Լսիր Եհովայի ձայնին, ուր էլ որ լինես
«Քո ականջները մի խոսք կլսեն քո հետևից. «Սա՛ է ճանապարհը»» (ԵՍ. 30։21)։
1, 2. Ինչպե՞ս է Եհովան առաջնորդում իր ծառաներին։
ԵՀՈՎԱՆ իր ծառաներին միշտ առաջնորդել է։ Նա դա արել է տարբեր կերպերով։ Աստված հրեշտակների, տեսիլքների կամ երազների միջոցով հայտնել է իր ասելիքը, այն, թե ինչ է լինելու ապագայում, ինչպես նաև տվել է հանձնարարություններ (Թվեր 7։89; Եզեկ. 1։1; Դան. 2։19)։ Որոշ դեպքերում Աստված առաջնորդություն է տվել իրեն ներկայացնող մարդկանց միջոցով։ Անկախ այն բանից, թե Եհովան ինչ կերպերով է առաջնորդել, նրանք, ովքեր հետևել են նրա առաջնորդությանը, օրհնվել են։
2 Այսօր Եհովան իր ժողովրդին առաջնորդում է Աստվածաշնչի, իր սուրբ ոգու և ժողովի միջոցով (Գործ. 9։31; 15։28; 2 Տիմոթ. 3։16, 17)։ Նրա առաջնորդությունն այնքան հստակ է, որ մեր ականջները կարծես «մի խոսք են լսում մեր հետևից. «Սա՛ է ճանապարհը, սրանո՛վ գնացեք»» (Ես. 30։21)։ Եհովայի ձայնը մեզ է հասնում նաև Հիսուսի միջոցով։ Աստված իր Որդուն նշանակել է ժողովի Գլուխ, և Քրիստոսը ժողովին առաջնորդում է «հավատարիմ և իմաստուն ծառայի» միջոցով (Մատթ. 24։45)։ Մենք պետք է հետևենք Եհովայի առաջնորդությանը, որովհետև դրանից է կախված մեր հավիտենական ապագան (Եբր. 5։9)։
3. Ի՞նչը կարող է խանգարել, որ լիովին հնազանդվենք Եհովայի առաջնորդությանը (տե՛ս 21-րդ էջի նկարը)։
3 Բանսարկու Սատանան ամեն ինչ անում է, որ չհետևենք Եհովայի փրկարար առաջնորդությանը։ Բացի այդ, մեր «նենգավոր սիրտը» կարող է խանգարել մեզ, որ լիարժեքորեն հետևենք նրա առաջնորդությանը (Երեմ. 17։9)։ Ուստի եկեք քննենք, թե ինչպես կարող ենք հաղթահարել այն խոչընդոտները, որոնք դժվարացնում են Աստծու ձայնը լսելը։ Քննենք նաև, թե Եհովայի հետ սերտ հաղորդակցությունը ինչպես է նպաստում, որ պահպանենք նրա հետ մեր փոխհարաբերությունները՝ անկախ մեր հանգամանքներից։
ՉԽԱԲՎԵՆՔ ՍԱՏԱՆԱՅԻ ԿՈՂՄԻՑ
4. Ինչպե՞ս է Սատանան փորձում ազդել մարդկանց մտածելակերպի վրա։
4 Սատանան փորձում է ազդել մարդկանց մտածելակերպի վրա կեղծ տեղեկությունների և մոլորեցուցիչ պրոպագանդայի միջոցով (կարդա՛ 1 Հովհաննես 5։19)։ Այսօր ամբողջ աշխարհում մարդիկ տեղեկություններ են ստանում ամենատարբեր միջոցներով՝ գրքեր, թերթեր, հանդեսներ, ռադիո, հեռուստատեսություն և ինտերնետ։ Ճիշտ է, տեղեկատվության այս միջոցները հետաքրքիր և օգտակար բաներ կարող են հաղորդել, բայց հաճախ դրանք ջատագովում են այնպիսի վարք և չափանիշներ, որոնք հակասում են Եհովայի չափանիշներին (Երեմ. 2։13)։ Օրինակ՝ լուրերով և ժամանցային հաղորդումներով նույնասեռ ամուսնությունները ներկայացվում են որպես ընդունելի երևույթ, ինչի պատճառով բազմաթիվ մարդիկ կարծում են, թե համասեռամոլության վերաբերյալ Աստվածաշնչի տեսակետը ծայրահեղ է (1 Կորնթ. 6։9, 10)։
5. Ինչպե՞ս կարող ենք խուսափել սատանայական պրոպագանդայի հեղեղից։
5 Ինչպե՞ս կարող են նրանք, ովքեր սիրում են Աստծու արդարությունը, խուսափել սատանայական պրոպագանդայի հեղեղից։ Ինչպե՞ս կարող են չարը տարբերել բարուց։ Նրանք դա կարող են անել՝ «[Աստծու] խոսքի համաձայն իրեն[ց] հսկելով» (Սաղ. 119։9)։ Աստվածաշունչը պարունակում է շատ կարևոր առաջնորդություն, որի շնորհիվ կարող ենք ճիշտը տարբերել սխալից (Առակ. 23։23)։ Մեջբերելով Սուրբ Գրքից՝ Հիսուսն ասաց, որ «մարդ պետք է.... ապրի.... Եհովայի բերանից դուրս եկող ամեն խոսքով» (Մատթ. 4։4)։ Մենք կարիք ունենք սովորելու, թե ինչպես կիրառենք սուրբգրային սկզբունքները։ Օրինակ՝ երիտասարդ Հովսեփը երկար ժամանակ առաջ, երբ Մովսեսը դեռ չէր գրել շնության մասին Եհովայի օրենքը, հասկացել էր, որ շնությունը մեղք է Աստծու դեմ։ Երբ Պետափրեսի կինը դրդում էր Հովսեփին սխալ քայլի, վերջինիս մտքով երբեք չանցավ չհնազանդվել Եհովային (կարդա՛ Ծննդոց 39։7–9)։ Չնայած մի որոշ ժամանակ Հովսեփը ճնշման էր ենթարկվում այդ կնոջ կողմից, նա որոշել էր լսել Եհովայի և ոչ թե նրա ձայնին։ Ճիշտը սխալից տարբերելու համար շատ կարևոր է լսել Եհովայի ձայնը և փակել ականջները սատանայական պրոպագանդայի չդադարող աղմուկի առաջ։
6, 7. Ի՞նչ պետք է անենք Սատանայի չար խորհրդին չհետևելու համար։
6 Աշխարհում այնքան շատ են հակասական կրոնական գաղափարներն ու ուսմունքները, որ շատերն անիմաստ են համարում փնտրել ճշմարիտ կրոնը։ Սակայն Եհովան այնպես է արել, որ իր առաջնորդությունը հստակ լինի նրանց համար, ովքեր ուզում են հետևել դրան։ Մենք պետք է որոշենք, թե ում ենք լսելու՝ Եհովայի՞ն, թե՞ Սատանային։ Գրեթե անհնար է միաժամանակ լսել երկու ձայն։ Եհովան Հիսուսին է նշանակել իր ոչխարների հովիվ, ուստի մենք պետք է «ճանաչենք [Հիսուսի] ձայնը» և լսենք նրան (կարդա՛ Հովհաննես 10։3–5)։
7 «Ուշադրություն դարձրեք ձեր լսածին»,— ասաց Հիսուսը (Մարկ. 4։24)։ Եհովայի խորհուրդները պարզ են ու ճիշտ, բայց որպեսզի ընդունենք դրանք և հետևենք դրանց, պետք է մեր սիրտը պատրաստենք։ Եթե զգույշ չլինենք, գուցե ականջ դնենք Սատանայի չար խորհրդին և ոչ թե Եհովայի բարի խորհրդին։ Երբեք թույլ մի՛ տուր, որ աշխարհիկ երաժշտությունը, ֆիլմերը, հեռուստաշոուները, գրքերը, աշխատակիցները, ուսուցիչները և, այսպես կոչված, մասնագետները ղեկավարեն քո կյանքը (Կող. 2։8)։
8. ա) Ինչպե՞ս կարող է մեր սիրտը մեզ խոցելի դարձնել Սատանայի խարդավանքների առաջ։ բ) Ի՞նչ կարող է լինել, եթե անտեսենք նախազգուշական նշանները։
8 Սատանան գիտի, որ մենք մեղավոր հակումներ ունենք, ուստի փորձում է այնպես անել, որ տրվենք դրանց։ Երբ Սատանան նշան է բռնում մեզ վրա, չափազանց դժվար է լինում անարատ մնալ (Հովհ. 8։44–47)։ Ինչպե՞ս կարող ենք պահել մեր անարատությունը։ Պատկերացնենք հետևյալ իրավիճակը։ Քրիստոնյան այնքան է տարվել հաճույքներով, որ ի վերջո արել է այնպիսի բան, որն իր մտքով երբեք չէր անցնի (Հռոմ. 7։15)։ Ինչպե՞ս է դա եղել։ Հնարավոր է՝ նա աստիճանաբար կորցրել է Եհովայի ձայնին արձագանքելու կարողությունը։ Գուցե չի նկատել կամ անտեսել է այն նշանները, որոնք զգուշացնում էին իր սրտի վատ վիճակի մասին։ Այդ նշաններից կարող է լինել այն, որ նա դադարել է աղոթելուց, դանդաղեցրել է ընթացքը ծառայության մեջ կամ սկսել է բաց թողնել հանդիպումները։ Ի վերջո, նա տրվել է իր ցանկությանն ու արել այն, ինչը գիտեր՝ սխալ է։ Նման լուրջ սխալից խուսափելու համար մենք պետք է զգոն լինենք, նկատենք նախազգուշական նշանները և արագորեն շտկենք մեզ։ Բացի այս ամենից, եթե լսենք Եհովայի ձայնին, ապա ականջ չենք դնի հավատուրացների խոսքերին (Առակ. 11։9)։
9. Ինչո՞ւ է շատ կարևոր մեղավոր հակումները վաղ հայտնաբերել։
9 Հիվանդության վաղ ախտորոշումը կարող է փրկել մարդու կյանքը։ Նմանապես մենք կարող ենք կանխել աղետը, եթե արագորեն հայտնաբերենք մեր այն հակումները, որոնք կարող են մեզ մեղքի դրդել։ Հայտնաբերելուն պես՝ իմաստուն կլինի անմիջապես դրա դեմն առնել, քանի դեռ Սատանայի կողմից «կենդանի [չենք] բռնվել.... որ նրա կամքը կատարեն[ք]» (2 Տիմոթ. 2։26)։ Ի՞նչ պետք է անենք, երբ նկատում ենք, որ մեր մտածելակերպն ու ցանկությունները հակասում են Եհովայի չափանիշներին։ Առանց հապաղելու՝ պետք է խոնարհաբար «վերադառնանք» Եհովայի մոտ, բացենք մեր ականջները նրա խորհրդի առաջ և ամբողջ սրտով լսենք նրան (Ես. 44։22)։ Մենք պետք է գիտակցենք, որ որոշ սխալներ կարող են այնպիսի հետևանքներ ունենալ, որոնք այս համակարգում իրենց զգալ կտան նույնիսկ Եհովայի մոտ վերադառնալուց հետո։ Որքա՜ն ավելի լավ է աչալուրջ լինել և խուսափել նման սխալներից։
ՉԴԱՌՆԱՆՔ ՀՊԱՐՏ ԿԱՄ ԱԳԱՀ
10, 11. ա) Ինչպե՞ս է դրսևորվում հպարտությունը։ բ) Ի՞նչ ենք սովորում Կորխի, Դաթանի ու Աբիրոնի վատ օրինակից։
10 Մենք պետք է ընդունենք, որ մեր սիրտը կարող է մոլորեցնել մեզ։ Մեղավոր հակումները շատ մեծ ուժ ունեն։ Օրինակ՝ հպարտությունն ու ագահությունը կարող են խանգարել մեզ լսելու Եհովայի ձայնը ու տանել աղետի։ Հպարտ մարդը չափազանց մեծ կարծիք ունի իր մասին։ Նա գուցե մտածի, որ իրավունք ունի անելու ինչ ուզում է, և ոչ ոք, այդ թվում նաև իր հավատակիցները, երեցները և նույնիսկ Եհովայի կազմակերպությունը չպետք է իրեն ասեն, թե ինչ անի։ Այդպիսի մարդը այնքան է հեռացել Եհովայից, որ նրա ձայնը գրեթե չի լսում։
11 Այն ժամանակ, երբ իսրայելացիները անապատում էին, Կորխը, Դաթանն ու Աբիրոնը ըմբոստացան Մովսեսի և Ահարոնի իշխանության դեմ։ Հպարտության պատճառով նրանք ուզում էին իրե՛նց ձևով երկրպագել Եհովային։ Ինչպե՞ս արձագանքեց Եհովան։ Նա վերացրեց ըմբոստներին (Թվեր 26։8–10)։ Այս պատմական դեպքից մենք շատ կարևոր բան ենք սովորում. Եհովայի դեմ ապստամբությունը աղետի է տանում։ Եկեք հիշենք, որ «հպարտությունը նախորդում է կործանմանը» (Առակ. 16։18; Ես. 13։11)։
12, 13. ա) Բեր օրինակ, որը ցույց է տալիս, թե ագահությունն ինչպես կարող է տանել կործանման։ բ) Բացատրիր, թե ագահությունն ինչպես կարող է արագորեն մեծանալ, եթե թույլ տանք։
12 Իսկ հիմա խոսենք ագահության մասին։ Ագահ մարդը հաճախ անում է այնպիսի բաներ, որոնց իրավունքը չունի, և անցնում է պատշաճության սահմանները։ Ասորական բանակի զորագլուխ Նեեմանը այն բանից հետո, երբ բուժվեց բորոտությունից, նվերներ առաջարկեց Եղիսեին, բայց մարգարեն հրաժարվեց։ Մինչդեռ Եղիսեի սպասավոր Գեեզին շատ էր ուզում ստանալ դրանք։ Նա ինքն իրեն ասաց. «Կենդանի է Եհովան, ես կվազեմ [Նեեմանի] հետևից ու մի բան կվերցնեմ նրանից»։ Եղիսեից թաքուն՝ նա վազեց Նեեմանի հետևից և բացահայտ սուտ ասելով՝ նրանից խնդրեց «մի տաղանդ արծաթ և երկու ձեռք հագուստ»։ Ի՞նչ պատահեց ագահ Գեեզիին։ Նեեմանի բորոտությունը կպավ նրան (2 Թագ. 5։20–27)։
13 Եթե ագահության նույնիսկ փոքր դրսևորումը չճնշենք մեր մեջ, այն կարող է արագորեն մեծանալ և կործանել մեզ։ Աքանին հենց սա պատահեց։ Որքա՞ն արագ նրա մեջ ագահություն զարգացավ։ Նա ասաց. «Երբ ավարի մեջ Սենաարից բերված մի շատ գեղեցիկ ու թանկարժեք հանդերձ տեսա, երկու հարյուր սիկղ արծաթ ու մի ձուլակտոր ոսկի, որի ծանրությունը հիսուն սիկղ էր, ցանկացա դրանք ու վերցրի»։ Սխալ ցանկությունը ճնշելու փոխարեն՝ Աքանը, ագահություն դրսևորելով, գողություն արեց և գողոնը թաքցրեց իր վրանում։ Երբ նրա մեղքը բացահայտվեց, Հեսուն նրան ասաց, որ Եհովան աղետ է բերելու նրա վրա։ Աքանը և նրա ընտանիքը հենց նույն օրը քարկոծվելով սպանվեցին (Հեսու 7։11, 21, 24, 25)։ Ագահ դառնալու վտանգը սպառնում է յուրաքանչյուրիս։ Ուստի եկեք զգույշ մնանք «ամեն տեսակ ագահությունից» (Ղուկ. 12։15)։ Ճիշտ է, երբեմն գուցե սխալ միտք անցնի մեր գլխով կամ պատկերացնենք անբարո բաներ, բայց շատ կարևոր է, որ հսկենք մեր մտքերը և թույլ չտանք մեր ցանկություններին հասնելու այն աստիճանի, որ մեղք գործենք (կարդա՛ Հակոբոս 1։14, 15)։
14. Ի՞նչ պետք է անենք, եթե մեր մեջ նկատում ենք հպարտության կամ ագահության հակում։
14 Թե՛ հպարտությունը և թե՛ ագահությունը կարող են տանել կործանման։ Սխալ ընթացքի հետևանքների մասին խորհրդածելը կօգնի, որ թույլ չտանք նման հակումներին խլացնելու Եհովայի ձայնը (2 Օրենք 32։29)։ Ճշմարիտ Աստվածը իր Խոսքի միջոցով մեզ ոչ միայն ասում է, թե որն է ճիշտ ուղին, այլև բացատրում է դրանով գնալու օգուտները, ինչպես նաև ցույց է տալիս սխալ ճանապարհով գնալու հետևանքները։ Եթե մեր սիրտը մղում է մտածելու այնպիսի բան անելու մասին, ինչի հետևում կանգնած է հպարտությունը կամ ագահությունը, լավ կլինի՝ մտածենք դրա հետևանքների մասին։ Պետք է խորհրդածենք, թե սխալ արարքն ինչպես կազդի մեզ վրա, մեր մտերիմների և հատկապես մեր ու Եհովայի փոխհարաբերությունների վրա։
ՍԵՐՏ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՊԱՀԻՐ ԵՀՈՎԱՅԻ ՀԵՏ
15. Ի՞նչ կարող ենք սովորել Հիսուսից։
15 Եհովան ուզում է, որ մեզ համար լավ լինի (Սաղ. 1։1–3)։ Նա ճիշտ ժամանակին տալիս է այն առաջնորդությունը, որի կարիքն ունենք (կարդա՛ Եբրայեցիներ 4։16)։ Հիսուսը թեև կատարյալ էր, բայց կարիք ուներ կանոնավորաբար հաղորդակցվելու Եհովայի հետ, ուստի միշտ աղոթում էր նրան։ Եհովան Հիսուսին աջակցում և առաջնորդում էր տարբեր կերպերով։ Նա հրեշտակներ ուղարկեց, որ ծառայեն իր Որդուն, տվեց նրան իր սուրբ ոգին և առաջնորդեց 12 առաքյալների ընտրության հարցում։ Աստծու ձայնը լսվեց երկնքից, ինչը վկայություն էր այն բանի, որ նա Հիսուսի թիկունքին է կանգնած և հավանում է նրան (Մատթ. 3։17; 17։5; Մարկ. 1։12, 13; Ղուկաս 6։12, 13; Հովհ. 12։28)։ Հիսուսի պես՝ մենք կարիք ունենք մեր սիրտը աղոթքով բացելու Աստծու առաջ (Սաղ. 62։7, 8; Եբր. 5։7)։ Աղոթքը կօգնի մեզ մտերիմ մնալու Եհովայի հետ և ապրելու այնպես, որ պատիվ բերենք նրան։
16. Ինչպե՞ս կարող ենք Եհովայից օգնություն ստանալ, որպեսզի ունակ լինենք լսելու նրա ձայնը։
16 Թեև Եհովայի խորհուրդները շատ մատչելի են, նա ոչ ոքի չի ստիպում հետևել դրանց։ Մենք նրա սուրբ ոգու կարիքն ունենք և եթե խնդրենք, նա առատորեն կտա այն (կարդա՛ Ղուկաս 11։10–13)։ Հույժ կարևոր է, սակայն, որ «ուշադիր լինենք, թե ինչպես ենք լսում» (Ղուկ. 8։18)։ Օրինակ՝ կեղծավորություն արած կլինենք, եթե խնդրենք Եհովային, որ օգնի մեզ հաղթահարելու անբարոյության նկատմամբ հակումը, և միևնույն ժամանակ շարունակենք դիտել պոռնկագրություն կամ անբարո ֆիլմեր։ Մենք պետք է լինենք այնտեղ, որտեղ Եհովայի ոգին է։ Մենք գիտենք, որ նրա ոգին ներկա է ժողովի հանդիպումներին։ Աստծու շատ ծառաներ խուսափել են հոգևոր աղետից՝ լսելով նրան մեր հանդիպումներին։ Դրա շնորհիվ նրանք հասկացել են, որ իրենց սրտում սխալ ցանկություններ են զարգանում, և անհապաղ քայլեր են ձեռնարկել ուղղվելու (Սաղ. 73։12–17; 143։10)։
ՇԱՐՈՒՆԱԿԻՐ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՄԲ ԼՍԵԼ ԵՀՈՎԱՅԻ ՁԱՅՆԻՆ
17. Ինչո՞ւ է վտանգավոր ապավինել սեփական անձին։
17 Քննենք Դավիթ թագավորի օրինակը։ Լինելով պատանի՝ նա հաղթեց փղշտացի հսկա Գողիաթին։ Հետագայում դարձավ զինվոր, հետո՝ թագավոր։ Նրա պարտականությունն էր պաշտպանել Իսրայել ազգին և որոշումներ կայացնել նրա օգտին։ Բայց երբ Դավիթը ապավինեց իր անձին, նրա սիրտը խաբեց նրան, ու նա ծանր մեղք գործեց Բերսաբեի հետ և նույնիսկ կազմակերպեց նրա ամուսնու՝ Ուրիայի սպանությունը։ Երբ նրան հանդիմանեցին, նա խոնարհաբար ընդունեց մեղքը և վերականգնեց փոխհարաբերությունները Եհովայի հետ (Սաղ. 51։4, 6, 10, 11)։
18. Ի՞նչը կօգնի մեզ շարունակ լսելու Եհովայի ձայնին։
18 Եկեք հետևենք 1 Կորնթացիներ 10։12-ում գրված խորհրդին և չդառնանք չափազանց ինքնավստահ։ Քանի որ ի վիճակի չենք «ուղղություն տալ [մեր] քայլերին», մենք պետք է լսենք Եհովայի ձայնին, այլապես կլսենք նրա թշնամու՝ Սատանայի ձայնին (Երեմ. 10։23)։ Թող որ միշտ աղոթենք, հետևենք սուրբ ոգու առաջնորդությանը և շարունակ պատրաստակամորեն լսենք Եհովայի ձայնին։