Ծառայության ժամանակ առաջնորդվիր Ոսկե կանոնով
«Այն, ինչ ուզում եք, որ մարդիկ ձեզ անեն, նույնը դուք արեք նրանց» (ՄԱՏԹ. 7։12)։
1. Կարևո՞ր է արդյոք այն, թե ծառայության ժամանակ ինչպես ենք վերաբերվում մարդկանց։ Բեր օրինակ (տե՛ս 11-րդ էջի նկարը)։
ՄԻ ՔԱՆԻ տարի առաջ Ֆիջիում մի ամուսնական զույգ մասնակցում էր քարոզարշավի և մարդկանց հրավիրում էր Հիսուսի Հիշատակի երեկոյին։ Մի անգամ, երբ զրուցում էին մի կնոջ հետ, անձրև սկսվեց։ Եղբայրն իրենց անձրևանոցներից մեկը տվեց այդ կնոջը, իսկ ինքն ու իր կինը կանգնեցին մյուսի տակ։ Նրանք շատ ուրախացան, երբ տեսան, որ այդ կինը եկել է Հիշատակի երեկոյին։ Կինն ասաց, որ առանձնապես չի հիշում, թե Վկաներն ինչ են ասել իրեն, բայց այնքան էր տպավորվել նրանց վերաբերմունքից, որ ուղղակի չկարողացավ ներկա չլինել Հիշատակի երեկոյին։ Այս ամուսնական զույգը ծառայության մեջ հաջողության հասավ, որովհետև կիրառեց Ոսկե կանոնը։
2. Ի՞նչ է Ոսկե կանոնը, և ինչպե՞ս կարող ենք վարվել դրա համաձայն։
2 Ի՞նչ է Ոսկե կանոնը։ Դա այն խորհուրդն է, որ տվեց Հիսուսը Մատթեոս 7։12-ում. «Այն, ինչ ուզում եք, որ մարդիկ ձեզ անեն, նույնը դուք արեք նրանց»։ Ինչպե՞ս կարող ենք վարվել այս կանոնի համաձայն։ Նախ՝ ինքներս մեզ պետք է հարցնենք. «Եթե դիմացինի տեղը լինեի, ինչպե՞ս կուզեի, որ ինձ հետ վարվեին»։ Հետո՝ պետք է, որքան հնարավոր է, փորձենք նրա հետ այդպես վարվել (1 Կորնթ. 10։24)։
3, 4. ա) Բացատրիր, թե ինչու Ոսկե կանոնը չպետք է կիրառենք միայն հավատակիցների նկատմամբ։ բ) Ի՞նչ ենք քննարկելու այս հոդվածում։
3 Մենք հաճախ ենք կիրառում Ոսկե կանոնը մեր հավատակիցների նկատմամբ։ Բայց Հիսուսը չասաց, որ այն պետք է կիրառենք միայն նրանց նկատմամբ։ Հետաքրքիր է, որ նա Ոսկե կանոնը տվեց այն ժամանակ, երբ խոսում էր այն մասին, թե ինչպես վարվել մասնավորապես թշնամիների հետ (կարդա՛ Ղուկաս 6։27, 28, 31, 35)։ Եթե այս կանոնը պետք է կիրառենք մեր թշնամիների նկատմամբ, ապա առավել ևս պետք է կիրառենք այն մարդկանց նկատմամբ, ում քարոզում ենք, որոնցից շատերը, հնարավոր է, «ճիշտ [են] տրամադրված հավիտենական կյանքի հանդեպ» (Գործ. 13։48)։
4 Այժմ քննենք չորս հարց, որոնք լավ կլինի՝ հաշվի առնենք ծառայության ժամանակ. «Ո՞ւմ հետ եմ խոսում։ Որտե՞ղ եմ խոսում։ Ե՞րբ է խոսելու լավագույն ժամանակը։ Ինչպե՞ս պետք է խոսեմ»։ Այս հարցերն ինքներս մեզ տալով՝ ծառայության ժամանակ կկարողանանք հաշվի առնել մարդկանց զգացումները և համապատասխան մոտեցում ցույց տալ (1 Կորնթ. 9։19–23)։
Ո՞ՒՄ ՀԵՏ ԵՄ ԽՈՍՈՒՄ
5. Ի՞նչ հարցեր կարող ենք տալ ինքներս մեզ։
5 Ծառայության ժամանակ սովորաբար խոսում ենք առանձին մարդկանց հետ։ Յուրաքանչյուր մարդ ունի իր անցյալը, իր խնդիրները և այլն (2 Տար. 6։29)։ Նախքան մարդուն բարի լուրը հայտնելը ինքդ քեզ հարցրու. «Եթե ես նրա տեղը լինեի, ինչպե՞ս կցանկանայի, որ նա ինձ վերաբերվեր։ Հաճելի կլինե՞ր, եթե ինձ համարեր հերթական բնակիչ, թե՞ կցանկանայի, որ իմ հանդեպ անհատական մոտեցում ցույց տար»։ Այս հարցերի շուրջ մտածելով՝ մենք կկարողանանք յուրաքանչյուր բնակչի հանդեպ անհատական մոտեցում ցուցաբերել։
6, 7. Ի՞նչ պետք է անենք, երբ ծառայության ժամանակ հանդիպում ենք այնպիսի մարդու, որը բարկացած է կամ կոպիտ է խոսում։
6 Ոչ ոք չի ուզում, որ իրեն «բացասական մարդու» պիտակ փակցնեն։ Լինելով քրիստոնյաներ՝ մենք ջանում ենք կիրառել աստվածաշնչյան հետևյալ խորհուրդը. «Թող ձեր խոսքը միշտ վայելուչ լինի» (Կող. 4։6)։ Բայց քանի որ անկատար ենք, երբեմն ասում ենք բաներ, որոնց համար հետո զղջում ենք (Հակ. 3։2)։ Օրինակ՝ հնարավոր է՝ անհաջող օր ենք ունեցել և դրա պատճառով կոպիտ ենք խոսել մեկի հետ։ Մեզ դուր կգա՞, եթե նա մեզ «կոպիտ» կամ «անքաղաքավարի» մարդու պիտակ փակցնի։ Իհարկե ոչ. մենք հույս ունենք, որ այդ անձնավորությունը ըմբռնումով կմոտենա մեզ։ Ուրեմն չպե՞տք է ինքներս այդպես վարվենք ուրիշների հետ։
7 Եթե ծառայության ժամանակ տեսնում ենք, որ ինչ-որ մեկը բարկացած է կամ կոպիտ է խոսում, կարող ենք փորձել դրական տեսանկյունից նայել նրան։ Միգուցե նա խնդիրներ ունի աշխատավայրում կամ դպրոցում։ Կամ՝ գուցե առողջական լուրջ խնդիր ունի։ Շատ է եղել, երբ բացասաբար տրամադրված բնակիչը, տեսնելով Եհովայի ծառաների մեղմ ու հարգալից վերաբերմունքը, դրականորեն է արձագանքել բարի լուրին (Առակ. 15։1; 1 Պետ. 3։15)։
8. Ինչո՞ւ պետք է բարի լուրը հայտնենք «ամեն տեսակ մարդկանց»։
8 Մենք բարի լուրը հայտնում ենք ամենատարբեր մարդկանց։ Անցած մի քանի տարիներին միայն «Դիտարանի» «Աստվածաշունչը փոխում է կյանքերը» խորագրի ներքո տպագրվել է 60-ից ավելի կենսագրություն։ Այս մարդկանցից ոմանք նախկինում եղել են գողեր, հարբեցողներ, ավազակախմբի անդամներ և թմրամոլներ։ Մյուսները եղել են քաղաքական գործիչներ, կրոնական առաջնորդներ կամ փառասիրական ձգտումներ են ունեցել։ Ոմանք էլ ապրել են անբարո կյանքով։ Բայց նրանք բոլորը լսել են բարի լուրը, սկսել են Աստվածաշունչ ուսումնասիրել, փոխել են իրենց կյանքը և նվիրվել են Աստծուն։ Ուստի երբեք չպետք է մտածենք, թե Թագավորության լուրը ոմանց հասու չէ (կարդա՛ 1 Կորնթացիներ 6։9–11)։ Մենք այն կարծիքին ենք, որ «ամեն տեսակ մարդիկ» կարող են դրականորեն արձագանքել բարի լուրին (1 Կորնթ. 9։22)։
ՈՐՏԵ՞Ղ ԵՄ ԽՈՍՈՒՄ
9. Ինչո՞ւ պետք է հարգանք դրսևորենք ուրիշների տան հանդեպ։
9 Ծառայության ժամանակ որտե՞ղ ենք խոսում մարդկանց հետ։ Հաճախ խոսում ենք նրանց տանը (Մատթ. 10։11–13)։ Մեզ դուր է գալիս, երբ ուրիշները հարգանքով են վերաբերվում մեր տանը և ունեցվածքին։ Ինչո՞ւ։ Որովհետև մեր տունը կարևոր է մեզ համար։ Այն մեզ առանձնանալու և ապահով զգալու հնարավորություն է տալիս։ Բնականաբար, ուրիշներն էլ են ցանկանում, որ իրենց տանը և ունեցվածքին հարգանքով վերաբերվեն։ Ուստի տնետուն ծառայելիս լավ կլինի՝ մտածենք, թե ինչ վերաբերմունք ենք դրսևորում բնակչի տան հանդեպ (Գործ. 5։42)։
10. Ի՞նչ չպետք է անենք ծառայության ժամանակ։
10 Հանցագործությամբ ողողված այս աշխարհում շատ մարդիկ կասկածանքով են վերաբերվում անծանոթներին (2 Տիմոթ. 3։1–5)։ Մենք չպետք է այնպիսի բան անենք, որ նրանք ավելի մեծ կասկածանքով լցվեն մեր հանդեպ։ Ենթադրենք՝ մոտենում ենք տանը, թակում ենք դուռը, բայց ոչ ոք չի բացում։ Մեր մեջ հնարավոր է՝ ցանկություն առաջանա պատուհանից ներս նայելու կամ տան շուրջը պտտվելու տանտիրոջը գտնելու նպատակով։ Շատ հավանական է, որ քո տարածքում նման կերպ վարվելը անհանգստացնի բնակչին։ Իսկ ի՞նչ կմտածեն հարևանները։ Ինչ խոսք, մենք ուզում ենք հիմնովին կատարել մեր ծառայությունը (Գործ. 10։42)։ Բացի այդ, բարի լուր ենք հայտնում և բարի մղումներով ենք ծառայում (Հռոմ. 1։14, 15)։ Բայց իմաստություն դրսևորած կլինենք, եթե չանենք այնպիսի բան, ինչը կանհանգստացնի տարածքի բնակիչներին։ Պողոս առաքյալը գրեց. «Ոչ մի ձևով մենք գայթակղության որևէ առիթ չենք տալիս, որպեսզի մեր ծառայությունը չպախարակվի» (2 Կորնթ. 6։3)։ Եթե հարգանքով վերաբերվենք բնակչի տանը և ունեցվածքին, ապա նա գուցե ցանկանա իմանալ ճշմարտությունը (կարդա՛ 1 Պետրոս 2։12)։
Ե՞ՐԲ ԵՄ ԽՈՍՈՒՄ
11. Ինչո՞ւ ենք ուզում, որ մարդիկ հաշվի առնեն մեր ժամանակը։
11 Մենք քրիստոնյաներ ենք, և մեծամասնությունս ակտիվ կյանքով է ապրում։ Որպեսզի կարողանանք կատարել մեր գործերը, մենք մեր առօրյան մանրամասնորեն ծրագրում ենք (Եփես. 5։16; Փիլիպ. 1։10)։ Մեզ դուր չի գալիս, երբ ինչ-որ բանի պատճառով մեր գրաֆիկը խախտվում է։ Սա է պատճառը, որ բարձր ենք գնահատում նրանց, ովքեր հաշվի են առնում մեր ժամանակի սահմանափակ լինելը և որևէ հարցով դիմում են այն ժամանակ, երբ մեզ հարմար է լինում։ Ոսկե կանոնը ի մտի ունենալով՝ ինչպե՞ս կարող ենք ծառայության ժամանակ հարգանք դրսևորել մարդկանց նկատմամբ։
12. Ինչպե՞ս կարող ենք որոշել, թե երբ է մարդկանց հետ խոսելու լավագույն ժամանակը։
12 Մենք պետք է որոշենք, թե երբ է մարդկանց հետ խոսելու լավագույն ժամանակը։ Ինքներս մեզ կարող ենք հարցնել. «Իմ տարածքում ե՞րբ են մարդիկ սովորաբար տանը լինում։ Ե՞րբ ամենից շատ նրանք տրամադրված կլինեն լսելու»։ Այս հարցերին պատասխանելուց հետո պետք է ջանանք մեր գրաֆիկը հարմարեցնել նրանց։ Աշխարհի որոշ վայրերում տնետուն ծառայությունը ամենից լավ ստացվում է երեկոյին մոտ կամ վաղ երեկոյան։ Եթե քո քարոզչական տարածքում այդպես է, կարո՞ղ ես քո գրաֆիկում փոփոխություն մտցնել և երբեմն ծառայել օրվա այդ ժամերին (կարդա՛ 1 Կորնթացիներ 10։24)։ Համոզված եղիր, որ Եհովան կօրհնի ցանկացած զոհողություն, որ անում ես, որպեսզի ծառայես այն ժամերին, երբ հարմար է բնակիչներին։
13. Ինչպե՞ս կարող ենք հարգանք դրսևորել բնակչի հանդեպ։
13 Ուրիշ ինչպե՞ս կարող ենք ցույց տալ բնակչին, որ հարգում ենք նրան։ Եթե բնակիչը հետաքրքրություն է ցույց տալիս, մենք, մի կողմից, պետք է լավ վկայություն տանք, բայց, մյուս կողմից, պետք է զգույշ լինենք, որ չմնանք նրա տանն այնքան, որ մեր ներկայությունը անցանկալի դառնա նրա համար։ Հնարավոր է՝ բնակիչը կարևոր գործ ունի անելու։ Եթե նա ասում է, որ զբաղված է, կարող ենք ասել, որ կարճ կասենք մեր ասելիքը, և, ինչ խոսք, մենք մեր խոսքի տերը պետք է լինենք (Մատթ. 5։37)։ Երբ զրույցն ավարտում ենք, լավ կլինի բնակչին հարցնել, թե հարմար կլինի, որ նորից հանդիպենք։ Որոշ քարոզիչներ ասում են. «Շատ կցանկանայի ձեզ նորից այցելել։ Եթե դեմ չեք, կարող եմ զանգել կամ հաղորդագրություն ուղարկել, և եթե ձեզ հարմար լինի, կայցելեմ»։ Երբ մեր գրաֆիկը հարմարեցնում ենք տարածքի մարդկանց գրաֆիկին, մենք հետևում ենք Պողոսի օրինակին. նա «փնտրում էր ոչ թե իր օգուտը, այլ շատերինը, որպեսզի նրանք փրկվեն» (1 Կորնթ. 10։33)։
ԻՆՉՊԵ՞Ս ՊԵՏՔ Է ԽՈՍԵՄ
14–16. ա) Ինչո՞ւ պետք է բնակչին հստակ հայտնենք մեր այցի նպատակը։ Բեր օրինակ։ բ) Ինչպե՞ս է մի շրջագայող վերակացու մարդկանց հետ զրույց սկսում։
14 Պատկերացրու՝ ստանում ես հեռախոսազանգ, բայց չես կարողանում ճանաչել ձայնը։ Զանգողը հարցնում է, թե ինչ կերակուր ես սիրում։ Դու զարմացած ես. «Ո՞վ է նա և ի՞նչ է ուզում իրականում»։ Քաղաքավարությունից դրդված՝ գուցե մի քիչ խոսես, բայց հետո հասկացնես, որ մտադիր ես խոսակցությունն ավարտել։ Հիմա փորձենք այս օրինակը այլ կերպ պատկերացնել։ Զանգահարողը ներկայանում է, մեզ հայտնում է, որ աշխատում է սննդի բնագավառում, և քաղաքավարի ասում, որ օգտակար տեղեկություն ունի մեզ համար։ Ինչ խոսք, այս դեպքում, հավանաբար, ավելի շատ տրամադրված կլինենք լսելու նրան։ Ի վերջո, մեզ դուր է գալիս, երբ մարդիկ բարեկիրթ ձևով հայտնում են իրենց ով լինելը։ Ինչպե՞ս կարող ենք այսպես վարվել ծառայության ժամանակ։
15 Շատ տարածքներում անհրաժեշտ է բնակչին հստակ հայտնել այցի նպատակը։ Ինչ խոսք, մենք շատ կարևոր բան ունենք հայտնելու, բայց դա չի նշանակում, որ չպետք է ներկայանանք և որ կարող ենք միանգամից հարց տալ, օրինակ. «Եթե կարողանայիք լուծել աշխարհում գոյություն ունեցող ցանկացած խնդիր, ո՞րը կլուծեիք»։ Մենք գիտենք, որ նման հարց տալով՝ կարող ենք իմանալ, թե ինչ է մարդը մտածում, և հետո զրույցը տանել Աստվածաշնչի ուղղությամբ։ Բայց բնակիչը գուցե մտածի. «Ո՞վ է սա։ Ի՞նչ է ուզում։ Ինչո՞ւ է այս հարցը տալիս ինձ»։ Ուստի կարևոր է այնպես խոսել մարդու հետ, որ նա իրեն հանգիստ զգա (Փիլիպ. 2։3, 4)։ Ինչպե՞ս կարող ենք դա անել։
16 Մի շրջագայող վերակացու հետևյալ կերպ է զրույցը սկսում։ Բնակչին ողջունելուց և ներկայանալուց հետո նա տալիս է «Ցանկանո՞ւմ եք իմանալ ճշմարտությունը» թերթիկը և ասում. «Մենք բոլորին ենք տալիս այս թերթիկից։ Այստեղ խոսվում է վեց հարցերի մասին, որոնք շատերին են հետաքրքրում։ Ահա ձեր օրինակը»։ Եղբայրը իր հաշվետվության մեջ նշում է, որ մարդկանց մեծամասնությունը մի քիչ ավելի հանգիստ է զգում իրեն, երբ իմանում է մեր այցի նպատակը։ Դրանից հետո ավելի հեշտ է շարունակել զրույցը։ Հետո շրջագայող վերակացուն բնակչին հարցնում է. «Այստեղ կա՞ այնպիսի հարց, որը ձեզ հետաքրքրում է»։ Եթե բնակիչը որևէ հարց է ընտրում, եղբայրը թերթիկից նրան ցույց է տալիս, թե ինչ է ասում Աստվածաշունչը այդ մասին։ Իսկ եթե բնակիչը չի կողմնորոշվում, նա ինքն է ընտրում որևէ հարց և, առանց մարդուն անհարմար դրության մեջ դնելու, շարունակում զրույցը։ Ինչ խոսք, զրույց սկսելու շատ ձևեր կան։ Որոշ տարածքներում, օրինակ, ընդունված է նախքան այցելության նպատակը հայտնելը մարդուն ողջունելիս որոշ սովորությունների հետևել։ Ամեն դեպքում կարևորն այն է, որ մեր մատուցումն այնպես անենք, որ մարդիկ ուզենան լսել մեզ։
ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՇԱՐՈՒՆԱԿԻՐ ԿԻՐԱՌԵԼ ՈՍԿԵ ԿԱՆՈՆԸ
17. Ինչպե՞ս կարող եք կիրառել Ոսկե կանոնը ծառայության ժամանակ։
17 Այսպիսով, ինչպե՞ս կարող ենք հետևել Ոսկե կանոնին ծառայության ժամանակ։ Մենք պետք է յուրաքանչյուր բնակչի հանդեպ անհատական մոտեցում ցուցաբերենք, հարգանք դրսևորենք նրա տան և ունեցվածքի հանդեպ, ձգտենք ծառայել այն ժամերին, երբ մարդիկ, ամենայն հավանականությամբ, տանը կլինեն և տրամադրված կլինեն մեզ լսելու, և այնպես սկսենք մեր խոսքը, որ մարդիկ ուզենան լսել մեզ։
18. Ի՞նչ օգուտներ են լինում, երբ ծառայության ժամանակ մարդկանց հետ վարվում ենք Ոսկե կանոնի համաձայն։
18 Բազմաթիվ օգուտներ են լինում, երբ ծառայության ժամանակ մարդկանց հետ վարվում ենք այնպես, ինչպես կուզեինք, որ մեզ հետ վարվեին։ Բարեհամբույր և քաղաքավարի լինելով՝ թողնում ենք, որ մեր լույսը շողա, շեշտում ենք աստվածաշնչյան սկզբունքների արժեքավոր լինելը և փառք ենք բերում մեր երկնային Հորը (Մատթ. 5։16)։ Եթե հարգանք դրսևորենք, ավելի շատ մարդիկ կուզենան իմանալ ճշմարտությունը (1 Տիմոթ. 4։16)։ Անկախ նրանից՝ մարդիկ կընդունեն Թագավորության մասին լուրը, թե ոչ, մենք կունենանք բավարարվածության զգացում այն բանի իմացությունից, որ լավագույնն ենք արել ծառայության մեջ (2 Տիմոթ. 4։5)։ Թող որ յուրաքանչյուրս ընդօրինակի Պողոս առաքյալին, որը գրեց. «Ամեն բան բարի լուրի համար եմ անում, որպեսզի այն քարոզեմ ուրիշներին» (1 Կորնթ. 9։23)։ Եկեք ծառայության ժամանակ միշտ կիրառենք Ոսկե կանոնը։