Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Միասին դիմավորենք այս հին աշխարհի կործանումը

Միասին դիմավորենք այս հին աշխարհի կործանումը

«Մենք մեկ մարմնի անդամներ ենք» (ԵՓԵՍ. 4։25

1, 2. Ինչպե՞ս է Աստված ուզում, որ իր բոլոր ծառաները երկրպագեն իրեն։

ԵՐԻՏԱՍԱՐԴ քրիստոնյա՞ ես։ Եթե այո, ապա համոզված եղիր, որ դու կարևոր դեր ունես Եհովայի համաշխարհային ժողովում։ Ամբողջ աշխարհում մեծ թվով երիտասարդներ են մկրտվում։ Շատ քաջալերական է տեսնել, որ բազմաթիվ երիտասարդներ Եհովային ծառայելու որոշում են կայացնում։

2 Սիրո՞ւմ ես ժամանակ անցկացնել քո տարիքի երիտասարդների հետ։ Հավանաբար, այո՛։ Բոլորն էլ մեծ բավականություն են ստանում, երբ հաճելի ժամանակ են անցկացնում իրենց տարիքի մարդկանց հետ։ Բայց Աստված ուզում է, որ իր բոլոր ծառաները, անկախ իրենց տարիքից, ծագումից, մշակույթից և սոցիալական վիճակից, միասնականորեն երկրպագեն իրեն։ Պողոս առաքյալը գրեց. «[Աստծու] կամքն է, որ ամեն տեսակ մարդիկ ճշմարտության մասին ճշգրիտ գիտելիքներ ստանան և փրկվեն» (1 Տիմոթ. 2։3, 4Հայտնություն 7։9-ում Աստծուն երկրպագողների մասին ասվում է, որ նրանք «բոլոր ազգերից, ցեղերից, ժողովուրդներից և լեզուներից են»։

3, 4. ա) Ի՞նչ ոգի են դրսևորում այսօրվա երիտասարդներից շատերը։ բ) Ո՞ր տրամադրվածությունն է ներդաշնակ Եփեսացիներ 4։25 համարին։

3 Ի՜նչ մեծ տարբերություն ենք տեսնում Եհովայի երիտասարդ ծառաների և այս աշխարհի երիտասարդների միջև։ Շատերը,  ովքեր չեն ծառայում Եհովային, եսակենտրոն կյանք են վարում և մտածում են միայն իրենց ցանկությունները բավարարելու մասին։ Որոշ հետազոտողներ նրանց անվանում են «եսասիրական սերունդ»։ Այս երիտասարդները իրենց խոսելաձևով ու հագուկապով ցույց են տալիս, որ արհամարհում են հին սերնդի ներկայացուցիչներին։

4 Այս ոգին տարածված է ամենուրեք։ Ուստի Եհովայի երիտասարդ ծառաները մեծ ջանքեր են թափում, որպեսզի խուսափեն այդ ոգուց և հաճեցնեն Եհովային։ Անգամ առաջին դարում Պողոսը հարկ համարեց հորդորել հավատակիցներին հեռու մնալ այն ոգուց, որը «ներգործում էր անհնազանդության որդիների մեջ», և որի մեջ լինելով՝ նրանք «մի ժամանակ վարվում էին [իրենց] մարմնի ցանկությունների համաձայն» (կարդա՛  Եփեսացիներ 2։1–3)։ Այսօր քրիստոնեական ժողովում երիտասարդները նման ոգի չեն ցուցաբերում և իրենց հավատակիցների հետ միասնականորեն ծառայում են Եհովային։ Նման տրամադրվածությունը ներդաշնակ է Պողոսի խոսքերին՝ «մենք մեկ մարմնի անդամներ ենք» (Եփես. 4։25)։ Մինչ մոտենում է այս հին աշխարհի կործանումը, միասնաբար ծառայելը ավելի ու ավելի կարևոր է դառնում։ Ուստի միասնական լինելու կարևորությունը ավելի լավ հասկանալու համար քննենք աստվածաշնչյան մի քանի օրինակներ։

ՆՐԱՆՔ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԷԻՆ

5, 6. Ի՞նչ ենք սովորում Ղովտի և նրա աղջիկների մասին պատմությունից։

5 Հնում Եհովան պաշտպանում էր իր ծառաներին, երբ դժվարությունների ժամանակ նրանք միասնական էին լինում և օգնում էին իրար։ Աստծու ժամանակակից ծառաները՝ երիտասարդ թե տարեց, շատ բան կարող են սովորել նրանցից։ Այդ մարդկանցից էր, օրինակ, Ղովտը։

6 Ղովտը և նրա ընտանիքը վտանգավոր իրավիճակում էին. Սոդոմը՝ այն քաղաքը, որտեղ նրանք ապրում էին, կործանվելու էր։ Աստծու հրեշտակները Ղովտին պատվիրեցին, որ շտապ հեռանա քաղաքից և լեռներում ապաստան գտնի։ «Փրկի՛ր քո հոգին»,— ասացին նրանք (Ծննդ. 19։ 12–22)։ Ղովտն ու նրա երկու աղջիկները լսեցին հրեշտակներին և դուրս եկան քաղաքից։ Բայց նրանց ընտանիքի մյուս անդամները, ցավոք, չմիացան նրանց։ Ղովտի աղջիկների հետ նշանված երիտասարդ տղամարդկանց աչքում Ղովտը մի ծեր մարդ էր, որը «կատակ անողի պես էր» (Ծննդ. 19։14)։ Միայն Ղովտն ու նրա աղջիկները փրկվեցին, քանի որ միասնական եղան։

7. Ինչպե՞ս Եհովան օգնեց նրանց, ովքեր Եգիպտոսից դուրս գալիս միասնության ոգի դրսևորեցին։

7 Քննենք մեկ այլ օրինակ։ Եգիպտոսից դուրս գալիս իսրայելացիները չբաժանվեցին փոքր խմբերի՝ յուրաքանչյուրն ընտրելով իր ճանապարհը դեպի Ավետյաց երկիր։ Երբ Մովսեսը «ձեռքը մեկնեց ծովի վրա», ու Եհովան բաժանեց ծովի ջրերը, ամբողջ ժողովուրդը անցավ դրա միջով։ Եհովան պաշտպանեց ողջ ազգին (Ելք 14։21, 22, 29, 30)։ Իսրայելացիներին միացավ «մի բազմազգ ժողովուրդ»։ Նրանք բոլորը միասնության ոգի դրսևորեցին (Ելք 12։38)։ Ինչ խոսք, անմտություն կլիներ, եթե մի խումբ մարդիկ, թերևս երիտասարդներ, որոշեին իրենց ընտրած ճանապարհով գնալ։ Մի՞թե նրանք կունենային Եհովայի պաշտպանությունը (1 Կորնթ. 10։1

8. Հովսափատ թագավորի օրերում Աստծու ժողովուրդն ինչպե՞ս միասնականություն դրսևորեց։

8 Հովսափատ թագավորի օրերում շրջակա տարածքներից մի ահարկու թշնամի՝ «մարդկանց [մի] մեծ բազմություն», պատրաստվում էր հարձակվել Աստծու ժողովրդի վրա (2 Տար. 20։1, 2)։ Իսրայելացիները չփորձեցին իրենց ուժերով հաղթել թշնամուն։ Փոխարենը՝ նրանք Եհովայից օգնություն խնդրեցին (կարդա՛  2 Տարեգրություն 20։3, 4)։ Եվ նրանք իրարից անկախ չգործեցին, ինչպես որ յուրաքանչյուր իսրայելացի հարմար կգտներ։ Աստվածաշնչում  կարդում ենք. «Հուդայի բոլոր բնակիչները իրենց երեխաների, կանանց ու որդիների հետ կանգնել էին Եհովայի առաջ» (2 Տար. 20։13)։ Ամբողջ ազգը՝ տարեց թե երիտասարդ, ապավինեց Եհովային ու հետևեց նրա առաջնորդությանը։ Եհովան էլ իր ժողովրդին պաշտպանեց թշնամուց (2 Տար. 20։20–27)։ Սա հիանալի օրինակ է այն բանի, թե ինչպես կարող է Աստծու ժողովուրդը՝ որպես մեկ խումբ, դիմակայել հակառակությանը։

9. Ի՞նչ կարող ենք սովորել վաղ քրիստոնյաներից։

9 Վաղ քրիստոնյաները նույնպես աչքի էին ընկնում միասնությամբ։ Օրինակ՝ այն բանից հետո, երբ շատ հրեաներ և պրոզելիտներ քրիստոնյաներ դարձան, «նրանք շարունակում էին սովորել առաքյալներից, իրար մեջ բաժանում էին իրենց ունեցվածքը, միասին ուտում և աղոթում էին» (Գործ. 2։42)։ Այս միասնականությունը ավելի ակնհայտ դարձավ հալածանքի ժամանակ, երբ նրանք հատկապես ունեին միմյանց կարիքը (Գործ. 4։23, 24)։ Համաձայն չե՞ս, որ ծայրահեղ իրավիճակներում անչափ կարևոր է համախմբված լինել։

ՄԻԱԲԱՆՎԱԾ ԼԻՆԵՆՔ, ՄԻՆՉ ՄՈՏԵՆՈՒՄ Է ԵՀՈՎԱՅԻ ՕՐԸ

10. Հատկապես ե՞րբ կարևոր կլինի միասնական լինել։

10 Մոտենում է մարդկության պատմության ամենածանր ժամանակաշրջանը։ Հովել մարգարեն այդ ժամանակը նկարագրեց որպես «մթության ու խավարի օր» (Հովել 2։1, 2; Սոփ. 1։14)։ Այդ ժամանակ Աստծու ժողովուրդը պետք է առավել քան երբևէ միասնական լինի։ Հիշենք, թե ինչ ասաց Հիսուսը. «Ամեն թագավորություն, որ բաժանված է իր մեջ, ամայի կդառնա» (Մատթ. 12։25

11. Ի՞նչ ենք սովորում միասնականության մասին Սաղմոս 122։3, 4 համարներից (տե՛ս 22-րդ էջի նկարը)։

11 Մինչ մոտենում են այս համակարգի աղետալի օրերը, մենք պետք է ավելի միասնական դառնանք։ Այս առնչությամբ կարևոր բան կարող ենք սովորել այն բանից, թե ինչպես էին կառուցված հին Երուսաղեմի տները։ Դրանք իրար այնքան մոտ էին, որ սաղմոսերգուն Երուսաղեմի մասին գրեց. «Մի քաղաք, որ միավորված է մի ամբողջության մեջ»։ Քաղաքի բնակիչները իրենց ապահով էին զգում, քանի որ այնքան մոտ էին ապրում միմյանց, որ հարկ եղած դեպքում հեշտությամբ կարող էին օգնել ու պաշտպանել իրար։ Բացի այդ, տների իրար մոտ դասավորված լինելը սաղմոսերգուին հիշեցնում էր ամբողջ ազգի հոգևոր միասնականությունը, երբ «Յահի ցեղերը» հավաքվում էին Եհովային երկրպագելու (կարդա՛  Սաղմոս 122։3, 4)։ Այսօր և այն դժվար օրերում, որ դեռ գալու են, մենք նույնպես պետք է «միավորված լինենք մի ամբողջության մեջ»։

12. Ի՞նչը կօգնի մեզ վերապրելու ապագայում սպասվող հարձակումից։

12 Ինչո՞ւ է «միավորված լինելն» այդքան կարևոր լինելու։ Եզեկիել 38-րդ գլխում ասվում է, որ «Գոգը, որը Մագոգ երկրից է», հարձակվելու է Աստծու ժողովրդի վրա։ Այդ ժամանակ մենք չպետք է թույլ տանք, որ որևէ բան խաթարի մեր միասնությունը։ Մենք, անշուշտ, չենք ցանկանա օգնության համար դիմել աշխարհին։ Ընդհակառակը՝ կուզենք մոտ լինել մեր հավատակիցներին։ Ինչ խոսք, մենք չենք փրկվի զուտ այն պատճառով, որ ինչ-որ խմբի մաս ենք կազմում։ Եհովան և նրա Որդին այդ աղետալի ժամանակներում կփրկեն նրանց, ովքեր կանչում են Եհովայի անունը (Հովել 2։32; Մատթ. 28։20)։ Այդուհանդերձ, մի՞թե խելամիտ կլինի մտածել, որ նրանք, ովքեր Աստծու հոտի հետ միասնության մեջ չեն մնացել ու որոշել են հեռանալ հոտից, կփրկվեն (Միք. 2։12

13. Աստվածավախ երիտասարդներն ի՞նչ կարող են սովորել այն աստվածաշնչյան օրինակներից, որ քննեցինք։

13 Եթե երիտասարդ ես, իմաստուն վարվիր և մոտ մնա հավատակիցներիդ։ Պայքարիր միայն հասակակիցներիդ հետ շփվելու հակվածության դեմ և մի՛ մեկուսացիր։ Մոտենում է այն ժամանակը, երբ մենք առավել քան երբևէ միմյանց կարիքն ենք զգալու։ Սա վերաբերում է բոլորիս՝ լինենք  երիտասարդ թե տարեց։ Այո՛, հիմա է ժամանակը, որ ամրացնենք մեր փոխհարաբերությունները հավատակիցների հետ և սիրով իրար հետ ծառայենք։ Եհովայի ժողովրդի հետ միասնական լինելը ապագայում կենսական է լինելու մեզ համար։

«ՄԵՆՔ ՄԵԿ ՄԱՐՄՆԻ ԱՆԴԱՄՆԵՐ ԵՆՔ»

14, 15. ա) Ի՞նչ նպատակով է Եհովան այսօր կրթում իր՝ թե՛ տարեց, թե՛ երիտասարդ ծառաներին։ բ) Ի՞նչ խորհուրդ է Եհովան մեզ տալիս, որպեսզի միասնական լինենք։

14 Եհովան օգնում է մեզ «ուս ուսի ծառայելու» (Սոփ. 3։8, 9)։ Նա պատրաստում է մեզ հավիտենական ապագային, երբ «ամեն ինչ նորից համախմբելու է Քրիստոսում» (կարդա՛  Եփեսացիներ 1։9, 10)։ Եհովայի նպատակն է միավորել թե՛ երկնքում, թե՛ երկրի վրա լինողներին, և նա, անկասկած, կանի դա։ Երիտասարդնե՛ր, դուք կարող եք հավիտյան լինել այդ ընտանիքի մի մասը։ Հետևաբար, միասնական եղեք Եհովայի կազմակերպության հետ։

15 Եհովան սովորեցնում է մեզ այսօրվանից լինել միասնական, որպեսզի նոր աշխարհում կարողանանք հավիտյան ապրել խաղաղության մեջ։ Աստվածաշունչը բազում անգամներ հորդորում է, որ «նույն հոգածությունն ունենանք իրար նկատմամբ», «գորովանք ունենանք իրար հանդեպ», «շարունակենք մխիթարել» և «կերտել միմյանց» (1 Կորնթ. 12։25; Հռոմ. 12։10; 1 Թեսաղ. 4։18; 5։11)։ Եհովան գիտի, որ անկատարության պատճառով երբեմն դժվար է միասնական լինել, ուստի մենք պետք է «մեծահոգաբար ներենք իրար» (Եփես. 4։32

16, 17. ա) Ո՞րն է քրիստոնեական հանդիպումների նպատակներից մեկը։ բ) Ի՞նչ կարող են երիտասարդները սովորել Հիսուսի օրինակից։

16 Եհովան սովորեցնում է մեզ լինել համախմբված նաև քրիստոնեական հանդիպումների միջոցով։ Ինչ խոսք, հաճախ ենք ընթերցում Եբրայեցիներ 10։24, 25 համարները։ Ժողովի հանդիպումների նպատակներից մեկն այն է, որ «ուշադիր լինենք միմյանց հանդեպ, որ սիրո ու բարի գործերի մղենք իրար»։ Ուշագրավ է, որ հանդիպումները նախատեսված են միմյանց քաջալերելու համար, «առավել ևս որ տեսնում ենք՝ օրը մոտենում է»։

17 Հիսուսը լավ օրինակ թողեց այս հարցում։ 12 տարեկանում նա իր ծնողների հետ ներկա էր հոգևոր մի մեծ միջոցառման։ Մի անգամ նա կորել էր, սակայն ոչ այն պատճառով, որ իր հասակակիցների հետ ժամանակ անցկացնի։ Երբ Հովսեփն ու Մարիամը գտան Հիսուսին, նա տաճարում հոգևոր հարցեր էր քննարկում ուսուցիչների հետ (Ղուկ. 2։45–47

18. Ինչպե՞ս կարող են մեր աղոթքները նպաստել միասնությանը։

 18 Բացի իրար հանդեպ սեր զարգացնելուց և ժողովի հանդիպումների միջոցով իրար զորացնելուց, մենք կարող ենք նաև աղոթել միմյանց համար։ Մեր հավատակիցների համար աղոթելով և նշելով նրանց հանգամանքների մասին՝ մենք ավելի շատ ենք մղվում հոգ տանելու միմյանց։ Կարևոր է սիրել հավատակիցներին, քաջալերել նրանց ժողովի հանդիպումների ժամանակ և աղոթել նրանց համար։ Եթե երիտասարդ ես, փորձո՞ւմ ես նման կերպ վարվել, որպեսզի ամրացնես հոգևոր ընտանիքիդ հետ ունեցած քո փոխհարաբերությունները։ Այդպես վարվելով՝ դու ոչ մի կապվածություն չես ունենա այս հին աշխարհի հետ, երբ այն կործանվի։

Բոլորս կարող ենք աղոթել մեր հավատակիցների բարօրության համար (տե՛ս պարբերություն 18)

ՑՈՒՅՑ ՏԱՆՔ, ՈՐ «ԻՐԱՐ ԵՆՔ ՊԱՏԿԱՆՈՒՄ»

19–21. ա) Ինչպե՞ս ենք ցույց տալիս, որ «իրար ենք պատկանում»։ Բեր օրինակներ։ բ) Ի՞նչ ես սովորում այն բանից, թե ինչպես են Աստծու ծառաներն օգնում իրար աղետների ժամանակ։

19 Կան բազմաթիվ օրինակներ, որոնք ցույց են տալիս, որ Եհովայի ժողովուրդը ապրում է Հռոմեացիներ 12։5-ում արձանագրված հետևյալ սկզբունքի համաձայն. «[Մենք] իրար ենք պատկանում»։ Սա հստակ երևում է աղետների ժամանակ։ 2011թ. դեկտեմբերին Ֆիլիպինյան Մինդանաո կղզում սարսափելի փոթորիկ տեղի ունեցավ։ Ընդամենը մեկ գիշերվա մեջ ավելի քան 40000 տուն ջրի տակ անցավ, որոնց թվում էին մեր հավատակիցներից շատերի տները։ Մասնաճյուղը տեղեկացնում է, որ «նախքան օգնության կոմիտեները գործի կանցնեին, այլ վայրերից եղբայրներն օգնություն ուղարկեցին»։

20 Երբ Ճապոնիայի արևելյան մասում ուժգին երկրաշարժ և ցունամի եղան, մեր հավատակիցներից շատերը մեծ կորուստներ ունեցան։ Ոմանք կորցրեցին գրեթե ամեն ինչ։ Օրինակ՝ Յոշիկոն կորցրեց իր տունը, որը 40 կիլոմետր հեռու էր Թագավորության սրահից։ Նա պատմում է. «Հետագայում ապշել էինք, երբ իմացանք, որ երկրաշարժի հաջորդ օրը շրջանային վերակացուն մեկ այլ եղբոր հետ մեզ է փնտրել»։ Հետո քույրը ժպտալով ավելացնում է. «Մենք անչափ զգացված էինք, որ Եհովան ժողովի միջոցով առատորեն բավարարեց մեր հոգևոր կարիքները։ Դեռ ավելին, մենք ստացանք վերարկուներ, կոշիկներ, պայուսակներ և այլ անհրաժեշտ իրեր»։ Օգնության կոմիտեի անդամներից մեկն ասում է. «Ճապոնիայի մեր բոլոր հավատակիցները մի մարդու պես օգնում էին իրար։ Անգամ Միացյալ Նահանգներից եղբայրներ ու քույրեր եկան օգնելու։ Երբ նրանց հարցրին, թե ինչու են այդքան հեռվից այստեղ եկել, նրանք ասացին. «Մենք միասնական ենք Ճապոնիայի մեր եղբայրության հետ, ու նրանք օգնության կարիք ունեն»»։ Մի՞թե մեծ պատիվ չես համարում, որ այնպիսի կազմակերպության մեջ ես, որի անդամները հոգ են տանում միմյանց մասին։ Պատկերացրու, թե ինչ է զգում Եհովան, երբ տեսնում է իր ժողովրդի միասնականությունը։

21 Միասնության ոգի ունենալը կօգնի մեզ միասին դիմագրավելու ապագայում սպասվող դժվարությունները, նույնիսկ եթե կորցնենք կապը համաշխարհային եղբայրության հետ։ Ճապոնիայի թայֆունից տուժած մի քույր, որի անունը Ֆումիկո է, ասում է. «Վերջը շատ մոտ է։ Մենք պետք է շարունակենք օգնել իրար, մինչ սպասում ենք այն ժամանակին, երբ այլևս աղետներ չեն լինի»։

22. Միասնական լինելն ինչպե՞ս կարող է օգնել մեզ ապագայում։

22 Բոլոր նրանք, ովքեր այժմ սովորում են միասնական լինել, պատրաստվում են վերապրել այս չար ու պառակտված աշխարհի կործանումից։ Ինչպես անցյալում Աստված փրկեց իր ժողովրդին, այնպես էլ այսօր է փրկելու (Ես. 52։9, 10)։ Միշտ հիշիր, որ դու կարող ես փրկվել, եթե ջանք թափես լինելու Աստծու միասնական ժողովրդի մի մասը։ Փրկվելու համար հարկավոր է նաև գնահատել այն, ինչ ունենք։ Հաջորդ հոդվածում կխոսենք այդ մասին։