Ո՞րն է կանանց դերը Եհովայի նպատակի մեջ
«Բարի լուրը պատմող կանայք մեծ բանակ են» (ՍԱՂ. 68։11)։
1, 2. ա) Ի՞նչ նվերներ էր Աստված տվել Ադամին։ բ) Ինչո՞ւ Աստված ստեղծեց կնոջը (տե՛ս 6-րդ էջի նկարը)։
ԵՀՈՎԱՆ երկիրը ստեղծեց որոշակի նպատակով։ Նա «բնակվելու համար ստեղծեց այն» (Ես. 45։18)։ Աստված առաջին մարդուն՝ Ադամին, կատարյալ էր ստեղծել և նրան տվել էր մի հիասքանչ տուն՝ Եդեմի պարտեզը։ Դրախտում կային վեհաշուք ծառեր, քչքչան առվակներ, զվարճալի կենդանիներ։ Բայց Ադամը մի կարևոր բան չուներ։ Եհովան սա նկատի ուներ, երբ ասաց. «Լավ չէ, որ մարդը մենակ մնա։ Մի օգնական ստեղծեմ նրա համար որպես նրան լրացում»։ Հետո «Աստված խոր քուն բերեց մարդու վրա.... վերցրեց նրա կողոսկրերից մեկը ու.... կողոսկրից կին ստեղծեց»։ Կարելի է պատկերացնել Ադամի ուրախությունը, երբ նա արթնացավ ու տեսավ կնոջը։ Նա բացականչեց. «Վերջապե՜ս. սա ոսկոր է իմ ոսկորներից և մարմին՝ իմ մարմնից։ Սա Կին կկոչվի, որովհետև մարդուց վերցվեց» (Ծննդ. 2։18–23)։
2 Կինը յուրահատուկ նվեր էր Աստծուց։ Նա իդեալական օգնական էր լինելու Ադամի համար։ Նա նաև որդեծնության առանձնաշնորհում ուներ։ «Ադամն իր կնոջ անունը Եվա դրեց, քանի որ նա դառնալու էր բոլոր ապրողների մայրը» (Ծննդ. 3։20, ծնթ.)։ Առաջին մարդկային զույգին Աստված մի հրաշալի նվեր էր տվել. նրանք հնարավորություն ունեին կատարյալ սերունդ տալու։ Այդպիսով երկիրը աստիճանաբար դառնալու էր դրախտ, որը բնակեցված էր լինելու կատարյալ մարդկանցով, և նրանք իշխելու էին մյուս բոլոր կենդանի արարածների վրա (Ծննդ. 1։27, 28)։
3. ա) Ադամն ու Եվան ի՞նչ պետք է անեին Աստծու օրհնությունն ունենալու համար, բայց ի՞նչ արեցին։ բ) Ի՞նչ հարցեր ենք քննարկելու։
3 Որպեսզի Աստված շարունակեր օրհնել Ադամին ու Եվային, նրանք պետք է հնազանդվեին նրան և ընդունեին նրա իշխանությունը (Ծննդ. 2։15–17)։ Միայն այդ դեպքում նրանց առնչությամբ Աստծու ունեցած նպատակը կիրագործվեր։ Ցավոք, նրանք լսեցին «առաջին օձին»՝ Սատանային, և մեղք գործեցին Աստծու դեմ (Հայտն. 12։9; Ծննդ. 3։1–6)։ Ի՞նչ հետևանքներ ունեցավ այդ ապստամբությունը կանանց համար։ Ի՞նչ գործեր են արել աստվածավախ կանայք անցյալում։ Ինչո՞ւ է մերօրյա քրիստոնյա կանանց բազմությունը համեմատվում «մեծ բանակի» հետ (Սաղ. 68։11)։
ԱՆՀՆԱԶԱՆԴՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
4. Աստված ո՞ւմ պատասխանատվության կանչեց առաջին մարդկային զույգի գործած մեղքի համար։
4 Երբ Աստված բացատրություն պահանջեց Ադամից նրա անհնազանդության համար, վերջինս ոչ համոզիչ պատճառաբանություն բերեց՝ ասելով. «Այն կինը, որ ինձ տվեցիր, նա՛ տվեց ինձ պտուղը, ու ես կերա» (Ծննդ. 3։12)։ Ադամը ոչ միայն չընդունեց իր մեղքը, այլև փորձեց այն բարդել կնոջ վրա, ավելին, այդ կնոջը ստեղծած սիրառատ Աստծու վրա։ Թեև երկուսն էլ մեղավոր էին, Աստված Ադամի՛ն պատասխանատվության կանչեց իրենց արածի համար։ Սա էր պատճառը, որ Պողոս առաքյալը գրեց. «Մեկ մարդու [Ադամի] միջոցով մեղքը մտավ աշխարհ, և մեղքով էլ մահը» (Հռոմ. 5։12)։
5. Ի՞նչ հետևանքներ է բերել Աստծուց անկախ լինելը։
5 Սատանան Ադամին ու Եվային համոզեց, որ նրանք Եհովայի իշխանության կարիքը չունեն։ Այդպիսով մի կարևոր հարց առաջ եկավ. «Ո՞վ իրավունք ունի իշխելու»։ Այս հարցին մեկընդմիշտ պատասխան տալու համար Աստված թույլ տվեց, որ մարդիկ ժամանակավորապես իրենից անկախ լինեն՝ իրենք իրենց ղեկավարեն։ Նա գիտեր, որ նրանք ի վերջո ձախողվելու են։ Դարեր շարունակ մարդկային ղեկավարման պատճառով աշխարհը մի աղետից մյուսի մեջ է ընկել։ Միայն անցած դարում պատերազմներում զոհվել է մոտ 100000000 մարդ, նրանց թվում՝ միլիոնավոր անմեղ տղամարդիկ, կանայք ու երեխաներ։ Ուստի ակնհայտ է, որ «քայլող մարդը չի կարող ուղղություն տալ իր քայլերին» (Երեմ. 10։23)։ Գիտակցելով այս փաստը՝ մենք ընդունում ենք Եհովայի՛ իշխանությունը (կարդա՛ Առակներ 3։5, 6)։
6. Բազմաթիվ երկրներում ինչպե՞ս են վերաբերվում իգական սեռին։
6 Սատանայի իշխանության տակ գտնվող այս աշխարհում վատ վերաբերմունքի են արժանանում թե՛ տղամարդիկ, թե՛ կանայք (Ժող. 8։9; 1 Հովհ. 5։19)։ Կանանց հանդեպ բռնությունը ամենադաժան հանցագործություններից մեկն է։ Ըստ որոշ տեղեկությունների՝ ամբողջ աշխարհում կանանց մոտ 30 տոկոսը ֆիզիկական և սեռական բռնության է ենթարկվում ամուսնու կամ կենակցի կողմից։ Որոշ երկրներում տղա երեխաները ավելի ցանկալի են, քանի որ ծնողները մտածում են, որ նրանք են «ցեղը շարունակելու» և հետագայում հոգ տանելու իրենց ծնողների և տատերի ու պապերի մասին։ Կան երկրներ էլ, որտեղ աղջիկ երեխաները անցանկալի են, և ավելի շատ նրանց դեպքում են արհեստական վիժում անում, քան տղաների։
7. Ի՞նչ սկիզբ դրեց Աստված և՛ տղամարդկանց, և՛ կանանց համար։
7 Աստծուն, անշուշտ, տհաճ է կանանց հանդեպ վատ վերաբերմունքը։ Նա արդարացիորեն է վարվում կանանց հետ և հարգում է նրանց։ Դա երևում է այն բանից, որ նա Եվային կատարյալ ստեղծեց և օժտեց այնպիսի հատկություններով, որ նա լիարժեք լրացում լինի Ադամի համար։ Եվան չէր ստեղծվել, որ Ադամի ծառան լիներ։ Պատահական չէ, որ Աստվածաշունչն ասում է, որ վեցերորդ ստեղծագործական օրվա վերջում Աստված «նայեց իր ստեղծած բոլոր բաներին ու տեսավ, որ այդ ամենը շատ լավ է» (Ծննդ. 1։31)։ Այո՛, «բոլոր բաները», որ Եհովան ստեղծել էր, «շատ լավ» էր։ Նա շատ լավ սկիզբ էր դրել և՛ տղամարդկանց, և՛ կանանց համար։
ԿԱՆԱՅՔ, ՈՐՈՆՑ ԵՀՈՎԱՆ ԱՋԱԿՑԵԼ Է
8. ա) Ինչպիսի՞ն է մարդկանց վարքը։ բ) Ո՞ւմ հանդեպ է Աստված բարեհաճ եղել մարդկության պատմության ողջ ընթացքում։
8 Ադամի ու Եվայի սերունդները, ընդհանուր առմամբ, իրենց նախածնողների բռնած ուղով ընթացան։ Մարդկանց վատ վարքը առավել ակնհայտ դարձավ անցած դարում։ Աստվածաշունչը մարգարեացել էր, որ «վերջին օրերում» աշխարհը լցվելու է չարությամբ։ Անկասկած, մենք ապրում ենք «չափազանց դժվար ժամանակներում» (2 Տիմոթ. 3։1–5)։ Այդուհանդերձ, մարդկության պատմության ողջ ընթացքում միշտ եղել են տղամարդիկ ու կանայք, որոնք ապավինել են «Գերիշխան Տեր Եհովային», հնազանդվել են նրա օրենքներին, ընդունել են նրա իշխանությունը, և Աստված բարեհաճ է եղել նրանց հանդեպ (կարդա՛ Սաղմոս 71։5)։
9. Քանի՞ հոգի փրկվեց Ջրհեղեղից, և ինչո՞ւ նրանք փրկվեցին։
9 Շատ քիչ մարդ փրկվեց, երբ Աստված Նոյի օրերում Ջրհեղեղ բերեց և կործանեց բռնությամբ լի աշխարհը։ Եթե Նոյի եղբայրներն ու քույրերը նախքան Ջրհեղեղը չէին մահացել, ապա Ջրհեղեղի ժամանակ մահացան (Ծննդ. 5։30)։ Փրկվեցին նույն թվով կանայք ու տղամարդիկ՝ Նոյը, նրա կինը, երեք որդիները և նրանց կանայք։ Նրանք փրկվեցին, քանի որ վախենում էին Աստծուց և կատարում էին նրա կամքը։ Այսօր ապրող միլիարդավոր մարդիկ սերել են այս ութ հոգուց, որոնք ունեին Եհովայի աջակցությունը (Ծննդ. 7։7; 1 Պետ. 3։20)։
10. Եհովան ինչո՞ւ էր աջակցում հավատարիմ նահապետների կանանց։
10 Հավատարիմ նահապետների կանայք նույնպես ստացան Աստծու աջակցությունը։ Եհովան նրանց չէր աջակցի, եթե նրանք «դժգոհեին կյանքում իրենց բաժին ընկածից» (Հուդա 16)։ Դժվար է պատկերացնել, որ, օրինակ, Սառայի նման կինը լուրջ դժգոհություն հայտնած լիներ՝ իմանալով, որ պետք է թողնի Ուր քաղաքի հարմարավետ տունը, գնա օտար երկիր և ապրի վրաններում։ Սառան «հնազանդվում էր Աբրահամին՝ նրան «տեր» կոչելով» (1 Պետ. 3։6)։ Հիշենք նաև Ռեբեկային։ Նա Եհովայից պարգև էր՝ տրված Իսահակին, և հիանալի կին դարձավ նրա համար։ Զարմանալի չէ, որ «Իսահակը սիրեց նրան և իր մոր կորստից հետո մխիթարություն գտավ» (Ծննդ. 24։67)։ Որքա՜ն ուրախ ենք, որ մեր մեջ այսօր կան Սառայի ու Ռեբեկայի նման աստվածավախ կանայք։
11. Հրեա մանկաբարձուհիները ինչպե՞ս քաջություն դրսևորեցին։
11 Եգիպտոսում իսրայելացիների թիվը ժամանակի ընթացքում խիստ շատացավ, և փարավոնը հրամայեց, որ հրեա նորածին տղաներին սպանեն։ Բայց Սեփրան և Փուան, որոնք հավանաբար մանկաբարձուհիների գլխավորներն էին, այլ կերպ վարվեցին։ Այդ համարձակ կանայք ձեռք չբարձրացրին նորածին տղաների վրա, որովհետև աստվածավախ էին։ Այդ պատճառով Եհովան նրանց «ընտանիքներ շնորհեց» (Ելք 1։15–21)։
12. Ինչո՞վ աչքի ընկան Դեբորան և Հայելը։
12 Իսրայելի դատավորների օրերում Եհովան աջակցեց Դեբորա մարգարեուհուն։ Դեբորան ոգևորեց Բարակ դատավորին և կարևոր դեր խաղաց այն բանում, որ իսրայելացիները ազատվեն թշնամիներից։ Մարգարեուհին կանխագուշակեց, որ քանանացիների նկատմամբ հաղթանակի պատիվը ոչ թե Բարակին է տրվելու, այլ մի կնոջ։ Եհովան քանանացիների բանակի զորագլուխ Սիսարային այդ կնոջ ձեռքն էր մատնելու։ Սիսարային սպանեց ոչ իսրայելացի Հայելը (Դատ. 4։4–9, 17–22)։
13. Ի՞նչ է ասում Աստվածաշունչը Աբիգեայի մասին։
13 Աբիգեան ապրել է մ.թ.ա. 11-րդ դարում։ Նա խորաթափանց կին էր, մինչդեռ նրա ամուսինը՝ Նաբաղը, կոպիտ, անպիտան և անմիտ մարդ էր (1 Սամ. 25։2, 3, 25)։ Դավիթը և նրա մարդիկ պաշտպանել էին Նաբաղի ունեցվածքը, բայց երբ նրանք Նաբաղից ուտելիքի պաշար խնդրեցին, նա «կշտամբանքներ տեղաց նրանց վրա» ու ոչինչ չտվեց։ Դավիթը այն աստիճան բարկացավ, որ որոշեց հաշիվ տեսնել Նաբաղի ու նրա մարդկանց հետ։ Այս մասին լսելով և ցանկանալով արյունահեղությունը կանխել՝ Աբիգեան ուտելիք և խմելիք տարավ ու տվեց Դավթին (1 Սամ. 25։8–18)։ Դավիթը նրան ասաց. «Օրհնյա՛լ լինի Եհովան՝ Իսրայելի Աստվածը, որ քեզ այսօր ինձ ընդառաջ ուղարկեց» (1 Սամ. 25։32)։ Նաբաղի մահից հետո Դավիթը ամուսնացավ Աբիգեայի հետ (1 Սամ. 25։37–42)։
14. Ի՞նչ աշխատանք արեցին Սեղումի դուստրերը, և ինչպե՞ս են այսօր մեր քույրերը ընդօրինակում նրանց։
14 Երբ բաբելոնացիները մ.թ.ա. 607-ին կործանեցին Երուսաղեմը և տաճարը, մահացան բազմաթիվ տղամարդիկ, կանայք ու երեխաներ։ Քաղաքի պարիսպը վերակառուցվեց մ.թ.ա. 455-ին Նեեմիայի գլխավորությամբ։ Օգնողների թվում էին Սեղումի՝ Երուսաղեմի կես շրջանի իշխանի դուստրերը (Նեեմ. 3։12)։ Այդ կանայք պատրաստակամորեն հասարակ աշխատանք արեցին։ Մենք, անշուշտ, շատ թանկ ենք գնահատում մեր այն բազմաթիվ քույրերին, որոնք ուրախությամբ թիկունք են կանգնում աստվածապետական շինարարական ծրագրերին։
ԱՍՏՎԱԾԱՎԱԽ ԿԱՆԱՅՔ՝ ԱՌԱՋԻՆ ԴԱՐՈՒՄ
15. Ի՞նչ առանձնաշնորհում Աստված տվեց Մարիամին։
15 Առաջին դարից առաջ և առաջին դարում Եհովան առանձնաշնորհումներ տվեց բազմաթիվ կանանց։ Նրանցից էր Մարիամը։ Նա նշանված էր Հովսեփի հետ, երբ Եհովան հրաշք արեց և Մարիամը հղիացավ սուրբ ոգուց։ Ինչո՞ւ Աստված հենց նրան ընտրեց լինելու Հիսուսի մայրը։ Անկասկած այն պատճառով, որ Մարիամն ուներ այնպիսի հոգևոր որակներ, որոնք անհրաժեշտ էին իր կատարյալ որդուն մեծացնելու համար։ Ինչ խոսք, մեծ առանձնաշնորհում էր լինել բոլոր ժամանակների մեծագույն մարդու մայրը (Մատթ. 1։18–25)։
16. Ինչպե՞ս էր Հիսուսը վերաբերվում կանանց։ Բեր օրինակ։
16 Հիսուսը շատ բարի էր կանանց հանդեպ։ Հիշենք, օրինակ, այն կնոջը, որը 12 տարի տառապում էր արյունահոսությունից։ Նա ամբոխի մեջ հետևից մոտեցավ Հիսուսին և դիպավ նրա վերնահագուստին։ Հիսուսը չկշտամբեց նրան, այլ բարությամբ ասաց. «Դո՛ւստր, քո հավատը բուժեց քեզ։ Գնա՛ խաղաղությամբ և քեզ տանջող հիվանդությունից առո՛ղջ եղիր» (Մարկ. 5։25–34)։
17. Ի՞նչ հրաշք տեղի ունեցավ 33թ. Պենտեկոստեին։
17 Հիսուսի աշակերտների մեջ կային կանայք, որոնք ծառայում էին նրան ու նրա առաքյալներին (Ղուկ. 8։1–3)։ 33թ. Պենտեկոստեին մոտ 120 աշակերտներ, որոնց թվում կային և՛ տղամարդիկ, և՛ կանայք, մի յուրահատուկ ձևով սուրբ ոգի ստացան (կարդա՛ Գործեր 2։1–4)։ Այս մասին մարգարեացվել էր դարեր առաջ։ Եհովան ասել էր. «Ես իմ ոգին կթափեմ ամեն տեսակ մարմնի վրա, և ձեր որդիներն ու աղջիկները կմարգարեանան.... Իմ ոգին կթափեմ նույնիսկ ծառաների ու աղախինների վրա» (Հովել 2։28, 29)։ Պենտեկոստեի օրը այդ հրաշքի միջոցով Աստված ցույց տվեց, որ հավատուրաց Իսրայելը փոխարինել է «Աստծու Իսրայելով», որը կազմված էր ինչպես տղամարդկանցից, այնպես էլ կանանցից (Գաղ. 3։28; 6։15, 16)։ Փիլիպոս ավետարանչի չորս դուստրերը առաջին դարի քրիստոնյա այն կանանցից էին, որոնք մասնակցում էին ծառայությանը (Գործ. 21։8, 9)։
ԿԱՆԱՆՑ «ՄԵԾ ԲԱՆԱԿ»
18, 19. ա) Ի՞նչ առանձնաշնորհում է Աստված տվել և՛ տղամարդկանց, և՛ կանանց։ բ) Ինչի՞ հետ է սաղմոսերգուն համեմատում բարի լուրը պատմող կանանց բազմությունը։
18 19-րդ դարի վերջերին մի խումբ տղամարդիկ ու կանայք անկեղծորեն հետաքրքրվեցին ճշմարիտ երկրպագությամբ։ Նրանք նախակարապետներն էին այն գործունեության, որն այսօր արվում է՝ ի կատարում Հիսուսի հետևյալ մարգարեական խոսքերի. «Թագավորության այս բարի լուրը կքարոզվի ամբողջ երկրով մեկ՝ բոլոր ազգերին վկայություն լինելու համար, և այդ ժամանակ կգա վերջը» (Մատթ. 24։14)։
19 Աստվածաշունչ ուսումնասիրողների այդ փոքր խումբը մեծացավ, և այսօր ամբողջ աշխարհում կա մոտ 8000000 Եհովայի վկա։ Ավելի քան 11000000 մարդ էլ, ներկա լինելով Հիսուսի մահվան հիշատակի երեկոյին, ցույց է տվել, որ հետաքրքրվում է Աստվածաշնչով և մեր գործունեությամբ։ Երկրների մեծ մասում ներկաների մեծամասնությունը կին է։ Ամբողջ աշխարհում կա ավելի քան 1000000 լիաժամ քարոզիչ, որոնց մեծ մասը նույնպես կին է։ Այո՛, Աստված հավատարիմ կանանց առանձնաշնորհում է տվել իրեն ներկայացնելու, և այդպիսով կատարվում են սաղմոսերգուի հետևյալ խոսքերը. «Եհովան տալիս է խոսքը. բարի լուրը պատմող կանայք մեծ բանակ են» (Սաղ. 68։11)։
ԱՍՏՎԱԾԱՎԱԽ ԿԱՆԱՆՑ ՄԵԾ ՕՐՀՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ՍՊԱՍՈՒՄ
20. Ի՞նչ թեմայով կարող ենք ուսումնասիրություն անել։
20 Այս հոդվածում հնարավոր չէ անդրադառնալ այն բոլոր հավատարիմ կանանց, որոնց մասին գրված է Աստվածաշնչում։ Բայց բոլորս էլ կարող ենք կարդալ նրանց մասին Աստծու Խոսքում և մեր գրականությունում։ Օրինակ՝ Հռութի մասին։ Կարող ենք խորհրդածել նրա նվիրվածության մասին (Հռութ 1։16, 17)։ Մեր հավատը կզորանա, եթե կարդանք Եսթեր թագուհու մասին։ Մենք կարող ենք այս և այլ կանանց մասին ուսումնասիրել մեր ընտանեկան երկրպագության կամ անձնական ուսումնասիրության ժամանակ։
21. Աստվածավախ կանայք դժվար ժամանակներում ինչպե՞ս են փաստել իրենց նվիրվածությունը Եհովային։
21 Եհովան, անկասկած, օրհնում է քրիստոնյա կանանց քարոզչական գործը և նեցուկ է լինում նրանց դժվար պահերին։ Հենց նրա օգնությամբ, օրինակ, աստվածավախ կանայք անարատ մնացին նացիստական և կոմունիստական ռեժիմների ներքո։ Բազմաթիվ քույրեր շատ տառապանքներ կրեցին, ոմանք էլ կորցրին կյանքը Աստծուն հնազանդ լինելու համար (Գործ. 5։29)։ Այսօր, ինչպես որ անցյալում, մեր քույրերը և եղբայրները թիկունք են կանգնում Աստծու իշխանությանը։ Կարելի է ասել, որ Եհովան, ինչպես որ հին իսրայելացիների դեպքում, իր աջ ձեռքը բարձրացնում է և ասում. «Մի՛ վախեցիր, ես կօգնեմ քեզ» (Ես. 41։10–13)։
22. Աստվածավախ տղամարդիկ ու կանայք ի՞նչ առանձնաշնորհումներ են ունենալու ապագայում։
22 Մոտ է այն ժամանակը, երբ աստվածավախ տղամարդիկ ու կանայք կսկսեն երկիրը վերածել դրախտի և միլիոնավոր հարություն առածների կօգնեն սովորելու Եհովայի նպատակների մասին։ Իսկ մինչ այդ եկեք բոլորս՝ կին թե տղամարդ, «ուս ուսի» ծառայենք Եհովային և թանկ գնահատենք մեր այս առանձնաշնորհումը (Սոփ. 3։9)։