Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Երեցնե՛ր, ինչպե՞ս եք վերաբերվում եղբայրներին կրթելուն։

Երեցնե՛ր, ինչպե՞ս եք վերաբերվում եղբայրներին կրթելուն։

«Ամեն ինչ իր ժամանակն ունի» (ԺՈՂ. 3։1

1, 2. Շրջանային վերակացուները ի՞նչ են նկատել շատ ժողովներում։

ԵՐԵՑՆԵՐԻ խորհրդի հետ շրջանային վերակացուի հանդիպումը մոտենում է ավարտին։ Նա նայում է եղբայրներին, և նրա սիրտը ջերմությամբ է լցվում այս ջանասեր հովիվների հանդեպ, որոնցից ոմանք նրա ծնողների տարիքին են։ Բայց եղբայրը մտահոգ է։ Նա հարց է ուղղում երեցներին. «Եղբայրնե՛ր, ի՞նչ եք արել մյուսներին կրթելու համար, որ ավելի շատ պատասխանատվություններ ստանձնեն ժողովում»։ Նրանք լավ են հիշում, որ շրջանային վերակացուի վերջին այցի ժամանակ խորհուրդ տրվեց ավելի շատ ուշադրություն դարձնել եղբայրներին կրթելուն։ Ի վերջո, երեցներից մեկը ասաց. «Եթե անկեղծ լինենք, շատ քիչ բան ենք արել»։ Մյուսները գլխով արեցին։

2 Եթե երեց ես, գուցե նույն պատասխանը տայիր այդ հանդիպման ժամանակ։ Ամբողջ աշխարհում շրջանային վերակացուները նկատել են, որ շատ ժողովներում երեցները ավելի շատ բան պետք է անեն երիտասարդ և տարիքով եղբայրներին կրթելու համար, որպեսզի նրանք հոտին հոգ տանելու հարցում օգնեն իրենց։ Բայց դա կարող է դժվար լինել։ Ինչո՞ւ։

3. ա) Ինչպե՞ս է Աստծու Խոսքը ցույց տալիս կրթելու կարևորությունը, և ինչո՞ւ բոլորս պետք է հետաքրքրված լինենք դրանով (տե՛ս ծանոթագրությունը)։ բ) Ինչո՞ւ է որոշ երեցների համար թերևս դժվար կրթել եղբայրներին։

3 Որպես երեց՝ անկասկած հասկանում ես, որ կարևոր է ժամանակ տրամադրել եղբայրներին կրթելուն։ * Դու գիտես, որ արդեն կազմավորված ժողովները հոգևորապես ամուր պահելու և նոր ժողովներ կազմավորելու համար շատ եղբայրների կարիք կա (կարդա՛  Եսայիա 60։22)։ Նաև գիտես, որ Աստծու Խոսքը հորդորում է քեզ «ուրիշներին սովորեցնել» (կարդա՛  2 Տիմոթեոս 2։2)։ Այնուամենայնիվ, վերոհիշյալ երեցների պես՝ քեզ համար էլ թերևս դժվար լինի այդպես անել։ Ընտանիքիդ կարիքները հոգալուց, աշխատանքային պարտականությունները կատարելուց, ժողովի պատասխանատվություններն անելուց և անհետաձգելի գործերը վերջացնելուց հետո գուցե ժամանակ չմնա ժողովի մյուս եղբայրներին կրթելու համար։ Քանի որ շատ բան կա անելու, եկեք տեսնենք, թե ինչ կարևորություն պետք է տրվի եղբայրներին կրթելուն։

ԿՐԹԵԼՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ Է

4. Ինչո՞ւ է երբեմն եղբայրներին կրթելու գործը հետաձգվում։

4 Ինչո՞ւ որոշ երեցներ գուցե դժվարանան եղբայրներին կրթելուն ժամանակ տրամադրել։ Թերևս ոմանք մտածեն. «Կրթելը կարևոր է, բայց այնքան էլ հրատապ չէ, որքան ժողովի այն գործերը, որոնք հնարավոր չէ հետաձգել։ Եթե մի որոշ ժամանակով հետաձգեմ եղբայրներին կրթելու գործը, ժողովի գործունեությունը չի կանգնի»։ Ճիշտ է, շատ անհետաձգելի գործեր կան, բայց եղբայրներին կրթելու գործը հետաձգելը կարող է վտանգել ժողովի հոգևոր բարօրությունը։

5, 6. Ի՞նչ կարող ենք սովորել վարորդի մասին օրինակից, և ինչպե՞ս այն կարող ենք համեմատել ժողովում տրվող կրթության հետ։

5 Մտածիր հետևյալ օրինակի շուրջ։ Վարորդը գիտի, որ մեքենան սարքին վիճակում պահելու և շարժիչը աշխատեցնելու համար կանոնավորաբար պետք է փոխի մեքենայի յուղը։ Բայց գուցե մտածի, որ դա այդքան էլ առաջնահերթ չէ, որքան բաքը վառելանյութ լցնելը։ Չէ՞ որ, եթե նա չլցնի բաքը, մեքենան որոշ ժամանակ հետո կանգ կառնի։ Թերևս մտածի. «Եթե ժամանակ չունենամ յուղը փոխելու համար, միևնույնն է, շարժիչը մի որոշ ժամանակ կշարունակի աշխատել»։ Իսկ ո՞րն է վտանգը։ Եթե վարորդը չփոխի յուղը ժամանակին, վաղ թե ուշ մեքենան շարքից դուրս կգա։ Եթե նման բան տեղի ունենա, նա ստիպված կլինի շատ ժամանակ և փող ծախսել այն վերանորոգելու և նորից վարելու համար։ Ի՞նչ ենք սովորում այս օրինակից։

6 Երեցները զբաղվում են բազմաթիվ կարևոր անհետաձգելի գործերով։ Հակառակ դեպքում՝ ժողովը կտուժի։ Ինչպես որ վարորդն է «հավաստիանում», որ բաքում վառելիք կա, այնպես էլ երեցները պետք է «հավաստիանան, թե ինչն է ավելի կարևոր» (Փիլիպ. 1։10)։ Բայցևայնպես, որոշ երեցներ այնքան զբաղված են անհետաձգելի գործերով, որ անուշադրության են մատնում մյուս եղբայրներին կրթելու գործը, այսպես ասած՝ շարժիչի յուղը փոխելը։ Բայց եթե երեցները շարունակ հետաձգեն անհրաժեշտ կրթություն տալը, վաղ թե ուշ ժողովում չեն լինի փորձառու եղբայրներ բոլոր գործերը կատարելու համար։

7. Ինչպիսի՞ն պետք է համարենք այն երեցներին, ովքեր ժամանակ են տրամադրում եղբայրներին կրթելուն։

7 Հստակ է, որ մենք չպետք է մտածենք, թե կրթելը պակաս կարևոր է։ Այն երեցները, որոնք հեռատես են և իրենց ժամանակը տրամադրում են քիչ փորձ ունեցող եղբայրներին կրթելուն, իմաստուն տնտեսներ են և օրհնություն ամբողջ ժողովի համար (կարդա՛  1 Պետրոս 4։10)։ Իսկ ի՞նչ օգուտներ է ստանում ժողովը։

ԽԵԼԱՑԻ ՆԵՐԴՐՈՒՄ

8. ա) Ո՞ր հանգամանքները հաշվի առնելը և ո՞ր հատկություններն են մղում երեցներին կրթելու եղբայրներին։ բ) Ի՞նչ հրատապ պատասխանատվություն ունեն այն երեցները, ովքեր ծառայում են այնտեղ, որտեղ կարիքը մեծ է (տե՛ս  «Անհետաձգելի առաքելություն» շրջանակը)։

8 Նույնիսկ ամենափորձառու երեցները պետք է համեստություն դրսևորեն և գիտակցեն, որ տարիքի պատճառով աստիճանաբար ավելի քիչ բան կկարողանան անել ժողովում (Միք. 6։8)։ Նաև պետք է իրատես լինեն ու հաշվի առնեն, որ «ժամանակ և պատահար բոլորին է լինում», և գուցե անսպասելիորեն այնպիսի իրավիճակում հայտնվեն, որ այլևս չկարողանան կատարել ժողովում ունեցած իրենց պատասխանատվությունները (Ժող. 9։11, 12; Հակ. 4։13, 14)։ Ուստի Եհովայի գառների բարօրությամբ անկեղծորեն հետաքրքրվելը հեռատես երեցներին կօգնի ժամանակին երիտասարդ եղբայրներին փոխանցելու տարիների փորձը, որ ձեռք են բերել հավատարմորեն ծառայելու ընթացքում (կարդա՛  Սաղմոս 71։17, 18

9. Ապագա ո՞ր իրադարձությանը պատրաստվելու համար է անչափ կարևոր կրթել եղբայրներին։

9 Եղբայրներին կրթող երեցները օրհնություն են հոտի համար նաև այն պատճառով, որ ամրացնում են ժողովի պաշտպանությունը։ Ինչպե՞ս։ Երբ երեցները ջանքեր են ներդնում եղբայրներին կրթելու համար, արդյունքում ավելի շատ եղբայրներ են պատրաստ լինում օգնելու ժողովին մնալու անսասան և միասնական ոչ միայն հիմա, այլև հատկապես մեծ նեղության անհանգիստ ժամանակներում (Եզեկ. 38։10–12; Միք. 5։5, 6)։ Ուստի, սիրելի՛ երեցներ, կոչ ենք անում ձեզ, որ եղբայրներին կրթելը այսօր դարձնեք ձեր ծառայության անբաժանելի մասը։

10. Եղբայրներին կրթելու համար ի՞նչ պետք է անի երեցը։

10 Ինչ խոսք, մենք հասկանում ենք, որ ժողովի կարևոր գործերը թերևս խլում են ձեր ողջ ժամանակը։ Հետևաբար, գուցե անհրաժեշտ լինի այդ գործերին հատկացվող ժամանակի մի մասը տրամադրել եղբայրներին կրթելուն (Ժող. 3։1)։ Այդպես վարվելը խելացի ներդրում կլինի։

ՊԱՏՐԱՍՏԵՔ ՆՐԱՆՑ ՍԻՐՏԸ

11. ա) Ի՞նչն է հետաքրքրական տարբեր երկրների երեցների առաջարկների առնչությամբ։ բ) Համաձայն Առակներ 15։22-ի՝ ինչո՞ւ օգտակար կլինի հաշվի առնել ուրիշ երեցների առաջարկները։

11 Վերջերս մի խումբ երեցների, որոնք հաջողությամբ օգնում են եղբայրներին հոգևորապես աճելու, հարց ուղղվեց, թե ինչ մոտեցում են նրանք կիրառում։ * Զարմանալին այն է, որ թեև նրանց հանգամանքները մեծապես տարբերվում են, բայց բոլորն էլ նույն խորհուրդը տվեցին։ Ինչի՞ մասին է դա վկայում։ Աստվածաշնչի վրա հիմնված կրթությունը կիրառելի է «ամենուրեք.... բոլոր ժողովներում» սովորողների համար. այդպես էր նաև Պողոս առաքյալի օրերում (1 Կորնթ. 4։17)։ Ուստի այս և հաջորդ հոդվածում կքննենք նրանց առաջարկներից մի քանիսը (Առակ. 15։22)։ Կրթություն տվողներին կանվանենք «ուսուցիչներ», իսկ կրթություն ստացողներին՝ «սովորողներ»։

12. Ի՞նչ պետք է անի ուսուցիչը և ինչո՞ւ։

12 Ուսուցիչը պետք է համապատասխան պայմաններ ստեղծի կրթելու համար։ Ինչպես այգեպանը պետք է մշակի, կամ՝ փխրեցնի հողը նախքան սերմը ցանելը, այնպես էլ ուսուցիչը պետք է պատրաստի սովորողի սիրտը նախքան նոր հմտություններ սովորեցնելը։ Ուստի ինչպե՞ս կարող են ուսուցիչները համապատասխան պայմաններ ստեղծել. եթե ընդօրինակեն անցյալում ապրած մարգարեներից մեկի մոտեցումը։ Տեսնենք, թե ինչ մոտեցում էր դա։

13–15. ա) Ի՞նչ հանձնարարություն ստացավ Սամուել մարգարեն։ բ) Ինչպե՞ս նա կատարեց իր հանձնարարությունը (տե՛ս 3-րդ էջի նկարը)։ գ) Ինչո՞ւ այս արձանագրությունը պետք է այսօր հետաքրքրի երեցներին։

13 Ավելի քան 3000 տարի առաջ էր, երբ մի օր Եհովան տարեց Սամուել մարգարեին ասաց. «Վաղը՝ մոտավորապես այս ժամին, Բենիամինի երկրից մի մարդ պիտի ուղարկեմ քեզ մոտ, և դու նրան իմ Իսրայել ժողովրդի վրա առաջնորդ կօծես» (1 Սամ. 9։15, 16)։ Սամուելը գիտակցում էր, որ առաջնորդի իր ծառայությունը մոտենում է ավարտին և ինքը Եհովայի կողմից նշանակվել է օծելու իրեն հաջորդողին։ Մարգարեն գուցե մտածեց. «Ինչպե՞ս կարող եմ պատրաստել նրան այս հանձնարարության համար»։ Նա մի ծրագիր մշակեց։

14 Հաջորդ օրը, երբ Սամուելը տեսավ Սավուղին, Եհովան ասաց մարգարեին. «Ահա սա է այն մարդը»։ Այնուհետև Սամուելը գործի դրեց իր ծրագիրը։ Նա հրավիրեց Սավուղին ճաշասրահ՝ ճաշի։ Մարգարեն Սավուղին և նրա սպասավորին ամենապատվավոր տեղերը նստեցրեց և մսի ընտիր կտոր հյուրասիրելով՝ ասաց. «Առջևդ դիր ու կեր։ Այս հատուկ առիթով են քեզ համար պահել»։ Հետո Սամուելն ու Սավուղը զրուցելով քայլեցին դեպի մարգարեի տուն։ Սամուելը ուզում էր ճիշտ օգտագործել հաճելի մթնոլորտը, որ ստեղծվել էր համեղ կերակուր վայելելու և դանդաղ զբոսանքի շնորհիվ։ Ուստի նա հրավիրեց Սավուղին տանիք, որտեղ փչում էր երեկոյան մեղմ զեփյուռը։ «Սամուելը տանիքի վրա շարունակեց խոսել Սավուղի հետ»։ Երկար զրուցելուց հետո նրանք գնացին քնելու։ Հաջորդ օրը Սամուելը օծեց Սավուղին, համբուրեց նրան և ավելի շատ հրահանգներ տվեց։ Դրանից հետո մարգարեն ճանապարհ դրեց նրան. այժմ Սավուղը պատրաստ էր գալիք իրադարձություններին (1 Սամ. 9։17–27; 10։1

15 Ինչ խոսք, ազգի առաջնորդ օծելը նույնը չէ, ինչ երեց կամ ծառայող օգնական դառնալու համար եղբորը կրթելը։ Բայցևայնպես, երեցներն այսօր կարող են մի քանի արժեքավոր դասեր քաղել Սամուելի մոտեցումից։ Քննենք երկուսը։

ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐ ԵՎ ԻՍԿԱԿԱՆ ԸՆԿԵՐՆԵՐ

16. ա) Երբ իսրայելացիները թագավոր ուզեցին, ի՞նչ զգացումներ ունեցավ Սամուելը։ բ) Ի՞նչ տրամադրվածությամբ մարգարեն կատարեց իր հանձնարարությունը։

16 Կրթեք պատրաստակամորեն, ոչ թե դժկամությամբ։ Երբ Սամուելը լսեց, որ իսրայելացիները ուզում են թագավոր ունենալ, հիասթափություն ապրեց և իրեն մերժված զգաց ժողովրդի կողմից (1 Սամ. 8։4–8)։ Նա այնքան չէր ուզում կատարել ժողովրդի պահանջը, որ Եհովան անհրաժեշտ համարեց երեք անգամ ասելու, որ լսի ժողովրդին (1 Սամ. 8։7, 9, 22)։ Այնուհանդերձ, Սամուելը թույլ չտվեց, որ իրեն փոխարինող մարդու հանդեպ ունեցած դառնությունն ու վիրավորվածության զգացումը արմատ գցեն իր սրտում։ Երբ Եհովան պատվիրեց մարգարեին օծել Սավուղին, նա հնազանդվեց ոչ թե դժկամորեն՝ պարտքի զգացումից ելնելով, այլ պատրաստակամորեն՝ սիրուց մղված։

17. Ինչպե՞ս են այսօր երեցներն ընդօրինակում Սամուելի տրամադրվածությունը, և ի՞նչն է բավականություն պատճառում նրանց։

17 Սամուելի նման՝ փորձառու երեցները այսօր բարյացակամորեն են տրամադրված նրանց հանդեպ, ում կրթում են (1 Պետ. 5։2)։ Այսպիսի երեցները չեն վարանում կրթել եղբայրներին՝ վախենալով, որ նրանք կստանձնեն իրենց առանձնաշնորհումներից մի քանիսը։ Մեծահոգի ուսուցիչները պատրաստակամ սովորողներին համարում են ոչ թե մրցակիցներ, այլ «համագործակիցներ»՝ թանկագին պարգևներ ժողովի համար (2 Կորնթ. 1։24; Եբր. 13։16)։ Ի՜նչ մեծ բավականություն են ստանում այս անեսասեր ուսուցիչները, երբ տեսնում են, թե ինչպես են սովորողները օգտագործում իրենց ունակությունները ի նպաստ ժողովին (Գործ. 20։35

18, 19. Ինչպե՞ս երեցը կարող է պատրաստել սովորողի սիրտը, և ինչո՞ւ է այդպիսի մոտեցումը շատ կարևոր։

18 Եղեք ընկեր, ոչ թե միայն ուսուցիչ։ Այն օրը, երբ Սամուելը հանդիպեց Սավուղին, կարող էր սրվակով յուղը շուտափույթ լցնել նրա գլխին և նորընտիր թագավորին ճանապարհ դնել՝ օծված, բայց ոչ պատրաստված։ Բայց մարգարեն այդպես չվարվեց. նա ժամանակ տրամադրեց Սավուղի սիրտը քայլ առ քայլ պատրաստելու համար։ Համեղ ճաշից, հաճելի զբոսանքից, երկար զրույցից և լավ հանգստից հետո միայն Սամուելը մտածեց, որ եկել է Սավուղին օծելու ճիշտ ժամանակը։

Որպեսզի կրթես, պետք է ընկերանաս (տե՛ս պարբերություն 18, 19)

19 Այդպես էլ այսօր ուսուցիչը պետք է սկսի սովորեցնել՝ ժամանակ հատկացնելով անկաշկանդ մթնոլորտ ստեղծելուն և սովորողի հետ ընկերական հարաբերություններ զարգացնելուն։ Այն հատուկ քայլերը, որ երեցները ձեռնարկում են այսպիսի ջերմ հարաբերություններ ստեղծելու համար, տարբեր երկրներում տարբեր են՝ կախված տեղի հանգամանքներից և սովորույթներից։ Սակայն անկախ այն բանից, թե որտեղ ես ապրում, եթե, զբաղված լինելով հանդերձ, ժամանակ ես հատկացնում սովորողին, կարծես նրան ասում ես. «Դու կարևոր ես ինձ համար» (կարդա՛  Հռոմեացիներ 12։10)։ Որտեղ էլ ապրելիս լինեն, սովորելու պատրաստ եղբայրները այդ չասված խոսքերը անկասկած կհասկանան և մեծապես կգնահատեն։

20, 21. ա) Ինչպե՞ս կնկարագրես հաջողակ ուսուցչին։ բ) Ի՞նչ ենք քննարկելու հաջորդ հոդվածում։

20 Երեցնե՛ր, հիշեք. հաջողակ ուսուցիչը նա է, ով ոչ միայն սիրում է կրթել, այլև սիրում է նրան, ում կրթում է (համեմատի՛ր Հովհաննես 5։20)։ Սովորողը անմիջապես կնկատի այս կարևոր հանգամանքը, և դա մեծապես կանդրադառնա այն բանի վրա, թե ինչպես կարձագանքի իրեն տրվող կրթությանը։ Ուստի, սիրելի՛ երեցներ, երբ կրթում եք, ուսուցչից բացի, ընկեր եղեք (Առակ. 17։17; Հովհ. 15։15

21 Սովորողի սիրտը պատրաստելուց հետո երեցը սկսում է սովորեցնել անհրաժեշտ հմտությունները։ Ի՞նչ մեթոդներ նա կարող է կիրառել։ Այդ մասին կխոսենք հաջորդ հոդվածում։

^ պարբ. 3 Այս և հաջորդ հոդվածները գրվել են հատկապես երեցների համար, այնուհանդերձ բոլորին պետք է հետաքրքրի ներկայացվող նյութը։ Ինչո՞ւ։ Տեղեկությունը կմղի բոլոր մկրտված եղբայրներին գիտակցելու, որ կրթության կարիք ունեն ժողովում ավելի շատ գործ ստանձնելու համար։ Այդ դեպքում օգուտներ կքաղեն բոլորը։

^ պարբ. 11 Այս երեցները ապրում են Ավստրալիայում, Բանգլադեշում, Բելգիայում, Բրազիլիայում, Կորեայում, Հարավաֆրիկյան Հանրապետությունում, Ճապոնիայում, Մեքսիկայում, Միացյալ Նահանգներում, Նամիբիայում, Նիգերիայում, Ռեյունիոնում, Ռուսաստանում, Ֆրանսիայում, Ֆրանսիական Գվիանայում։