Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

«Թող բազում կղզիներն ուրախանան»

«Թող բազում կղզիներն ուրախանան»

2000թ. մայիսի 22-ն էր։ Այդ օրը դեռ երկար կհիշեմ։ Ես և աշխարհի տարբեր մասերից եկած մի խումբ եղբայրներ սպասում էինք Կառավարիչ մարմնի խորհրդակցության սենյակում։ Գրական կոմիտեն ուր որ է պետք է ներս մտներ։ Նախորդ մի քանի շաբաթների ընթացքում մենք ուսումնասիրել էինք այն խնդիրները, որոնց բախվում են թարգմանիչները, և պետք է լուծումներ առաջադրեինք, ուստի շատ լարված էինք։ Իսկ ինչո՞ւ էր այդ հանդիպումն այդքան կարևոր։ Նախքան այս հարցին պատասխանելը թույլ տվեք մի փոքր պատմեմ իմ անցյալից։

Մկրտվել եմ Քվինսլենդում, ռահվիրա եմ եղել Տասմանիայում, միսիոներ՝ Թուվալուում, Սամոայում և Ֆիջիում

ԾՆՎԵԼ ԵՄ 1955թ.-ին Քվինսլենդում (Ավստրալիա)։ Իմ ծնվելուց կարճ ժամանակ հետո մայրս՝ Էստելը, սկսեց Աստվածաշունչ ուսումնասիրել Եհովայի վկաների օգնությամբ։ Հաջորդ տարի նա մկրտվեց, իսկ հայրս՝ Ռոնը, 13 տարի հետո ընդունեց ճշմարտությունը։ Ես մկրտվեցի 1968թ.-ին Քվինսլենդում։

Փոքրուց սիրել եմ կարդալ, և լեզուները իմ տարերքն էին։ Ամեն անգամ, երբ ընտանիքով ճամփորդում էինք, փոխանակ հիանալու տեսարանով՝ ավտոմեքենայի հետևի նստարանին նստած՝ գիրք էի կարդում։ Դա նյարդայնացնում էր ծնողներիս։ Բայց ընթերցասիրությունն օգնեց ինձ դպրոցական տարիներին։ Տասմանիա կղզու Գլենորկի քաղաքում սովորելու ընթացքում մի քանի անգամ պարգևատրվել եմ ուսման մեջ հաջողությունների հասնելու համար։

Եկավ ժամանակը, երբ պետք է կարևոր որոշում կայացնեի. ինձ կրթաթոշակ էին առաջարկել ուսումս համալսարանում շարունակելու համար։ Կընդունեի՞ այդ առաջարկը։ Ճիշտ է, շատ էի սիրում կարդալ ու սովորել, բայց անչափ երախտապարտ եմ մորս, որ օգնել է ինձ ավելի շատ սիրելու Եհովային (1 Կորնթ. 3։18, 19)։ Ուստի ծնողներիս համաձայնությամբ, երբ ավարտեցի դպրոցը ու վերցրի ատեստատս, 1971թ. հունվարից 15 տարեկանում սկսեցի ռահվիրայություն անել։

Հաջորդ ութ տարիների ընթացքում պատիվ ունեցա ռահվիրա ծառայելու Տասմանիայում։ Այդ ընթացքում ամուսնացա մի գեղեցիկ տասմանուհու հետ՝ Ջենի Ալկոկի։ Չորս տարի մենք միասին հատուկ ռահվիրա ծառայեցինք Սմիտտոնի և Քուինսթաունի մեկուսի տարածքներում։

ԴԵՊԻ ԽԱՂԱՂՕՎԿԻԱՆՈՍՅԱՆ ԿՂԶԻՆԵՐ

1978թ.-ին գնացինք ծովից այն կողմ՝ առաջին անգամ ներկա լինելու միջազգային համաժողովի, որն անցկացվեց Փորտ Մորսբիում (Պապուա Նոր Գվինեա)։ Մինչև հիմա հիշում եմ այն ելույթը, որ մի միսիոներ ներկայացրեց հիրի մոտու լեզվով։ Թեև ոչ մի բառ չհասկացա այդ ելույթից, բայց այն մղեց ինձ, որ դառնամ միսիոներ, սովորեմ այլ լեզուներ և այդպիսի ելույթներ ներկայացնեմ։ Ի վերջո գտա, թե ինչպես կարող եմ Եհովայի հանդեպ սերը միավորել լեզուների հանդեպ իմ սիրո հետ։

Ի զարմանս մեզ, երբ վերադարձանք Ավստրալիա, հրավեր ստացանք միսիոներ ծառայելու Թուվալու կղզեխմբի (նախկինում՝ Էլիս կղզիներ) Ֆունաֆութի կղզում։ Մենք ժամանեցինք մեր նոր նշանակման վայր 1979թ. հունվարին։ Թուվալուում կար ընդամենը երեք մկրտված քարոզիչ։

Ջենիի հետ Թուվալուում

Թուվալուերեն սովորելը հեշտ չէր։ Այս լեզվով ընդամենը մեկ գիրք կար՝ Նոր Կտակարանը։ Չկային ո՛չ բառարաններ, ո՛չ էլ լեզվի դասընթացներ։ Այդ պատճառով որոշեցինք փորձել ամեն օր 10–20 նոր բառ սովորել։ Սակայն շուտով տեսանք, որ չենք հասկանում մեր սովորած բառերի մեծ մասի ճիշտ նշանակությունը։ Փոխանակ մարդկանց ասելու, որ գուշակությունը սխալ բան է, նրանց ասում էինք, որ չի կարելի կշեռք և ձեռնափայտ օգտագործել։ Բայց մենք պետք է սովորեինք լեզուն, որպեսզի կարողանայինք անցկացնել Աստվածաշնչի այն բազմաթիվ ուսումնասիրությունները, որ սկսել էինք, ուստի շարունակեցինք ջանք թափել։ Տարիներ անց մի կին, ում հետ մենք այդ ընթացքում Աստվածաշունչ էինք ուսումնասիրել, ասաց. «Մենք այնքան ուրախ ենք, որ այժմ կարողանում եք խոսել մեր լեզվով։ Սկզբում չէինք հասկանում, թե ինչ եք ուզում ասել»։

Մյուս կողմից, սակայն, նոր լեզու սովորելու համար մենք իդեալական միջավայրում էինք։ Քանի որ վարձով տներ չկային, սկսեցինք ապրել մի Վկա ընտանիքի հետ գլխավոր գյուղում։ Դա նշանակում էր ամբողջովին մխրճվել լեզվի և գյուղական կյանքի մեջ։ Մի քանի տարի շարունակ անգլերեն չխոսեցինք, այդ պատճառով թուվալուերենը դարձավ մեր հիմնական լեզուն։

Շուտով շատերը սկսեցին հետաքրքրություն ցույց տալ ճշմարտության հանդեպ։ Բայց ի՞նչ ձեռնարկով էինք նրանց հետ ուսումնասիրելու։ Մենք նրանց լեզվով գրականություն չունեինք։ Ինչպե՞ս էին նրանք անձնական ուսումնասիրություն անելու։ Երբ սկսեին հաճախել հանդիպումներին, ի՞նչ երգեր էին երգելու, ի՞նչ նյութ էին ուսումնասիրելու և ինչպե՞ս էին պատրաստվելու հանդիպումներին։ Ինչպե՞ս կկարողանային առաջադիմել և հասնել մկրտության։ Ախր այս խոնարհ մարդիկ իրենց լեզվով հոգևոր սննդի կարիք ունեին (1 Կորնթ. 14։9)։ Անգամ մտածում էինք, թե երբևէ գրականություն լույս կտեսնի թուվալուերենով, մի լեզվով, որով 15000-ից քիչ մարդ է խոսում։ Եհովան պատասխանեց այս հարցերին՝ մեզ համար երկու բան հստակ դարձնելով։ 1) Նա ուզում է, որ իր Խոսքը հռչակվի «հեռավոր կղզիներին», և 2) ուզում է, որ նրանք, ում այս աշխարհը «անտոհմ» և «արհամարհված» է համարում, ապաստան գտնեն իր անվան մեջ (Երեմ. 31։10; 1 Կորնթ. 1։28

ՀՈԳԵՎՈՐ ԿԵՐԱԿՈՒՐ ԵՆՔ ԹԱՐԳՄԱՆՈՒՄ

1980թ.-ին մասնաճյուղը մեզ նշանակեց ծառայելու որպես թարգմանիչներ, մի գործ, որին, մեր կարծիքով, բոլորովին չէինք համապատասխանում (1 Կորնթ. 1։28, 29)։ Սկզբում մենք կարողացանք մի հին միմոգրաֆ գնել կառավարությունից և դրա միջոցով հանդիպումների համար նյութեր տպագրեցինք։ Նույնիսկ թուվալուերեն թարգմանեցինք «Ճշմարտություն, որ հավիտենական կյանքի է առաջնորդում» գիրքը և միմոգրաֆով տպագրեցինք այն։ Ես դեռ հիշում եմ թանաքի ուժեղ հոտը և թե ինչ ջանքեր էինք ներդնում, որ տրոպիկական անտանելի շոգին ձեռքով բազմացնենք այս բոլոր հրատարակությունները։ Այդ ժամանակ էլեկտրականություն չունեինք։

Դժվար էր թուվալուերեն թարգմանելը, քանի որ շատ քիչ աղբյուրներ ունեինք, որոնք կարող էին օգտակար լինել մեզ համար։ Բայց երբեմն օգնությունը գալիս էր անսպասելի աղբյուրներից։ Մի անգամ առավոտյան ես սխալմամբ թակեցի այն դուռը, որի տան տերը հակառակվում էր ճշմարտությանը։ Նա մի տարեց մարդ էր, որը ուսուցիչ էր եղել։ Այդ մարդը անմիջապես հիշեցրեց, որ չպետք է իրեն անհանգստացնեինք։ Հետո ասաց. «Պարզապես մի բան եմ ուզում նշել։ Ձեր թարգմանության մեջ դուք չափազանց շատ եք օգտագործում կրավորական սեռը։ Թուվալուերենում դա այդքան հաճախ չի օգտագործվում»։ Ես ուրիշներից ճշտեցի, և պարզվեց, որ նա իրավացի էր։ Ուստի փոփոխություններ արեցինք մեր թարգմանություններում։ Ես ապշել էի, որ Եհովան մեզ օգնեց հակառակվողի միջոցով, որը, փաստորեն, կարդում էր մեր գրականությունը։

«Թագավորության լուրը» No. 30 թերթիկը թուվալուերենով

Տարածելու համար առաջին գրականությունը, որ թուվալուերենով տպագրվեց, Հիշատակի երեկոյի հրավիրատոմսն էր։ Դրան հաջորդեց «Թագավորության լուրը» No. 30 թերթիկը, որը լույս տեսավ անգլերենի հետ միաժամանակ։ Մարդկանց իրենց մայրենի լեզվով գրականություն առաջարկելը մեծ ուրախություն էր։ Աստիճանաբար թուվալուերենով որոշ գրքույկներ և նույնիսկ գրքեր մատչելի դարձան։ 1983թ.-ին Ավստրալիայի մասնաճյուղը սկսեց տպագրել 24-էջանոց եռամսյա «Դիտարան», ինչի շնորհիվ ամեն շաբաթ միջինը յոթ պարբերություն էինք ուսումնասիրում։ Իսկ ինչպիսի՞ն էր հասարակության արձագանքը։ Քանի որ Թուվալուում մարդիկ սիրում են կարդալ, մեր գրականությունը մեծ ճանաչում գտավ։ Ամեն անգամ, երբ գրականություն էինք ստանում, այդ մասին հայտարարվում էր պետական ռադիոկայանի լուրերով, և դա երբեմն էլ դառնում էր օրվա գլխավոր լուրը։ *

Թարգմանչական գործը սկսվում էր գրչով ու թղթով, իսկ հետո պատրաստի տեքստը բազմաթիվ անգամներ տպվում և վերատպվում էր նախքան Ավստրալիայի մասնաճյուղ ուղարկվելը։ Մասնաճյուղում երկու քույրեր առանձին թուվալուերեն տեքստը մտցնում էին համակարգչի մեջ, թեև չէին հասկանում լեզուն։ Տեքստը երկու անգամ համակարգիչ մտցնելու և հետո տարբերությունները համեմատելու շնորհիվ հնարավորինս քիչ սխալներ էին լինում։ Շարված էջերը օդային փոստով հետ էին ուղարկվում, որպեսզի ստուգեինք և ուղարկեինք մասնաճյուղ՝ տպելու համար։

Որքա՜ն շատ բան է փոխվել այսօր։ Այժմ թարգմանիչները տեքստը անմիջապես մտցնում են համակարգիչ։ Շատ դեպքերում ստուգված տեքստը տեղում են շարում՝ ստեղծելով ֆայլեր, որոնք ինտերնետի միջոցով ուղարկվում են տպագրող մասնաճյուղեր։ Այլևս կարիք չկա շնչակտուր վազելու փոստ՝ թարգմանված տեքստերը ուղարկելու համար։

ԱՅԼ ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ

Տարիների ընթացքում ես ու Ջենին տարբեր նշանակումներ ստացանք Խաղաղ օվկիանոսի կղզիներում։ 1985թ.-ին Թուվալուից հետո նշանակվեցինք ծառայելու Սամոայի մասնաճյուղում։ Այնտեղ օգնում էինք սամոա, տոնգա և տոկելաու լեզուներով թարգմանության հարցում, ինչպես նաև շարունակում էինք թարգմանել թուվալուերեն։ * 1996թ.-ին նմանատիպ նշանակում ստացանք Ֆիջիի մասնաճյուղում, որտեղ աջակցեցինք ֆիջի, կիրիբատի, նաուրու, ռոտուման լեզուներով և թուվալուերեն թարգմանող խմբերին։

Թուվալուերեն գրականության միջոցով օգնում եմ ուրիշներին

Երբեք չեմ դադարում հիանալուց մեր գրականությունը թարգմանողների եռանդով։ Գործը կարող է հոգնեցուցիչ և ձանձրալի լինել։ Այդուհանդերձ, այս հավատարիմ մարդիկ, Եհովայի պես, ուզում են, որ բարի լուրը քարոզվի «ամեն ազգի, ցեղի, լեզվի ու ժողովրդի» (Հայտն. 14։6)։ Օրինակ՝ երբ կազմակերպվում էր տոնգա լեզվով առաջին «Դիտարանի» թարգմանությունը, ես հանդիպեցի Տոնգայի բոլոր երեցների հետ և հարցրի, թե ով կարող է մարզում ստանալ որպես թարգմանիչ։ Նրանցից մեկը, որը մեխանիկի լավ աշխատանք ուներ, ասաց, որ կարող է հաջորդ օրը դուրս գալ աշխատանքից և անմիջապես գործի անցնել որպես թարգմանիչ։ Սա հատկապես տպավորիչ էր, քանի որ եղբայրը ընտանիք ուներ և գաղափար անգամ չուներ, թե որտեղից է եկամուտ ստանալու։ Բայց Եհովան հոգ տարավ եղբոր ու իր ընտանիքի մասին, և նա երկար տարիներ թարգմանություն արեց։

Այս նվիրված թարգմանիչները, Կառավարիչ մարմնի անդամների նման, խորապես մտածում են փոքր լեզվախմբերի պատկանող մարդկանց հոգևոր կարիքների մասին։ Օրինակ՝ մի անգամ հարց բարձրացվեց, թե արդյոք արժե ջանքեր ներդնել թուվալուերեն գրականություն հրատարակելու համար։ Ես անչափ քաջալերվեցի՝ կարդալով Կառավարիչ մարմնի հետևյալ պատասխանը. «Մենք ոչ մի պատճառ չենք տեսնում թուվալուերեն թարգմանությունը դադարեցնելու համար։ Թեև թուվալուերեն խոսող մարդիկ թվով քիչ են՝ մյուս լեզուներով խոսողների համեմատ, միևնույնն է, նրանք կարիք ունեն բարի լուրը լսելու իրենց մայրենի լեզվով»։

Մկրտում եմ ծովածոցում

2003թ.-ին ինձ ու Ջենիին Ֆիջիի թարգմանչական բաժնից տեղափոխեցին թարգմանչական խմբերի սպասարկման բաժին (Պատերսոն, Նյու Յորք)։ Մեզ համար դա ուղղակի երազ էր. մենք դարձել էինք մի թիմի անդամ, որը օգնում է ավելի շատ լեզուներով թարգմանելու մեր գրականությունը։ Հետո մոտ երկու տարի պատիվ ունեցանք այցելելու տարբեր երկրներ՝ մարզելու թարգմանչական թիմերին։

ՈՐՈՇ ՊԱՏՄԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

Այժմ թույլ տվեք անդրադառնալ այն կարևոր հանդիպմանը, որի մասին նշեցի սկզբում։ 2000թ.-ին Կառավարիչ մարմինը հարկ համարեց ամբողջ աշխարհում մարզել թարգմանչական թիմերին։ Մինչ այդ թարգմանիչների մեծ մասը չէր մասնակցել թարգմանչական որևէ դասընթացի։ Գրական կոմիտեի հետ մեր այդ հանդիպումից հետո Կառավարիչ մարմինը հավանություն տվեց ամբողջ աշխարհի թարգմանիչներին մարզելու ծրագրին, որի մեջ մտնում էին անգլերեն լեզվի դասընթացը, թարգմանչական տեխնիկան և թիմային մոտեցումը։

Ի՞նչ եղավ արդյունքում։ Նախևառաջ բարելավվեց թարգմանության որակը։ Ինչպես նաև կտրուկ աճեց այն լեզուների թիվը, որոնցով գրականություն ենք հրատարակում։ Երբ 1979թ.-ին առաջին անգամ ժամանեցինք մեր միսիոներական նշանակման վայր, «Դիտարանը» մատչելի էր միայն 82 լեզվով։ Լեզուների մեծ մասով այն լույս էր տեսնում անգլերենից մի քանի ամիս անց միայն։ Իսկ այժմ «Դիտարանը» տարածվում է ավելի քան 240 լեզվով, մեծ մասամբ անգլերենի հետ միաժամանակ։ Հոգևոր կերակուրը այս կամ այն հրատարակության տեսքով մատչելի է ավելի քան 700 լեզվով։ Տարիներ առաջ այս մասին կարող էինք միայն երազել։

2004թ.-ին Կառավարիչ մարմինը մեկ այլ շրջադարձային որոշում կայացրեց՝ արագացնել Աստվածաշնչի թարգմանությունը։ Դրանից մի քանի ամիս հետո Աստվածաշնչի թարգմանությունը դարձավ սովորական թարգմանչական գործի մի մասը, ինչի շնորհիվ հնարավոր դարձավ, որ «Նոր աշխարհ» թարգմանությունը մատչելի լինի ավելի շատ լեզուներով։ Արդեն 2014թ.-ին Աստվածաշունչը ամբողջությամբ կամ մասամբ տպագրվել էր 128 լեզվով, այդ թվում մի շարք լեզուներով, որոնցով խոսում են Խաղաղ օվկիանոսի հարավային շրջաններում։

Հայտարարում եմ թուվալուերենով Քրիստոնեական Հունարեն Գրությունների «Նոր աշխարհ» թարգմանության լույսընծայման մասին

Կյանքիս նշանակալից իրադարձություններից մեկն այն էր, որ 2011թ.-ին պատիվ ունեցա ներկա լինելու Թուվալուում անցկացվող համաժողովին։ Ամիսներ շարունակ ողջ երկրում սարսափելի երաշտ էր եղել, և թվում էր, թե համաժողովը տեղի չի ունենա։ Բայց երբ երեկոյան ժամանեցինք, արևադարձային տեղատարափ անձրև տեղաց, և համաժողովը ամեն դեպքում կայացավ։ Անգին առանձնաշնորհում ունեցա հայտարարելու Քրիստոնեական Հունարեն Գրությունների թուվալուերենով «Նոր աշխարհ» թարգմանության լույսընծայման մասին։ Թեև այս լեզվով քիչ եղբայրներ ու քույրեր են խոսում, բայց նրանք նույնպես կարողացան Եհովայից ստանալ այս հրաշալի նվերը։ Համաժողովի վերջում դարձյալ տեղատարափ անձրև տեղաց. ծրագիրն ավարտվեց հոգևոր և բառացի ջրի հեղեղով։

Հարցազրույց եմ անցկացնում ծնողներիս՝ Ռոնի և Էստելի հետ Թաունսվիլում (Ավստրալիա) անցկացվող համաժողովներից մեկի ժամանակ, 2014թ.

Ցավոք, Ջենին՝ 35 տարվա իմ հավատարիմ ընկերը, չապրեց այնքան, որ ականատես լիներ այդ հիշարժան իրադարձությանը։ Նա 2009-ին պարտվեց կրծքագեղձի քաղցկեղի դեմ տասը տարվա պայքարում։ Երբ հարություն առնի, անկասկած կուրախանա՝ լսելով թուվալուերենով Աստվածաշնչի լույսընծայման մասին։

Եհովան օրհնել է ինձ՝ տալով մեկ ուրիշ գեղեցիկ կյանքի ընկեր՝ Լորանի Սիկիվոյին։ Լորանին և Ջենին միասին ծառայել են Ֆիջիի Բեթելում։ Լորանին նույնպես ֆիջի լեզվի թարգմանիչ է եղել։ Ես հիմա նորից հավատարիմ կին ունեմ, որը ինձ հետ մեծ նվիրվածությամբ ծառայում է Եհովային։ Նա, ինձ պես, սիրում է լեզուները։

Լորանիի հետ վկայություն ենք տալիս Ֆիջիում

Երբ հետ եմ նայում կյանքիս տարիներին, այնքան եմ քաջալերվում՝ տեսնելով, որ մեր սիրառատ երկնային Հայրը՝ Եհովան, հոգ է տանում թե՛ մեծ, թե՛ փոքր լեզվախմբերի մասին (Սաղ. 49։1–3)։ Երբ տեսնում եմ, թե ինչպես են մարդիկ ուրախությունից ցնծում առաջին անգամ իրենց մայրենի լեզվով գրականություն ստանալիս կամ իրենց սրտի լեզվով փառաբանական երգեր երգելիս, մտածում եմ, թե որքան շատ է Եհովան մեզ սիրում (Գործ. 2։8, 11)։ Ականջներիս մեջ դեռ հնչում են Սաուլո Թիսիի՝ թուվալուացի մի երեցի խոսքերը։ Առաջին անգամ Թագավորության երգերից մեկը իր լեզվով երգելուց հետո նա ասաց. «Կարծում եմ՝ դու պետք է Կառավարիչ մարմնին ասես, որ այս երգերը թուվալուերենով ավելի լավ են հնչում, քան անգլերենով»։

2005թ. սեպտեմբերին ինձ համար անսպասելի մի նշանակում ստացա՝ ծառայել որպես Եհովայի վկաների Կառավարիչ մարմնի անդամ, ինչը մեծ առանձնաշնորհում եմ համարում։ Թեև այլևս չեմ կարող թարգմանիչ լինել, բայց շնորհակալ եմ Եհովային, որ թույլ է տալիս ինձ աջակցելու համաշխարհային թարգմանչական գործին։ Մեծ ուրախություն է իմանալ, որ Եհովան հոգ է տանում իր ողջ ժողովրդի հոգևոր կարիքների մասին, նույնիսկ նրանց, ովքեր ապրում են Խաղաղ օվկիանոսի սրտում գտնվող մեկուսի կղզիներում։ Այո՛, ինչպես սաղմոսերգուն է ասում, «Եհովան թագավոր դարձավ։ Թող երկիրը ցնծա։ Թող բազում կղզիներն ուրախանան» (Սաղ. 97։1

^ պարբ. 18 Այն մասին, թե ինչ արձագանք է գտել մեր գրականությունը, տե՛ս «Դիտարան», 2000, դեկտեմբերի 15, էջ 32; «Դիտարան», 1988, օգոստոսի 1, էջ 22, անգլ.; «Արթնացե՛ք», 2000, դեկտեմբերի 22, էջ 9, անգլ., ռուս.։

^ պարբ. 22 Սամոայում կատարվող թարգմանչական գործի վերաբերյալ մանրամասների համար տե՛ս «Տարեգիրք», 2009, էջ 120, 121, 123, 124, անգլ., ռուս.։