Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

«Հարթիր ոտքիդ ընթացքը», որպեսզի առաջադիմես

«Հարթիր ոտքիդ ընթացքը», որպեսզի առաջադիմես

Մ.Թ.Ա. 537թ.-ին Եհովայի ժողովուրդը դուրս եկավ Բաբելոնից և ճանապարհ ընկավ դեպի Երուսաղեմ։ Աստված հոգ էր տանում նրանց մասին, ուստի ասաց. «Մաքրե՛ք ժողովրդի ճանապարհը։ Թո՛ւմբ պատրաստեք, թո՛ւմբ պատրաստեք գլխավոր ճանապարհի համար։ Այն մաքրե՛ք քարերից» (Ես. 62։10)։ Պատկերացրու հրեաների մի խմբի, որը առջևից է գնում և ճանապարհ է պատրաստում հետևից եկողների համար. նրանք լցնում են դարուփոսերը և վերացնում անհարթությունները։

Նմանապես մենք այսօր քայլում ենք մի ճանապարհով, որը տանում է մեզ դեպի մեր հոգևոր նպատակների իրականացում։ Եհովան ուզում է, որ իր բոլոր ծառաները այդ ճանապարհով գնան՝ հնարավորին չափ քիչ խոչընդոտի հանդիպելով։ Աստվածաշունչը մեզ հորդորում է. «Հարթիր ոտքիդ ընթացքը, և թող քո բոլոր ճանապարհները հաստատուն լինեն» (Առակ. 4։26)։ Անկախ նրանից՝ երիտասարդ ես, թե ոչ, կարող ես օգուտ քաղել այս իմաստուն խորհրդից։

ՃԱՆԱՊԱՐՀԴ ՊԱՏՐԱՍՏԻՐ՝ ՃԻՇՏ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ԿԱՅԱՑՆԵԼՈՎ

Հավանաբար լսել ես, երբ մարդիկ որևէ պատանու մասին ասում են՝ «նա մեծ պոտենցիալ ունի» կամ «նա շատ բանի կհասնի»։ Երիտասարդները սովորաբար ունենում են լավ առողջություն, սուր միտք և հաջողության հասնելու մեծ ցանկություն։ Աստվածաշունչը դիպուկ կերպով ասում է. «Երիտասարդների գեղեցկությունը նրանց ուժն է» (Առակ. 20։29)։ Այն երիտասարդը, ով իր ուժը և ընդունակություններն օգտագործում է Եհովային ծառայելու համար, կարո՛ղ է հասնել իր հոգևոր նպատակներին և իսկապես երջանիկ լինել։

Մեր երիտասարդների ընդունակությունները աշխարհը բարձր է գնահատում։ Եթե երիտասարդ Վկան դպրոցում լավ է սովորում, ուսուցիչները և դասընկերները գուցե ճնշում բանեցնեն նրա վրա, որ նա ձգտի բարձրագույն կրթության և «հաջողության» հասնի այս աշխարհում։ Մարզական  ընդունակություններ ունեցող երիտասարդ քրոջը կամ եղբորը հնարավոր է՝ առաջարկեն սպորտի ասպարեզում կարիերա ստեղծել։ Հայտնվե՞լ ես այս իրավիճակներից որևէ մեկում կամ ճանաչո՞ւմ ես մեկին, ով նման իրավիճակում է։ Ի՞նչը կօգնի քրիստոնյային իմաստնորեն վարվելու։

Աստվածաշնչյան ուսմունքները կարող են օգնել մարդուն քայլելու կյանքի լավագույն ճանապարհով։ «Ուստի հիշիր քո Մեծ Արարչին երիտասարդությանդ օրերում» (Ժող. 12։1)։ Իսկ ինչպե՞ս կարող ես «հիշել քո Մեծ Արարչին»։

Էրիկը * (Արևմտյան Աֆրիկա) դպրոցական տարիքում սկսեց Աստվածաշունչ ուսումնասիրել Եհովայի վկաների օգնությամբ։ Նա սիրում էր ֆուտբոլ խաղալ։ 15 տարեկանում Էրիկը հրավիրվեց ազգային հավաքական։ Դա նշանակում էր, որ մոտ ապագայում նա կարող էր մարզվել Եվրոպայի լավագույն մարզադպրոցներում և ապագայում դառնալ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Այդ դեպքում Էրիկն ինչպե՞ս կարող էր «հիշել իր Մեծ Արարչին»։ Ի՞նչ կարող եք դու և քո երիտասարդ ընկերները սովորել այս պատմությունից։

Աստվածաշնչից Էրիկը գիտեր, որ Ստեղծիչը ընդմիշտ լուծելու է մարդկության խնդիրները։ Նա հասկացավ, որ շատ կարևոր է ժամանակն ու ուժերը տրամադրել Աստծու կամքը կատարելուն։ Ուստի հրաժարվեց պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ դառնալու նպատակից։ Նա մկրտվեց և մխրճվեց հոգևոր գործունեության մեջ։ Ժամանակի ընթացքում դարձավ ծառայող օգնական, իսկ հետագայում հրավիրվեց Ամուրի եղբայրների դպրոց։

Եթե Էրիկը ձգտեր կարիերայի սպորտի ասպարեզում, գուցե ձեռք բերեր հարստություն և դառնար հայտնի մարդ։ Բայց նա հասկացավ աստվածաշնչյան հետևյալ սկզբունքի ճշմարտացիությունը. «Հարուստ մարդու թանկարժեք իրերը նրա ամուր քաղաքն են, և նրա երևակայության մեջ դրանք պաշտպանող պարսպի են նման» (Առակ. 18։11)։ Հարստությունը տալիս է միայն թվացյալ ապահովություն։ Ավելին, ովքեր ձգտում են հարստանալ, սովորաբար «իրենց շատ ցավերով են խոցում» (1 Տիմոթ. 6։9, 10

Ուրախալի է, որ շատ երիտասարդներ իրենց ուրախությունն ու ապահովությունը գտնում են լիաժամ ծառայության մեջ։ Էրիկն ասում է. «Ես միացել եմ Եհովայի լիաժամ ծառայողների մեծ «հավաքականին»։ Սա լավագույն «հավաքականն» է, որում կարող եմ «խաղալ»։ Շնորհակալ եմ Եհովային, որ ցույց է տվել ինձ իսկական երջանկության և հաջողության հասնելու ճանապարհը»։

Իսկ դո՞ւ։ Աշխարհային նպատակների ձգտելու փոխարեն՝ «քո ճանապարհները հաստատիր» Եհովայի առաջ՝ սկսելով ռահվիրայական ծառայություն (տե՛ս « Այն, ինչ համալսարանը չի կարող տալ», էջ 6)։

ՀԵՌԱՑՐՈՒ ԽՈՉԸՆԴՈՏՆԵՐԸ ՔՈ ՃԱՆԱՊԱՐՀԻՑ

Մի ամուսնական զույգ, այցելելով Միացյալ Նահանգների մասնաճյուղ, տեսավ, թե որքան երջանիկ են բեթելցիները։ Հետագայում քույրը գրեց. «Մենք հասկացանք, որ պարզ կյանքով չենք ապրում»։ Ամուսինները որոշեցին ավելի շատ ժամանակ տրամադրել ծառայությանը։

Բայց եղավ մի պահ՝ նրանց թվաց, որ պարզապես ի վիճակի չեն փոփոխություններ անելու։ Եվ ահա մի օր նրանք կարդացին օրվա հերթական խոսքը։ Հովհաննես 8։31-ն էր, որում գրված են Հիսուսի խոսքերը. «Եթե միշտ պահեք իմ խոսքը, ուրեմն իրոք իմ աշակերտներն եք»։ Նրանք մտածեցին. «Ինչ զոհողություն էլ որ անենք մեր կյանքը պարզեցնելու համար, արժե»։ Եղբայրն ու քույրը վաճառեցին իրենց մեծ տունը, ազատվեցին շատ այլ բաներից և տեղափոխվեցին մի ժողով, որը օգնության կարիք ուներ։ Ամուսիններն այժմ ռահվիրաներ են, ինչպես նաև աջակցում են Թագավորության սրահների շինարարությանը։ Բացի այդ, մարզային համաժողովների ժամանակ ծառայում են կամավորներ։ Նրանք ասում են. «Ի՜նչ մեծ հաճույք է պարզ կյանքով ապրելը և Եհովայի կազմակերպության առաջնորդությանը հետևելը»։

ՇԱՐՈՒՆԱԿԻՐ ՔԱՅԼԵԼ ՀՈԳԵՎՈՐ ԱՃԻ ՏԱՆՈՂ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ

Սողոմոնը գրեց. «Թող աչքերդ ուղիղ նայեն, և հայացքդ ուղղված լինի քո առաջ» (Առակ. 4։25)։ Ինչպես որ վարորդն է կենտրոնացած մնում ճանապարհի վրա, այդպես էլ մենք պետք է կենտրոնացած մնանք մեր հոգևոր նպատակների վրա՝ խուսափելով շեղումներից։

Ի՞նչ հոգևոր նպատակներ կարող ես դնել։ Լիաժամ ծառայությունը, անշուշտ, լավ նպատակ է։ Կարելի է նաև նպատակ դնել ծառայել մոտակա այն ժողովում, որն ունի մեծ քարոզչական տարածք և փորձառու քարոզիչների կարիք։ Կամ գուցե ժողովում կան բազմաթիվ հմուտ քարոզիչներ, բայց քիչ  են երեցներն ու ծառայող օգնականները։ Կարո՞ղ ես օգնել։ Խորհրդակցիր ձեր շրջանային վերակացուի հետ։ Իսկ եթե քեզ հետաքրքրում է հեռավոր տարածքներում ծառայելը, կարող ես տեղեկություն ստանալ օգնության կարիք ունեցող հեռավոր ժողովների մասին *։

Վերադառնանք այն տեսարանին, որ պատկերված է Եսայիա 62։10-ում։ Հավանաբար, հրեաներից ոմանք ջանասիրաբար մաքրել ու հարթեցրել էին ճանապարհը, որպեսզի ժողովուրդը կարողանար անցնել դրանով ու հասնել հայրենիք։ Նմանապես դու կարիք ունես շարունակելու ջանքեր թափել քո հոգևոր նպատակներին հասնելու համար։ Ինչ խոսք, հեշտ չէ, բայց թևաթափ լինել էլ պետք չէ։ Քո օգնականը Աստված է, այնպես որ կարո՛ղ ես հասնել նպատակներիդ։ Շարունակիր նրանից իմաստություն խնդրել, որպեսզի կարողանաս հեռացնել քո ճանապարհին հանդիպող խոչընդոտները։ Դու կհամոզվես, որ Եհովան օգնում է քեզ, որ «հարթես ոտքիդ ընթացքը» (Առակ. 4։26

^ պարբ. 8 Անունը փոխված է։

^ պարբ. 18 Տե՛ս «Կազմակերպված ենք՝ կատարելու Եհովայի կամքը» գիրքը, էջ 111, 112։