Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Որքա՞ն իրական են Եհովայի հետ ունեցած քո փոխհարաբերությունները

Որքա՞ն իրական են Եհովայի հետ ունեցած քո փոխհարաբերությունները

«Մոտեցեք Աստծուն, և նա կմոտենա ձեզ» (ՀԱԿ. 4։8

1. Ինչո՞ւ պետք է ամուր պահենք Եհովայի հետ ունեցած փոխհարաբերությունները։

ՄԿՐՏՎԱԾ Եհովայի վկա՞ ես։ Եթե այո, ապա իմացիր, որ մի շատ արժեքավոր բան ունես՝ անձնական փոխհարաբերություններ Աստծու հետ։ Բայց այդ փոխհարաբերությունները վտանգի տակ են Սատանայի աշխարհից եկող ճնշումների և մեր անկատար մարմնի պատճառով։ Հետևաբար, բոլորս պետք է որքան հնարավոր է ամուր պահենք Եհովայի հետ ունեցած փոխհարաբերությունները։

2. ա) Ի՞նչ է փոխհարաբերությունը (տե՛ս ծանոթագրությունը)։ բ) Ինչպե՞ս կարող ենք ամրացնել Եհովայի հետ ունեցած մեր փոխհարաբերությունները։

2 Որքա՞ն իրական են Եհովայի հետ ունեցած փոխհարաբերություններդ։ Կուզեի՞ր ավելի շատ ամրացնել դրանք։ Հակոբոս 4։8-ն ասում է, թե ինչպես կարելի է դա անել. «Մոտեցեք Աստծուն, և նա կմոտենա ձեզ»։ Նկատենք, որ այստեղ խոսվում է երկկողմանի գործողության մասին։ * Երբ քայլեր ենք ձեռնարկում Աստծուն մոտենալու համար, նա էլ մեզ է մոտենում։ Այս պրոցեսն անընդհատ կրկնվում է, և Եհովայի հետ ունեցած մեր փոխհարաբերությունները աստիճանաբար ամրանում են։ Արդյունքում դրանք շատ իրական են դառնում մեզ համար։ Մենք այնպիսի վստահություն ենք զարգացնում Աստծու հանդեպ, ինչպիսին որ Հիսուսն ուներ. «Նա, ով ուղարկեց ինձ, իսկապես գոյություն ունի.... ես ճանաչում եմ նրան»,— ասաց նա (Հովհ. 7։28, 29)։ Իսկ կոնկրետ ի՞նչ կարող ես անել, որպեսզի ավելի մտերմանաս Աստծու հետ։

Ինչպե՞ս կարող ես հաղորդակցվել Աստծու հետ (տե՛ս պարբերություն 3)

3. Ինչպե՞ս կարող ենք հաղորդակցվել Եհովայի հետ։

3 Կանոնավորաբար հաղորդակցվելը շատ կարևոր է Եհովայի հետ մտերմանալու համար։ Ինչպե՞ ս կարող ես հաղորդակցվել Աստծու հետ։ Իսկ ինչպե՞ս ես շփվում ընկերոջդ հետ, ով շատ հեռու է ապրում։ Հավանաբար, դուք գրում եք իրար և զրուցում եք հեռախոսով, թերևս շատ հաճախ։ Նմանապես, երբ հաճախակի աղոթում ես Եհովային, դու զրուցում ես նրա հետ (կարդա՛  Սաղմոս 142։2)։ Եվ երբ կանոնավորաբար կարդում ես Աստծու Խոսքը և խորհրդածում դրա շուրջ, թույլ ես տալիս, որ նա, այսպես ասած, խոսի քեզ հետ (կարդա՛  Եսայիա 30։20, 21)։ Տեսնենք, թե ինչպես է այս երկկողմանի հաղորդակցությունը ամրացնում Եհովայի հետ մեր մտերմությունը՝ առավել քան երբևէ իրական դարձնելով մեր փոխհարաբերությունները։

ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ. ԵՀՈՎԱՆ ԽՈՍՈՒՄ Է ՔԵԶ ՀԵՏ

4, 5. Ինչպե՞ս է Եհովան իր Խոսքի միջոցով հաղորդակցվում անձամբ քեզ հետ։ Բեր օրինակ։

4 Անկասկած, կհամաձայնես, որ Աստվածաշունչը Աստծու ուղերձն է ողջ մարդկությանը։ Իսկ դրանում ասվո՞ւմ է, թե անձամբ դու ինչպես կարող ես մոտենալ Եհովային։ Անշո՛ւշտ։ Երբ կանոնավորաբար կարդում և ուսումնասիրում ես Սուրբ Գիրքը, ուշադրություն դարձրու, թե ինչպես ես արձագանքում գրվածին, և մտածիր, թե ինչպես կարող ես կիրառել սովորածդ։ Այդպես վարվելով՝ թույլ կտաս, որ Եհովան իր Խոսքի միջոցով խոսի քեզ հետ։ Դա ավելի կմտերմացնի ձեզ (Եբր. 4։12; Հակ. 1։23–25

5 Օրինակ՝ կարդա և խորհրդածիր Հիսուսի հետևյալ խոսքերի շուրջ. «Ձեզ համար այլևս գանձեր մի՛ դիզեք երկրի վրա»։ Եթե կարծում ես, որ կյանքդ կենտրոնացած է Թագավորության շահերը առաջ տանելու վրա, ապա կզգաս, որ ունես Եհովայի հավանությունը։ Իսկ եթե կարծում ես, որ պետք է պարզեցնես կյանքդ և ավելի շատ կենտրոնանաս Թագավորության շահերի վրա, ուրեմն Եհովան նախազգուշացնում է, թե դու որ ոլորտում աշխատելու տեղ ունես նրան մոտենալու համար (Մատթ. 6։19, 20

6, 7. ա) Ինչպե՞ս է Աստվածաշնչի ուսումնասիրությունը անդրադառնում Եհովայի և մեր փոխադարձ սիրո վրա։ բ) Ի՞նչ նպատակ պետք է ունենանք, երբ անձնական ուսումնասիրություն ենք անում։

6 Աստծու Խոսքի ուսումնասիրությունը ոչ միայն բացահայտում է այն ոլորտները, որոնցում աշխատելու տեղ ունենք հոգևորապես առաջադիմելու համար, այլ նաև խորացնում է մեր երախտագիտությունը Եհովայի հրաշալի անձնավորության և այն ամենի հանդեպ, ինչ նա, սիրուց մղված, անում է։ Արդյունքում ավելի շատ ենք սիրում նրան։ Եվ երբ Աստծու հանդեպ մեր սերը մեծանում է, նրա սերը մեր հանդեպ ուժգնանում է, և մեր հարաբերություններն ամրանում են (կարդա՛  1 Կորնթացիներ 8։3

7 Այնուամենայնիվ, Եհովայի հետ մտերմանալու համար անչափ կարևոր է այն, թե ինչ նպատակով ենք ուսումնասիրում նրա Խոսքը։ Հովհաննես 17։3-ում ասվում է. «Սա է հավիտենական կյանքը, որ ճանաչեն քեզ՝ միակ ճշմարիտ Աստծուդ, և Հիսուս Քրիստոսին, որին դու ուղարկեցիր»։ Ուստի մեր նպատակը չպետք է լինի Եհովայի մասին պարզապես գիտելիքներ ձեռք բերելը. մենք պետք է ձգտենք ավելի լավ «ճանաչել» նրան որպես Անձնավորություն (կարդա՛  Ելք 33։13; Սաղ. 25։4

8. ա) Ի՞նչ մտահոգություն գուցե ունենանք՝ ընթերցելով 2 Թագավորներ 15։1–5 համարները։ բ) Ինչպե՞ս է Եհովային ճանաչելը ցրում նրա գործելակերպի հետ կապված բոլոր կասկածները։

8 Երբ Եհովային ավելի լավ ճանաչենք, աստվածաշնչյան այնպիսի արձանագրություն ընթերցելիս, որում չի բացատրվում նրա գործելակերպը, չափից շատ չենք մտահոգվի, թե ինչու է նա այս կամ այն կերպ վարվել։ Օրինակ՝ ինչպե՞ս ես արձագանքում, երբ կարդում ես, թե ինչպես Եհովան վարվեց Հուդայի Ազարիա թագավորի հետ (2 Թագ. 15։1–5)։ Նկատիր, որ թեև «ժողովուրդը առաջվա պես բարձունքների վրա զոհեր էր մատուցում և զոհերի ծուխն էր վեր հանում», Ազարիան «արեց այն, ինչը ճիշտ էր Եհովայի աչքում»։ Այնուհանդերձ, «Եհովան թագավորին բորոտությամբ հարվածեց, և նա մինչև իր մահվան օրը բորոտ մնաց»։ Ինչո՞ւ։ Արձանագրությունը ոչինչ չի հայտնում։ Պե՞տք է արդյոք մտահոգվենք կամ մտածենք, թե ինչու Եհովան առանց հիմնավոր պատճառի պատժեց Ազարիային։ Ո՛չ, այդպես չենք մտածի, եթե խոր գիտելիքներ ունենանք Եհովայի ճանապարհների մասին, օրինակ՝ եթե իմանանք, որ նա միշտ «չափավորությամբ» է ուղղում (Երեմ. 30։11)։ Նման գիտելիքների շնորհիվ մենք համոզված կլինենք, որ եթե նույնիսկ չգիտենք, թե ինչու Եհովան Ազարիայի հետ այդպես վարվեց, կարող ենք վստահ լինել, որ նա արդարացիորեն պատժեց թագավորին։

9. Ո՞ր մանրամասներն են օգնում հասկանալու, թե ինչու Եհովան Ազարիային բորոտությամբ հարվածեց։

9 Այս դեպքում, սակայն, հավելյալ մանրամասներ կան աստվածաշնչյան այլ արձանագրությունում։ Ազարիա թագավորը հայտնի է նաև որպես Օզիա թագավոր (2 Թագ. 15։7, 32)։ Զուգահեռ արձանագրությունից՝ 2 Տարեգրություն 26։3–5, 16–21 համարներից, իմանում ենք, որ Օզիան մի որոշ ժամանակ արեց այն, ինչ ճիշտ էր Եհովայի աչքում, բայց հետագայում «նրա սիրտը հպարտացավ, և հենց դա էլ կործանեց նրան»։ Նա հանդգնորեն փորձեց անել մի բան, ինչը քահանաների գործն էր, և իր իրավունքների մեջ չէր մտնում։ Ութսունմեկ քահանաներ հակառակվեցին թագավորին և փորձեցին ուղղել։ Բայց ինչպե՞ս արձագանքեց Օզիան։ Նրա արձագանքը ցույց տվեց, թե որքան հպարտ էր դարձել. թագավորը «զայրացավ» քահանաների վրա։ Ուստի զարմանալի չէ, որ Եհովան նրան բորոտությամբ հարվածեց։

10. Ինչո՞ւ մենք Եհովայի գործելակերպի հետ կապված միշտ բացատրությունների կարիք չունենք, և ինչպե՞ս կարող ենք ավելացնել մեր վստահությունը Եհովայի արդար ճանապարհների հանդեպ։

10 Ի՞նչ կարևոր բան ենք սովորում։ Ենթադրենք՝ Աստծու Խոսքում չկան հստակեցնող մանրամասներ, ինչպիսին է պարագան Աստվածաշնչի համառոտ արձանագրությունների դեպքում։ Հակված կլինե՞ս հարցականի տակ դնելու Աստծու արդարացի լինելը, թե՞ կմտածես, որ Աստվածաշունչը բավականաչափ տեղեկություն պարունակում է մեզ վստահեցնելու համար, որ Եհովան միշտ անում է այն, ինչ ճիշտ է. ի վերջո նա է սահմանում ճշտի ու սխալի չափանիշը (2 Օրենք 32։4)։ Երբ սկսենք ավելի լավ ճանաչել Եհովային որպես Անձնավորություն, մեր սերն ու երախտագիտությունը այնքան կմեծանան նրա արդար ճանապարհների հանդեպ, որ նրա արած ամեն մի բանի համար բացատրությունների կարիք չենք ունենա։ Համոզված եղիր, որ որքան շատ ջանք թափես ուսումնասիրելու և խորհրդածելու այն մասին, թե ինչպես է Աստված իր գրավոր Խոսքի միջոցով հաղորդակցվում մեզ հետ, այնքան ավելի շատ կլցվես երախտագիտության զգացումով (Սաղ. 77։12, 13)։ Դա էլ իր հերթին կամրացնի քո ու Եհովայի փոխհարաբերությունները՝ դրանք առավել քան երբևէ իրական դարձնելով։

ԱՂՈԹՔ. ԴՈՒ ԽՈՍՈՒՄ ԵՍ ԵՀՈՎԱՅԻ ՀԵՏ

11–13. Որտեղի՞ց գիտենք, որ Եհովան աղոթքներ Լսող է (տե՛ս 19-րդ էջի նկարը)։

11 Աղոթքի միջոցով մոտենում ենք Եհովային։ Մենք գովաբանում ենք նրան, շնորհակալություն ենք հայտնում և փնտրում ենք նրա առաջնորդությունը (Սաղ. 32։8)։ Բայց որպեսզի Եհովայի հետ ունեցած քո փոխհարաբերությունները իրական լինեն, դու պետք է համոզված լինես, որ նա աղոթքներ Լսող է։

12 Ոմանք կարծում են, որ աղոթքը միայն օգնում է հոգեբանորեն։ Նրանք պնդում են, որ եթե կարծում ես, թե Աստված պատասխանել է աղոթքիդ, ապա պատճառը պարզապես այն է, որ մտքերդ վերածել ես խոսքերի, հասկացել ես, թե որն է խնդիրը, և միտքդ կենտրոնացրել ես այն լուծելու վրա։ Աղոթքն իսկապես կարող է նման կերպով օգնել։ Բայց ինչո՞ւ կարող ես համոզված լինել, որ Եհովան իրականում լսում է քո անկեղծ աղոթքները։

13 Քննենք հետևյալը. Հիսուսը իր մինչմարդկային գոյության ժամանակ ականատես է եղել, թե ինչպես է Եհովան պատասխանել իր ծառաների աղոթքներին։ Հետագայում՝ իր երկրային ծառայության ընթացքում, Հիսուսը աղոթքի միջոցով հաղորդակցվում էր իր երկնային Հոր հետ՝ պատմելով նրան իր զգացմունքների մասին։ Արդյոք նա կվարվե՞ր այդպես, անգամ ամբողջ գիշերը կանցկացնե՞ր աղոթելով, եթե մտածեր, որ Եհովան իրականում չի լսում իրեն (Ղուկ. 6։12; 22։40–46)։ Արդյոք նա կսովորեցնե՞ր իր աշակերտներին աղոթել, եթե մտածեր, թե աղոթքը ընդամենը հոգեբանական օգնություն է։ Հստակ է՝ Հիսուսը գիտեր, որ աղոթքը իրական հաղորդակցություն է Եհովայի հետ։ Մի առիթով նա ասաց. «Հա՛յր, շնորհակա՛լ եմ քեզ, որ ինձ լսեցիր։ Ճիշտ է, ես գիտեի, որ դու միշտ լսում ես ինձ»։ Մենք նույնպես կարող ենք վստահ լինել, որ Եհովան «աղոթքներ Լսող» է (Հովհ. 11։41, 42; Սաղ. 65։2

14, 15. ա) Ի՞նչ օգուտներ են բերում կոնկրետ աղոթքները։ բ) Աղոթքները ինչպե՞ս օգնեցին մի քրոջ ամրացնելու իր ու Եհովայի փոխհարաբերությունները։

14 Երբ կոնկրետ աղոթքներ ես անում, ավելի հստակ ես տեսնում Եհովայի պատասխանները, նույնիսկ եթե դրանք նկատելի չեն։ Երբ տեսնես, որ Աստված պատասխանում է քո աղոթքներին, նա ավելի իրական կդառնա քեզ համար։ Բացի այդ, որքան շատ հայտնես Եհովային քո խորին մտահոգությունները, նա այնքան ավելի կմտերմանա քեզ հետ։

15 Քննենք Քեթիի * օրինակը։ Նա չէր սիրում ծառայությունը՝ չնայած որ կանոնավորաբար մասնակցում էր դրան։ Քեթին ասում է. «Ես չէի սիրում ծառայությունը։ Իսկապես չէի սիրում։ Երբ դուրս եկա աշխատանքից, երեցներից մեկն ասաց, որ հույս ունի՝ ընդհանուր ռահվիրա կդառնամ։ Նա նույնիսկ ինձ դիմում տվեց։ Որոշեցի ռահվիրայություն անել։ Միևնույն ժամանակ սկսեցի ամեն օր աղոթել, որ Եհովան օգնի ինձ սիրելու ծառայությունը»։ Աստված պատասխանե՞ց նրա աղոթքներին։ Քույրն ասում է. «Արդեն երրորդ տարին է, որ ռահվիրա եմ։ Ավելի շատ ժամանակ անցկացնելով ծառայության մեջ և սովորելով մյուս քույրերից՝ աստիճանաբար բարելավեցի վկայություն տալու հմտություններս։ Այսօր ես ոչ թե սիրում եմ ծառայությունը, այլ շատ եմ սիրում։ Բացի այդ, ավելի շատ եմ մտերմացել Եհովայի հետ»։ Այո՛, աղոթքներն օգնեցին Քեթիին իրական դարձնելու Աստծու հետ ունեցած փոխհարաբերությունները։

ԱՐԱ ՔՈ ԲԱԺԻՆԸ

16, 17. ա) Ի՞նչ պետք է անենք, որպեսզի Եհովայի հետ ունեցած մեր փոխհարաբերությունները իրական լինեն և գնալով ամրանան։ բ) Ի՞նչ ենք քննելու հաջորդ հոդվածում։

16 Մենք կարող ենք մեր ողջ կյանքի ընթացքում մտերիմ հարաբերություններ զարգացնել Եհովայի հետ։ Եթե ուզում ենք, որ Աստված մոտենա մեզ, պետք է քայլեր ձեռնարկենք նրան մոտենալու համար։ Ուրեմն եկեք ամեն ինչ անենք, որպեսզի կարողանանք կանոնավորաբար հաղորդակցվել մեր Աստծու հետ Աստվածաշնչի ուսումնասիրության և աղոթքի միջոցով։ Արդյունքում մեր ու Եհովայի՝ գնալով ամրացող փոխհարաբերությունների շնորհիվ հաջողությամբ կհաղթահարենք դժվարությունները։

Մենք կարող ենք մեր ողջ կյանքի ընթացքում մտերիմ հարաբերություններ զարգացնել Եհովայի հետ (տե՛ս պարբերություն 16, 17)

17 Այնուամենայնիվ, գուցե այնպես լինի, որ, չնայած մեր ջերմեռանդ աղոթքներին, անձնական խնդիրը մնա չլուծված։ Նման դեպքերում Եհովայի հանդեպ ունեցած մեր վստահությունը կարող է թուլանալ։ Գուցե սկսենք մտածել, թե Եհովան իսկապես լսում է մեր աղոթքները կամ մեզ համարում է իր ընկերը։ Ինչպե՞ս կարող ենք նման դեպքերում համոզված լինել, որ Աստծու հետ ունեցած մեր փոխհարաբերությունները իրական են։ Հաջորդ հոդվածում կանդրադառնանք այս հարցին։

^ պարբ. 2 Ըստ մի բառարանի՝ փոխհարաբերությունը այն է, որ երկու հոգի արտահայտում են իրենց զգացումներն ու վերաբերմունքը միմյանց նկատմամբ։ Երկու կողմն էլ պետք է որոշակի քայլեր ձեռնարկի, որպեսզի իրենց փոխհարաբերությունները ամուր մնան։

^ պարբ. 15 Անունը փոխված է։