Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Եհովան կազմակերպված Աստված է

Եհովան կազմակերպված Աստված է

«Աստված ոչ թե անկարգության Աստված է, այլ խաղաղության» (1 ԿՈՐՆԹ. 14։33

1, 2. ա) Ո՞վ է Աստծու առաջին ստեղծագործությունը, և ի՞նչ է արել Աստված նրա միջոցով։ բ) Որտեղի՞ց գիտենք, որ հրեշտակները կազմակերպված են։

ԵՀՈՎԱՆ՝ տիեզերքի Ստեղծիչը, ամեն բան կազմակերպված ձևով է անում։ Նրա առաջին ստեղծագործությունը իր միածին ոգեղեն Որդին է։ Նա կոչվում է «Խոսք», քանի որ Աստծու գլխավոր խոսնակն է։ «Խոսքը» դարեր շարունակ ծառայել է Եհովային։ Աստվածաշնչում այդ մասին կարդում ենք. «Սկզբում էր Խոսքը, Խոսքը Աստծու հետ էր»։ Նաև կարդում ենք. «Ամեն ինչ [Խոսքի] միջոցով ստեղծվեց, և առանց նրա ոչինչ չստեղծվեց»։ Ավելի քան 2000 տարի առաջ Աստված «Խոսքին» ուղարկեց երկիր, որտեղ նա՝ արդեն որպես կատարյալ մարդ Հիսուս Քրիստոս, հավատարմորեն կատարեց իր Հոր կամքը (Հովհ. 1։1–3, 14

2 Մինչև երկիր գալը Աստծու Որդին հավատարմորեն ծառայում էր Նրան որպես «հմուտ վարպետ» (Առակ. 8։30)։ Իր Որդու միջոցով Եհովան ստեղծեց միլիոնավոր ոգեղեն էակներ՝ հրեշտակներ (Կող. 1։16)։ Նրանց մասին Աստվածաշնչում, օրինակ, կարդում ենք. «Հազար հազարներ ծառայում էին [Եհովային], և բյուր բյուրեր կանգնած էին նրա առաջ» (Դան. 7։10)։ Այո՛, հրեշտակների թիվը շատ մեծ է։ Նրանք կոչվում են Եհովայի «զորքեր» ու լավ կազմակերպված են (Սաղ. 103։21

3. Որքա՞ն մեծ է աստղերի և մոլորակների թիվը, և ինչպե՞ս են դրանք կարգավորված։

 3 Իսկ ի՞նչ կարող ենք ասել Աստծու ֆիզիկական արարչագործության մասին, օրինակ՝ անթիվ-անհամար աստղերի ու մոլորակների։ Վերջերս մի թերթում գրվեց աստղերի վերաբերյալ կատարված մի ուսումնասիրության մասին։ Ըստ այդ ուսումնասիրության՝ աստղերի թիվը «300 սեքստիլիոն է, կամ՝ երեք անգամ ավելի, քան գիտնականները մինչ այդ կարծում էին, այսինքն՝ 3, որին հետևում է 23 զրո, կամ՝ 3 տրիլիոն անգամ 100 միլիարդ» (Houston Chronicle)։ Աստղերը միասին կազմում են գալակտիկաներ, որոնցից յուրաքանչյուրը պարունակում է միլիարդավոր և նույնիսկ տրիլիոնավոր աստղեր, ինչպես նաև մոլորակներ։ Գրեթե բոլոր գալակտիկաները իրենց հերթին կազմում են խմբեր՝ գալակտիկաների կույտեր և գերկույտեր։

4. Ինչո՞ւ է տրամաբանական, որ Աստծու ծառաները կազմակերպված են։

4 Թե՛ հրեշտակները և թե՛ աստղերն ու մոլորակները կազմակերպված են ապշեցուցիչ ձևով (Ես. 40։26)։ Ուստի տրամաբանական է, որ Եհովան նույն ձևով կազմակերպում է իր երկրային ծառաներին։ Նա ուզում է, որ նրանք կազմակերպված լինեն, որովհետև շատ կարևոր գործ ունեն անելու։ Եհովայի՝ թե՛ անցյալի և թե՛ ներկայիս ծառաների հավատարմությունը հզոր ապացույց է այն բանի, որ Աստված իր հավատարիմ ծառաների հետ է, և նա «ոչ թե անկարգության Աստված է, այլ խաղաղության» (կարդա՛  1 Կորնթացիներ 14։33, 40

ԱՍՏԾՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՀԻՆ ԺԱՄԱՆԱԿՆԵՐՈՒՄ

5. Աստծու՝ մարդկային ընտանիքի առնչությամբ սկզբնական նպատակը ինչպե՞ս ժամանակավորապես դադարեց իրագործվելուց։

5 Երբ Աստված ստեղծեց առաջին մարդկանց, նրանց ասաց. «Բազմացեք, շատացեք, լցրեք երկիրը և տիրեք նրան ու իշխեք ծովի ձկների, երկնքի թռչունների և երկրի բոլոր կենդանի արարածների վրա» (Ծննդ. 1։28)։ Մարդկային ընտանիքը պետք է կազմակերպված ձևով մեծանար ու, ի վերջո, ողջ երկիրը դրախտ դարձներ։ Բայց դա տեղի չունեցավ Ադամի ու Եվայի անհնազանդության պատճառով (Ծննդ. 3։1–6)։ Ժամանակի ընթացքում «Եհովան տեսավ, որ մարդկանց չարությունը շատացել է երկրի վրա, և նրանց սրտի մտքերը ամեն ժամանակ հակված են միայն դեպի չարը»։ Արդյունքում «երկիրն ապականվեց ճշմարիտ Աստծու աչքում և բռնությամբ լցվեց»։ Ուստի Աստված որոշեց համաշխարհային ջրհեղեղով վերացնել ամբարիշտ մարդկանց (Ծննդ. 6։5, 11–13, 17

6, 7. ա) Ինչո՞ւ Նոյը արժանացավ Եհովայի հավանությանը (տե՛ս 21-րդ էջի նկարը)։ բ) Ի՞նչ եղավ Նոյի օրերի ամբարիշտ մարդկանց։

6 Բայց «Նոյը հաճություն գտավ Եհովայի աչքում»։ Նա «արդար մարդ էր» և «անարատ էր իր ժամանակակիցների մեջ»։ Քանի որ Նոյը «ճշմարիտ Աստծու հետ քայլեց», Եհովան նրան պատվիրեց մի հսկայական տապան կառուցել (Ծննդ. 6։8, 9, 14–16)։ Տապանի միջոցով մարդիկ ու կենդանիները փրկվելու էին ջրհեղեղից։ Հնազանդվելով Աստծուն՝ «Նոյը ամեն ինչ արեց այնպես, ինչպես Եհովան պատվիրել էր իրեն», և իր ընտանիքի հետ կազմակերպված ձևով կառուցեց տապանը։ Երբ կենդանի արարածները մտան տապան, «Եհովան դուռը փակեց» (Ծննդ. 7։5, 16

7 Մ.թ.ա. 2370թ.-ին Եհովան Ջրհեղեղով «սրբեց երկրի երեսին գոյություն ունեցող ամեն արարածի»։ Ոչ մի ամբարիշտ չմտավ տապան։ Նրանք կործանվեցին, որովհետև չցանկացան լսել Նոյին՝ «արդարության քարոզչին» (2 Պետ. 2։5)։ Մինչդեռ Աստված տապանի միջոցով փրկեց հավատարիմ Նոյին և նրա ընտանիքը (Ծննդ. 7։23)։ Այսօր երկրագնդի յուրաքանչյուր բնակիչ Նոյի, նրա որդիների ու նրանց կանանց սերնդից է։

Նոյն ու իր ընտանիքը կազմակերպված էին և փրկվեցին Ջրհեղեղից (տե՛ս պարբերություն 6, 7)

8. Ի՞նչն էր վկայում այն մասին, որ Իսրայելում լավ կազմակերպվածություն կար, երբ Աստված իր ժողովրդին պատվիրեց մտնել Ավետյաց երկիր։

 8 Ջրհեղեղից ավելի քան ութ դար անց Աստված իսրայելացիներից ազգ կազմավորեց։ Նրանց կյանքի յուրաքանչյուր ոլորտ և հատկապես երկրպագությունը պետք է կազմակերպված լիներ։ Օրինակ՝ կային բազմաթիվ քահանաներ ու ղևտացիներ, կային նաև կանայք, «ովքեր հանդիպման վրանի մուտքի մոտ կազմակերպված ծառայում էին» (Ելք 38։8)։ Եհովա Աստված իսրայելացիներին պատվիրեց մտնել Քանանի երկիր։ Բայց նրանք չհնազանդվեցին, ուստի Աստված ասաց. «Ձեզնից ոչ ոք չի մտնի այնտեղ, բացի Հեֆոնեի որդի Քաղեբից և Նավեի որդի Հեսուից»։ Վերջիններս դրականորեն էին արտահայտվել իրենց հետախուզած երկրի մասին (Թվեր 14։30, 37, 38)։ Աստծու պատվերի համաձայն՝ Մովսեսը հետագայում իր փոխարեն Հեսուին նշանակեց առաջնորդ (Թվեր 27։18–23)։ Երբ Հեսուն իսրայելացիների հետ կանգնած էր Ավետյաց երկրի շեմին, Եհովան նրան ասաց. «Քա՛ջ եղիր և զորացի՛ր։ Մի՛ սարսափիր ու մի՛ զարհուրիր, քանի որ քո Աստված Եհովան քեզ հետ է ամեն տեղ, ուր էլ որ դու գնաս» (Հեսու 1։9

9. Ի՞նչ տեսակետ ուներ Ռախաբը Աստծու և նրա ժողովրդի մասին։

9 Եհովա Աստված իրոք Հեսուի հետ եղավ, ուր էլ որ նա գնաց։ Տեսնենք, թե ինչ եղավ, երբ իսրայելացիները ճամբար դրեցին քանանական Երիքով քաղաքի մոտ։ Մ.թ.ա. 1473թ.-ին Հեսուն երկու մարդ ուղարկեց քաղաքը հետախուզելու։ Այնտեղ նրանք հանդիպեցին Ռախաբ անունով մի մարմնավաճառի։ Նա թաքցրեց հետախույզներին իր տան տանիքում, որպեսզի Երիքովի թագավորի ուղարկած մարդիկ չբռնեն նրանց։ Ռախաբը իսրայելացիներին ասաց. «Գիտեմ, որ Եհովան այս երկիրը անպայման ձեզ է տալու.... Քանի որ լսել ենք, թե ինչպես Եհովան Կարմիր ծովի ջրերը ցամաքեցրեց ձեր առջևից.... և թե ինչ արեցիք ամորհացի երկու թագավորներին»։ Նա նաև ասաց. «Ձեր Աստվածը՝ Եհովան է Աստված վերը՝ երկնքում, և վարը՝ երկրի վրա» (Հեսու 2։9–11)։ Քանի որ Ռախաբը աջակցեց Եհովայի այն ժամանակվա կազմակերպությանը,  Աստված այնպես արեց, որ նա և նրա ընտանիքը փրկվեն, երբ իսրայելացիները հարձակվեցին Երիքովի վրա (Հեսու 6։25)։ Ռախաբը հավատաց Եհովային, ակնածեց նրանից և հարգանք դրսևորեց նրա ժողովրդի նկատմամբ։

ԳՈՐԾՈՒՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՋԻՆ ԴԱՐՈՒՄ

10. Ի՞նչ ասաց Հիսուսը հրեա կրոնական առաջնորդներին և ինչո՞ւ։

10 Հեսուի գլխավորությամբ իսրայելացիները մեկը մյուսի հետևից գրավեցին Քանանի քաղաքները։ Իսկ ի՞նչ եղավ հետագայում։ Դարեր շարունակ իսրայելացիները անընդհատ խախտում էին Աստծու օրենքը։ Այն ժամանակ, երբ Հիսուսը երկրի վրա էր, իսրայելացիներն այն աստիճան էին անհնազանդ Աստծուն և նրա խոսնակներին, որ Հիսուսը Երուսաղեմը անվանեց «մարգարեներին սպանող» (կարդա՛  Մատթեոս 23։37, 38)։ Աստված մերժեց հրեա կրոնական առաջնորդներին անհավատարմության համար։ Ուստի Հիսուսը նրանց ասաց. «Աստծու թագավորությունը ձեզանից կվերցվի և կտրվի մի ազգի, որը նրա պտուղները կբերի» (Մատթ. 21։43

11, 12. ա) Ի՞նչն է ցույց տալիս, որ Եհովան սկսել էր օրհնել մի նոր կազմակերպության։ բ) Ովքե՞ր էին մտնում Աստծու բարեհաճությունը վայելող նոր կազմակերպության մեջ։

11 Առաջին դարում Եհովան մերժեց անհավատարիմ Իսրայել ազգին։ Բայց դա չէր նշանակում, որ նա երկրի վրա այլևս չէր ունենալու նվիրված ծառաներից բաղկացած կազմակերպություն։ Եհովան սկսեց օրհնել մի նոր կազմակերպության, որը գործում էր ակտիվորեն և կենտրոնացած էր Հիսուս Քրիստոսի ու նրա ուսմունքների վրա։ Այն կազմավորվեց 33թ. Պենտեկոստեին։ Այդ օրը մոտ 120 աշակերտներ հավաքվել էին Երուսաղեմում։ «Հանկարծ երկնքից աղմուկ լսվեց՝ սաստիկ հողմի ձայնի նման, և ամբողջ տունը, որտեղ նրանք նստած էին, ձայնից դղրդաց»։ Հետո «նրանց ասես կրակե լեզուներ երևացին, ու դրանք բաժանվեցին, և նրանցից յուրաքանչյուրի վրա մի լեզու իջավ։ Բոլորը սուրբ ոգով լցվեցին ու սկսեցին տարբեր լեզուներով խոսել, ինչպես ոգին նրանց խոսել էր տալիս» (Գործ. 2։1–4)։ Այս արտասովոր դեպքը անհերքելիորեն փաստեց, որ Եհովան աջակցում էր նոր կազմակերպությանը, որը բաղկացած էր Քրիստոսի աշակերտներից։

12 Այդ անմոռանալի օրը «մոտ երեք հազար հոգի ավելացավ» Հիսուսի հետևորդների թվին։ «Եհովան օրեցօր ավելացնում էր փրկվողների թիվը» (Գործ. 2։41, 47)։ Առաջին դարի այս քարոզիչներն այնքան արդյունավետ էին գործում, որ «Աստծու խոսքը շարունակում էր աճել, ու աշակերտների թիվը Երուսաղեմում խիստ շատանում էր»։ Նույնիսկ «քահանաների մի մեծ բազմություն ընդունեց հավատը» (Գործ. 6։7)։ Բազմաթիվ անկեղծ մարդիկ այդպիսով ընդունեցին այն ճշմարտությունները, որ քարոզում էին այս նոր կազմակերպության անդամները։ Հետագայում Եհովան սկսեց «այլազգի մարդկանց» բերել քրիստոնեական ժողով, ինչը նույնպես փաստում էր, որ նա աջակցում է նոր կազմակերպությանը (կարդա՛  Գործեր 10։44, 45

13. Ի՞նչ գործ Աստված հանձնարարեց իր նոր կազմակերպությանը։

13 Ակնհայտ էր, թե Քրիստոսի հետևորդները ինչ գործ պետք է անեին։ Հիսուսն իր օրինակով ցույց տվեց, թե ինչ է հարկավոր անել. մկրտությունից շատ չանցած՝ նա սկսեց քարոզել «երկնքի թագավորության» մասին (Մատթ. 4։17)։ Քրիստոսն իր աշակերտներին պատվիրեց նույն գործն անել։ Նա ասաց. «Իմ վկաները կլինեք Երուսաղեմում, ամբողջ Հրեաստանում, Սամարիայում և մինչև աշխարհի ծայրերը» (Գործ. 1։8)։ Վաղ քրիստոնյաները շատ լավ հասկանում էին, թե ինչ է պահանջվում իրենցից։ Օրինակ՝ Պիսիդիայի Անտիոքում Պողոսն ու Բառնաբասը հրեա հակառակորդներին անվախորեն ասացին. «Պետք էր, որ Աստծու խոսքը նախևառաջ ձեզ խոսվեր։ Քանի որ դուք մերժում եք այն և ինքներդ  ձեզ արժանի չեք համարում հավիտենական կյանքին, ահա մենք էլ դեպի ազգերն ենք դառնում, որովհետև Եհովան պատվեր տվեց մեզ այսպիսի խոսքերով. «Ես քեզ ազգերի լույս նշանակեցի, որ փրկություն լինես մինչև երկրի ծայրերը»» (Գործ. 13։14, 45–47)։ Առաջին դարից սկսած՝ Աստծու կազմակերպության երկրային մասը հայտնում է բոլորին, թե ինչ է Եհովան արել մարդկության փրկության համար։

ՇԱՏԵՐԸ ԿՈՐԾԱՆՎՈՒՄ ԵՆ, ԱՍՏԾՈՒ ԾԱՌԱՆԵՐԸ ՓՐԿՎՈՒՄ ԵՆ

14. Առաջին դարում ի՞նչ պատահեց Երուսաղեմին, և ովքե՞ր փրկվեցին։

14 Հրեաների մեծամասնությունը չընդունեց բարի լուրը։ Նրանց աղետ էր սպասում։ Հիսուսն իր աշակերտներին զգուշացրել էր. «Երբ տեսնեք Երուսաղեմը՝ զորքերով շրջապատված, իմացեք, որ նրա ամայացումը մոտեցել է։ Այդ ժամանակ նրանք, ովքեր Հրեաստանում են, թող սարերը փախչեն, և ովքեր Երուսաղեմում են, թող դուրս գան, իսկ ովքեր Երուսաղեմի շրջակայքում են, թող չմտնեն այնտեղ» (Ղուկ. 21։20, 21)։ Հիսուսի մարգարեությունը կատարվեց։ 66թ.-ին հրեաները ապստամբություն բարձրացրին, և հռոմեական զորքերը Կեստիոս Գալլոսի գլխավորությամբ շրջապատեցին Երուսաղեմը։ Բայց նրանք անսպասելիորեն հետ քաշվեցին, ինչը Հիսուսի հետևորդներին հնարավորություն տվեց հեռանալու Երուսաղեմից և Հրեաստանից։ Ըստ պատմիչ Եվսեբիոսի՝ շատերը, անցնելով Հորդանան գետը, փախան Պիրեայի Պելլա քաղաք։ 70թ.-ին հռոմեական զորքերը հրամանատար Տիտոսի գլխավորությամբ վերադարձան և ավերեցին Երուսաղեմը։ Բայց հավատարիմ քրիստոնյաները փրկվեցին, որովհետև ուշադրություն դարձրին Հիսուսի նախազգուշացմանը։

15. Ի՞նչ դժվարություններ էին կրում առաջին դարի քրիստոնյաները։

15 Չնայած որ առաջին դարի քրիստոնյաները դժվարություններ էին կրում, հալածվում և հավատի այլ փորձությունների ենթարկվում, նրանց թիվը ավելի ու ավելի էր շատանում (Գործ. 11։19–21; 19։1, 19, 20)։ Նրանք հոգևորապես բարգավաճում էին, քանի որ Աստված օրհնում էր նրանց (Առակ. 10։22

16. Հոգևոր հաջողությունների հասնելու համար ի՞նչ պետք է աներ յուրաքանչյուր քրիստոնյա։

16 Հոգևոր հաջողությունների հասնելու համար յուրաքանչյուր քրիստոնյա պետք է ջանքեր գործադրեր։ Սուրբ Գրքերի խոր ուսումնասիրությունը, երկրպագության համար կազմակերպվող հանդիպումներին կանոնավորաբար հաճախելը և Թագավորության լուրը եռանդորեն քարոզելը շատ կարևոր էին։ Այս ամենը նպաստում էր Եհովայի ժողովրդի հոգևոր առողջությանը և միասնությանը։ Դա այդպես է նաև այսօր։ Վաղ քրիստոնեական ժողովները կազմակերպված էին գործում։ Կային պատրաստակամ վերակացուներ և ծառայող օգնականներ, որոնք ջանք չէին խնայում ժողովի անդամներին օգնելու համար (Փիլիպ. 1։1; 1 Պետ. 5։1–4)։ Ժողովները նաև մեծ օգուտներ էին ստանում շրջագայող երեցների այցելություններից. այդպիսի մի երեց էր Պողոս առաքյալը (Գործ. 15։36, 40, 41)։ Այո՛, ապշեցուցիչ նմանություն կա մեր ու առաջին դարի քրիստոնեության միջև։ Որքա՜ն երախտապարտ ենք Եհովային, որ ինչպես այն ժամանակ, այնպես էլ այսօր իր ծառաներին կազմակերպում է *։

17. Ի՞նչ ենք քննարկելու հաջորդ հոդվածում։

17 Մինչ Սատանայի աշխարհը մոտենում է իր վախճանին, Եհովայի կազմակերպության երկրային մասը ավելի ու ավելի արագ է առաջ ընթանում։ Հաջորդ հոդվածում կտեսնենք, թե ինչպես կարող ենք համաքայլ ընթանալ նրա կազմակերպության հետ և առաջադիմել հոգևորապես։

^ պարբ. 16 Տե՛ս «Դիտարանի» 2002թ. հուլիսի 15-ի հետևյալ հոդվածները. «Քրիստոնյաները երկրպագում են «հոգով եւ ճշմարտութեամբ»» և «Նրանք ճշմարտությամբ են ընթանում»։ Աստծու կազմակերպության երկրային մասի վերաբերյալ մանրամասնորեն գրված է «Եհովայի վկաներ. Աստծու Թագավորությունը հռչակողները» գրքում։