Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

 ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Եհովան միշտ օրհնել է ինձ

Եհովան միշտ օրհնել է ինձ

Ես ու Էվելինը նոր էինք ամուսնացել։ 1957 թվականն էր։ Մենք գնացքից իջանք Կանադայի Օնտարիո նահանգի մի խուլ վայրում՝ Հորնփեյն քաղաքում։ Վաղ առավոտ էր ու սարսափելի ցուրտ։ Մի եղբայր դիմավորեց մեզ և տարավ իրենց տուն։ Նրա, նրա կնոջ և որդու հետ կուշտ նախաճաշելուց հետո գնացինք տնետուն ծառայելու, չնայած որ դժվար էր ձյան միջով քայլել։ Կեսօրից հետո ներկայացրի իմ առաջին հանրային ելույթը՝ որպես շրջանային վերակացու։ Ներկա էր հինգ հոգի։ Կարծում եմ՝ գլխի եք ընկնում, թե ովքեր էին նրանք։

ԻՐԱԿԱՆՈՒՄ ինձ վատ չզգացի, որ այդքան քիչ մարդ էր եկել... որովհետև չափազանց ամաչկոտ էի։ Ես այդպիսին եմ եղել դեռ փոքրուց. ամեն անգամ, երբ մեր տուն հյուր էր գալիս, թաքնվում էի, նույնիսկ եթե ճանաչում էի նրան։

Ուստի գուցե զարմանաք՝ իմանալով, որ ինձ նման ամաչկոտ անձնավորությունը Եհովայի կազմակերպությունում ստանձնել է այնպիսի նշանակումներ, որոնք պահանջում էին շփում ունենալ ամենատարբեր մարդկանց հետ՝ ոչ միայն ընկերների, այլև անծանոթների։ Ինչևէ, ես շարունակ պետք է պայքարեի ամաչկոտության և թերարժեքության զգացման դեմ։ Ուստի իմ ուժերով չէ, որ կարողացել եմ կատարել հանձնարարություններս։ Ես համոզվել եմ Եհովայի հետևյալ խոսքերի ճշմարտացիության մեջ. «Ես կամրացնեմ ու կօգնեմ քեզ, արդար աջովս ամուր կբռնեմ քեզ» (Ես. 41։10)։ Եհովան ինձ հատկապես օգնել է հավատակիցներիս միջոցով։ Թույլ տվեք պատմել նրանցից մի քանիսի մասին՝ սկսած իմ մանկությունից։

ՆԱ ՈՒՆԵՐ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ ԵՎ ՄԻ ՍԵՎ ԳՐՔՈՒՅԿ

Մեր ֆերման, Օնտարիոյի հարավ-արևմուտք

1940-ականներն էին։ Մի արևոտ կիրակի առավոտյան Էլսի Հանտինգֆորդը եկավ մեր ֆերմա (հարավարևելյան Օնտարիո)։ Դուռը բացեց մայրս, իսկ հայրս, որն ինձ պես ամաչկոտ էր, ինձ հետ մնաց ներսում  և լսում էր նրանց խոսակցությունը։ Կարծելով, թե քույր Էլսին շրջիկ վաճառական է, և մայրս կգնի մի բան, որը մեզ պետք չէ, հայրս գնաց դեպի դուռը և ասաց, որ դա մեզ չի հետաքրքրում։ Էլսին ասաց. «Մի՞թե ձեզ չի հետաքրքրում Աստվածաշունչ ուսումնասիրելը»։ «Իհարկե հետաքրքրում է»,— արտաբերեց հայրս։

Էլսին շատ ճիշտ ժամանակ էր եկել։ Ծնողներս Կանադայի միացյալ եկեղեցու ակտիվ անդամներ էին, բայց որոշել էին թողնել այն։ Պատճառն այն էր, որ եկեղեցու մի սպասավոր կազմում էր բոլոր նվիրատուների ցուցակը՝ ըստ նվիրաբերությունների չափի, և այն փակցնում եկեղեցու նախասրահում։ Ծնողներս, լինելով համեստ միջոցների տեր, միշտ հայտնվում էին ցուցակի վերջին հորիզոնականներում, և եկեղեցու երեցները ճնշում էին բանեցնում նրանց վրա, որ ավելի շատ նվիրաբերեն։ Իսկ եկեղեցու մի սպասավոր էլ խոստովանեց, որ ինքը չի հավատում այն ամենին, ինչ սովորեցնում է. նա դա անում էր միայն այն պատճառով, որ աշխատանք ունենա։ Ուստի մենք հեռացանք այդ եկեղեցուց, բայց հոգևոր կարիքները բավարարելու մեր ցանկությունը չմարեց։

Քանի որ այդ ժամանակ Եհովայի վկաների գործունեությունը Կանադայում արգելված էր, քույր Էլսին մեզ հետ Աստվածաշունչ էր ուսումնասիրում միայն Աստվածաշնչի և իր գրառումների միջոցով, որոնք արել էր մի սև գրքույկում։ Երբ նա համոզվեց, որ մենք իշխանություններին չենք ասի իր մասին, սկսեց մեզ աստվածաշնչյան գրականություն տալ։ Ամեն ուսումնասիրությունից հետո մենք խնամքով թաքցնում էինք հրատարակությունները *։

Ծնողներս բարի լուրը լսեցին տնետուն ծառայության միջոցով և մկրտվեցին 1948թ.-ին

Չնայած հակառակությանն ու խոչընդոտներին՝ քույր Էլսին եռանդորեն քարոզում էր բարի լուրը։ Դա շատ տպավորեց ինձ, ու ես որոշեցի ծառայել Եհովային։ Ծնողներիս մկրտությունից մեկ տարի անց՝ 1949թ. փետրվարի 27-ին (այդ ժամանակ 17 տարեկան էի), ես էլ նվիրվեցի Աստծուն։ Մկրտվեցի մի մետաղյա տաշտում, որով ֆերմերները ջուր էին տալիս իրենց անասուններին։ Նպատակ ունեի լիաժամ ծառայություն սկսելու։

ԵՀՈՎԱՆ ՕԳՆԵՑ, ՈՐ ՔԱՋ ԼԻՆԵՄ

Զարմացա, երբ ինձ հրավիրեցին Բեթել, 1952թ.

Այդուհանդերձ, ես անմիջապես չսկսեցի ռահվիրայությունը։ Մի որոշ ժամանակ աշխատեցի բանկում և մի գրասենյակում. ինքս ինձ համոզել էի, որ պետք է փող ունենամ ձեռքիս, որպեսզի կարողանամ ռահվիրա ծառայել։ Բայց, լինելով անփորձ  երիտասարդ, աշխատածս փողը տեղնուտեղը ծախսում էի։ Թեդ Սարջենտ անունով մի եղբայր ինձ հորդորեց քաջ լինել ու Եհովային ապավինել (1 Տար. 28։10)։ Նրա այս քաջալերանքից ոգևորված՝ 1951թ. նոյեմբերին ռահվիրայություն սկսեցի։ Ունեի ընդամենը 40 դոլար, մի հին հեծանիվ և մի նոր պայուսակ։ Բայց Եհովան միշտ հոգ էր տանում, որ ունենամ ինձ անհրաժեշտ բաները։ Անչափ երախտապարտ եմ Թեդին, որ խրախուսեց ինձ ռահվիրայություն սկսել։ Այս ծառայությունը օրհնության շատ դռներ բացեց իմ առջև։

1952թ. օգոստոսի վերջին Տորոնտոյից հեռախոսազանգ ստացա։ Եհովայի վկաների Կանադայի մասնաճյուղը ինձ հրավիրում էր ծառայելու Բեթելում՝ սկսած սեպտեմբեր ամսից։ Ես ամաչկոտ էի ու երբեք չէի եղել մասնաճյուղում, բայց քանի որ մյուս ռահվիրաները լավ-լավ բաներ էին պատմել Բեթելի մասին, ուրախությամբ մեկնեցի։ Երբ ժամանեցի Բեթել, ինձ թվաց՝ եկել եմ տուն։

«ԹՈՂ ԵՂԲԱՅՐՆԵՐՆ ՈՒ ՔՈՒՅՐԵՐԸ ՏԵՍՆԵՆ, ՈՐ ՀՈԳ ԵՍ ՏԱՆՈՒՄ ԻՐԵՆՑ ՄԱՍԻՆ»

Բեթել գալուց երկու տարի անց նշանակվեցի ժողովի ծառայող (այժմ՝ երեցների խորհրդի կոորդինատոր) Տորոնտոյի ժողովներից մեկում՝ եղբայր Բիլ Յակոսի փոխարեն։ Ես ընդամենը 23 տարեկան էի և ինձ զգում էի ինչպես մի միամիտ գյուղացի տղա։ Եղբայր Բիլը սիրով ու խոնարհաբար ինձ սովորեցնում էր իմ անելիքը։ Այո՛, Եհովան օգնում էր ինձ։

Եղբայր Բիլը կարճահասակ էր, ամրակազմ ու ժպտերես։ Նա հետաքրքրվում էր մարդկանցով։ Սիրում էր հավատակիցներին, նրանք էլ նրան էին սիրում։ Հաճախակի այցելում էր նրանց, բայց ոչ միայն այն ժամանակ, երբ խնդիրներ էին ունենում։ Բիլ Յակոսը հորդորեց ինձ նույնն անել և եղբայրների ու քույրերի հետ գնալ ծառայության։ «Քե՛ն, թող եղբայրներն ու քույրերը տեսնեն, որ հոգ ես տանում իրենց մասին։ Դա կծածկի մեղքերի շատությունը»,— ասաց նա։

ՆՎԻՐՎԱԾ ԿԻՆ ՈՒՆԵՄ

1957թ. հունվարից սկսած՝ Եհովան ինձ օգնել է մի յուրահատուկ ձևով։ Այդ ամսին ամուսնացա Էվելինի հետ, որը «Գաղաադի» 14-րդ դասարանի շրջանավարտ էր։ Նախքան ամուսնությունը նա ծառայել էր Քվեբեկ նահանգում, որտեղ խոսում են ֆրանսերեն։ Այն ժամանակ Հռոմի կաթոլիկ եկեղեցին մեծ ազդեցություն ուներ այս նահանգում։ Ուստի Էվելինի համար հեշտ չէր։ Բայց նա, լինելով Եհովային նվիրված ծառա, շարունակեց քարոզել Քվեբեկում։

Մեր ամուսնության օրը, 1957թ.

Էվելինը նվիրված էր նաև ինձ (Եփես. 5։31)։ Մեր ամուսնությունից անմիջապես հետո նրա նվիրվածությունը փորձվեց։ Մենք պլանավորել էինք մեր մեղրամիսն անցկացնել Ֆլորիդայում (ԱՄՆ), բայց հարսանիքի հաջորդ օրը մասնաճյուղը խնդրեց ինձ ներկա լինել Կանադայի Բեթելում անցկացվելիք մի հանդիպման, որը տևելու էր մեկ շաբաթ։ Ինչ խոսք, մենք փոխեցինք մեր պլանները, որովհետև պատրաստ էինք անելու ցանկացած բան, որ Եհովան կասեր մեզ։ Մենք հետաձգեցինք մեր մեղրամիսը։ Այդ շաբաթվա ընթացքում Էվելինը ծառայեց մասնաճյուղի մոտակայքում։ Չնայած այդ տարածքը շատ էր տարբերվում Քվեբեկից, նա շարունակեց հաստատակամորեն քարոզել։

Այդ շաբաթվա վերջում մի անսպասելի նշանակում ստացա. նշանակվեցի շրջանային վերակացու Օնտարիոյի հյուսիսում։ Ես նոր էի ամուսնացել, ընդամենը  25 տարեկան էի ու անփորձ, բայց մենք գիտեինք, որ Եհովան անպայման կօգնի մեզ։ Կանադական խստաշունչ ձմեռ էր։ Մի քանի փորձառու շրջագայող վերակացուների հետ, որոնք վերադառնում էին իրենց նշանակումներին, նստեցինք գիշերային գնացք։ Եղբայրները մեզ շատ ոգևորեցին։ Ես ու Էվելինը տոմսեր ունեինք նստելու տեղերի համար։ Մի եղբայր, որը կուպեով էր գնում, մեզ առաջարկեց տեղերով փոխվել, ուստի մենք ստիպված չեղանք ողջ գիշեր նստած անցկացնել։ Հաջորդ առավոտյան՝ մեր հարսանիքից ընդամենը 15 օր անց, մենք արդեն սկսել էինք մեր այցելությունը Հորնփեյնում գտնվող մի փոքր խումբ, ինչպես որ հոդվածի սկզբում պատմեցի։

Ինձ ու Էվելինին ուրիշ փոփոխություններ էլ էին սպասում։ 1960թ. վերջում, երբ շրջագայական ծառայության մեջ էինք, ես հրավիրվեցի սովորելու «Գաղաադի» 36-րդ դասարանում։ Դասընթացը տևելու էր տասը ամիս՝ սկսած 1961թ. փետրվարից, և անցկացվելու էր Բրուքլինում։ Ինչ խոսք, հուզված էի, բայց ուրախությունս մի տեսակ կիսատ էր, որովհետև Էվելինը չէր հրավիրվել։ Նամակում նրան խնդրում էին, ինչպես որ նման դեպքերում խնդրում էին եղբայրների կանանց, նամակով գրավոր հայտնել, որ ինքը համաձայն է ամուսնուց առանձին լինել առնվազն տասը ամիս։ Էվելինը շատ լացեց, բայց մենք երկուսս էլ համաձայն էինք, որ ես գնամ դպրոց։ Նա ուրախ էր, որ ես արժեքավոր կրթություն կարող եմ ստանալ «Գաղաադում»։

Այդ ընթացքում Էվելինը ծառայում էր Կանադայի մասնաճյուղում։ Նա պատիվ ունեցավ լինելու մեր մի սիրելի օծյալ քրոջ՝ Մարգարետ Լովելի սենյակակիցը։ Ես ու Էվելինը, իհարկե, շատ էինք կարոտում իրար։ Բայց Եհովայի օգնությամբ մենք հարմարվեցինք մեր ժամանակավոր նշանակումներին։ Հանուն Եհովայի և նրա կազմակերպության Էվելինի՝ ինձնից հեռու լինելու պատրաստակամությունը մինչև հոգուս խորքը ցնցեց ինձ։

Երբ արդեն երեք ամիս էր, ինչ «Գաղաադում» էի, եղբայր Նաթան Նորը, որն այն ժամանակ առաջնորդում էր համաշխարհային գործը, ինձ մի արտասովոր առաջարկ արեց։ Նա հարցրեց, թե պատրաստ եմ հիմա թողնելու «Գաղաադը», վերադառնալու Կանադա և տեղի մասնաճյուղում ժամանակավորապես ծառայելու որպես Թագավորական ծառայության դպրոցի ուսուցիչ։ Եղբայր Նորն ասաց, որ ես պարտավոր չեմ ընդունելու առաջարկը։ Ես կարող էի ավարտել «Գաղաադը» և հետո, հավանաբար, անցնել միսիոներական ծառայության։ Նաև ասաց, որ եթե որոշեմ վերադառնալ Կանադա, գուցե այլևս երբեք չհրավիրվեմ «Գաղաադ», և որ ժամանակի ընթացքում, հավանաբար, կնշանակվեմ Կանադա՝ ծառայելու դաշտում։ Նա ասաց, որ խորհրդակցեմ կնոջս հետ և հայտնեմ իրեն որոշմանս մասին։

Քանի որ արդեն գիտեի Էվելինի տեսակետը աստվածապետական նշանակումների մասին, ես եղբայր Նորին անմիջապես պատասխանեցի. «Մենք ուրախ կլինենք անելու ցանկացած բան, որ Եհովայի կազմակերպությունը կխնդրի մեզ անել»։ Մենք միշտ մտածել ենք, որ անկախ այն բանից՝ նշանակումը մեզ դուր է գալիս, թե ոչ, պետք է ծառայենք այնտեղ, որտեղ Եհովայի կազմակերպությունը կնշանակի։

 Այսպիսով՝ 1961թ. ապրիլին Բրուքլինից մեկնեցի Կանադա՝ դասավանդելու Թագավորական ծառայության դպրոցում։ Հետագայում սկսեցինք ծառայել Բեթելում։ Դրանից հետո, ի զարմանս ինձ, հրավեր ստացա սովորելու «Գաղաադի» 40-րդ դասարանում, որը սկսվելու էր 1965թ.-ին։ Էվելինը դարձյալ ստիպված էր նամակ գրելու, որ համաձայն է ինձնից առանձին լինելու։ Բայց մի քանի շաբաթ անց նա նույնպես դպրոցում սովորելու հրավեր ստացավ։ Մեր ուրախությանը չափ ու սահման չկար։

Երբ եկանք «Գաղաադ», եղբայր Նորն ասաց, որ ֆրանսախոս դասարանում ընդգրկված ուսանողները ուղարկվելու են Աֆրիկա։ Մեր ավարտականի ծրագրին, սակայն, մեզ ասացին, որ գնալու ենք Կանադա։ Ես նշանակվեցի նոր մասնաճյուղի վերակացու (այժմ՝ մասնաճյուղի կոմիտեի կոորդինատոր)։ Այդ ժամանակ ընդամենը 34 տարեկան էի ու եղբայր Նորին ասացի. «Ես շատ երիտասարդ եմ»։ Բայց նա ինձ թև տվեց։ Հենց սկզբից կարևոր որոշումներ կայացնելուց առաջ ջանացել եմ խորհրդակցել ինձնից ավելի մեծ ու ավելի փորձառու բեթելցի եղբայրների հետ։

ԲԵԹԵԼՈՒՄ ՍՈՎՈՐՈՒՄ ԵՄ ԵՎ ՍՈՎՈՐԵՑՆՈՒՄ

Բեթելի ծառայությունը սովորելու հիանալի հնարավորություններ է տվել ինձ։ Ես հարգում եմ մասնաճյուղի կոմիտեի մյուս անդամներին և հիանում եմ նրանցով։ Ինձ վրա դրական ազդեցություն են թողել նաև հարյուրավոր եղբայրներ ու քույրեր՝ երիտասարդ թե տարեց, ում հանդիպել ենք մեր կյանքի ընթացքում այստեղ մասնաճյուղում և այն բազմաթիվ ժողովներում, որտեղ ծառայել ենք։

Կանադայի Բեթելում առավոտյան երկրպագություն եմ անցկացնում

Բեթելի ծառայությունը ինձ հնարավորություն է տվել նաև սովորեցնելու եղբայրներին ու քույրերին և ամրացնելու նրանց հավատը։ Պողոս առաքյալը Տիմոթեոսին ասաց. «Հարատևիր այն բաներում, որ սովորեցիր»։ Նաև ասաց. «Այն ամենը, ինչ լսեցիր ինձանից, և որոնք հաստատվեցին շատ վկաների կողմից, փոխանցիր հավատարիմ մարդկանց, որոնք որակյալ կլինեն ուրիշներին սովորեցնելու համար» (2 Տիմոթ. 3։14; 2։2)։ Երբեմն ինձ հարցնում են, թե ինչ եմ սովորել Բեթելի իմ ծառայության 57 տարիներին։ Իմ պատասխանը շատ պարզ է. «Պատրաստակամորեն ընդունել և անմիջապես անել այն հանձնարարությունները, որ տալիս է Եհովայի կազմակերպությունը, ու վստահ լինել, որ Եհովան կօգնի»։

Կարծես երեկ էր, որ ամաչկոտ ու անփորձ երիտասարդը ոտք դրեց Բեթել։ Այս բոլոր տարիներին Եհովան միշտ «ամուր բռնել է իմ աջ ձեռքից» և օգնել է ինձ հատկապես հավատակիցների միջոցով, որոնք բարի են եղել իմ հանդեպ ու ճիշտ ժամանակին աջակցել են։ Այո՛, Եհովան այսօր էլ ասում է ինձ. «Մի՛ վախեցիր, ես կօգնեմ քեզ» (Ես. 41։13

^ պարբ. 10 1945թ. մայիսի 22-ին Կանադայի կառավարությունը հանեց մեր գործունեության վրա դրված արգելքը։