Եհովան մեծապես օրհնում է հոժարակամորեն տվողին
ՄԵՐ Ստեղծիչը մեզ ազատ կամք է տվել, ինչը անգին պարգև է։ Նա մեծապես օրհնում է նրանց, ովքեր անեսասիրաբար օգտագործում են իրենց ազատ կամքը՝ ճշմարիտ երկրպագությունը առաջ տանելու համար և իրենց մասնակցությունն են ունենում նրա սուրբ անունը սրբացնելու ու նրա մեծ նպատակին աջակցելու գործում։ Եհովան չի ուզում, որ մենք մեխանիկորեն հնազանդվենք իրեն՝ ճնշումների կամ սպառնալիքի ազդեցությամբ։ Նա բարձր է գնահատում անկեղծ սիրուց և խոր երախտագիտությունից բխող հոժարակամ նվիրվածությունը։
Օրինակ՝ երբ իսրայելացիները Սինա անապատում էին, Եհովան նրանց պատվիրեց երկրպագության վայր կառուցել։ Նա ասաց. «Ձեր ունեցածից Եհովայի համար նվիրաբերություն արեք։ Յուրաքանչյուր ոք, ով հոժար սիրտ ունի, թող Եհովայի համար նվիրաբերի» (Ելք 35։5)։ Յուրաքանչյուր իսրայելացի նվիրաբերում էր այն, ինչ կարող էր։ Եվ յուրաքանչյուր կամավոր նվիրաբերություն, անկախ նրանից, թե ինչ էր և ինչ չափով, կարող էր համապատասխան ձևով օգտագործվել Աստծու նպատակի իրագործման համար։ Իսկ ինչպե՞ս իսրայելացիներն արձագանքեցին Եհովայի այս պատվերին։
«Բոլոր նրանք, ում սիրտը մղում էր և ում ոգին մղում էր», «հոժար [սրտով]» կամավոր նվիրաբերություն արեցին։ Տղամարդիկ ու կանայք հոժարակամորեն նվիրաբերում էին Եհովայի համար. նրանք բերում էին ճարմանդներ, ականջօղեր, մատանիներ, ոսկի, արծաթ, պղինձ, կապույտ թել, ծիրանիով ներկված բուրդ, որդան կարմրով ներկված մանվածք, բարձրորակ կտավ, այծի մազ, խոյի՝ կարմիր ներկված կաշի, փոկի կաշի, ակացիայի փայտ, թանկարժեք քարեր, բալասան և յուղ։ Արդյունքում, «բերվածը բավական էր կատարվելիք ամբողջ գործի համար, այն ավելի քան բավական էր» (Ելք 35։21–24, 27–29; 36։7)։
Եհովային ամենից հաճելին ոչ թե նյութական նվիրաբերություններն էին, այլ մաքուր երկրպագությանը թիկունք կանգնողների պատրաստակամ ոգին։ Իսրայելացիները նվիրաբերում էին նաև իրենց ժամանակն ու ուժը։ Աստվածաշնչում կարդում ենք. «Իմաստուն սիրտ ունեցող բոլոր կանայք իրենց ձեռքերով մանում էին»։ Այո՛, «բոլոր իմաստուն կանայք, ում սիրտը մղում էր իրենց, այծի մազ էին մանում»։ Բացի այդ, Եհովան իր ծառաներին օժտում էր անհրաժեշտ հմտությամբ, որպեսզի նրանք ամբողջությամբ կատարեին իր հանձնարարած աշխատանքը։ Նա, օրինակ, այդպես վարվեց Բեսելիելի և Օհոլիաբի պարագայում։ Աստվածաշնչում կարդում ենք, որ Եհովան Բեսելիելին «լցրել էր [իր] ոգով, որպեսզի նա իմաստություն, հասկացողություն ու գիտելիք ունենա և հմուտ լինի ամեն տեսակ արհեստում» (Ելք 35։25, 26, 30–35)։
Երբ Եհովան իսրայելացիներին ասաց, որ նվիրաբերություն անեն, լիովին համոզված էր, որ «յուրաքանչյուր ոք, ով հոժար սիրտ ունի», կաջակցի ճշմարիտ երկրպագությանը։ Իր հերթին նա առատաձեռնորեն օրհնեց հոժարակամ սիրտ ունեցողներին՝ առաջնորդելով նրանց և անսահման ուրախություն պարգևելով։ Այդպիսով Եհովան ցույց տվեց, որ ինքը օրհնում է իր հոժարակամ ծառաներին, որպեսզի նրանք բավականաչափ միջոցներ ու հմտություն ունենան իր կամքը կատարելու համար (Սաղ. 34։9)։ Եհովան, անշուշտ, կօրհնի քեզ քո հոժարակամության համար, մինչ անշահախնդրորեն ծառայում ես իրեն։