Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Սպասի՛ր

Սպասի՛ր

«Եթե հապաղի էլ, սպասի՛ր նրան» (ԱՄԲ. 2։3

ԵՐԳ 128, 45

1, 2. Ի՞նչ տրամադրվածություն են Եհովայի երկրպագուները միշտ ունեցել։

ԵՀՈՎԱՅԻ երկրպագուները բոլոր ժամանակներում սպասել են ներշնչյալ մարգարեությունների կատարմանը։ Օրինակ՝ Երեմիան մարգարեացել էր, որ Հուդան ամայի վայր է դառնալու։ Այդպես էլ եղավ, երբ մ.թ.ա. 607թ.-ին բաբելոնացիները հարձակվեցին երկրի վրա (Երեմ. 25։8–11)։ Եսայիան, որը ներշնչվել էր մարգարեանալու, որ Եհովան վերականգնելու է Հուդան, ասաց. «Երջանիկ են բոլոր նրանք, ովքեր սպասում են նրան» (Ես. 30։18)։ Միքիան, ում մարգարեությունները նույնպես առնչվում էին Աստծու ժողովրդին, վճռել էր սպասել։ Նա ասաց. «Ես արթնությամբ կսպասեմ Եհովային» (Միք. 7։7)։ Եվ դարեր շարունակ Աստծու ծառաները ապրել են՝ սպասելով Մեսիայի, կամ՝ Քրիստոսի վերաբերյալ մարգարեությունների կատարմանը * (Ղուկ. 3։15; 1 Պետ. 1։10–12

2 Աստծու ժամանակակից ծառաները նույնպես սպասում են, քանի որ Մեսիայի վերաբերյալ մարգարեությունները դեռ շարունակում են կատարվել։ Մեսիական Թագավորության միջոցով Եհովան շուտով վերջ է դնելու մարդկանց տառապանքին՝ վերացնելով չարերին և ազատելով իր ժողովրդին Սատանայի իշխանության տակ գտնվող այս անկայուն աշխարհից (1 Հովհ. 5։19)։ Ուստի եկեք զգոն լինենք՝ գիտակցելով, որ այս համակարգը արագորեն մոտենում է իր վախճանին։

3. Ի՞նչ հարց գուցե առաջանա մեր մեջ, եթե տարիներ է, ինչ սպասում ենք վերջին։

3 Մենք՝ Եհովայի ծառաներս, անհամբերությամբ սպասում ենք այն օրվան, երբ Աստծու կամքը կկատարվի «ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա» (Մատթ. 6։10)։ Բայց եթե այս աշխարհի վախճանին սպասում ենք տարիներ, ինչը կարող է երկար ժամանակ թվալ, մեզնից ոմանք գուցե մտածեն. «Հիմնավոր պատճառներ ունե՞նք շարունակելու սպասել»։ Տեսնենք։

ԻՆՉՈ՞Ւ ՊԵՏՔ Է ՇԱՐՈՒՆԱԿԵՆՔ ՍՊԱՍԵԼ

4. Ո՞րն է արթուն մնալու մեր գլխավոր պատճառը։

4 Աստվածաշունչը հստակ ցույց է տալիս, թե ինչպիսին պետք է լինի մեր տրամադրվածությունը այս աշխարհի վերահաս կործանման հետ կապված։ Հիսուսն իր հետևորդներին ասաց՝ «արթո՛ւն եղեք» (Մատթ. 24։42; Ղուկ. 21։34–36)։ Մենք հիմնավոր պատճառ ունենք շարունակելու սպասել. Հիսուսն է մեզ ասում, որ այդպես վարվենք։ Այս հարցում Եհովայի կազմակերպությունը լավ օրինակ է։ Հրատարակությունների միջոցով այն շարունակ հորդորում է մեզ «սպասել ու մտքում վառ պահել Եհովայի օրվա ներկայությունը» և կենտրոնանալ Աստծու խոստացած նոր աշխարհի վրա (կարդա՛  2 Պետրոս 3։11–13

5. Ինչո՞ւ է հատկապես կարևոր արթուն մնալ մեր ժամանակներում։

5 Եթե Հիսուսի առաջին դարի հետևորդները պետք է շարունակեին սպասել, ապա առավել ևս մենք պետք է այդպես վարվենք։ Ինչո՞ւ։ Քանի որ ապրում ենք Քրիստոսի ներկայության ընթացքում։ 1914թ.-ից սկսած՝ նրա ներկայության նշանը երևում է։ Իսկ տարբեր երեսակներ ունեցող այդ նշանը, որը ներառում է աշխարհի վիճակի վատթարացումը և համաշխարհային քարոզչությունը, ցույց է տալիս, որ մենք ապրում ենք «աշխարհի վախճանի» ժամանակներում (Մատթ. 24։3, 7–14)։ Հիսուսը չասաց, թե որքան ժամանակ պետք է անցնի նախքան վերջի գալը, ուստի հատկապես կարևոր է զգոն և արթուն լինել։

6. Ինչո՞ւ պետք է ակնկալենք, որ, մինչ մոտենում է վերջը, աշխարհի վիճակը ավելի կվատանա։

6 Գուցե հարցնենք. «Իսկ հնարավո՞ր է, որ «աշխարհի վախճանը» վերաբերի ապագա մի ժամանակահատվածի, երբ աշխարհի վիճակը ավելի կվատանա»։ Աստվածաշունչն ասում է, որ չարությունը ավելի ու ավելի է շատանալու «վերջին օրերում» (2 Տիմոթ. 3։1, 13; Մատթ. 24։21; Հայտն. 12։12)։ Ուստի կարող ենք ակնկալել, որ աշխարհի ներկայիս վատ վիճակը կշարունակի վատթարանալ։

7. Ի՞նչ ենք իմանում Մատթեոս 24։37–39 համարներից այն մասին, թե վերջին օրերում ինչպիսի վիճակ է լինելու աշխարհում։

7 Բայց ի՞նչ ես կարծում՝ որքա՞ն կվատանա աշխարհի վիճակը նախքան «մեծ նեղությունը» (Հայտն. 7։14)։ Գուցե մտածում ես, որ բոլոր երկրներում պատերազմ է լինելու, ոչ մեկի սեղանին ուտելիք չի լինելու և բոլորի տներում հիվանդներ են լինելու։ Նման հանգամանքներում նույնիսկ սկեպտիկները ստիպված կլինեն ընդունելու, որ աստվածաշնչյան մարգարեությունը կատարվում է։ Բայց Հիսուսն ասաց, որ մարդկանց մեծ մասը «ուշադրություն չի դարձնելու» իր ներկայության նշանին և ապրելու է կյանքի նորմալ ընթացքով, մինչև որ շատ ուշ է լինելու (կարդա՛  Մատթեոս 24։37–39)։ Փաստորեն, Սուրբ Գիրքը չի նշում, թե աշխարհի վիճակը վերջին օրերում այնքան ծայրահեղ է դառնալու, որ մարդիկ ստիպված լինեն հավատալու, որ վերջը մոտ է (Ղուկ. 17։20; 2 Պետ. 3։3, 4

8. Ի՞նչ է ակնհայտ նրանց համար, ովքեր հետևում են Հիսուսի՝ «արթո՛ւն եղեք» պատվերին։

8 Մյուս կողմից՝ որպեսզի բաղադրյալ նշանը ծառայի իր նպատակին, դրա կատարումը այնքան ակնհայտ պետք է լինի, որ գրավի Հիսուսի՝ «արթո՛ւն եղեք» պատվերին հնազանդվողների ուշադրությունը (Մատթ. 24։27, 42)։ Եվ 1914թ.-ից ի վեր հենց դա էլ տեղի է ունենում։ Այդ ժամանակվանից սկսած՝ նշանի տարբեր երեսակներ կատարվում են։ Հստակ է, որ մենք այժմ ապրում ենք «աշխարհի վախճանի» ժամանակներում. սահմանափակ մի ժամանակահատված, որը տանում է դեպի այս աշխարհի կործանումը և ներառում է այդ կործանումը։

9. Ի՞նչ պատճառներ ունենք շարունակելու սպասել այս աշխարհի վերջին։

9 Այդ դեպքում ինչո՞ւ պետք է քրիստոնյաներն այսօր շարունակեն սպասել։ Մենք շարունակում ենք սպասել, քանի որ հնազանդվում ենք Հիսուս Քրիստոսին, ինչպես նաև ճանաչում ենք նրա ներկայության նշանը։ Մենք պարզապես հեշտությամբ չենք հավատում ամեն բանի. մեր ակնկալիքները սուրբգրային ամուր հիմքեր ունեն, որոնք մղում են մեզ զգոն ու արթուն մնալու և, ինչ խոսք, սպասելու այս չար աշխարհի վերջին։

ՈՐՔԱ՞Ն ԺԱՄԱՆԱԿ

10, 11. ա) Ինչի՞ն նախապատրաստեց Հիսուսը իր աշակերտներին։ բ) Հիսուսն ի՞նչ ասաց, որ անեն իր հետևորդները, եթե վերջը իրենց ակնկալած ժամանակից ուշանար (տե՛ս 14-րդ էջի նկարը)։

10 Մեզնից շատերը տասնամյակներ է, ինչ շարունակում են հոգևորապես արթուն մնալ։ Բայց եկեք թույլ չտանք, որ ժամանակի ընթացքում սպասելու մեր վճռականությունը թուլանա։ Մենք պետք է պատրաստ լինենք, երբ Հիսուսը՝ որպես Եհովայի դատավճիռներն Իրագործող, գա և վերջ դնի այս աշխարհին։ Հիշենք, որ Հիսուսն իր հետևորդներին հորդորեց՝ ասելով. «Զգո՛ւյշ եղեք, արթո՛ւն մնացեք, որովհետև չգիտեք, թե երբ է նշանակված ժամանակը։ Դա նման է նրան, որ օտար երկիր գնացող մի մարդ իր տունը ծառաների խնամքին է հանձնում՝ ամեն մեկին տալով իր գործը, և դռնապանին հրամայում է, որ արթուն մնա։ Ուստի արթո՛ւն եղեք, որովհետև չգիտեք, թե տանտերը երբ կգա՝ երեկոյա՞ն, թե՞ կեսգիշերին, աքլորականչի՞ն, թե՞ վաղ առավոտյան, որպեսզի երբ հանկարծակի նա գա, ձեզ քնած չգտնի։ Բայց ինչ որ ձեզ ասում եմ, բոլորին եմ ասում՝ արթո՛ւն մնացեք» (Մարկ. 13։33–37

11 Հիսուսի հետևորդները, հասկանալով, որ նա 1914թ.-ից ի վեր իշխում է, պատրաստվեցին վերջին՝ մտածելով, որ այն ամեն պահի կարող է գալ։ Նրանք դա արեցին՝ ավելի ակտիվորեն մասնակցելով քարոզչական գործին։ Հիսուսը նշեց, որ ինքը թերևս ավելի ուշ գա՝ «աքլորականչին» կամ «վաղ առավոտյան»։ Եթե այդպես լիներ, ի՞նչ պետք է անեին նրա հետևորդները։ Նա ասաց. «Արթո՛ւն մնացեք»։ Ուստի եթե նույնիսկ երկար ժամանակ սպասելիս լինեին, նրանք չպետք է մտովի հետաձգեին վերջը կամ մտածեին, որ այն ընդհանրապես չի գալու։

12. Ի՞նչ հարցրեց Ամբակումը Եհովային, և նա ի՞նչ պատասխանեց։

12 Քննենք Ամբակում մարգարեի օրինակը, ում պատվեր էր տրվել կանխագուշակել Երուսաղեմի կործանումը։ Նրանից առաջ այլ մարգարեներ տարիներ շարունակ արդեն նախազգուշացրել էին քաղաքի կործանման մասին։ Երկրում վիճակն այնքան էր վատացել, որ «ամբարիշտը շրջապատել էր արդարին», և «արդարությունն աղավաղվում էր»։ Ուստի զարմանալի չէ, որ Ամբակումը հարցրեց. «Ո՛վ Եհովա, ինչքա՞ն պիտի աղերսեմ օգնության համար»։ Այս հարցին ուղղակիորեն պատասխանելու փոխարեն՝ Եհովան հավաստիացրեց հավատարիմ մարգարեին, որ կանխագուշակված կործանումը «չի ուշանա»։ Աստված մարգարեին ասաց, որ «սպասի» (կարդա՛  Ամբակում 1։1–4; 2։3

13. Ի՞նչ մտածելակերպ Ամբակումը կարող էր ունենալ, և ինչո՞ւ դա անխոհեմ կլիներ։

13 Ենթադրենք Ամբակումը հոգնել է սպասելուց և մտածում է. «Տարիներ է, ինչ լսում եմ Երուսաղեմի կործանման մասին։ Իսկ եթե այդ ժամանակը դեռ շատ հեռո՞ւ է։ Իրատեսական չէ շարունակել մարգարեանալ, որ քաղաքը հանկարծակի կործանվելու է։ Հիմա էլ թող ուրիշները դա անեն»։ Եթե նա այսպես մտածեր, կկորցներ Եհովայի հավանությունը և հնարավոր է՝ նաև կյանքը Երուսաղեմի կործանման ժամանակ։

14. Ինչո՞ւ կարող ենք վստահ լինել, որ, եթե շարունակենք սպասել, չենք հիասթափվի։

14 Նոր աշխարհում վախճանի հետ կապված բոլոր մարգարեությունները կատարված կլինեն, և մենք, խորհրդածելով այդ փաստի մասին, ավելի կվստահենք Եհովային և նրա այն խոստումներին, որոնք դեռ պետք է կատարվեն (կարդա՛  Հեսու 23։14)։ Անկասկած, անչափ երախտապարտ կլինենք «ժամանակները կամ ժամանակահատվածները» «իր իշխանության տակ պահող» Աստծուն, ով հորդորեց մեզ ապրել՝ հիշելով, որ «ամեն ինչի վերջը մոտեցել է» (Գործ. 1։7; 1 Պետ. 4։7

ՄԻՆՉ ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ, ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆՔ ՔԱՐՈԶԵԼ

Եռանդորեն մասնակցո՞ւմ ես բարի լուրի քարոզչությանը (տե՛ս պարբերություն 15)

15, 16. Ինչո՞ւ է քարոզչական գործին ավելի ակտիվորեն մասնակցելը ամենախելամիտ որոշումը մեր ժամանակներում։

15 Եհովայի կազմակերպությունը կշարունակի հիշեցնել մեզ, որ ծառայենք Աստծուն հրատապության զգացումով։ Նման նախազգուշացումները մեզ ծառայության մեջ զբաղված պահելու համար չեն միայն, այլ նաև նրա համար են, որ հստակ տեսնենք՝ Քրիստոսի ներկայության նշանը այսօր կատարվում է։ Իսկ ո՞րն է ամենախելամիտ որոշումը մեր ժամանակներում։ Այն է՝ շարունակել նախ փնտրել Աստծու Թագավորությունը և նրա արդարությունը՝ եռանդորեն մասնակցելով բարի լուրի քարոզչությանը (Մատթ. 6։33; Մարկ. 13։10

16 Ահա թե ինչ է ասում մի քույր այս առնչությամբ. «Աստծու Թագավորության բարի լուրը քարոզելով՝ մենք.... կարող ենք օգնել մարդկանց փրկելու իրենց կյանքերը անխուսափելի կործանումից, որ լինելու է գալիք համաշխարհային աղետի ժամանակ»։ Այս քույրն անձնական փորձից գիտի, թե ինչ է նշանակում փրկվել աղետից, քանի որ նա և իր ամուսինը այն մարդկանց թվում էին, ովքեր 1945թ.-ին փրկվել էին մի զարհուրելի ծովային աղետից՝ «Ուիլհելմ Գուստլոֆ» շքեղ շոգենավի խորտակումից։ Նույնիսկ նման վտանգավոր իրավիճակում մարդ գուցե չտարբերի կարևորն անկարևորից։ Քույրը հիշում է մի կնոջ, ով շարունակ լացակումած աղաղակում էր. «Ճամպրուկնե՜րս, ճամպրուկնե՜րս։ Զարդեղե՜նս։ Իմ բոլոր զարդերը ներքևում՝ նավախցում են։ Ես ամեն ինչ կորցրի»։ Ի տարբերություն նրա՝ մի քանի ուղևորներ, մարդկանց օգնելու ցանկությունից մղված, վտանգեցին իրենց կյանքը, որպեսզի ծովի սառը ջրերից դուրս բերեն խեղդվող մարդկանց։ Այս անեսասեր ուղևորների պես՝ մենք մեր լավագույնն ենք անում, որ օգնենք մարդկանց։ Մենք չենք մոռանում, որ քարոզչական գործը հրատապ է, և օգնում ենք մարդկանց, որ, քանի դեռ շատ ուշ չէ, համալրեն նրանց շարքերը, ովքեր կփրկվեն համաշխարհային մոտալուտ աղետից։

Իմաստուն որոշումներ կայացրու, որպեսզի ոչինչ չթուլացնի քո հրատապության զգացումը (տե՛ս պարբերություն 17)

17. Ի՞նչ պատճառ ունենք հավատալու, որ վերջը կարող է գալ ցանկացած պահի։

17 Աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները հստակ ցույց են տալիս, որ աստվածաշնչյան մարգարեությունը այժմ կատարվում է, և որ այս չար աշխարհի կործանումը անխուսափելի է։ Այդ պատճառով մենք չպետք է կարծենք, թե շատ ժամանակ է պետք, որ աշխարհում զարգացող իրադարձությունները հանգեցնեն նրան, որ Հայտնություն 17։16 համարում գրված «տասը եղջյուրները» և «գազանը» հարձակվեն Մեծ Բաբելոնի՝ կեղծ կրոնի համաշխարհային կայսրության վրա։ Հիշենք, որ Աստված է «նրանց սրտում դնելու», որ այդ քայլին գնան, և դա կարող է տեղի ունենալ շատ արագ ու ցանկացած պահի (Հայտն. 17։17)։ Այս համակարգի վերջը հեռու չէ։ Մենք հիմնավոր պատճառ ունենք հետևելու Հիսուսի հետևյալ նախազգուշացմանը. «Ուշադրություն դարձրեք ձեր անձերին, որ ձեր սրտերը երբեք չծանրանան շատակերությամբ, հարբեցողությամբ ու կյանքի հոգսերով, և այդ օրը հանկարծակի հասնի ձեզ վրա, ինչպես ծուղակ» (Ղուկ. 21։34, 35; Հայտն. 16։15)։ Եկեք վճռենք ծառայել Եհովային հրատապության զգացումով՝ համոզված լինելով, որ նա «գործում է հանուն նրա, ով սպասում է իրեն» (Ես. 64։4

18. Ի՞նչ հարց ենք քննելու հաջորդ հոդվածում։

18 Մինչ սպասում ենք ներկա չար աշխարհի կործանմանը, եկեք հետևենք Հուդա աշակերտի ներշնչյալ խոսքերին. «Սիրելինե՛ր, զորանալով ձեր սրբագույն հավատով և սուրբ ոգով աղոթելով՝ մնացեք Աստծու սիրո մեջ, մինչ սպասում եք մեր Տեր Հիսուս Քրիստոսի ողորմությանը, որը հավիտենական կյանքի է առաջնորդում» (Հուդա 20, 21)։ Իսկ ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ ապրում ենք՝ սպասելով Աստծու խոստացած նոր աշխարհին, և սպասում ենք անհամբերությամբ։ Այս մասին կիմանանք հաջորդ հոդվածից։

^ պարբ. 1 Մեսիայի վերաբերյալ աստվածաշնչյան որոշ մարգարեությունների և դրանց կատարումների մասին կարդա՛ «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գրքի 200-րդ էջում։