառատ Հայրը լավ գիտի, թե ինչ խնդիրներ ու կարիքներ ունենք մենք։ Մի ընտանիք նամակով շնորհակալություն հայտնեց մարզային համաժողովի համար. «Ծրագիրը հրաշալի էր։ Թեմաները հասան մեր սրտին։ Մենք զգացինք, թե որքան շատ է Եհովան սիրում բոլորիս և օգնում է հաղթահարելու մեր դժվարությունները»։ Իռլանդիայում անցկացված հատուկ համաժողովի ներկա լինելուց հետո Գերմանիայից եկած մի ամուսնական զույգ իր երախտագիտությունը հայտնեց այն ջերմ ընդունելության և հոգատարության համար, որ դրսևորել էին իրենց հանդեպ և ասաց. «Բայց ամենաշատը երախտապարտ ենք Եհովային և նրա նշանակած Թագավորին՝ Հիսուս Քրիստոսին։ Նրանք մեզ հրավիրել են լինելու իսկապես միասնական ժողովրդի մի մասը։ Մենք ոչ միայն խոսում ենք միասնության մասին, այլև ամեն օր վայելում ենք այն։ Դուբլինի համաժողովը մեզ միշտ կհիշեցնի, որ պատիվ ունենք ձեզ հետ ծառայելու մեր մեծ Աստծուն»։
ԸՆԿԵՐՆԵՐԸ ՇՓՎՈՒՄ ԵՆ ԻՐԱՐ ՀԵՏ
18. Ի՞նչ հարցեր պետք է տանք ինքներս մեզ Եհովայի հետ հաղորդակցվելու առնչությամբ։
18 Ընկերական փոխհարաբերությունները խորանում են, երբ լավ հաղորդակցություն է լինում։ Ինտերնետի և կապի բազմազան միջոցների այս դարում մենք հաճախ ենք հաղորդակցվում մեր ընկերների հետ սոցիալական ցանցերի և տեքստային հաղորդագրությունների միջոցով։ Իսկ որքա՞ն հաճախ ենք շփվում մեր լավագույն Ընկերոջ՝ «աղոթքներ Լսողի» հետ։ Մեր ընկերների ցուցակում ո՞ր տեղում է նա (Սաղ. 65։2)։
19. Ի՞նչը կարող է օգնել մեզ, երբ աղոթելիս դժվարանում ենք մեր սիրտը բացել մեր երկնային Հոր առաջ։
19 Աստծու որոշ ծառաներ դժվարանում են իրենց սիրտը բացել նրա առաջ և խոսել իրենց խորին զգացումների մասին։ Բայց Եհովան հենց դա է ուզում, որ անենք, երբ աղոթում ենք իրեն (Սաղ. 119։145; Ողբ 3։41)։ Նույնիսկ եթե մեզ համար դժվար է բառեր գտնել՝ արտահայտելու մեր զգացումները, մենք պետք է հիշենք, որ օգնություն ունենք։ Պողոսը Հռոմի քրիստոնյաներին գրեց. «Ոգին է օգնության հասնում մեր թուլություններին, որովհետև չգիտենք ինչի մասին աղոթել (երբ անհրաժեշտ է դա անել), սակայն ոգին բարեխոսում է մեզ համար, երբ մենք հառաչում ենք, թեև անձայն։ Սակայն սրտեր քննողը գիտի, թե ոգին ինչ նկատի ունի, որովհետև այն բարեխոսում է սրբերի համար՝ Աստծու կամքի համեմատ» (Հռոմ. 8։26, 27)։ «Հոբ», «Սաղմոսներ» և «Առակներ» գրքերում գրված խոսքերի շուրջ խորհրդածելը կօգնի մեզ արտահայտելու մեր ամենախոր զգացումները Եհովային աղոթելիս։
20, 21. Ինչպե՞ս են մխիթարում Փիլիպպեցիներ 4։6, 7 համարները։
20 Դժվար իրավիճակներում հայտնվելիս եկեք հիշենք Պողոսի ներշնչյալ խոսքերը՝ ուղղված փիլիպպեցի քրիստոնյաներին. «Ոչ մի բանի մասին մի՛ մտահոգվեք, այլ ամեն ինչում աղոթքով և աղաչանքով շնորհակալության հետ մեկտեղ թող ձեր խնդրանքները հայտնի լինեն Աստծուն»։ Մեր լավագույն Ընկերոջ՝ Եհովայի հետ միշտ հաղորդակցվելով՝ մենք կմխիթարվենք։ Պողոսն ավելացնում է. «Աստծու խաղաղությունը, որ գերազանցում է ամեն միտք, կպահպանի ձեր սրտերն ու մտքերը Քրիստոս Հիսուսի միջոցով» (Փիլիպ. 4։6, 7)։ Եկեք միշտ թանկ գնահատենք «Աստծու [անզուգական] խաղաղությունը», որն իսկապես պահպանում է մեր սրտերն ու մտքերը։
21 Աղոթքն օգնում է մեզ ընկերանալու Եհովայի հետ։ Ուստի եկեք «անդադար աղոթենք» (1 Թեսաղ. 5։17)։ Թող այս հոդվածի ուսումնասիրությունը ամրացնի մեր և Աստծու փոխհարաբերությունները և լցնի մեզ ավելի մեծ վճռականությամբ՝ համապատասխանելու նրա արդար չափանիշներին։ Եկեք միշտ ժամանակ տրամադրենք խորհրդածելու մեր Հոր, մեր Աստծու և մեր Ընկերոջ տված օրհնությունների շուրջ։