Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ինչպե՞ս աջակցել ամուսնալուծված հավատակցին

Ինչպե՞ս աջակցել ամուսնալուծված հավատակցին

Հավանաբար ճանաչում ես մեկին, որ ամուսնալուծված է, հնարավոր է՝ նույնիսկ շատերին ես ճանաչում։ Այո՛, ամուսնալուծությունն այսօր բավական տարածված է։ Օրինակ՝ Լեհաստանում անցկացված մի հետազոտությամբ պարզվեց, որ 30 տարեկան տղամարդիկ ու կանայք, որոնք ամուսնացած են 3–6 տարի, ամենայն հավանականությամբ, կամուսնալուծվեն։ Ինչ խոսք, ամուսնալուծվում են նաև այլ տարիքի մարդիկ։

Մի հաշվետվությունում ասվում է. «Վիճակագրությունը ցույց է տալիս, որ [Եվրոպայում] ամուսնացողների կեսը հետագայում կամուսնալուծվի» (Institute for Family Policy in Spain)։ Նույնը կարելի է ասել մյուս զարգացած երկրների մասին։

ՀՈԳԵԿԱՆ ԱՊՐՈՒՄՆԵՐ

Ամուսնության գծով մի փորձառու մասնագետ (Արևելյան Եվրոպա) նշում է. «Ամուսնալուծությունը պաշտոնական հաստատումն է այն բանի, ինչն արդեն եղել է՝ փոխհարաբերությունների խզում և առանձնացում, մի բան, ինչը հոգեկան մեծ ցավ է պատճառում»։ Նա նաև ասում է, որ դրան հաճախ հետևում են «փոթորկուն զգացումներ՝ զայրույթ, ափսոսանք, հիասթափություն, հուսահատություն և ամոթ»։ Մարդը երբեմն սկսում է մտածել ինքնասպանության մասին։ Այս մասնագետն ավելացնում է. «Երբ ամուսնալուծությունը դատարանով հաստատվում է, սկսվում է հաջորդ փուլը. դատարկության և լքվածության զգացումներով համակված՝ անհատը գուցե մտածի. «Ո՞վ եմ ես հիմա։ Ինչի՞ համար եմ ապրում»»։

Էվա * անունով մի կին հիշում է, թե ինչ էր զգում մի քանի տարի առաջ. «Շատ էի ամաչում, որ, երբ ամուսնալուծվեցի, հարևաններս ու աշխատակիցներս ինձ բաժանված կնոջ պիտակ կպցրին։ Ջղայնությունից չգիտեի՝ ինչ անեի։ Երկու փոքր երեխաներիս համար և՛ մայր պետք է լինեի, և՛ հայր»։ Ադամը, որը 12 տարվա երեց էր և վայելում էր ժողովի անդամների հարգանքը, ասում է. «Ինքնահարգանքս այնքան է պակասել, որ երբեմն բարկանում եմ և ոչ ոքի չեմ ուզում տեսնել»։

ՊԱՅՔԱՐ՝ ԿՐԿԻՆ ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՎԱԾ ԼԻՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Ոմանք շարունակ տանջվում են ապագայի մասին մտածմունքներից։ Ամուսնալուծությունից նույնիսկ տարիներ անց նրանք չեն կարողանում վերագտնել իրենց հավասարակշռությունը։ Այդ մարդիկ գուցե սկսեն մտածել, որ ուրիշները հետաքրքրված չեն իրենցով։ Բացի այդ, ինչպես ասում է մի մասնագետ, նրանք այժմ պետք է «փոխեն իրենց սովորությունները և սովորեն ինքնուրույն լուծել իրենց խնդիրները»։

Ստանիսլավ անունով մի եղբայր հիշում է. «Նախկին կինս խոչընդոտում էր ինձ հանդիպել իմ երկու փոքրիկ աղջիկներին։ Սկսեցի մտածել, թե այլևս ոչ ոքի պետք չեմ. մտածում էի, որ նույնիսկ Եհովան է  թողել ինձ։ Ապրելու ցանկությունս կորավ։ Բայց ժամանակի ընթացքում հասկացա, որ շատ էի սխալվում»։ Վանդա անունով մի քրոջ նույնպես խորապես անհանգստացնում էր իր ապագան. «Ես համոզված էի, որ մի որոշ ժամանակ անց մարդիկ, այդ թվում նաև հավատակիցներս այլևս չեն հետաքրքրվի ինձնով ու իմ երեխաներով։ Բայց ես սխալվում էի։ Եղբայրներն ու քույրերը համախմբվեցին մեր շուրջը և օգնեցին ինձ, որ երեխաներիս մեծացնեմ ու հոգևոր դաստիարակություն տամ։ Երեխաներս այժմ Եհովայի երկրպագուներ են»։

Ստանիսլավի ու Վանդայի խոսքերից կարող ենք հասկանալ, որ ամուսնալուծությունից հետո ոմանք համակվում են բացասական զգացումներով։ Նրանք գուցե մտածեն, որ ոչ մի բանի պետք չեն և արժանի չեն որևէ ուշադրության։ Դրանից բացի, գուցե քննադատաբար նայեն մյուսներին։ Արդյունքում այդ եղբայրներն ու քույրերը հնարավոր է՝ ժողովի մասին մտածեն, թե այն սառն է ու անկարեկից։ Բայց ինչպես երևում է Ստանիսլավի ու Վանդայի օրինակից, ամուսնալուծվածները, ի վերջո, գուցե հասկանան, որ հավատակիցները իրականում հոգ են տանում իրենց մասին, ավելին, բացառիկ օգնություն են ցուցաբերում։

ՄԻԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԼՔՎԱԾՈՒԹՅԱՆ ԶԳԱՑՈՒՄՆԵՐ

Պետք է հիշենք, որ, չնայած մեր ջանքերին, ամուսնալուծված հավատակիցները հնարավոր է՝ ժամանակ առ ժամանակ համակվեն միայնության զգացումով։ Ամուսնալուծված քույրերը, օրինակ, գուցե սկսեն մտածել, թե իրենցով ոչ ոք չի հետաքրքրվում։ Ալիցիան ասում է. «Արդեն ութ տարի է անցել իմ ամուսնալուծությունից, բայց մինչև հիմա ես ինձ թերարժեք եմ զգում։ Այդպիսի պահերին ուզում եմ մեկուսանալ, լաց լինել և ինքս ինձ խղճալ»։

Չնայած նման զգացումներ ունենալը բնական է, Աստվածաշունչն ասում է, որ մեկուսանալը վտանգավոր է։ Այս ճշմարտությանը հակառակ գնալու պատճառով մարդը գուցե «ամեն տեսակ իմաստության դեմ դուրս գա» (Առակ. 18։1)։ Մյուս կողմից, սակայն, միայնության զգացում ունեցողը իմաստությամբ չի վարվի, եթե բազմաթիվ անգամ խորհուրդ և մխիթարություն փնտրի հակառակ սեռի մոտ։ Այդպես վարվելը կարող է անպատշաճ ռոմանտիկ զգացումներ առաջացնել։

Ինչպես տեսանք, ամուսնալուծված մեր հավատակիցները գուցե անհանգստանան ապագայի մասին, իրենց միայնակ և նույնիսկ մերժված զգան։ Մենք պետք է հասկանանք, որ նման զգացումները բնական են, և որ դրանք հաղթահարելը հեշտ չէ, ու պետք է աջակցենք մեր այդ սիրելի եղբայրներին ու քույրերին։ Վարվելով այդպես՝ կընդօրինակենք Եհովային (Սաղ. 55։22; 1 Պետ. 5։6, 7)։ Կարող ենք վստահ լինել, որ մեր այս հավատակիցները շատ կգնահատեն ցանկացած բան, որ կանենք իրենց համար։ Այո՛, ժողովում նրանք կգտնեն աջակցություն իսկական ընկերների կողմից (Առակ. 17։17; 18։24

^ պարբ. 6 Որոշ անուններ փոխված են։