Գործածիր Աստծու Խոսքը. այն կենդանի է
«Աստծու խոսքը կենդանի է ու զորեղ» (ԵԲՐ. 4։12)։
1, 2. Ի՞նչ պատվիրեց Եհովան Մովսեսին և ինչո՞ւմ նրան վստահեցրեց։
ՊԱՏԿԵՐԱՑՐՈՒ՝ պետք է կանգնես աշխարհի ամենահզոր ղեկավարի առաջ ու Եհովայի՝ ամենակարող Աստծու անունից խոսես հօգուտ նրա ժողովրդի։ Հավանաբար, կհուզվես, անվստահ կզգաս կամ կվախենաս։ Ի՞նչ խոսքեր կընտրես։ Ի՞նչ կանես, որ խոսքդ ազդեցիկ լինի։
2 Մովսեսը հենց այս իրավիճակում էր։ Եհովան նրան, որ «երկրի երեսին եղող բոլոր մարդկանցից ամենահեզն էր», պատվիրեց գնալ փարավոնի մոտ՝ իր ժողովրդին Եգիպտոսի լծից ազատելու (Թվեր 12։3)։ Եհովան ուզում էր, որ Մովսեսը գնա և իր անունից կարգադրի փարավոնին, որ վերջինս մի քանի միլիոն ստրուկների թույլ տա դուրս գալ երկրից։ Փարավոնը անպատկառ և ամբարտավան մարդ էր (Ելք 5։1, 2)։ Ուստի հասկանալի է, թե ինչու Մովսեսը Եհովային ասաց. «Ես ո՞վ եմ, որ գնամ փարավոնի մոտ և Իսրայելի որդիներին հանեմ Եգիպտոսից»։ Ակներևաբար, Մովսեսը անվստահ էր զգում և մտածում էր, որ չի կարողանա անել Աստծու հանձնարարությունը։ Բայց Եհովան վստահեցրեց նրան. «Ես քեզ հետ կլինեմ» (Ելք 3։9–12)։
3, 4. ա) Ի՞նչ մտավախություններ ուներ Մովսեսը։ բ) Ո՞ր իրավիճակում գուցե զգաս այն, ինչ զգում էր Մովսեսը։
3 Ի՞նչ մտավախություններ ուներ Մովսեսը։ Հավանաբար, նա վախենում էր, որ փարավոնը Եհովա Աստծու ներկայացուցչին չի ընդունի կամ ուշադրություն չի դարձնի։ Բացի այդ, նա մտածում էր, որ իր ազգակիցները չեն հավատա, որ Եհովան իրեն նշանակել է՝ նրանց Եգիպտոսից դուրս բերելու։ Նա Եհովային ասաց. «Իսկ եթե նրանք չհավատա՞ն ինձ ու չլսե՞ն իմ ձայնին... Չէ՞ որ կասեն. «Եհովան քեզ չի հայտնվել»» (Ելք 3։15–18; 4։1)։
4 Իսկ դու երբևէ խոսե՞լ ես բարձրաստիճան պաշտոնյայի հետ։ Ճիշտ է, գուցե երբևէ չկանգնես նման անձնավորության առաջ։ Բայց եղե՞լ է, որ դժվարանաս Աստծու և նրա Թագավորության մասին խոսել նույնիսկ սովորական մարդկանց հետ։ Եկեք տեսնենք, թե ինչ պատասխանեց Եհովան Մովսեսին, ինչպես զարգացան հետագա դեպքերը և թե ինչ ենք սովորում։
«ԱՅԴ Ի՞ՆՉ Է ՁԵՌՔԻԴ»
5. Եհովան Մովսեսի ձեռքը ի՞նչ տվեց, և դա ինչպե՞ս փարատեց նրա մտավախությունը (տե՛ս 11-րդ էջի նկարը)։
5 Եհովան օգնեց Մովսեսին հաղթահարելու մտավախությունը՝ նրան նախօրոք պատրաստելով իր տված հանձնարարությունը կատարելուն։ Կարդում ենք. «Եհովան ասաց [Մովսեսին]. «Այդ ի՞նչ է ձեռքիդ»։ Նա էլ ասաց՝ գավազան։ Հետո նա ասաց. «Այն գետին գցիր»։ Մովսեսը գավազանը գետին գցեց, և այն օձ դարձավ, ու Մովսեսը փախավ դրանից։ Ապա Եհովան ասաց նրան. «Մեկնիր ձեռքդ ու բռնիր նրա պոչից»։ Մովսեսն էլ ձեռքը մեկնեց, բռնեց այն, և օձը գավազան դարձավ նրա ձեռքում։ «Այդպես արա,— շարունակեց նա,— որպեսզի նրանք հավատան, որ Եհովան.... երևացել է քեզ»» (Ելք 4։2–5)։ Այսպիսով Աստված Մովսեսի ձեռքը տվեց մի միջոց, որով Մովսեսը կապացուցեր, որ իր հայտնած լուրը Եհովայից է։ Գավազանը, որն ընդամենը անշունչ մի առարկա էր, Աստծու զորությամբ դարձավ կենդանի օձ։ Այդպիսի հրաշքը, ինչ խոսք, ազդեցիկ կդարձներ Մովսեսի խոսքերը և համոզիչ կերպով ցույց կտար, որ Եհովան նրա հետ է։ Ուստի Եհովան Մովսեսին ասաց. «Այս գավազանը ձեռքդ վերցրու, որպեսզի դրանով նշաններ անես» (Ելք 4։17)։ Իր ձեռքում ունենալով Աստծու իշխանության ապացույցը՝ Մովսեսը կարող էր գնալ և իր ժողովրդի ու փարավոնի առաջ վստահությամբ ներկայացնել ճշմարիտ Աստծուն (Ելք 4։29–31; 7։8–13)։
6. ա) Ի՞նչ պետք է ունենանք մեր ձեռքում, երբ քարոզում ենք, և ինչո՞ւ։ բ) Բացատրիր, թե «Աստծու խոսքն» ինչպես է «կենդանի» և «զորեղ»։
6 Իսկ մենք ի՞նչ ունենք մեր ձեռքում, երբ գնում ենք աստվածաշնչյան լուրը մարդկանց պատմելու։ Շատ դեպքերում մեր ձեռքում Աստվածաշունչն է, որը պատրաստ պահում ենք օգտագործելու համար։ Գուցե ոմանք մտածեն, թե Աստվածաշունչը պարզապես սովորական մի գիրք է, բայց Եհովան մեզ հետ խոսում է հենց այդ գրքի՝ իր Խոսքի միջոցով (2 Պետ. 1։21)։ Այն պարունակում է Աստծու խոստումներն այն մասին, թե ինչ է լինելու իր Թագավորության ներքո։ Իզուր չէ, որ Պողոս առաքյալը գրեց. «Աստծու խոսքը կենդանի է ու զորեղ» (կարդա՛ Եբրայեցիներ 4։12)։ Եհովայի բոլոր խոստումները «կենդանի» են, քանի որ Աստված շարունակ քայլեր է ձեռնարկում դրանց կատարման համար (Ես. 46։10; 55։11)։ Եթե մարդը հասկանում է սա, ապա այն, ինչ նա կարդում է Աստվածաշնչում, կարող է զորեղ ազդեցություն թողնել նրա կյանքի վրա։
7. Ինչպե՞ս կարող ենք «ճշմարտության խոսքը ուղիղ մատուցել»։
7 Այո՛, Եհովան գրավոր տեսքով մեր ձեռքն է տվել իր կենդանի Խոսքը, որով կարող ենք փաստել, որ մեր հայտնած լուրը իրենից է ու վստահելի է։ Պատահական չէ, որ Պողոսը «Եբրայեցիներ» նամակը գրելուց հետո իր հոգևոր որդի Տիմոթեոսին հորդորեց լավագույնն անել «ճշմարտության խոսքը ուղիղ մատուցելու» համար (2 Տիմոթ. 2։15)։ Իսկ մենք ինչպե՞ս կարող ենք կիրառել Պողոսի խորհուրդը։ Մենք «խոսքը ուղիղ կմատուցենք», եթե լավ մտածենք, թե սուրբգրային ինչ համարներ կարդանք ծառայության ժամանակ, որպեսզի հասնենք ունկնդիրների սրտին։ 2013թ.-ին լույս տեսած թերթիկները նախատեսված են հենց դրա համար։
ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՀԱՄԱՐՆԵՐ
8. Ի՞նչ է ասում մի շրջանային վերակացու թերթիկների մասին։
8 Բոլոր թերթիկները նույն ձևաչափի են։ Եթե սովորենք մեկն օգտագործել, ապա կկարողանանք բոլորն օգտագործել։ Իսկ հե՞շտ է դրանք օգտագործելը։ Հավայան կղզիներում (ԱՄՆ) ծառայող մի շրջանային վերակացու գրեց. «Չէինք էլ կարող պատկերացնել, որ այս նոր թերթիկները շատ արդյունավետ կլինեն թե՛ տնից տուն ծառայության և թե՛ հրապարակային վկայության մեջ»։ Եղբայրն ասում է, որ թերթիկները գրված են այնպես, որ մարդիկ ավելի տրամադրված լինեն արձագանքելու, ինչի շնորհիվ հաճախ հետաքրքիր զրույցներ են եղել։ Նրա կարծիքով՝ պատճառն այն է, որ թերթիկի առաջին էջում տրվում է մեկ հարց և մի քանի պատասխան այդ հարցին, ինչը հնարավորություն է տալիս բնակչին չանհանգստանալու, որ միգուցե սխալ պատասխան տա։
9, 10. ա) Ինչո՞ւ թերթիկների միջոցով հեշտ է Աստվածաշնչից մեջբերում անել։ բ) Ո՞ր թերթիկն ես ամենից լավ օգտագործում ծառայության մեջ և ինչո՞ւ։
9 Յուրաքանչյուր թերթիկում կա համապատասխան սուրբգրային համար։ Քննենք « Մի օր վերջ կլինի՞ տառապանքին» թերթիկը։ Մարդը այս թերթիկի վերնագիր-հարցին կարող է պատասխանել «այո», «ոչ» կամ «միգուցե»։ Անկախ նրա պատասխանից՝ ցույց տուր թերթիկի ներսի կողմն ու ասա՝ «Ահա թե ինչ է ասում Աստվածաշունչը»։ Ուրիշ բան ասելու կարիք չկա։ Հետո կարդա Հայտնություն 21։3, 4-ը։
10 Նույն ձևով երբ օգտագործում ես « Ի՞նչ գիրք է Աստվածաշունչը ձեզ համար» թերթիկը, անկախ այն բանից, թե բնակիչը որ պատասխանը կընտրի, բացիր թերթիկի ներսի կողմը և ասա. «Աստվածաշունչն ասում է, որ «Ամբողջ Գիրքը ներշնչված է Աստծուց»»։ Հետո կարող ես ավելացնել. «Տեսեք, թե այս խոսքերից հետո ինչ է ասվում»։ Բացիր Աստվածաշունչը և ամբողջությամբ կարդա 2 Տիմոթեոս 3։16, 17-ը։
11, 12. ա) Ինչպե՞ս կարող ես թերթիկների միջոցով ծառայությունդ ավելի հաճելի դարձնել։ բ) Ինչպե՞ս կարող ես թերթիկների միջոցով նախապատրաստվել վերայցելության։
11 Բնակչի արձագանքից կերևա՝ արժե թերթիկից լրացուցիչ տեղեկություն կարդալ և քննարկել, թե ոչ։ Ամեն դեպքում, բացի թերթիկը բնակչին տալուց, նրա համար Աստվածաշնչից նաև ընթերցած կլինենք մեկ-երկու համար, ինչը մեզ հնարավորություն կտա վերայցելելու նրան։
12 Յուրաքանչյուր թերթիկի վերջնամասում՝ «Գուցե մտածեք» վերնագրի տակ, կան մի հարց և սուրբգրային համարներ, որոնք կարելի է քննարկել վերայցելության ժամանակ։ « Ինչպիսի՞ն կլինի ապագան» թերթիկում վերայցելության հարցը սա է. «Ինչպե՞ս է Աստված փոխելու այս աշխարհը դեպի լավը»։ Սուրբգրային հղումներն են Մատթեոս 6։9, 10-ը և Դանիել 2։44-ը։ « Կարո՞ղ են մահացածները նորից ապրել» թերթիկում վերայցելության հարցը հնչում է այսպես. «Ինչո՞ւ ենք ծերանում ու մահանում»։ Համարներն են՝ Ծննդոց 3։17–19 և Հռոմեացիներ 5։12։
13. Ինչպե՞ս կարող ես թերթիկների միջոցով Աստվածաշնչի ուսուցում սկսել։
13 Թերթիկները հնարավորություն են տալիս Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսելու։ Եթե բնակիչն օգտվի թերթիկում նշված «քյու-ար» (QR) կոդից *, ապա կմտնի մեր պաշտոնական կայքի այն էջը, որն առաջարկում է Աստվածաշունչ ուսումնասիրել։ Թերթիկները հղում են անում «Բարի լուր Աստծուց» գրքույկի որևէ դասի։ Օրինակ՝ « Ո՞վ է տիրում աշխարհին» թերթիկում հղում է արվում 5-րդ դասին։ « Ի՞նչն է երջանիկ դարձնում ընտանիքին» թերթիկում դասը 9-րդն է։ Հետևելով թերթիկներն օգտագործելու վերաբերյալ տրված առաջնորդությանը՝ դու կկարողանաս Աստվածաշունչն օգտագործել ինչպես առաջին այցի, այնպես էլ վերայցելության ժամանակ։ Հնարավոր է, այդպիսով, Աստվածաշնչի ուսուցում սկսես։ Ուրիշ ի՞նչ կարող ես անել, որպեսզի Աստծու Խոսքն արդյունավետորեն օգտագործես ծառայության մեջ։
ՄԱՐԴԿԱՆՑ ՀՈՒԶՈՂ ԹԵՄԱՆԵՐԻՑ ԽՈՍԻՐ
14, 15. Ի՞նչը կօգնի, որ Պողոսի տրամադրվածությունն ունենանք ծառայության մեջ։
14 Պողոսը մեծ ցանկություն ուներ «հնարավորինս շատ մարդկանց» պատմելու բարի լուրը (կարդա՛ 1 Կորնթացիներ 9։19–23)։ Առաքյալն ուզում էր շահել «հրեաներին.... օրենքի տակ լինողներին.... նրանց, ովքեր առանց օրենքի են» և «թույլերին»։ Այո՛, նա ուզում էր քարոզել «ամեն տեսակ մարդկանց.... որպեսզի ամեն հնարավոր ձևով մի քանիսին փրկ[ի]» (Գործ. 20։21)։ Ի՞նչը կօգնի մեզ Պողոսի տրամադրվածությունն ունենալու և նրա պես՝ ճշմարտությունը պատմելու մեր տարածքում ապրող «ամեն տեսակ մարդկանց» (1 Տիմոթ. 2։3, 4)։
15 Ամեն ամիս «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկում մատուցումների առաջարկներ ենք ստանում։ Փորձիր օգտագործել դրանք։ Սակայն եթե քո տարածքում մարդկանց այլ թեմաներ են հետաքրքրում, մատուցումներ ներկայացրու հենց այդ թեմաներով։ Մտածիր այն մասին, թե քո քարոզչական տարածքի բնակիչները որտեղ են ապրում, ինչ կարիքներ ու հանգամանքներ ունեն և թե ամենից շատ ինչ հարցեր են նրանց մտահոգում։ Մտածիր նաև, թե սուրբգրային ո՛ր համարը կհամապատասխանի նրանց կարիքներին։ Մի շրջանային վերակացու ասում է, թե ինքն ու իր կինը ինչ են անում, որպեսզի Աստվածաշունչն ավելի շատ օգտագործեն ծառայության ժամանակ. «Բնակիչների մեծամասնությունը թույլ է տալիս կարդալ մեկ համար, երբ մենք խոսում ենք կարճ և ըստ էության։ Ողջունելուց հետո Աստվածաշնչից կարդում ենք մի համար, որը նախօրոք արդեն բացած ենք լինում»։ Ստորև ներկայացվում է «դաշտում» ստուգված մի քանի մատուցում։ Կտեսնենք, թե ծառայության ժամանակ ինչ թեմաների շուրջ կարելի է խոսել, ինչ հարցեր տալ և սուրբգրային ինչ համարներ քննարկել։
16. Բացատրիր, թե Եսայիա 14։7-ը ինչպես կարելի է օգտագործել ծառայության ժամանակ։
16 Եթե ապրում ես այնպիսի վայրում, որտեղ խաղաղությունը հաճախ է խաթարվում, կարող ես մարդուն հարցնել. «Կարո՞ղ եք երբևէ պատկերացնել, որ մի օր լուրերով հայտարարեն. «Երկիրը հանգստացավ, դադարեց տագնապելուց։ Մարդիկ ուրախանում են և ցնծությամբ բացականչում»։ Հենց սա է Աստվածաշունչն ասում Եսայիա 14։7 համարում։ Գիտե՞ք, Աստված խաղաղ ապագայի մասին բազմաթիվ խոստումներ է տվել»։ Հետո, եթե անհատը դեմ չէ, Աստվածաշնչից կարդա մի խոստում։
17. Ինչպե՞ս կարող ես Մատթեոս 5։3-ն օգտագործել ծառայության ժամանակ։
17 Եթե քո տարածքում տղամարդիկ դժվարանում են աշխատանք գտնել, զրույցը կարող ես սկսել այսպես. «Ինչքա՞ն փող տղամարդը պետք է վաստակի, որպեսզի նրա ընտանիքը երջանիկ լինի»։ Պատասխանը լսելուց հետո ասա. «Շատ տղամարդիկ ավելի մեծ գումարներ են աշխատում, բայց նրանց ընտանիքը երջանիկ չէ։ Այդ դեպքում ի՞նչ է նրանց պետք»։ Հետո կարդա Մատթեոս 5։3-ը և առաջարկիր Աստվածաշնչի ուսումնասիրություն։
18. Մարդկանց մխիթարելու համար ինչպե՞ս կարող ես օգտագործել Երեմիա 29։11-ը։
18 Եթե քո տարածքի բնակիչները տուժել են վերջերս տեղի ունեցած մի դժբախտ դեպքից, կարող ես մատուցումդ այսպես անել. «Ես եկել եմ, որ ձեզ մի մխիթարական միտք հայտնեմ (կարդա՛ Երեմիա 29։11)։ Նկատեցի՞ք, որ Աստված երեք բան է ուզում մեզ համար՝ խաղաղություն, ապագա և հույս։ Հաճելի է, չէ՞, որ նա ուզում է, որ մենք լավ կյանք ունենանք։ Ինչպե՞ս է դա հնարավոր»։ Հետո մարդու ուշադրությունը հրավիրիր «Բարի լուր» գրքույկի համապատասխան դասի վրա։
19. Ինչպե՞ս կարող ենք Հայտնություն 14։6, 7-ն օգտագործել կրոնասեր մարդկանց հետ խոսելիս։
19 Եթե քո տարածքում շատ են կրոնասեր մարդիկ, զրույցը կարող ես սկսել այսպես. «Եթե մի օր երկնքից մի հրեշտակ իջներ ու ձեզ մի բան ասեր, կլսեի՞ք նրան (կարդա՛ Հայտնություն 14։6, 7)։ Այս հրեշտակն ասում է՝ «վախեցե՛ք Աստծուց»։ Ի՞նչ եք կարծում, չարժե՞ իմանալ, թե ով է այդ Աստվածը։ Տեսեք, թե հրեշտակն ինչ է ասում. «Ով ստեղծեց երկինքը, երկիրը»։ Իսկ ո՞վ է ստեղծել երկինքն ու երկիրը»։ Բացիր Սաղմոս 124։8-ը և կարդա։ Համարում ասվում է. «Մեր օգնությունը Եհովայի անվան մեջ է, որ Ստեղծիչն է երկնքի ու երկրի»։ Հետո ասա, որ ավելի շատ բան կարող ես պատմել Եհովա Աստծու մասին։
20. ա) Առակներ 30։4-ի միջոցով ինչպե՞ս կարող ենք մարդուն հայտնել Աստծու անունը։ բ) Կա՞ սուրբգրային այնպիսի համար, որը հաջողությամբ օգտագործում ես ծառայության մեջ։
20 Երիտասարդ մարդուն կարող ես ասել. «Կցանկանայի Աստվածաշնչից մի խոսք կարդալ քեզ համար։ Այստեղ մի կարևոր հարց է տրվում մեզ (կարդա՛ Առակներ 30։4)։ Ոչ մի մարդ չի համապատասխանում այստեղ գրվածին, ուստի սա վերաբերում է մեր Արարչին *։ Ինչպե՞ս կարող ենք իմանալ նրա անունը։ Սիրով կարող եմ ցույց տալ այդ անունը Աստվածաշնչում»։
ԹՈՂ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԸ ԱԶԴԵՑԻԿ ԴԱՐՁՆԻ ՔՈ ԽՈՍՔԸ
21, 22. ա) Համապատասխան սուրբգրային համարը ինչպե՞ս կարող է փոխել մարդու կյանքը։ բ) Ի՞նչ ես վճռել անել։
21 Երբեք չես իմանա, թե մարդիկ ինչպես կարձագանքեն աստվածաշնչյան համարի ընթերցանությանը։ Մի անգամ երկու Եհովայի վկա (Ավստրալիա) թակեցին մի երիտասարդ կնոջ տան դուռը։ Նրանցից մեկը հարցրեց՝ «գիտե՞ք, թե ինչ է Աստծու անունը», հետո կարդաց Սաղմոս 83։18-ը։ «Ես ցնցված էի,— ասում է կինը։— Նրանց հեռանալուց հետո մեքենայով գնացի մի գրախանութ, որը գտնվում էր 56 կիլոմետր հեռու՝ ստուգելու, թե արդյոք Աստվածաշնչի այլ թարգմանություններում կա Աստծու անունը, այնուհետև փնտրեցի այն բառարանում։ Երբ համոզվեցի, որ Աստծու անունը Եհովա է, սկսեցի մտածել. «Է՞լ ինչ կա, որ չգիտեմ»»։ Դրանից կարճ ժամանակ անց նա և նրա ապագա ամուսինը սկսեցին Աստվածաշունչ ուսումնասիրել, իսկ հետագայում մկրտվեցին։
22 Աստծու Խոսքը փոխում է նրանց կյանքը, ովքեր կարդում են այն և հավատ են զարգացնում Եհովայի կենդանի խոստումների հանդեպ (կարդա՛ 1 Թեսաղոնիկեցիներ 2։13)։ Աստվածաշունչն ավելի զորավոր է, քան ցանկացած խոսք, որ մեր կողմից կարող ենք ասել բարի լուրը մարդու սրտին հասցնելու համար։ Ուստի եկեք ամեն հնարավորության դեպքում օգտագործենք Աստծու Խոսքը։ Այն կենդանի՛ է։
^ պարբ. 13 QR կոդը «Դենսո Վեյվ» (Denso Wave) ընկերության գրանցված առևտրանշանն է։
^ պարբ. 20 Տե՛ս «Ընթերցողների հարցերը» «Դիտարանի» 1987թ. հուլիսի 15-ի համարում (էջ 31, անգլ. [1989, հունիսի 15, էջ 23, ռուս.])։