Ստանո՞ւմ ես «կերակուրը.... ճիշտ ժամանակին»
ՄԵՆՔ ապրում ենք մարդկության պատմության ամենադժվար ժամանակներում (2 Տիմոթ. 3։1–5)։ Եհովայի հանդեպ մեր սերը և նրա արդար չափանիշների համաձայն ապրելու մեր վճռականությունը ամեն օր փորձվում են։ Հիսուսը, կանխագուշակելով այս ժամանակները, իր հետևորդներին վստահեցրեց, որ նրանք քաջալերանք կստանան, որպեսզի կարողանան մինչև վերջ դիմանալ (Մատթ. 24։3, 13; 28։20)։ Նրանց զորացնելու համար նա նշանակեց մի հավատարիմ ծառայի, որը «ճիշտ ժամանակին» հոգևոր կերակուր էր տալու (Մատթ. 24։45, 46)։
Այն օրվանից, ինչ հավատարիմ ծառան նշանակվել է (1919թ.), միլիոնավոր «տան անդամներ»՝ բոլոր լեզուներից, հավաքվել են Աստծու կազմակերպության մեջ և հոգևորապես կերակրվում են (Մատթ. 24։14; Հայտն. 22։17)։ Որոշ հրատարակություններ ոչ բոլոր լեզուներով են առկա, և, բացի այդ, ոչ բոլորին են մատչելի մեր հրատարակությունների էլեկտրոնային տարբերակները։ Օրինակ՝ շատերը հնարավորություն չունեն դիտելու այն տեսանյութերը կամ կարդալու այն հոդվածները, որոնք առկա են միայն jw.org կայքում։ Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ նրանք չեն ստանում հոգևորապես առողջ մնալու համար անհրաժեշտ կերակուր։ Ճիշտ եզրակացության գալու համար քննենք հետևյալ չորս հարցերը։
1 Ո՞րն է Եհովայի տրամադրած սննդի հիմնական բաղադրամասը։
Երբ Սատանան Հիսուսին փորձում էր ու ասաց, որ քարերը հաց դարձնի, Հիսուսը պատասխանեց. «Մարդ պետք է ոչ միայն հացով ապրի, այլև Եհովայի բերանից դուրս եկող ամեն խոսքով» (Մատթ. 4։3, 4)։ Եհովայի խոսքերը գրված են Աստվածաշնչում (2 Պետ. 1։20, 21)։ Հետևաբար, Աստվածաշունչը մեր հոգևոր սննդի գլխավոր բաղադրամասն է (2 Տիմոթ. 3։16, 17)։
Եհովայի կազմակերպությունը Աստվածաշնչի «Նոր աշխարհ» թարգմանությունը ամբողջությամբ կամ մասամբ մատչելի է դարձրել ավելի քան 120 լեզվով, և ամեն տարի այս թիվը մեծանում է։ Բացի այդ, ամբողջությամբ կամ մասամբ հազարավոր լեզուներով գոյություն ունեն Աստվածաշնչի այլ թարգմանություններ՝ միլիարդավոր օրինակներով։ Այս ամենը, ինչ խոսք, ապշեցուցիչ է և ներդաշնակ է Եհովայի կամքին. Աստված ուզում է, «որ ամեն տեսակ մարդիկ ճշմարտության մասին ճշգրիտ գիտելիքներ ստանան և փրկվեն» (1 Տիմոթ. 2։3, 4)։ Քանի որ «չկա մի ստեղծագործություն, որ ծածկված լինի [Եհովայից]», կարող ենք վստահ լինել, որ նա կձգի դեպի իր կազմակերպությունը նրանց, «ովքեր գիտակցում են իրենց հոգևոր կարիքները», և հոգևոր սնունդ կտա (Եբր. 4։13; Մատթ. 5։3, 6; Հովհ. 6։44; 10։14)։
2 Ի՞նչ դեր ունեն մեր հրատարակությունները հոգևորապես առողջ մնալու հարցում։
Ամուր հավատ զարգացնելու համար հարկավոր է Աստվածաշունչը կարդալ հասկանալով և սովորածը կիրառել (Հակ. 1։22–25)։ Եթովպացի ներքինին գիտակցում էր սա։ Նա կարդում էր Աստծու Խոսքը, երբ Փիլիպոս ավետարանիչը նրան հարցրեց. «Հասկանո՞ւմ ես, ինչ որ կարդում ես»։ Ներքինին պատասխանեց. «Ինչպե՞ս կկարողանամ հասկանալ, եթե մեկը չառաջնորդի ինձ» (Գործ. 8։26–31)։ Փիլիպոսն օգնեց նրան Աստծու Խոսքից ճշգրիտ գիտելիքներ ձեռք բերելու։ Ներքինին այնքան էր տպավորվել իր սովորածից, որ մկրտվեց (Գործ. 8։32–38)։ Նմանապես Աստվածաշնչի վրա հիմնված մեր հրատարակությունները օգնում են մեզ ճշմարտության մասին ճշգրիտ գիտելիքներ ձեռք բերելու։ Դրանք հասնում են մեր սրտին և մղում են մեզ կիրառելու սովորածը (Կող. 1։9, 10)։
Հրատարակությունների միջոցով Եհովայի ծառաները հոգևոր առատ ուտելիք և խմելիք են ստանում (Ես. 65։13)։ Օրինակ՝ «Դիտարանը», որը տպագրվում է ավելի քան 210 լեզվով, բացատրում է աստվածաշնչյան մարգարեությունները, ավելացնում է մեր հասկացողությունը հոգևոր խոր ճշմարտությունների վերաբերյալ և մղում է ապրելու սուրբգրային սկզբունքներով։ «Արթնացե՛ք» ամսագրի միջոցով (հրատարակվում է մոտ 100 լեզվով) զանազան բաներ ենք սովորում Եհովայի ստեղծագործությունների մասին։ Այն նաև ցույց է տալիս, թե ինչպես կարող ենք կիրառել Աստվածաշնչի խորհուրդները (Առակ. 3։21–23; Հռոմ. 1։20)։ Հավատարիմ ծառան աստվածաշնչյան գրականություն է տալիս ավելի քան 680 լեզվով։ Ամեն օր ժամանակ տրամադրո՞ւմ ես Աստվածաշնչի ընթերցանությանը։ Կարդո՞ւմ ես յուրաքանչյուր ամսագիր, երբ ստանում ես, ինչպես նաև այն բոլոր հրատարակությունները, որ ամեն տարի լույս են տեսնում քո լեզվով։
Ի լրումն հրատարակությունների՝ Եհովայի կազմակերպությունը պատրաստում է Աստվածաշնչի վրա հիմնված ելույթների պլաններ, որոնց հիման վրա ներկայացվում են ելույթներ ժողովի հանդիպումներին և համաժողովներին։ Քեզ դո՞ւր են գալիս այս հավաքույթներին ներկայացվող ելույթները, ներկայացումները, ցուցադրումներն ու հարցազրույցները։ Այո՛, Եհովան հոգևոր ճոխ խնջույքներ է կազմակերպում մեզ համար (Ես. 25։6)։
3 Եթե քո լեզվով չկան թողարկված բոլոր հրատարակությունները, նշանակո՞ւմ է, որ դու հոգևոր առումով թերսնվում ես։
Ո՛չ։ Մեզ չպետք է զարմացնի այն, որ երբեմն Եհովայի որոշ ծառաներ մյուսներից ավելի շատ հոգևոր սնունդ են ստանում։ Ինչո՞ւ։ Հիշենք առաքյալներին։ Նրանք ավելի շատ առաջնորդություն էին ստանում, քան առաջին դարի բազմաթիվ այլ աշակերտներ (Մարկ. 4։10; 9։35–37)։ Այդուհանդերձ, այդ աշակերտները հոգևոր առումով թերսնված չէին։ Նրանք ստանում էին բավականաչափ կերակուր (Եփես. 4։20–24; 1 Պետ. 1։8)։
Երկրի վրա Հիսուսի ասած և արած բաների մեծ մասը արձանագրված չէ Ավետարաններում։ Հովհաննես առաքյալը գրեց. «Ուրիշ շատ բաներ էլ կան, որոնք Հիսուսն արեց և որոնք եթե ամենայն մանրամասնությամբ գրի առնվեին, կարծում եմ, որ աշխարհն իսկ չէր կարողանա այդ գրված գրքերը տեղավորել» (Հովհ. 21։25)։ Առաջին դարի քրիստոնյաները մեզնից ավելի շատ տեղեկություն ունեին կատարյալ մարդ Հիսուսի մասին։ Բայց դա չի նշանակում, որ մենք թերի գիտելիքներ ունենք նրա մասին։ Եհովան հոգ է տանում, որ մենք բավականաչափ գիտելիքներ ունենանք իր Որդու մասին՝ նրա հետքերով գնալու համար (1 Պետ. 2։21)։
Առաքյալները առաջին դարում նամակներ էին գրում ժողովներին։ Պողոսը առնվազն մեկ նամակ ավելի է գրել, քան այն նամակները, որոնք ընդգրկված են Աստվածաշնչի մեջ (Կող. 4։16)։ Կարո՞ղ ենք ասել, որ մեր հոգևոր սննդակարգը թերի է այն պատճառով, որ այդ նամակը մեզ չի հասել։ Ո՛չ։ Եհովան գիտի, թե ինչ է մեզ պետք, և բավականաչափ սնունդ է տալիս հոգևորապես ամուր մնալու համար (Մատթ. 6։8)։
Եհովան գիտի, թե ինչ է մեզ պետք, և բավականաչափ սնունդ է տալիս հոգևորապես ամուր մնալու համար
Այսօր Եհովայի որոշ ծառաներ ավելի շատ հոգևոր սնունդ են ստանում, քան մյուսները։ Քո լեզվով շատ քի՞չ գրականություն կա։ Եթե այո, իմացիր, որ Եհովան հոգ է տանում քո մասին։ Ուսումնասիրիր այն նյութը, որ ունես ձեռքիդ տակ, և, եթե հնարավոր է, հաճախիր քեզ հասկանալի լեզվով անցկացվող ժողովի հանդիպումներին։ Համոզված եղիր, որ Եհովան կօգնի քեզ մնալու հոգևորապես ամուր (Սաղ. 1։2; Եբր. 10։24, 25)։
4 Հոգևորապես կթուլանա՞ս, եթե հնարավորություն չունես օգտվելու jw.org կայքից։
Մեր ամսագրերը և Աստվածաշունչ ուսումնասիրելու համար նախատեսված մյուս հրատարակությունները հանրությանն են ներկայացվում նաև մեր կայքի միջոցով։ Կայքում կան նյութեր ամուսնացածների, պատանիների և փոքր երեխա ունեցողների համար։ Այդ նյութերը կարելի է քննարկել ընտանեկան երկրպագության ժամանակ։ Կայքը նաև տեղեկություններ է տալիս հատուկ հանդիպումների մասին, օրինակ՝ «Գաղաադի» ավարտական միջոցառումների և տարեկան հանդիպման մասին, ինչպես նաև համաշխարհային եղբայրությանը տեղեկացնում է այն բնական աղետների ու իրավաբանական գործընթացների մասին, որոնք առնչվում են Եհովայի ժողովրդին (1 Պետ. 5։8, 9)։ jw.org կայքը նաև հզոր քարոզչական միջոց է, որը բարի լուրը հասցնում է նույնիսկ այն երկրներ, որտեղ մեր գործը սահմանափակված կամ արգելված է։
Դու կարող ես հոգևորապես ամուր մնալ՝ անկախ այն բանից՝ մեր կայքը մատչելի է քեզ, թե ոչ։ Ծառան ջանք չի խնայում բավականաչափ տպագիր նյութեր հրապարակելու և տան յուրաքանչյուր անդամի հոգևորապես կուշտ պահելու համար։ Ուստի կարիք չկա, որ քեզ պարտավորված զգաս ինչ-որ սարք գնելու միայն նրա համար, որ կարողանաս օգտվել jw.org կայքից։ Ոմանք գուցե հնարավորություն ունենան որոշ քանակությամբ նյութեր տպելու մեր կայքից և տալու նրանց, ովքեր կայքից օգտվելու հնարավորություն չունեն։ Սակայն ժողովներից չի պահանջվում դա անել։
Մենք շնորհակալ ենք Հիսուսին, որ պահել է մեր հոգևոր կարիքները հոգալու մասին իր խոստումը։ Կարող ենք վստահ լինել, որ Եհովան կշարունակի մեզ հոգևոր «կերակուր տալ ճիշտ ժամանակին», մինչ այս դժվարին վերջին օրերը արագորեն մոտենում են իրենց ավարտին։