Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ինչպես է Եհովան մոտենում մեզ

Ինչպես է Եհովան մոտենում մեզ

«Մոտեցեք Աստծուն, և նա կմոտենա ձեզ» (ՀԱԿ. 4։8

1. Ի՞նչի կարիք ունենք, և ինչպե՞ս կարող ենք բավարարել այդ կարիքը։

ՄԱՐԴԻԿ իրար հետ մտերիմ լինելու կարիք ունեն։ Մտերիմները իրար շատ են հավանում և միմյանց լավ են ճանաչում։ Ինչ խոսք, մենք մեզ երջանիկ ենք զգում մեր ընտանիքի անդամների և ընկերների կողքին, որովհետև նրանք սիրում, գնահատում և հասկանում են մեզ։ Այնուամենայնիվ, կա մի անձնավորություն, ում հետ մենք պետք է ամենից մտերիմը լինենք։ Դա մեր Մեծ Արարիչն է (Ժող. 12։1

2. Ի՞նչ է Եհովան խոստանում, և ինչո՞ւ շատերը չեն հավատում այդ խոստմանը։

2 Եհովան մեզ հորդորում է մոտենալ իրեն և խոստանում է, որ եթե դա անենք, ինքն էլ մեզ կմոտենա (Հակ. 4։8)։ Այս միտքը, անշուշտ, ոգևորիչ է։ Բայց շատերի համար անհավանական է այն, որ Աստված ուզում է մտերիմ լինել իրենց հետ։ Նրանք կարծում են՝ իրենք արժանի չեն մոտենալու Աստծուն կամ որ Աստված չափազանց հեռու է իրենցից։ Մի՞թե հնարավոր չէ մտերմանալ Եհովայի հետ։

3. Եհովայի հետ կապված ո՞ր իրողությունը պետք է ընդունենք։

3 Իրականությունն այն է, որ Եհովան «հեռու չէ» բոլոր այն մարդկանցից, ովքեր ուզում են գտնել իրեն։ Աստծուն հնարավո՛ր է ճանաչել (կարդա՛  Գործեր 17։26, 27; Սաղմոս 145։18)։ Աստված ուզում է, որ մարդիկ մտերիմ լինեն իր հետ, թեպետև անկատար են։ Նա պատրաստ է ընդունելու նրանց, լինելու  նրանց մտերիմ ընկերը (Ես. 41։8; 55։6)։ Սաղմոսերգուն, անձնական փորձից ելնելով, կարող էր Եհովայի մասին գրել. «Ո՜վ աղոթքներ Լսող, ամեն մարմին քեզ մոտ է գալու։ Երջանիկ է այն մարդը, որին դու ընտրում ես և քեզ ես մոտեցնում» (Սաղ. 65։2, 4)։ Քննենք Հուդայի Ասա թագավորի մասին աստվածաշնչյան արձանագրությունը և տեսնենք, թե ինչպես է Եհովան արձագանքում, երբ մարդ մոտենում է իրեն *։

ԻՆՉ ԵՆՔ ՍՈՎՈՐՈՒՄ ԱՍԱՅԻՑ

4. Ի՞նչ օրինակ էր Ասան Հուդայի ժողովրդի համար։

4 Ասա թագավորը շատ նախանձախնդիր էր մաքուր երկրպագության համար. նա վերացրեց տաճարային պոռնիկներին և կռապաշտությունը, որը շատ էր տարածվել երկրում (1 Թագ. 15։9–13)։ Ունենալով խոսելու ազատություն՝ նա ժողովրդին կոչ արեց «փնտրել իրենց հայրերի Աստված Եհովային և պահել օրենքն ու պատվիրանները»։ Եհովան օրհնեց Ասային. նրա իշխանության առաջին տասը տարիները խաղաղ անցան։ Թագավորը գիտեր, որ այդ խաղաղությունը Եհովայից է։ Նա ժողովրդին ասաց. «Երկիրը դեռևս մերն է, որովհետև մենք փնտրեցինք մեր Աստված Եհովային։ Մենք փնտրեցինք նրան, և նա մեզ ամեն կողմից հանգստություն տվեց» (2 Տար. 14։1–7)։ Տեսնենք, թե ինչ եղավ հետո։

5. Աստծու հանդեպ Ասայի վստահությունն ինչպե՞ս փորձվեց, և ի՞նչ եղավ արդյունքում։

5 Պատկերացրու քեզ Ասայի փոխարեն։ Եթովպացի Զարան 1000000-անոց զորքով ու 300 մարտակառքով դուրս է եկել Հուդայի դեմ (2 Տար. 14։8–10)։ Ի՞նչ կանես՝ տեսնելով այդ հսկայական զորքը։ Քո բանակը թշնամու զորքից երկու անգամ ավելի փոքր է՝ ընդամենը 580000 մարդ։ Գուցե մտածես, թե ինչու է Աստված թույլ տվել, որ եթովպացիները մտնեն երկիր։ Կփորձե՞ս, առանց Եհովայից առաջնորդություն խնդրելու, ինքնուրույն լուծել ստեղծված իրավիճակը։ Այն, թե ինչպես վարվեց Ասան, ցույց է տալիս, որ նա մտերիմ էր Եհովայի հետ և վստահում էր նրան։ Թագավորը թախանձագին խնդրեց. «Օգնի՛ր մեզ, Եհո՛վա, մեր Աստվա՛ծ, չէ՞ որ մենք քեզ ենք ապավինում ու քո անունով ենք դուրս եկել այս բազմության դեմ։ Եհո՛վա, դո՛ւ ես մեր Աստվածը։ Թույլ մի՛ տուր, որ մահկանացու մարդը քեզանից զորավոր լինի»։ Ինչպե՞ս Եհովան պատասխանեց նրա աղաչանքին։ Տեղի ունեցավ ճակատամարտ, և «Եհովան պարտության մատնեց եթովպացիներին»։ Թշնամու զորքից ոչ ոք կենդանի չմնաց (2 Տար. 14։11–13

6. Ո՞ր հարցում պետք է ընդօրինակենք Ասային։

6 Ասան լիովին համոզված էր, որ Եհովան կառաջնորդի ու կպաշտպանի իրենց։ Որտեղի՞ց նրան այդ վստահությունը։ Աստվածաշունչն ասում է, որ «Ասան արեց այն, ինչը ճիշտ էր Եհովայի աչքում» և որ նրա «սիրտը.... ամբողջությամբ Եհովայի հետ էր» (1 Թագ. 15։11, 14)։ Մենք նույնպես պետք է ծառայենք Աստծուն ամբողջական սրտով։ Սա շատ կարևոր է, եթե ուզում ենք նրա հետ մտերիմ լինել ինչպես հիմա, այնպես էլ ապագայում։ Մենք անչափ երախտապարտ ենք Եհովային, որ մեզ հնարավորություն է տվել մոտենալու իրեն և օգնում է պահպանելու մեր մտերմությունը իր հետ։ Քննենք երկու բան, որոնց միջոցով Աստված հնարավոր է դարձրել իրեն մոտենալը։

ՓՐԿԱՆՔ

7. ա) Ի՞նչ է արել Եհովան, որպեսզի մոտենանք իրեն։ բ) Ո՞րն է Եհովայի սիրո ամենամեծ դրսևորումը։

7 Աստված սիրում է մարդկանց։ Ինչի՞ց է դա երևում։ Նա ստեղծել է մի չքնաղ մոլորակ, որտեղ կան կյանքի համար անհրաժեշտ բոլոր պայմանները (Գործ. 17։28; Հայտն. 4։11)։ Բայց որ ավելի կարևոր է, Եհովան հոգ է տանում մեր հոգևոր կարիքների մասին (Ղուկ. 12։42)։ Եհովան նաև հավաստիացնում է մեզ, որ անձամբ է լսում մեր աղոթքները (1 Հովհ.  5։14)։ Բայց նրա սիրո ամենամեծ դրսևորումն այն է, որ նա տվել է Հիսուսի քավիչ զոհը, և այն մեզ մղում է մոտենալու իրեն (կարդա՛  1 Հովհաննես 4։9, 10, 19)։ Աստված իր «միածին Որդուն» ուղարկեց երկիր, որպեսզի մենք ազատվենք մեղքից ու մահից (Հովհ. 3։16

8, 9. Ի՞նչ դեր ունի Հիսուսը Եհովայի նպատակի իրագործման մեջ։

8 Քրիստոսի քավիչ զոհը՝ դեռ չտրված, օգուտ է բերել նույնիսկ այն մարդկանց, ովքեր ապրել են նախաքրիստոնեական ժամանակներում։ Այն պահից, երբ Եհովան ասաց, որ ապագայում մարդկության համար Փրկիչ է լինելու, նրա տեսանկյունից՝ փրկանքը արդեն վճարված էր. Աստված գիտեր, որ իր նպատակը անպայման իրագործվելու է (Ծննդ. 3։15)։ Դարեր անց Պողոս առաքյալը երախտագիտություն հայտնեց Աստծուն «Քրիստոս Հիսուսի վճարած փրկանքի» համար։ Հետո ավելացրեց. «Աստված.... համբերատարություն ցուցաբերելով՝ ներում էր անցյալում կատարված մեղքերը» (Հռոմ. 3։21–26)։ Հիսուսը կարևոր դեր ունի այն բանում, որ մենք մտերիմ լինենք Աստծու հետ։ Ո՞րն է այդ դերը։

9 Խոնարհ մարդիկ միայն Հիսուսի միջոցով կարող են ճանաչել Եհովային և մտերիմ փոխհարաբերություններ ունենալ նրա հետ։ Պողոսը գրեց. «Աստված իր սերն է դրսևորում մեր հանդեպ նրանով, որ Քրիստոսը մահացավ մեզ համար, երբ մենք դեռ մեղավորներ էինք» (Հռոմ. 5։6–8)։ Քավիչ զոհը տրվեց ոչ թե այն բանի համար, որ արժանի ենք դրան, այլ որ Եհովան և Հիսուսը շատ են սիրում մեզ։ «Ոչ ոք չի կարող գալ ինձ մոտ, մինչև որ Հայրը, որն ուղարկեց ինձ, չձգի նրան»,— ասաց Հիսուսը։ Իսկ մեկ ուրիշ անգամ նա ասաց. «Ոչ ոք չի գալիս Հոր մոտ, եթե ոչ իմ միջոցով» (Հովհ. 6։44; 14։6)։ Ինչպե՞ս է Եհովան Հիսուսի միջոցով մարդկանց ձգում դեպի իրեն և օգնում նրանց մնալու իր սիրո մեջ և ունենալու հավիտենական կյանքի հեռանկար։ Նա դա անում իր սուրբ ոգու միջոցով (կարդա՛  Հուդա 20, 21)։ Այժմ տեսնենք, թե որն է մյուս միջոցը, որով կարող ենք մոտենալ Աստծուն։

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ

10. Ինչպե՞ս է Աստվածաշունչն օգնում մեզ մտերմանալու Եհովայի հետ։

10 Մինչև այս պահը հոդվածում անդրադարձանք սուրբգրային տարբեր համարների, որոնք վերցված են Աստվածաշնչի 14 գրքերից։ Առանց Աստվածաշնչի՝ ինչպե՞ս կիմանայինք, որ կարող ենք մոտենալ մեր Արարչին։ Առանց Սուրբ Գրքի՝ ինչպե՞ս կիմանայինք փրկանքի մասին և այն մասին, որ կարող ենք մոտենալ Եհովային Հիսուսի միջոցով։ Սուրբ ոգու միջոցով Եհովան որոշ մարդկանց ներշնչեց, որ գրեն Աստվածաշունչը, որը պատմում է իր չքնաղ հատկությունների և վեհ նպատակների մասին։ Օրինակ՝ Ելք 34։6, 7 համարներում Եհովան Մովսեսին ասում է, որ ինքը «ողորմած ու գթառատ Աստված [է], բարկանալու մեջ դանդաղ և սիրառատ բարությամբ ու ճշմարտությամբ լի, որը հազարավորների հանդեպ սիրառատ բարություն է ցուցաբերում, ներում է հանցանքը, օրինազանցությունն ու մեղքը»։ Ո՞վ չէր ուզենա մտերմանալ նման անձնավորության հետ։ Եհովան գիտի, որ որքան շատ սովորենք իր մասին Աստվածաշնչի էջերից, ինքը այնքան ավելի իրական կդառնա մեզ համար, ու մենք ավելի կմտերմանանք իր հետ։

11. Ինչո՞ւ պետք է ջանանք սովորել Եհովայի հատկությունների և գործելակերպի մասին (տե՛ս 16-րդ էջի նկարը)։

11 Բացատրելով, թե ինչպես կարող ենք մտերիմ փոխհարաբերություններ հաստատել Աստծու հետ՝ «Մոտեցիր Եհովային» գրքի առաջաբանն ասում է. «Ցանկացած ընկերական կապ հիմնված է տվյալ անձնավորությանը ճանաչելու, նրա բնավորության գծերով հիանալու և դրանք գնահատելու վրա։ Ուստի շատ կարևոր է ուսումնասիրել Աստծու հատկություններն ու գործելակերպը, որոնք նկարագրվում են Աստվածաշնչում»։ Եհովան իր Խոսքը գրել է այնպես, որ մարդիկ հասկանան, և մենք, ինչ խոսք, անչափ երախտապարտ ենք նրան դրա համար։

12. Ինչո՞ւ Եհովան իր Խոսքը գրեց մարդկանց միջոցով։

 12 Եհովան կարող էր իր Խոսքը գրել հրեշտակների միջոցով։ Մարդիկ նրանց շատ են հետաքրքրում (1 Պետ. 1։12)։ Անկասկած, հրեշտակները կկարողանային գրավոր ձևով մարդկանց փոխանցել Աստծու ուղերձը։ Բայց կկարողանայի՞ն նրանք իրերին նայել նրանց աչքերով։ Կկարողանայի՞ն հասկանալ նրանց կարիքները, թուլությունները և ձգտումները։ Եհովան գիտեր, որ հրեշտակները դա չեն կարող անել։ Նա ցանկացավ, որ մարդի՛կ գրեն իր Խոսքը, որովհետև այդպես այն նրանց ավելի հոգեհարազատ կլիներ։ Մենք կարող ենք հասկանալ Աստվածաշունչը գրողների և Սուրբ Գրքում հիշատակված մարդկանց մտքերն ու զգացմունքները։ Կարող ենք հասկանալ նրանց հիասթափությունները, կասկածները, մտավախությունները, թերացումները, ինչպես նաև նրանց ուրախություններն ու հաջողությունները։ Աստվածաշունչը գրողները այնպիսի զգացմունքներ ունեին, ինչպիսիք որ մենք ունենք (Հակ. 5։17

Հովնանի և Պետրոսի հետ Եհովայի վարվելակերպի մասին իմանալը ինչպե՞ս է քեզ մոտեցնում նրան (տե՛ս պարբերություն 13, 15)

13. Ի՞նչ զգացումներ ես ունենում՝ կարդալով Հովնանի աղոթքը։

13 Օրինակ՝ կարո՞ղ էր հրեշտակը լիովին փոխանցել Հովնանի զգացումները, երբ մարգարեն փախավ, որ չկատարի Աստծուց ստացած հանձնարարությունը։ Շատ ավելի լավ էր, որ Եհովան Հովնանին հանձնարարեց գրել տեղի ունեցածի մասին։ Անչափ տպավորիչ է նրա աղոթքը, որ նա արեց ծովի խորքերից։ Մարգարեն ասաց. «Երբ հոգիս թուլացավ իմ մեջ, ես Եհովային հիշեցի» (Հովն. 1։3, 10; 2։1–9

14. Ինչո՞ւ կարող ես հասկանալ Եսայիայի զգացումները։

14 Տեսնենք նաև, թե ինչ է գրել Եսայիան իր մասին։ Աստծու փառքը տեսիլքում տեսնելուց հետո մարգարեն, գիտենալով, որ ինքը մեղավոր մարդ է, ասաց. «Վա՜յ ինձ։ Ես կմեռնեմ, որովհետև անմաքուր շուրթերով մարդ եմ և անմաքուր շուրթեր ունեցող ժողովրդի մեջ եմ բնակվում, և իմ աչքերը տեսան հենց իրեն՝ Թագավորին՝ Զորքերի Տեր Եհովային» (Ես.  6։5)։ Հրեշտակը երբեք չէր կարող ինքն իր մասին այսպիսի խոսքեր ասել։ Բայց Եսայիան կարող էր։ Լինելով Եսայիայի պես անկատար՝ մենք կարող ենք հասկանալ նրա զգացումները։

15, 16. ա) Ինչո՞ւ կարող ենք հասկանալ անկատար մարդկանց զգացումները։ Բեր օրինակներ։ բ) Ի՞նչը հնարավորություն կտա մեզ ավելի մոտենալու Եհովային։

15 Կարո՞ղ էին հրեշտակներն ասել՝ «ես արժանի չեմ», ինչպես որ Հակոբն ասաց, կամ Պետրոսի պես՝ իրենց «մեղավոր» զգալ (Ծննդ. 32։10; Ղուկ. 5։8)։ Կարո՞ղ էին նրանք «վախենալ», ինչպես Հիսուսի աշակերտները վախեցան։ Արդար հրեշտակները Պողոսի և մյուսների պես կարիք ունեի՞ն «համարձակությամբ լցվելու», որպեսզի հակառակության ներքո պատմեին բարի լուրը (Հովհ. 6։19; 1 Թեսաղ. 2։2)։ Ո՛չ, նրանք ամեն առումով կատարյալ են և մարդկանցից անհամեմատ ավելի զորեղ։ Երբ անկատար մարդիկ այդպիսի զգացումներ են արտահայտում, մենք անմիջապես հասկանում ենք դրանք, քանի որ մենք նույնպես անկատար մարդիկ ենք։ Երբ կարդում ենք Աստծու Խոսքը, մենք, իրոք, «ուրախացողների հետ ուրախանում ենք, լաց լինողների հետ լաց լինում» (Հռոմ. 12։15

16 Եթե խորհրդածենք, թե ինչպես է Եհովան առնչություն ունեցել իր հավատարիմ ծառաների հետ անցյալում և համբերատարությամբ ու սիրով մոտեցել նրանց (ինչի մասին գրված է Աստվածաշնչում), մենք բազմաթիվ բաներ կսովորենք մեր Աստծու մասին։ Այդպես Եհովային շատ լավ կճանաչենք և շատ կսիրենք, իսկ սա իր հերթին հնարավորություն կտա մեզ ավելի մոտենալու նրան (կարդա՛  Սաղմոս 25։14

ԱՄՐԱՑՐՈՒ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԴ ԱՍՏԾՈՒ ՀԵՏ

17. ա) Ի՞նչ խորհուրդ տվեց Ազարիան Ասային։ բ) Ասան ինչպե՞ս անտեսեց Ազարիայի խորհուրդը, և ի՞նչ եղավ արդյունքում։

17 Այն բանից հետո, երբ Ասա թագավորը փառահեղ հաղթանակ տարավ եթովպական զորքի դեմ, Ազարիա մարգարեն մի քանի իմաստուն խոսքեր ասաց նրան ու ժողովրդին. «Եհովան ձեզ հետ է, քանի դեռ դուք նրա հետ եք։ Եթե փնտրեք նրան, նա թույլ կտա, որ գտնեք իրեն, բայց եթե թողնեք նրան, նա էլ ձեզ կթողնի» (2 Տար. 15։1, 2)։ Ասան, ցավոք, հետագայում չհետևեց այս իմաստուն խորհրդին։ Երբ Իսրայելի հյուսիսային թագավորությունը եկավ Հուդայի դեմ, Ասան օգնության համար դիմեց ասորիներին։ Առաջվա պես Եհովայից օգնություն խնդրելու փոխարեն՝ թագավորը դաշինք կնքեց հեթանոսների հետ։ Ուստի Եհովան նրան ասաց. «Այս անգամ դու հիմարաբար գործեցիր, դրա համար էլ սրանից հետո քո դեմ պատերազմներ են մղվելու»։ Ասան իր իշխանության մնացած տարիներին անընդհատ պատերազմների մեջ էր (2 Տար. 16։1–9)։ Ի՞նչ ենք սովորում։

18, 19. ա) Ի՞նչ պետք է անենք, եթե զգում ենք, որ մի փոքր հեռացել ենք Աստծուց։ բ) Ինչպե՞ս կարող ենք մոտենալ Եհովային։

18 Մենք երբեք չպետք է հեռանանք Եհովայից։ Եթե զգանք, որ մի փոքր հեռացել ենք նրանից, պետք է վարվենք Օսեե 12։6-ի համաձայն, որտեղ ասվում է. «Վերադարձիր քո Աստծու մոտ՝ պահպանելով սիրառատ բարություն ու արդարություն, և հույսդ միշտ քո Աստծու վրա դիր»։ Եկեք ավելի ու ավելի մտերմանանք Եհովայի հետ՝ երախտագիտությամբ լի սրտով խորհրդածելով փրկանքի շուրջ և ջանադրաբար ուսումնասիրելով նրա Խոսքը՝ Աստվածաշունչը (կարդա՛  2 Օրենք 13։4

19 «Ինձ համար բարի է Աստծուն մոտենալը»,— գրեց սաղմոսերգուն (Սաղ. 73։28)։ Մեզ համար նույնպես բարի է Աստծուն մոտենալը։ Ուստի եկեք շարունակենք նորանոր բաներ սովորել Եհովայի մասին։ Արդյունքում ավելի շատ պատճառներ կունենանք նրան սիրելու։ Եթե շարունակ մոտենանք Աստծուն, նա էլ մեզ կմոտենա հիմա և ողջ հավիտենության ընթացքում։

^ պարբ. 3 Տե՛ս Ասայի մասին հոդվածը «Դիտարանի» 2012թ. օգոստոսի 15-ի համարում («Վարձատրություն կա ձեր գործերի համար»