Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Նա «ճանապարհը գիտեր»

Նա «ճանապարհը գիտեր»

ԵՀՈՎԱՅԻ ՎԿԱՆԵՐԻ Կառավարիչ մարմնի անդամ Գայ Փիրսը 2014թ. մարտի 18-ին՝ երեքշաբթի օրը, ավարտեց իր երկրային կյանքը։ Նա 79 տարեկան էր, երբ մահացավ, և Քրիստոսի հարություն առած եղբայրներից մեկը լինելու նրա հույսը իրականություն դարձավ (Եբր. 2։10–12; 1 Պետ. 3։18

Գայ Փիրսը ծնվել է 1934թ. նոյեմբերի 6-ին Օբեռնում (ԱՄՆ, Կալիֆորնիա նահանգ)։ Մկրտվել է 1955թ.-ին։ 1977թ.-ին նա ամուսնացել է իր սիրելի կնոջ՝ Փենիի հետ, և նրանք միասին մեծացրել են իրենց երեխաներին։ Լինելով ծնող՝ եղբայր Փիրսը հայրաբար էր վերաբերվում բոլորին։ 1982թ.-ից սկսած՝ նա և Փենին ռահվիրա են ծառայել, իսկ 1986թ.-ին եղբայր Փիրսը նշանակվել է շրջանային վերակացու Միացյալ Նահանգներում և 11 տարի շրջանային ծառայության մեջ է եղել։

1997թ.-ին Գայ և Փենի Փիրսերը սկսեցին ծառայել Միացյալ Նահանգների Բեթելում։ Եղբայր Փիրսը ծառայում էր ծառայողական բաժնում, իսկ 1998թ.-ին նշանակվեց օգնելու Կառավարիչ մարմնի կադրերի կոմիտեում։ 1999թ. հոկտեմբերի 2-ին՝ «Աստվածաշնչի և թերթիկի Դիտարան ընկերության» (Փենսիլվանիա) տարեկան հանդիպման ժամանակ, հայտարարվեց, որ եղբայր Փիրսը նշանակվել է Կառավարիչ մարմնի անդամ։ Վերջին տարիներին նա ծառայել է կադրերի, գրական, հրատարակչական և կոորդինատորների կոմիտեներում։

Եղբայր Փիրսը ջերմ ժպիտ ուներ և հումորի լավ զգացում, դրա համար էլ տարբեր ծագում և մշակույթ ունեցող մարդիկ ձգվում էին դեպի նա։ Բայց մարդիկ հատկապես սիրում էին նրան նրա լավ հատկությունների համար, ինչպիսիք էին սերը, խոնարհությունը, Աստծու արդար օրենքների և սկզբունքների հանդեպ հարգանքը, ինչպես նաև Եհովայի հանդեպ ամուր հավատը։ Եղբայր Փիրսը համոզված էր, որ ավելի հավանական է՝ արևը չծագի, քան Եհովայի խոստումները մնան առանց կատարվելու, և նա ուզում էր այս ճշմարտությունը հայտնել ողջ աշխարհին։

Եղբայր Փիրսը եռանդորեն ծառայում էր Եհովային. նա վեր էր կենում վաղ առավոտյան և հաճախ աշխատում էր մինչև ուշ երեկո։ Իր քույրերին ու եղբայրներին քաջալերելու համար նա ճանապարհորդել է աշխարհով մեկ։ Չնայած զբաղվածությանը՝ եղբայր Փիրսը միշտ պատրաստ էր ժամանակ տրամադրելու Բեթելի ընտանիքի առանձին անդամներին և բոլոր նրանց, ովքեր իր ընկերակցության, խորհրդի և աջակցության կարիքն ունեին։ Նույնիսկ տարիներ անց հավատակիցները հիշում են նրա ցուցաբերած հյուրասիրությունը, ընկերական շփումը և Աստվածաշնչի վրա հիմնված քաջալերական խոսքերը։

Մեր եղբայրն ու սիրելի ընկերը ուներ վեց երեխա, թոռներ ու ծոռներ։ Նա նաև բազմաթիվ հոգևոր զավակներ ուներ։ Եղբայր Փիրսի թաղման ելույթը ներկայացվեց Բրուքլինի Բեթելում, 2014թ. մարտի 22-ին՝ շաբաթ օրը։ Այն ներկայացրեց Մարկ Սանդերսոնը, որը նույնպես Կառավարիչ մարմնի անդամ է։ Իր ելույթի մեջ նա նաև նշեց եղբայր Փիրսի երկնային հույսի մասին և կարդաց Հիսուսի խոսքերը. «Իմ Հոր տան մեջ բնակվելու շատ տեղեր կան.... Եթե գնամ ու տեղ պատրաստեմ ձեզ համար, նորից կգամ և ձեզ ինձ մոտ կառնեմ, որպեսզի որտեղ ես եմ, դուք էլ այնտեղ լինեք։ Ուր որ ես գնում եմ, դուք ճանապարհը գիտեք» (Հովհ. 14։2–4

Իսկապես, մենք շատ կկարոտենք եղբայր Փիրսին։ Բայց ուրախ ենք, որ նա իր մշտական «բնակվելու տեղի» «ճանապարհը գիտեր»։