Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Կփոխե՞ս միտքդ

Կփոխե՞ս միտքդ

ՄԻ ԽՈՒՄԲ պատանի Վկաներ որոշում են գնալ կինո և դիտել մի ֆիլմ, որի մասին ողջ դպրոցն է խոսում։ Երբ նրանք մտնում են կինոթատրոն, աֆիշաների վրա տեսնում են զենքեր և անպատշաճ հագնված կանայք։ Ի՞նչ կանեն։ Կդիտե՞ն ֆիլմը։

Այս իրավիճակը ցույց է տալիս, որ մենք ամեն օր կանգնում ենք այնպիսի որոշումներ կայացնելու առաջ, որոնք կարող են կա՛մ ամրացնել մեր փոխհարաբերությունները Եհովայի հետ, կա՛մ թուլացնել դրանք։ Երբեմն որոշում ես անել մի բան, բայց հետո, երբ ավելի շատ ես մտածում ու վերլուծում իրավիճակը, փոխում ես միտքդ և այլ որոշում կայացնում։ Արդյո՞ք սա նշանակում է, որ անվճռական ես, թե՞ այդպես վարվելը ճիշտ է։

Երբ տեղին չէ միտքը փոխել

Եհովայի հանդեպ սերը մղում է մեզ մեր կյանքը նվիրելու նրան ու մկրտվելու։ Մենք սրտանց ցանկանում ենք հավատարիմ մնալ Աստծուն։ Սակայն մեր թշնամին՝ Սատանան, ամեն բան անում է, որպեսզի կոտրի մեր անարատությունը (Հայտն. 12։17)։ Մենք որոշել ենք ծառայել Եհովային ու պահել նրա պատվիրանները։ Որքա՜ն ցավալի կլինի, եթե փոխենք մեր միտքը. այդ դեպքում գուցե կորցնենք մեր կյանքը։

Մոտ 2600 տարի առաջ Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորը մի հսկա ոսկե արձան կանգնեցրեց և հրաման արձակեց, որ բոլորը խոնարհվեն ու երկրպագեն այդ արձանին։ Նա, ով հրաժարվեր, կգցվեր կրակե հնոցը։ Աստվածավախ երեք պատանիներ՝ Սեդրաքը, Միսաքը և Աբեդնագովը, չենթարկվեցին այդ հրամանին և գցվեցին հնոցը։ Նրանք պատրաստ էին մահանալու, բայց ոչ զիջումների գնալու, ուստի Եհովան հրաշքով փրկեց նրանց կյանքը (Դան. 3։1–27

 Հետագայում Դանիել մարգարեն կանգնեց որոշում կայացնելու առաջ։ Եթե նա շարունակեր աղոթել Եհովային, կգցվեր առյուծների գուբը։ Բայց Դանիելը, իր սովորության համաձայն, շարունակեց օրը երեք անգամ աղոթել։ Նա չփոխեց իր միտքը ճշմարիտ Աստծուն երկրպագելու հարցում, և արդյունքում Եհովան փրկեց «Դանիելին առյուծների ճանկից» (Դան. 6։1–27

Այսօր Աստծու ծառաները նույնպես ապրում են իրենց նվիրման համաձայն։ Աֆրիկայում մի խումբ պատանի Վկաներ հրաժարվեցին մասնակցելու մի ծիսակատարության, որի ժամանակ պետք է երկրպագեին ազգային խորհրդանիշի։ Նրանց սպառնացին հեռացնել դպրոցից։ Շատ չանցած՝ կրթության նախարարն այցելեց այդ քաղաք ու զրուցեց մի քանի Վկա աշակերտների հետ։ Այս պատանիները համարձակորեն, բայց քաղաքավարի բացատրեցին իրենց դիրքորոշումը։ Այդ ժամանակվանից դպրոցում այս հարցին այլևս չանդրադարձան։ Վկա երեխաները գնում են դպրոց, և ոչ ոք նրանց վրա ճնշում չի բանեցնում։

Ջոզեֆը նույնպես դժվար իրավիճակի առաջ կանգնեց։ Նրա կինը, որը տառապում էր քաղցկեղից, մահացավ։ Ջոզեֆի ընտանիքը հարգեց ու հաշվի առավ թաղման արարողությունների հետ կապված նրա ցանկությունները։ Բայց կնոջ ընտանիքի անդամները, որոնք ճշմարտության մեջ չեն, ցանկացան որոշ արարողակարգեր անել թաղման ժամանակ, որոնք հաճելի չեն Աստծուն։ Ջոզեֆը պատմում է. «Երբ ես զիջումների չգնացի, նրանք փորձեցին ազդել երեխաներիս վրա։ Բայց երեխաներս հաստատակամ մնացին։ Կնոջս հարազատները, ընդունված կարգի համաձայն, ուզում էին այդ գիշեր մնալ իմ տանը և մի ծես կազմակերպել։ Բայց ես ասացի նրանց, որ եթե ուզում են անել այդ ծեսը, ապա դա չպետք է անեն իմ տանը։ Նրանք գիտեին, որ դա դեմ է մեր համոզմունքներին, ուստի երկար քննարկումներից հետո այդ ծեսը արեցին մեկ ուրիշ վայրում»։

«Այդ դժվարին օրերին, երբ ես խոր վշտի մեջ էի, աղերսում էի Եհովային, որ օգնի իմ ընտանիքին չխախտելու իր օրենքները։ Նա լսեց աղոթքներս և օգնեց մեզ մնալու հաստատակամ՝ չնայած ճնշումներին»։ Ջոզեֆի և նրա երեխաների մտքով անգամ չէր անցնում, որ կարելի է Եհովային հնազանդ մնալու իրենց որոշումը փոխել։

Երբ գուցե հարկ լինի միտքը փոխել

32թ. Պասեքից շատ չանցած՝ Հիսուսը գնաց Սիդոնի կողմերը։ Այստեղ ոչ իսրայելացի մի կին մոտեցավ նրան և շարունակ խնդրում էր բուժել իր դիվահար աղջկան։ Սկզբում Հիսուսը մի բառ անգամ չպատասխանեց նրան։ Իր աշակերտներին նա ասաց. «Իսրայելի տան կորած ոչխարներից բացի, ես ուրիշ ոչ ոքի մոտ չեմ ուղարկվել»։ Իսկ երբ կինը համառեց, Հիսուսը նրան ասաց. «Ճիշտ չէ երեխաների հացը վերցնել և շնիկների առաջ գցել»։ Մեծ հավատ դրսևորելով՝ այս կինը պատասխանեց. «Տե՛ր, բայց շնիկներն էլ իրենց տերերի սեղանից թափվող փշրանքներն են ուտում»։ Հիսուսը փոխեց իր միտքը և բուժեց նրա աղջկան (Մատթ. 15։21–28

Պատրաստակամորեն փոխելով իր միտքը, երբ հանգամանքները թույլ տվեցին, Հիսուսն ընդօրինակեց Եհովային։ Օրինակ՝ երբ իսրայելացիները ոսկե հորթ պատրաստեցին, Աստված մտադրվեց կործանել նրանց։ Սակայն երբ Մովսեսը աղաչեց չվերացնել իսրայելացիներին, Եհովան փոխեց իր որոշումը (Ելք 32։7–14

Պողոս առաքյալը ընդօրինակեց Եհովային և Հիսուսին։ Մի ժամանակ Պողոսը կարծում էր, որ տեղին չէ Հովհաննես Մարկոսին տանել միսիոներական շրջագայության, քանի որ իր առաջին շրջագայության ժամանակ վերջինս թողել էր իրեն ու Բառնաբասին։ Սակայն հետագայում ակներևաբար տեսավ, որ Մարկոսը հոգևորապես հասունացել է և կարող է օգտակար լինել ծառայության մեջ։ Ուստի Տիմոթեոսին ասաց.  «Քեզ հետ բեր Մարկոսին, որովհետև նա պետք է ինձ ծառայության համար» (2 Տիմոթ. 4։11

Ի՞նչ ենք սովորում։ Թեև Եհովան կատարյալ է, բայց պատրաստ է փոխելու իր միտքը, քանի որ ողորմած է, համբերատար ու սիրառատ։ Մենք կատարյալ չենք և միշտ չէ, որ կարող ենք իրերին ճիշտ տեսանկյունից նայել։ Ուստի ավելի մեծ պատճառ ունենք ժամանակ առ ժամանակ փոխելու մեր միտքը։ Օրինակ՝ գուցե հարկ լինի փոխել մեր կարծիքը ուրիշների վերաբերյալ, երբ ավելի շատ բան իմանանք նրանց հանգամանքների մասին։

Գուցե հարկ լինի, որ մեր միտքը փոխենք աստվածապետական նպատակների առնչությամբ։ Օրինակ՝ գուցե Աստվածաշունչ ես ուսումնասիրում և հաճախում ես ժողովի հանդիպումներին, բայց հապաղում ես մկրտվել։ Կամ հանգամանքներդ թույլ են տալիս, որ ռահվիրա ծառայես, բայց վարանում ես այդպես վարվել։ Կամ եղբայր ես, բայց չես ձգտում առանձնաշնորհումների (1 Տիմոթ. 3։1)։ Հիշիր՝ Եհովան ուզում է, որ դու ունենաս նման առանձնաշնորհումներ։ Ուստի փոխիր միտքդ և ուրախությամբ ծառայիր Աստծուն և ուրիշներին։

Միտքդ փոխելը կարող է օրհնություն լինել քեզ համար

Աֆրիկայի մասնաճյուղում ծառայող մի քույր, որի անունը Էլլա է, ասում է. «Երբ առաջին անգամ եկա Բեթել, ինձ թվում էր՝ երկար չեմ մնա այստեղ։ Ես ուզում էի ծառայել Եհովային ամբողջ հոգով, բայց միևնույն ժամանակ շատ էի կարոտում ընտանիքիս անդամներին։ Սենյակակիցս քաջալերում էր ինձ, և ես որոշեցի մնալ։ Տասը տարի Բեթելում ծառայելուց հետո ուզում եմ հնարավորինս երկար մնալ իմ նշանակման մեջ և ծառայել եղբայրներիս ու քույրերիս»։

 Երբ պե՛տք է միտքը փոխել

Հիշո՞ւմ ես, թե ինչ եղավ Կայենի հետ, երբ նա նախանձով լցվեց իր եղբոր հանդեպ և խիստ բարկացավ։ Աստված ասաց, որ նա կարող է կրկին ունենալ իր բարեհաճությունը, եթե զսպի բարկությունը և «բարին անի»։ Եհովան Կայենին ասաց, որ իշխի մեղքի վրա, որը «մուտքի մոտ դարան մտած սպասում է»։ Կայենը կարող էր փոխել իր միտքը, բայց անտեսեց Աստծու նախազգուշացումը։ Նա սպանեց իր եղբորը ու դարձավ առաջին մարդասպանը (Ծննդ. 4։2–8

Ի՞նչ կլիներ, եթե Կայենը փոխեր միտքը

Քննենք նաև Օզիա թագավորի օրինակը։ Սկզբում նա անում էր այն, ինչ ճիշտ էր Եհովայի աչքում և շարունակ Եհովային էր փնտրում։ Ցավոք, նա հպարտացավ և կորցրեց իր լավ անունը։ Օզիան մտավ տաճար, որպեսզի խունկ ծխի։ Բայց նա գիտեր, որ դա միայն քահանան կարող էր անել։ Փոխե՞ց արդյոք Օզիան իր միտքը, երբ քահանաներն ասացին չանել այդ հանդուգն արարքը։ Ո՛չ։ Նա «զայրացավ» և անտեսեց նախազգուշացումը։ Արդյունքում Եհովան բորոտությամբ հարվածեց նրան (2 Տար. 26։3–5, 16–20

Այո՛, կան իրավիճակներ, երբ պետք է ամբողջությամբ փոխենք մեր միտքը։ Օրինակ՝ Զաքիմը, որը մկրտվել էր 1955թ.-ին, 1978թ.-ին զրկվեց ընկերակցությունից։ Ավելի քան 20 տարի անց նա փոխեց իր տրամադրվածությունը, զղջաց ու վերադարձավ ժողով։ Երբ երեցներից մեկը հարցրեց Զաքիմին, թե ինչու է այդքան սպասել, նա ասաց. «Ես գիտակցում էի, որ Եհովայի վկաներն են սովորեցնում ճշմարտությունը, բայց բարկացած էի ու հպարտ։ Ափսոսում եմ, որ այսքան երկար եմ սպասել»։

Գուցե հայտնվենք այնպիսի իրավիճակներում, երբ պե՛տք է փոխենք մեր միտքն ու ընթացքը։ Երբ պատրաստ ենք լինում այդպես վարվելու, արժանանում ենք Եհովայի հաճությանը (Սաղ. 34։8