Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Եհովայի ժողովուրդը «մերժում է անարդարությունը»

Եհովայի ժողովուրդը «մերժում է անարդարությունը»

«Թող ամեն ոք, ով կանչում է Եհովայի անունը, մերժի անարդարությունը» (2 ՏԻՄՈԹ. 2։19

1. Ի՞նչն է հատուկ տեղ զբաղեցնում մեր երկրպագության մեջ։

ԵՐԲԵՎԷ տեսե՞լ ես Աստծու անունը հասարակական շենքերի կամ թանգարանային նմուշների վրա։ Եթե այո, ապա, անշուշտ, դա քեզ շատ է հետաքրքրել ու ոգևորել։ Ինչո՞ւ։ Որովհետև Աստծու անձնանունը հատուկ տեղ է զբաղեցնում մեր երկրպագության մեջ. չէ՞ որ մենք Եհովա Աստծու վկաներն ենք։ Ամբողջ աշխարհում, մեզնից բացի, չկա մարդկանց ուրիշ խումբ, որն այդքան սերտ առնչություն ունենա Աստծու անվան հետ։ Այդուհանդերձ, մենք նաև գիտենք, որ «Եհովա» անունը կրելու առանձնաշնորհումը իր հետ պատասխանատվություն է բերում։

2. Ի՞նչ պատասխանատվություն է բերում Աստծու անունը կրելու առանձնաշնորհումը։

2 Աստծու անունն օգտագործելն ինքնին չի նշանակում, որ մենք ունենք նրա հավանությունը։ Եհովայի հավանությունն ունենալու համար մենք պետք է ապրենք նրա բարոյական չափանիշների համաձայն։ Սուրբ Գիրքն ասում է, որ Եհովայի ծառաները պետք է «հեռանան չարից» (Սաղ. 34։14)։ Պողոս առաքյալը այս միտքը շեշտեց՝ գրելով. «Թող ամեն ոք, ով կանչում է Եհովայի անունը, մերժի անարդարությունը» (կարդա՛  2 Տիմոթեոս 2։19)։ Մենք, լինելով Եհովայի վկաներ, «կանչում ենք» նրա անունը։ Իսկ ինչպե՞ս կարող ենք մերժել անարդարությունը։

«ՀԵՌԱՑԵՔ» ՉԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ

3, 4. Ո՞ր համարն է երկար ժամանակ հետաքրքրել աստվածաշնչագետներին և ինչո՞ւ։

3 Քննենք 2 Տիմոթեոս 2։19-ը։ Այս համարում Պողոսն ասում է՝ «Աստված հաստատուն հիմք դրեց», հետո նշում է, որ այդ հիմքի վրա երկու գրություն կա՝ «Եհովան ճանաչում է նրանց, ովքեր իրենն են» և «թող ամեն ոք, ով կանչում է Եհովայի անունը, մերժի անարդարությունը»։ Առաջինը ակներևաբար մեջբերված է Թվեր 16։5-ից (տե՛ս նախորդ հոդվածը)։ Իսկ որտեղի՞ց է մեջբերված երկրորդը։ Այս հարցը վաղուց է հետաքրքրում աստվածաշնչագետներին։

4 Կարելի է մտածել, որ Պողոսը երկրորդ գրությունը մեջբերում է Եբրայերեն Գրությունների ուրիշ հատվածից։ Բայց Աստվածաշնչի այս մասում չկա որևէ համար, որ համապատասխանի առաքյալի այս մեջբերմանը։ Այդ դեպքում ինչի՞ հիման վրա նա ասաց՝ «թող ամեն ոք, ով կանչում է Եհովայի անունը, մերժի անարդարությունը»։ Այս խոսքերից անմիջապես առաջ նա մեջբերում է Թվեր 16-րդ գլխից, որտեղ գրված է Կորխի ապստամբության մասին։ Հնարավո՞ր է, որ երկրորդ գրությունը նույնպես կապված լինի այդ ապստամբությանը առնչվող դեպքերի հետ։

5–7. Մովսեսի օրերում տեղի ունեցած ո՞ր դեպքերը նկատի ուներ Պողոսը 2 Տիմոթեոս 2։19 համարում (տե՛ս 12-րդ էջի նկարը)։

5 Աստվածաշունչն ասում է, որ Եղիաբի որդիներ Դաթանն ու Աբիրոնը միացան Կորխին և միասին ղեկավարեցին Մովսեսի ու Ահարոնի դեմ ապստամբությունը (Թվեր 16։1–5)։ Նրանք բացահայտորեն անհարգալից վերաբերմունք դրսևորեցին Մովսեսի հանդեպ և մերժեցին նրա աստվածատուր իշխանությունը։ Այդ ապստամբները շարունակեցին ապրել Եհովայի ժողովրդի մեջ՝ վտանգելով հավատարիմ իսրայելացիների հոգևոր առողջությունը։ Նախքան Եհովան ցույց կտար, թե ովքեր են իր հավատարիմ երկրպագուները, նա մի հստակ հրահանգ տվեց։

6 Կարդում ենք. «Եհովան ասաց Մովսեսին. «Խոսիր ժողովի հետ ու ասա. «Հեռացե՛ք Կորխի, Դաթանի ու Աբիրոնի վրաններից»։ Դրանից հետո Մովսեսը վեր կացավ ու գնաց Դաթանի և Աբիրոնի մոտ. նրա հետ գնացին նաև Իսրայելի երեցները։ Նա խոսեց ժողովի հետ ու ասաց. «Հեռացեք, խնդրեմ, այս ամբարիշտ մարդկանց վրաններից և մի՛ դիպեք որևէ բանի, որ նրանց է պատկանում, որպեսզի նրանց բոլոր մեղքերի պատճառով բնաջինջ չլինեք»։ Նրանք անմիջապես հեռացան Կորխի, Դաթանի և Աբիրոնի վրաններից ու դրանց շրջակայքից» (Թվեր 16։23–27)։ Հետո Եհովան ըմբոստներին վերացրեց, իսկ հավատարիմներին, որոնք հեռանալով մերժեցին անարդարությունը, կենդանի թողեց։

7 Այո՛, Եհովան կարդում է սրտերը։ Նա տեսնում է իրեն պատկանողների նվիրվածությունը։ Այնուհանդերձ, Աստծուն հավատարիմ մարդիկ պետք է վճռական քայլեր անեն և առանձնանան անարդարներից։ Ուստի հնարավոր է՝ Պողոսը նկատի ուներ Թվեր 16։5, 23–27-ում գրվածը, երբ ասաց՝ «թող ամեն ոք, ով կանչում է Եհովայի անունը, մերժի անարդարությունը»։ Այս եզրակացությունը ներդաշնակ է առաքյալի այն խոսքերին, որ «Եհովան ճանաչում է նրանց, ովքեր իրենն են» (2 Տիմոթ. 2։19

«ՄԵՐԺԻՐ ՀԻՄԱՐ ԵՎ ԱՆԻՄԱՍՏ ԲԱՆԱՎԵՃԵՐԸ»

8. Ինչո՞ւ Եհովայի անունը գործածելը կամ քրիստոնեական ժողովին պատկանելը բավարար չէ։

8 Մովսեսի օրերի այս դեպքերին անդրադառնալով՝ Պողոսը Տիմոթեոսին հիշեցնում էր, որ հարկավոր է վճռական քայլեր ձեռնարկել Եհովայի հետ ունեցած թանկ փոխհարաբերությունները պահպանելու համար։ Աստծու հետ մտերիմ լինելու համար բավարար չէր լինել քրիստոնեական ժողովի անդամ, ինչպես որ Մովսեսի օրերում բավարար չէր Եհովայի անունը կանչել։ Հավատարիմ երկրպագուները պետք է վճռականորեն մերժեն անարդարությունը։ Ի՞նչ պետք է աներ Տիմոթեոսը։ Ի՞նչ ենք սովորում Պողոսի այս խորհրդից։

9. «Հիմար և անիմաստ բանավեճերը» ինչպե՞ս էին անդրադառնում քրիստոնեական ժողովի վրա։

9 Տիմոթեոսին գրած նամակում Պողոս առաքյալը կոնկրետ խորհուրդ է տալիս, թե ինչպես մերժել անարդարությունը։ 2 Տիմոթեոս 2։19-ի համատեքստում նա հորդորում է նրան «բանավեճերի մեջ չընկնել» և մերժել «դատարկ զրույցները» (կարդա՛  2 Տիմոթեոս 2։14, 16, 23)։ Ժողովի որոշ անդամներ հավատուրաց ուսմունքներ էին տարածում։ Նաև, ինչպես երևում է, ոմանք խոսում էին այնպիսի բաների մասին, որոնք վեճերի տեղիք էին տալիս։ Նույնիսկ եթե այդ մտքերը ուղղակիորեն չէին հակասում սուրբգրային ուսմունքներին, դրանք սպառնում էին ժողովի միասնությանը։ Դրանց պատճառով վիճաբանություններ էին լինում, որոնք ժողովում ստեղծում էին հոգևոր անառողջ մթնոլորտ։ Դրա համար էլ Պողոսը հորդորեց «մերժել հիմար և անիմաստ բանավեճերը»։

10. Ի՞նչ պետք է անենք, երբ բախվում ենք հավատուրացության։

10 Այսօր քրիստոնեական ժողովում հաճախ չենք բախվում հավատուրացության։ Այդուհանդերձ, ժողովում գուցե լինեն մարդիկ, որ ոչ սուրբգրային գաղափարներ արտահայտեն։ Անկախ այն բանից, թե ովքեր են այդ մարդիկ, մենք պետք է վճռականորեն մերժենք նրանց գաղափարները։ Իմաստուն չի լինի բանավեճերի մեջ մտնել հավատուրացների հետ անձամբ, նրանց կայքերի և հաղորդակցության այլ ձևերի միջոցով։ Նույնիսկ եթե պարզապես զրուցենք հավատուրացի հետ՝ ցանկանալով օգնել նրան, դա կհակասի այս հոդվածում տրվող առաջնորդությանը։ Լինելով Եհովայի ծառա՝ մենք ամբողջովին մերժում ենք հավատուրացությունը։ Մենք ոչ մի շփում չենք ունենում հավատուրացների հետ։

Մի՛ բանավիճիր հավատուրացների հետ (տե՛ս պարբերություն 10)

11. Ի՞նչը կարող է «հիմար բանավեճերի» տեղիք տալ, և երեցներն ինչպե՞ս կարող են լավ օրինակ լինել։

11 Ուրիշ բաներ էլ կան, որ կարող են խաթարել ժողովի խաղաղությունը։ Օրինակ՝ ժամանցի ու զվարճությունների վերաբերյալ տարբեր կարծիքները կարող են «հիմար և անիմաստ բանավեճերի» տեղիք տալ։ Հնարավոր է՝ քրիստոնյան ջատագովում է ժամանցի կամ զվարճության այնպիսի ձև, որը հակասում է բարոյականության վերաբերյալ Եհովայի չափանիշներին։ Ինչ խոսք, երեցները չպետք է հանդուրժեն նման վարքը զուտ այն պատճառով, որ խուսափեն վեճերից (Սաղ. 11։5; Եփես. 5։3–5)։ Մյուս կողմից՝ նրանք զգուշանում են սեփական տեսակետը ջատագովելուց։ Նրանք հավատարմորեն հետևում են վերակացուներին տրված հետևյալ հորդորին. «Հովվեք ձեր հոգածությանը հանձնված Աստծու հոտը.... ոչ թե իշխելով նրանց վրա, ովքեր Աստծու ժառանգությունն են, այլ հոտին օրինակ լինելով» (1 Պետ. 5։2, 3; կարդա՛  2 Կորնթացիներ 1։24

12, 13. ա) Ո՞րն է Եհովայի վկաների տեսակետը ժամանցի և զվարճության ընտրության վերաբերյալ, և սուրբգրային ի՞նչ սկզբունքներ են առնչվում այս հարցի հետ։ բ) 12-րդ պարբերությունում քննարկված սկզբունքներն ինչպե՞ս կարելի է կիրառել անձնական զանազան հարցերի հետ կապված։

12 Մեր կազմակերպությունը չի որոշում, թե կոնկրետ որ ֆիլմերից, տեսախաղերից, գրքերից կամ երգերից պետք է խուսափենք։ Ինչո՞ւ։ Աստվածաշունչը յուրաքանչյուր մարդու հորդորում է մարզել «ըմբռնողականությունը.... ճիշտն ու սխալը զանազանելու համար» (Եբր. 5։14)։ Աստծու Խոսքում կան հիմնական սկզբունքներ, որոնց միջոցով քրիստոնյան կարող է իմաստուն որոշումներ կայացնել ժամանցի առնչությամբ։ Կյանքի բոլոր ոլորտներում մեր նպատակը պետք է լինի՝ շարունակ «հավաստիանալ, թե ինչն է ընդունելի Տիրոջը» (Եփես. 5։10)։ Սուրբ Գիրքն ասում է, որ ընտանիքի գլուխը իշխանություն ունի, ուստի նա կարող է որոշել, թե ժամանցի որ ձևը ընդունելի չէ իր ընտանիքի անդամների համար * (1 Կորնթ. 11։3; Եփես. 6։1–4

13 Վերոնշյալ սուրբգրային սկզբունքները կիրառելի են նաև հագուստի ու հարդարանքի, առողջության, սննդի և այլ անձնական հարցերի առնչությամբ։ Այս հարցերի վերաբերյալ զանազան տեսակետները նույնպես կարող են տարաձայնություններ առաջացնել։ Ուստի եթե սուրբգրային որևէ սկզբունք չի խախտվում, Եհովայի ծառաները խոհեմությամբ վարված կլինեն՝ խուսափելով նման հարցերի շուրջ վիճաբանելուց, որովհետև «Տիրոջ ծառան չպետք է վիճի, այլ պետք է բոլորի հանդեպ հեզահոգի լինի» (2 Տիմոթ. 2։24

ԽՈՒՍԱՓԻՐ ՎԱՏ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ

14. Ի՞նչ օրինակ բերեց Պողոսը, որպեսզի ընդգծի վատ ընկերակցությունից հեռու մնալու կարևորությունը։

14 Ուրիշ ինչպե՞ս կարող են «Եհովայի անունը կանչողները մերժել անարդարությունը»։ Նրանք դա կարող են անել՝ չշփվելով նրանց հետ, ովքեր անարդարություն են գործում։ Հետաքրքիր է, որ Պողոսը «հաստատուն հիմքի» մասին օրինակից հետո բերում է այլ օրինակ։ Նա գրում է մի «մեծ տան» մասին, որտեղ «ոչ միայն ոսկե և արծաթե անոթներ կան, այլև փայտե ու կավե. կան, որ պատվավոր օգտագործման համար են, և կան ոչ պատվավոր օգտագործման համար» (2 Տիմոթ. 2։20, 21)։ Հետո նա քրիստոնյաներին հորդորում է հեռու մնալ այն անոթներից, որոնք «ոչ պատվավոր օգտագործման համար» են։

15, 16. Ի՞նչ կարող ենք սովորել «մեծ տան» օրինակից։

15 Ո՞րն է այս օրինակի իմաստը։ Պողոսը քրիստոնեական ժողովը համեմատում է «մեծ տան» հետ, իսկ ժողովի անդամներին՝ «անոթների», կամ՝ տան պարագաների հետ։ Տան մեջ որոշ առարկաներ կարող են վտանգավոր դառնալ, եթե աղտոտվեն։ Նման դեպքերում տան տերը անմաքուր առարկաները պետք է առանձնացնի մաքուրներից, օրինակ, կերակուր պատրաստելու պարագաներից։

16 Նմանապես Եհովայի ծառաները, որոնք ձգտում են ապրել մաքուր կյանքով, պետք է ջանան խուսափել ժողովի այն անդամների հետ սերտ շփումից, ովքեր անընդհատ արհամարհում են Եհովայի սկզբունքները (կարդա՛  1 Կորնթացիներ 15։33)։ Եթե այսպես պետք է վարվենք ժողովում, ապա առավել ևս պետք է խուսափենք սերտ շփում ունենալուց նրանց հետ, ովքեր ժողովի անդամ չեն։ Նրանցից շատերը «փողասեր են, ծնողներին անհնազանդ, անհավատարիմ, զրպարտող, դաժան, առաքինություն չսիրող, մատնիչ, ավելի հաճոյասեր, քան աստվածասեր» (2 Տիմոթ. 3։1–5

ԵՀՈՎԱՆ ՕՐՀՆՈՒՄ Է ՎՃՌԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

17. Ինչպե՞ս հավատարիմ իսրայելացիները փաստեցին, որ մերժում են անարդարությունը։

17 Երբ Եհովան կարգադրեց «հեռանալ Կորխի, Դաթանի ու Աբիրոնի վրաններից», հավատարիմ իսրայելացիները «անմիջապես հեռացան» (Թվեր 16։24, 27)։ Նրանք չհապաղեցին, գործեցին վճռականորեն։ Նաև կարդում ենք, որ հավատարիմ իսրայելացիները «հեռացան.... [վրանների] շրջակայքից»։ Այդպիսով նրանք վտանգի չենթարկեցին իրենց կյանքը։ Նրանք լիովին հնազանդվեցին։ Հավատարիմները հստակ ցույց տվեցին, որ Եհովայի կողմն են և դեմ են անարդարությանը։ Ի՞նչ կարող ենք սովորել այս օրինակից։

18. Ի՞նչ էր Պողոսը հորդորում Տիմոթեոսին, երբ ասաց, որ նա «փախչի երիտասարդական ցանկություններից»։

18 Որպեսզի շարունակենք Եհովայի հետ մտերիմ լինել, պետք է գործենք արագ ու վճռականորեն։ Հենց սա էր Պողոսը հորդորում Տիմոթեոսին, երբ ասաց, որ նա «փախչի երիտասարդական ցանկություններից» (2 Տիմոթ. 2։22)։ Այդ ժամանակ Տիմոթեոսն արդեն հասուն տղամարդ էր՝ հավանաբար 30-ն անց։ Սակայն անմիտ «երիտասարդական ցանկությունները» միշտ չէ, որ տարիքի հետ անցնում են։ Եթե Տիմոթեոսի մեջ նման ցանկություններ առաջանային, նա պետք է «փախչեր» դրանցից, այլ խոսքով՝ «մերժեր անարդարությունը»։ Հիսուսը նման միտք հայտնեց՝ ասելով. «Եթե քո աչքը գայթակղեցնում է քեզ, հանիր այն ու դեն գցիր» (Մատթ. 18։9)։ Այն քրիստոնյաները, ովքեր ընդունում են այս խորհուրդը, գործում են առանց հապաղելու, արագ ու վճռականորեն, որպեսզի պահպանեն Եհովայի հետ իրենց մտերմությունը։

19. Ի՞նչ են արել ոմանք՝ հոգևորապես պաշտպանված լինելու համար։

19 Ոմանք, ովքեր նախքան Վկա դառնալը չարաշահել են ալկոհոլը, որոշել են ընդհանրապես հրաժարվել դրանից։ Ուրիշներն էլ խուսափում են ժամանցի և զվարճության որոշ ձևերից, որոնք ինքնին սխալ չեն, սակայն կարող են բորբոքել այն ցանկությունները, որոնց դեմ նրանք պայքարում են (Սաղ. 101։3)։ Օրինակ՝ մի եղբայր նախքան Վկա դառնալը սիրում էր մասնակցել խրախճանքների, որոնց ժամանակ պարում էին։ Նրան դուր էր գալիս այնտեղի անբարո մթնոլորտը։ Բայց ճշմարտությունն իմանալուց հետո նա որոշեց ընդհանրապես չպարել։ Նա չի պարում նույնիսկ Վկաների հավաքույթներին, որովհետև վախենում է, որ իր մեջ կարող են անպատշաճ ցանկություններ կամ մտքեր առաջանալ։ Ինչ խոսք, քրիստոնյաներից չի պահանջվում հրաժարվել ալկոհոլից, պարելուց և այլ բաներից, որոնք ինքնին սխալ չեն։ Սակայն բոլորիցս ակնկալվում է զգույշ լինել և վճռական քայլեր անել հոգևորապես պաշտպանված լինելու համար։

20. Չնայած որ գուցե հեշտ չլինի «մերժել անարդարությունը», ի՞նչն է մեզ լցնում վստահությամբ և մխիթարում։

20 Աստծու անունը կրելու առանձնաշնորհումը իր հետ պատասխանատվություն է բերում։ Մենք պետք է «մերժենք անարդարությունը» և «հեռանանք չարից» (Սաղ. 34։14)։ Ճիշտ է, միշտ չէ, որ հեշտ է այդպես վարվելը, բայց անչափ մխիթարական է իմանալ, որ Եհովան միշտ սիրելու է «նրանց, ովքեր իրենն են» և ովքեր անշեղորեն քայլում են իր արդար ճանապարհներով (2 Տիմոթ. 2։19; կարդա՛  2 Տարեգրություն 16։9ա

^ պարբ. 12 Տե՛ս «Կա՞ն ֆիլմեր, գրքեր կամ երգեր, որ արգելքի տակ են ձեզ համար» հոդվածը jw.org կայքում (ՄԵՐ ՄԱՍԻՆ > ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ)։