Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Մի՛շտ ապավինիր Եհովային

Մի՛շտ ապավինիր Եհովային

«Ամեն ժամանակ նրա՛ն ապավինեք, ո՛վ մարդիկ» (ՍԱՂ. 62։8

1–3. Ինչո՞ւ էր Պողոսը համոզված, որ կարող է ապավինել Եհովային (տե՛ս 24-րդ էջի նկարը)։

ՀՌՈՄԻ քրիստոնյաների համար դժվարին ժամանակներ էին։ Նրանք կատաղի հալածանքներ էին կրում։ Հռոմեացիները մեղադրում էին նրանց 64թ.-ին քաղաքը հրի մատնելու մեջ և կոչում էին մարդատյացներ։ Եղբայրներից ու քույրերից շատերին ձերբակալում էին։ Ոմանց նետում էին գազազած կենդանիների առաջ, որ հոշոտեն, ոմանց էլ գամում էին ցցին և կենդանի այրում, որ լույս տան գիշերվա խավարում։ Եթե այդ ժամանակներում ապրեիր, ամեն օր քեզ հետ գուցե պատահեր այս բաներից որևէ մեկը։

2 Հավանաբար, այդ անհանգիստ ժամանակներում էր, որ Պողոս առաքյալը երկրորդ անգամ բանտարկվեց Հռոմում։ Արդյոք մյուս քրիստոնյաները օգնության կհասնեի՞ն նրան։ Սկզբում առաքյալին թերևս մտահոգում էր այս հարցը. նա գրեց Տիմոթեոսին. «Իմ առաջին պաշտպանության ժամանակ ոչ մեկը ինձ թիկունք չկանգնեց, այլ բոլորը թողեցին ինձ (թող որ Աստված դրա համար հաշիվ չպահանջի նրանցից)»։ Այնուհանդերձ, Պողոսը գիտեր, որ առանց օգնության չի մնա։ Ուստի գրեց. «Բայց Տերը կանգնեց իմ կողքին և զորություն տվեց ինձ»։ Այո՛, Տեր Հիսուսը տվեց առաքյալին այն ուժը, որի կարիքն ուներ։ Պողոսը նույնիսկ գրեց, որ «Տերը ազատեց [իրեն] առյուծի երախից» (2 Տիմոթ. 4։16, 17 *

3 Այս միջադեպը հիշելը պետք է որ զորացներ Պողոսին՝ օգնելով ապավինել Եհովային ու հավատալ, որ նա կզորացնի իրեն տոկալու ներկայիս դժվարությունների և ապագա ցանկացած փորձության ժամանակ։ Առաքյալը այնքան համոզված էր դրանում, որ գրեց. «Տերը կազատի ինձ ամեն չարիքից» (2 Տիմոթ. 4։18)։ Այո՛, Պողոսը համոզվել էր, որ եթե անգամ իր եղբայրները ի վիճակի չլինեն օգնության հասնելու, միշտ կարող է ապավինել Եհովային ու նրա Որդուն։

«ԵՀՈՎԱՅԻՆ ԱՊԱՎԻՆԵԼՈՒ» ԱՌԻԹՆԵՐ

4, 5. ա) Ումի՞ց կարող ես միշտ անհրաժեշտ օգնություն ստանալ։ բ) Ինչպե՞ս կարող ես ամրացնել Եհովայի հետ ունեցած փոխհարաբերություններդ։

4 Եղե՞լ է այնպիսի ծանր իրավիճակ, երբ քեզ բոլորովին մենակ ես զգացել։ Գուցե կորցրել ես աշխատանքդ, բախվել ես հասակակիցներիդ ճնշմանը, առողջական խնդիր ես ունեցել կամ էլ այլ դժվարության առաջ ես կանգնել։ Թերևս օգնության ես դիմել, բայց հիասթափվել ես, քանի որ չես ստացել այն օգնությունը, որի կարիքն ունեիր։ Ինչ խոսք, պետք է ընդունել, որ միայն մարդկանց օգնությամբ որոշ խնդիրներ պարզապես հնարավոր չէ լուծել։ Այդ դեպքում ի՞նչ կարող ես անել։ Արժե՞ նման հանգամանքներում «Եհովային ապավինիր» աստվածաշնչյան խորհրդին հետևել (Առակ. 3։5, 6)։ Իհա՛րկե արժե։ Աստվածաշնչյան բազմաթիվ արձանագրություններ փաստում են, որ Աստված իսկապես օգնում է։

5 Ուստի երբ հայտնվում ես այնպիսի իրավիճակում, երբ մարդիկ չեն կարողանում օգնել քեզ, դառնանալու փոխարեն՝ փորձիր ունենալ Պողոս առաքյալի տեսակետը՝ դրանք առիթ համարիր լիովին ապավինելու Եհովային և զգալու նրա սիրառատ հոգատարությունը։ Այդպես վարվելով՝ ավելի շատ կապավինես նրան, իսկ նրա հետ ունեցած քո հարաբերություններն ավելի իրական կդառնան։

ԱՊԱՎԻՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԵՎՈՐ Է ԱՍՏԾՈՒ ՀԵՏ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

6. Ինչո՞ւ գուցե հատկապես դժվար լինի ապավինել Եհովային, երբ լուրջ խնդրի ենք բախվում։

6 Թերևս ունես այնպիսի խնդիր, որն անհանգստացնում է քեզ։ Դու արել ես ամեն բան, ինչ հնարավոր էր անել տվյալ իրավիճակում, և աղոթել ես Եհովային օգնության համար։ Կարո՞ղ ես այդուհետ հանգիստ լինել՝ վստահ լինելով, որ նա կօգնի քեզ։ Այո՛, կարող ես (կարդա՛  Սաղմոս 62։8; 1 Պետրոս 5։7)։ Եթե ուզում ես Եհովայի հետ լավ փոխհարաբերություններ ունենալ, կարևոր է, որ սովորես ապավինել նրան։ Այնուհանդերձ, հնարավոր է դժվարանաս ապավինել Եհովային այն հարցում, որ նա կտա քեզ այն, ինչի կարիքն ունես։ Ինչո՞ւ։ Պատճառներից մեկը գուցե այն է, որ Եհովան միշտ չէ, որ անմիջապես է պատասխանում մեր աղոթքներին (Սաղ. 13։1, 2; 74։10; 89։46; 90։13; Ամբ. 1։2

7. Ինչո՞ւ Եհովան միշտ չէ, որ անմիջապես պատասխանում է մեր աղոթքներին։

7 Ինչո՞ւ Եհովան անմիջապես չի պատասխանում մեր յուրաքանչյուր խնդրանքին։ Հիշիր, որ նա մեր և իր հարաբերությունները համեմատում է հոր և զավակի փոխհարաբերությունների հետ (Սաղ. 103։13)։ Հայրը երեխային չի տալիս այն ամենը, ինչ նա ուզում է, կամ անմիջապես չի կատարում նրա խնդրանքները։ Դրանցից մի քանիսը գուցե պարզապես քմահաճույքներ լինեն։ Հայրը գիտի, թե ինչն է լավագույնը երեխայի համար, և թե նրա խնդրանքն ինչպես կարող է անդրադառնալ ուրիշների վրա։ Նա գիտի, թե երեխան ինչի կարիք ունի, և թե երբ պետք է կատարի նրա ուզածը։ Բացի այդ, եթե հայրը անմիջապես արձագանքի երեխայի ամեն մի խնդրանքին, երեխան կդառնա նրա տերը, իսկ ինքը՝ նրա ծառան։ Այդպես էլ Եհովան հանուն մեր բարօրության գուցե որոշ ժամանակ հետո միայն պատասխանի մեր աղոթքներին։ Որպես մեր իմաստուն Արարիչ, սիրող Տեր և երկնային Հայր՝ նա բացառիկ իրավունք ունի այդպես վարվելու։ Եթե Եհովան անմիջապես կատարի մեր բոլոր խնդրանքները, մեր դերերը կփոխվեն (համեմատի՛ր Եսայիա 29։16; 45։9

8. Ի՞նչ է հավաստիացնում Եհովան։

8 Մյուս պատճառն այն է, որ նա շատ լավ գիտի մեր կարողությունների սահմանափակ լինելը (Սաղ. 103։14)։ Հետևաբար, նա չի ակնկալում, որ մեր ուժերով պայքարենք, այլ մեկնում է իր հայրական ձեռքը։ Ինչ խոսք, գուցե լինեն պահեր, երբ մեզ թվա, թե այլևս ուժ չունենք պայքարելու։ Բայց Եհովան հավաստիացնում է, որ երբեք թույլ չի տա, որ իր ծառաները իրենց կարողությունից վեր փորձվեն։ Նա «նաև ելքը կտա» (կարդա՛  1 Կորնթացիներ 10։13)։ Այո՛, մենք հիմքեր ունենք համոզված լինելու, որ Եհովան գիտի, թե որքան կարող ենք տոկալ։

9. Ի՞նչ պետք է անենք, երբ Եհովան անմիջապես չի պատասխանում մեր աղոթքներին։

9 Երբ աղոթում ենք օգնության համար, բայց անմիջապես պատասխան չենք ստանում, եկեք համբերությամբ սպասենք Նրան, ով գիտի, թե երբ գործի հանուն մեր բարօրության։ Հիշիր, որ նա շատ է ուզում օգնել մեզ, բայց նույնպես համբերություն է դրսևորում, քանի որ ուզում է ճիշտ ժամանակին տալ մեզ այն, ինչի կարիքն ունենք։ «Եհովան կսպասի, որպեսզի բարեհաճություն դրսևորի ձեր հանդեպ, և վեր կկենա, որպեսզի ողորմություն ցուցաբերի ձեր հանդեպ, քանի որ Եհովան արդարադատ Աստված է։ Երջանիկ են բոլոր նրանք, ովքեր սպասում են նրան» (Ես. 30։18

«ԱՌՅՈՒԾԻ ԵՐԱԽԻՑ»

10–12. ա) Ի՞նչ դժվարին իրավիճակում կարող է հայտնվել քրիստոնյան, որը խնամում է քրոնիկ հիվանդություն ունեցող ընտանիքի անդամին։ բ) Դժվարին ժամանակներում Եհովային ապավինելը ինչպե՞ս կարող է անդրադառնալ նրա հետ ունեցած փոխհարաբերությունների վրա։ Բացատրիր։

10 Երբ շատ լուրջ դժվարության ես բախվում, գուցե ունենաս Պողոսի զգացումները, ասես առյուծը պատրաստվում է կուլ տալ քեզ, կամ արդեն «առյուծի երախում» ես։ Նման պահերին Եհովային վստահելը ամենադժվար, բայցև ամենակարևոր բանն է։ Ենթադրենք՝ խնամում ես ընտանիքիդ անդամներից մեկին, որը քրոնիկ հիվանդություն ունի։ Դու աղոթել ես իմաստություն և զորություն ստանալու համար * և քո հնարավորության սահմաններում ամեն բան արել ես։ Մի՞թե ավելի հանգիստ չես լինի՝ իմանալով, որ Եհովան իր աչքը քեզ վրա է պահում և կտա ամեն բան, ինչ անհրաժեշտ է, որ հավատարմորեն տոկաս (Սաղ. 32։8

11 Հանգամանքների պատճառով գուցե քեզ թվա, թե Եհովան չի օգնում։ Թերևս բժիշկները տարբեր կարծիքի լինեն բուժման հետ կապված։ Կամ հարազատներդ, որոնցից մխիթարություն ես ակնկալում, ավելի բարդացնեն իրավիճակը։ Եհովային դիմիր ուժ ստանալու համար։ Շարունակիր մոտենալ նրան (կարդա՛  1 Սամուել 30։3, 6)։ Երբ տեսնես, որ Եհովան օգնում է քեզ, նրա հետ ունեցած հարաբերություններդ կամրանան։

12 Լինդան * անձնական փորձով համոզվեց այս խոսքերի ճշմարտացիության մեջ, երբ խնամում էր իր հիվանդ ծնողներին նրանց կյանքի վերջին տարիներին։ «Այդ ընթացքում ես, ամուսինս և եղբայրս հաճախ չէինք կողմնորոշվում, թե ինչ անել։ Երբեմն մեզ անօգնական էինք զգում։ Հիմա, երբ հետ ենք նայում, ավելի պարզ ենք տեսնում, որ Եհովան մեզ հետ է եղել։ Նա զորացրել է մեզ և տվել է այն, ինչի կարիքն ունեցել ենք, նույնիսկ երբ թվացել է, թե այլևս ելք չկա»։

13. Ինչպե՞ս Եհովային ապավինելն օգնեց մի քրոջ, որի հետ մի շարք դժբախտություններ պատահեցին։

13 Լիովին Եհովային ապավինելը կարող է օգնել նաև, երբ դժբախտություն է պատահում։ Մի օրինակ բերենք։ Ռանդայի ոչ Վկա ամուսինը ապահարզան պահանջեց, այդ ընթացքում նրա եղբոր մոտ մաշկի տուբերկուլոզ հայտնաբերվեց. հիվանդություն, որը կարող է տանել մահվան։ Իսկ մի քանի ամիս հետո մահացավ եղբոր կինը։ Երբ Ռանդան սկսեց ուշքի գալ էմոցիոնալ ծանր վիճակից, ռահվիրայություն սկսեց։ Ցավոք, կարճ ժամանակ անց նա ևս մի հարված ստացավ. մահացավ նրա մայրը։ Ի՞նչն օգնեց նրան դիմանալու այս ամենին։ Ռանդան ասում է. «Ես ամեն օր զրուցում էի Եհովայի հետ, նույնիսկ փոքր հարցերում որոշում կայացնելիս։ Այդպես վարվելու շնորհիվ նա իրական դարձավ ինձ համար։ Ես սովորեցի ապավինել նրա՛ն, ոչ թե ինքս ինձ կամ մարդկանց։ Եհովայի տված օգնությունը իրական էր. նա հոգում էր իմ բոլոր կարիքների մասին։ Մենք ձեռք ձեռքի տված համագործակցում էինք»։

Նույնիսկ ընտանիքում կարող են լինել այնպիսի դժվարություններ, որոնք կվտանգեն Եհովայի հետ ունեցած մեր փոխհարաբերությունները (տե՛ս պարբերություն 14–16)

14. Ինչո՞ւմ կարող է վստահ լինել հավատարիմ քրիստոնյան, որի հարազատը զրկվել է ընկերակցությունից։

14 Քննենք մեկ այլ իրավիճակ։ Ենթադրենք՝ հարազատներիցդ մեկը զրկվել է ընկերակցությունից։ Դու գիտես Աստվածաշնչի տեսակետը, թե ինչպես վարվել ընկերակցությունից զրկվածների հետ (1 Կորնթ. 5։11; 2 Հովհ. 10)։ Սակայն երբեմն գուցե թվա, թե շատ դժվար է, նույնիսկ անհնար թիկունք կանգնել երեցների կայացրած որոշմանը։ * Կապավինե՞ս քո երկնային Հորը՝ վստահ լինելով, որ նա կամքի ուժ կտա քեզ, որպեսզի վճռականորեն հետևես այդ հարցի հետ կապված Աստվածաշնչի առաջնորդությանը։ Դա Եհովայի հետ ունեցած հարաբերություններդ ավելի ամրացնելու առիթ կհամարե՞ս։

15. Ինչո՞ւ Ադամը չհնազանդվեց Եհովայի պատվերին։

15 Մի պահ մտածիր առաջին մարդու՝ Ադամի մասին։ Արդյոք նա կարծո՞ւմ էր, որ կարող է չհնազանդվել և շարունակել ապրել։ Ո՛չ, քանի որ Սուրբ Գիրքն ասում է, որ նա «չխաբվեց» (1 Տիմոթ. 2։14)։ Ապա ինչո՞ւ չհնազանդվեց։ Ադամը կերավ Եվայի առաջարկած պտղից այն պատճառով, որ նրան ավելի շատ էր սիրում, քան իր Աստծուն։ Եհովայի ձայնին լսելու փոխարեն՝ նա լսեց իր կնոջ ձայնին (Ծննդ. 3։6, 17

16. Ո՞ւմ պետք է ամենից շատ սիրենք և ինչո՞ւ։

16 Սա նշանակո՞ւմ է, որ չպետք է շատ սիրենք մեր հարազատներին։ Իհա՛րկե ոչ։ Բայց ամենից շատ պետք է սիրենք Եհովային (կարդա՛  Մատթեոս 22։37, 38)։ Անկախ նրանից՝ մեր հարազատները ծառայում են Եհովային, թե ոչ, այդպես վարվելը նպաստում է նրանց բարօրությանը։ Ուստի շարունակիր մեծացնել սերդ ու վստահությունդ Աստծու նկատմամբ։ Եթե անհանգստանում ես ընկերակցությունից զրկված հարազատիդ մասին, սիրտդ բացիր Եհովայի առաջ * (Հռոմ. 12։12; Փիլիպ. 4։6, 7)։ Այս ծանր իրավիճակը առիթ համարիր նրա հետ հարաբերություններդ ավելի իրական դարձնելու համար։ Դա իր հերթին կօգնի քեզ ապավինելու Եհովային և վստահ լինելու, որ նրան հնազանդվելը լավագույն օգուտները կբերի։

ՄԻՆՉ ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ

Եհովայի գործում զբաղված լինելով՝ ցույց կտաս, որ ապավինում ես նրան (տե՛ս պարբերություն 17)

17. Երբ զբաղված ենք մնում քարոզչական գործում, ինչպե՞ս ենք ցույց տալիս, որ ապավինում ենք Եհովային։

17 Ի՞նչ նպատակով Պողոսը ազատվեց «առյուծի երախից»։ Նա գրեց. «Որ իմ միջոցով բարի լուրի քարոզչությունն ամբողջությամբ կատարվի, ու բոլոր ազգերը լսեն այն» (2 Տիմոթ. 4։17)։ Եթե մենք էլ, Պողոսի նման, զբաղված լինենք քարոզչական գործում, կարող ենք համոզված լինել, որ Եհովան կտա մեզ անհրաժեշտ բոլոր բաները (Մատթ. 6։33)։ Որպես Թագավորության քարոզիչներ՝ «պիտանի ենք համարվել բարի լուրը քարոզելու», և Եհովան մեզ համարում է իր «համագործակիցները» (1 Թեսաղ. 2։4; 1 Կորնթ. 3։9)։ Աստծու գործում հնարավորինս ակտիվ լինելով՝ ավելի հեշտությամբ կսպասենք մեր աղոթքների պատասխանին։

18. Ինչպե՞ս կարող ենք ապավինել Եհովային և ամրացնել նրա հետ ունեցած փոխհարաբերությունները։

18 Ուրեմն եկեք հիմա՛ ամրացնեք մեր փոխհարաբերությունները Աստծու հետ։ Եթե որևէ իրավիճակ մեզ մտահոգություն պատճառի, դա առիթ համարենք Եհովայի հետ մտերմանալու համար։ Աստծու Խոսքը խորությամբ ուսումնասիրելու, շարունակաբար աղոթելու և հոգևոր գործունեությամբ զբաղված լինելու շնորհիվ կհամոզվենք, որ Եհովան կարող է օգնել մեզ և կօգնի տոկալու ներկայիս դժվարությունների ներքո, ինչպես նաև ապագայում սպասվող փորձությունների ժամանակ։

^ պարբ. 2 «Առյուծի երախից» արտահայտությունը կարելի է հասկանալ և՛ բառացի, և՛ փոխաբերական իմաստով։

^ պարբ. 10 Մի շարք հոդվածներ են տպագրվել՝ օգնելու քրիստոնյաներին տոկալու հիվանդությունների ժամանակ, ինչպես նաև սատարելու խնամողներին։ Տե՛ս «Արթնացե՛ք»-ի հետևյալ համարները՝ 1994թ. փետրվարի 8 (անգլ.), 1997թ. փետրվարի 8 (անգլ. ռուս.), 2000թ. մայիսի 22 (անգլ. ռուս.) և 2001թ. հունվարի 22 (անգլ. ռուս.)։

^ պարբ. 12 Անունները փոխված են։

^ պարբ. 16 Մի շարք հոդվածներ են տպագրվել՝ օգնելու ընտանիքի հավատարիմ անդամներին, երբ հարազատը թողնում է Եհովային։ Տե՛ս «Դիտարանի» 2006թ. սեպտեմբերի 1-ի (էջ 17–21) և 2007թ. հունվարի 15-ի (էջ 17–20) համարները։