Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Նա չափսոսաց երիտասարդ տարիքում կայացրած որոշման համար

Նա չափսոսաց երիտասարդ տարիքում կայացրած որոշման համար

ՏԱՏԻԿԻՍ եղբայրը՝ Նիկոլայ Դուբովինսկին, ծնվել է 1926թ.-ին Պոդվիրիվկա գյուղում, որը գտնվում է Ուկրաինայի Չեռնովցիի մարզում։ Իր կյանքի մեծ մասն ապրել է նախկին Խորհրդային Միությունում, որտեղ ճշմարտությունը արգելքի տակ էր։ Չնայած խնդիրներին ու դժվարություններին՝ նա միշտ հավատարիմ է մնացել և ապրելու արտասովոր տենչ է ունեցել։ Կյանքի վերջին տարիներին նա գրի էր առել իր կյանքի ուրախ և տխուր հուշերը։ Քանի որ քեռի Նիկոլայը միշտ ասում էր, որ ցանկանում է՝ երիտասարդները լսեն իր պատմությունը, ուզում եմ որոշ ուշագրավ դեպքեր պատմել նրա կյանքից։

ՆԻԿՈԼԱՅԸ ՊԱՏՄՈՒՄ Է, ԹԵ ԻՆՉՊԵՍ Է ԳՏԵԼ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ

Քեռի Նիկոլայը իր պատմությունը սկսում է այսպես. «1941թ.-ին մեծ եղբայրս՝ Իվանը, մի օր տուն բերեց «Աստծու քնարը», «Դարերի աստվածային ծրագիրը» գրքերը, մի քանի «Դիտարան» ամսագիր և մի քանի գրքույկ։ Ես բոլորը կարդացի։ Զարմացա՝ իմանալով, որ Բանսարկուն է աշխարհում տիրող խնդիրների պատճառը, ոչ թե Աստված։ Կարդացի նաև Ավետարանները և հասկացա, որ գտել եմ ճշմարտությունը։ Խանդավառությամբ պատմում էի ուրիշներին Թագավորության իմ հույսի մասին։ Մինչ ուսումնասիրում էի այս հրատարակությունները, ճշմարտության վերաբերյալ հասկացողությունս մեծանում էր. իմ մեջ ուժգին ցանկություն առաջացավ դառնալու Եհովայի ծառա։

Հասկանում էի, որ հավատալիքներիս պատճառով տառապելու եմ. պատերազմ էր, իսկ ես չէի պատրաստվում սպանել։ Առջևում սպասվող փորձություններին պատրաստվելու համար սկսեցի անգիր սովորել աստվածաշնչյան այնպիսի համարներ, ինչպիսիք են Մատթեոս 10։28-ը և 26։52-ը։ Հաստատ որոշեցի, որ միշտ հավատարիմ եմ մնալու Եհովային, նույնիսկ մահվան գնով։

1944թ.-ին դարձա 18 տարեկան, և ինձ կանչեցին զինվորական ծառայության։ Կյանքումս առաջին անգամ շրջապատված էի հավատակիցներով՝ զորակոչման տարիքի երիտասարդ եղբայրներով, որոնք նույնպես զինվորահավաքի վայրում էին։ Մենք իշխանություններին հաստատակամորեն ասացինք, որ չենք մասնակցելու պատերազմին։ Զինվորական անձնակազմը զայրացած սպառնաց, որ մեզ սովի կմատնեն, կստիպեն խրամատներ փորել կամ ուղղակի կգնդակահարեն։ Բայց մենք անվախորեն պատասխանեցինք. «Մենք ձեր ձեռքերում ենք, բայց ինչ էլ անեք, չենք խախտի Աստծու պատվերը՝ մի՛ սպանիր» (Ելք 20։13

Այնպես ստացվեց, որ ինձ և երկու այլ եղբոր ուղարկեցին Բելառուս՝ դաշտերում աշխատելու և վնասված տները վերանորոգելու։ Դեռ հիշում եմ Մինսկի արվարձանների սարսափելի տեսարանները՝ այրված ծառեր ճանապարհի մեջտեղում, դիակներ ու սատկած ձիերի ուռած մարմիններ անտառում և առուների մեջ։ Տեսա լքված վագոններ, հրետանի և նույնիսկ վայր ընկած ինքնաթիռի բեկորներ։ Աչքիս առաջ Աստծու պատվիրանները չպահելու աղետալի հետևանքներն էին։

Թեև 1945թ.-ին պատերազմն ավարտվեց, կռվին չմասնակցելու համար մեզ դատապարտեցին տասը տարվա ազատազրկման։ Առաջին երեք տարիներին ժողովի հանդիպումներ չէինք անցկացնում և չունեինք տպագրված հոգևոր կերակուր։ Որոշ քույրերի հետ նամակագրական կապ էինք պահում, բայց նրանց նույնպես ձերբակալեցին և 25 տարով ուղարկեցին ուղղիչ աշխատանքային ճամբար։

1950թ.-ին վաղաժամկետ ազատ արձակվեցինք և տուն վերադարձանք։ Երբ դեռ բանտում էի, մայրս ու փոքր քույրս՝ Մարիան, դարձել էին Եհովայի վկա։ Իսկ մեծ եղբայրներս Վկաներ չէին, բայց Աստվածաշունչ էին ուսումնասիրում։ Քանի որ ակտիվորեն քարոզում էի, ԽՍՀՄ Պետական անվտանգության կոմիտեն ուզում էր ինձ նորից բանտարկել։ Քարոզչական գործում առաջնորդություն վերցնող եղբայրները խնդրեցին, որ գաղտնի գրականություն տպագրեմ։ Այդ ժամանակ 24 տարեկան էի։

ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՏՊԱԳՐՈՒՄ

Վկաները սիրում էին ասել. «Եթե Թագավորության գործը արգելվի գետնի վրա, այն կշարունակվի գետնի տակ» (Առակ. 28։28)։ Այդ ժամանակ մեր գրականության տպագրությունը մեծ մասամբ կատարվում էր գետնի տակ գտնվող գաղտնի վայրերում։ Իմ առաջին «աշխատասենյակը» մեծ եղբորս՝ Դմիտրիի տան տակ գտնվող բունկերն էր։ Լինում էր այնպես, որ երկու շաբաթ դուրս չէի գալիս բունկերից։ Եվ երբ թթվածնի պակասի պատճառով կերոսինի լամպը հանգչում էր, պառկում էի և սպասում, մինչև սենյակը լցվեր մաքուր օդով։

Այն տան գաղտնի բունկերի էսքիզը, որտեղ Նիկոլայը գրականություն էր բազմացնում

Ինձ հետ աշխատող եղբայրը մի օր հարցրեց. «Նիկոլա՛յ, դու մկրտվա՞ծ ես»։ Թեև 11 տարի էր, ինչ ծառայում էի Եհովային, չէի մկրտվել։ Ուստի նա ինձ հետ քննարկեց այդ հարցը, և ես այդ գիշեր լճում մկրտվեցի. 26 տարեկան էի։ Երեք տարի անց լրացուցիչ պատասխանատվություն ստացա՝ դարձա երկրի կոմիտեի անդամ։ Այդ ժամանակներում այն եղբայրները, որոնք դեռ ազատության մեջ էին, նշանակվում էին փոխարինելու նրանց, ում ձերբակալել էին, և Թագավորության գործը շարունակվում էր։

ԳԱՂՏՆԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Բունկերում տպագրություն անելու գործը շատ ավելի դժվար էր, քան բանտում գտնվելը։ Յոթ տարի ՊԱԿ-ի հսկողության պատճառով չէի կարողանում մասնակցել ժողովի հանդիպումներին և պետք է ինքս հոգայի իմ հոգևոր կարիքների մասին։ Ընտանիքիս անդամներին տեսնում էի միայն այն ժամանակ, երբ նրանց այցելում էի, իսկ դա հազվադեպ էր լինում։ Բայց նրանք մտնում էին իմ դրության մեջ, և դա մեծապես քաջալերում էր ինձ։ Շարունակական սթրեսը և անընդհատ զգուշություն դրսևորելը ինձ ուժասպառ էին արել։ Մենք պետք է ամեն ինչի պատրաստ լինեինք։ Օրինակ՝ մի երեկո ոստիկանության երկու աշխատակից եկան այն տուն, որտեղ մնում էի։ Ես տան հակառակ կողմի պատուհանից դուրս թռա և վազեցի դեպի անտառ։ Դուրս գալով բաց դաշտ՝ տարօրինակ սուլոցի ձայներ լսեցի։ Երբ ատրճանակի կրակոց լսեցի, հասկացա, որ սուլոցը հրազենի գնդակներից է։ Ինձ հետապնդողներից մեկը ձի էր հեծել և սկսել էր կրակել ինձ վրա այնքան ժամանակ, մինչև որ փամփուշտները վերջացել էին։ Դրանցից մեկը դիպավ թևիս, բայց շարունակեցի փախչել։ 5 կիլոմետր անցնելուց հետո միայն կարողացա ազատվել հետապնդումից ու թաքնվեցի անտառում։ Հետագայում իմ դատաքննության ժամանակ իմացա, որ ինձ վրա 32 անգամ կրակ էին բաց թողել։

Քանի որ երկար ժամանակ գետնի տակ էի մնացել, շատ գունատ էի։ Դա անմիջապես մատնում էր, թե ինչով եմ զբաղվում։ Ուստի աշխատում էի հնարավորինս շատ մնալ արևի տակ։ Գետնի տակ աշխատելը անդրադարձավ նաև առողջությանս վրա։ Մի անգամ նույնիսկ չկարողացա ներկա լինել եղբայրների հետ մի կարևոր հանդիպման, քանի որ քթիցս ու բերանիցս արյուն էր հոսում։

ՆԻԿՈԼԱՅԻՆ ՁԵՐԲԱԿԱԼՈՒՄ ԵՆ

Մորդովիայի ուղղիչ աշխատանքային ճամբարում, 1963թ.

1957թ. հունվարի 26-ին ինձ ձերբակալեցին։ Վեց ամիս հետո Ուկրաինայի Գերագույն դատարանը հայտարարեց իմ դատավճիռը՝ գնդակահարություն։ Բայց քանի որ մահապատիժ այլևս չէր կիրառվում, դատավճիռս փոխեցին և դատապարտեցին 25 տարվա ազատազրկման։ Մեզնից ութը ընդհանուր հաշվով դատապարտվեց 130 տարի աշխատելու ուղղիչ աշխատանքային ճամբարներում։ Մեզ ուղարկեցին Մորդովիայի ուղղիչ աշխատանքային ճամբար, որտեղ մոտ 500 Վկա կար։ Մենք փոքր խմբերով գաղտնի հանդիպում էինք, որպեսզի «Դիտարանի» ուսումնասիրություն անցկացնեինք։ Մեր բռնագրավված ամսագրերից մի քանիսը ուսումնասիրելուց հետո հսկիչներից մեկն ասաց. «Եթե դուք շարունակեք կարդալ դրանք, ձեզ հաղթել չի լինի»։ Մենք միշտ ջանասիրաբար կատարում էինք մեր ամենօրյա աշխատանքը և հաճախ ավելին էինք անում, քան ակնկալվում էր։ Այդուհանդերձ, ճամբարի պետը գանգատվում էր՝ ասելով. «Այստեղ կատարած ձեր աշխատանքը կարևոր չէ մեզ համար, մեզ ձեր նվիրվածությունն ու հավատարմությունն է պետք»»։

«Մենք միշտ ջանասիրաբար կատարում էինք մեր ամենօրյա աշխատանքը և հաճախ ավելին էինք անում, քան ակնկալվում էր»

ՆԱ ՊԱՀԵՑ ԻՐ ԱՆԱՐԱՏՈՒԹՅՈՒՆԸ

Վելիկիե Լուկիում գտնվող Թագավորության սրահը

1967թ.-ին ուղղիչ աշխատանքային ճամբարից ազատվելուց հետո քեռի Նիկոլայը Էստոնիայում և Սանկտ Պետերբուրգում (Ռուսաստան) օգնեց ժողովներ կազմավորելու։ 1991թ. սկզբին չեղյալ համարվեց 1957թ.-ին կայացված դատավճիռը, քանի որ բավարար ապացույցներ չկային, որ հանցանք է գործվել։ Այդ ընթացքում շատ Վկաներ, որոնք տառապել էին իշխանությունների դաժան վերաբերմունքի պատճառով, ազատ արձակվեցին։ 1996թ.-ին Նիկոլայը տեղափոխվեց Պսկովի մարզի Վելիկիե Լուկի քաղաք, որը Սանկտ Պետերբուրգից հեռու է մոտ 500 կիլոմետր։ Նա փոքր տուն գնեց այնտեղ, և 2003թ.-ին նրա սեփական տարածքում Թագավորության սրահ կառուցվեց։ Այսօր երկու բարգավաճող ժողով հանդիպումներ է անցկացնում այդ սրահում։

Ես և ամուսինս ծառայում ենք Եհովայի վկաների Ռուսաստանի մասնաճյուղում։ 2011թ. մարտին՝ իր մահից ընդամենը մի քանի ամիս առաջ, քեռի Նիկոլայը վերջին անգամ այցելեց մեզ։ Նա փայլող աչքերով ասաց. «Դատելով ամեն ինչից՝ կարող եմ ասել, որ, այսպես ասած՝ Երիքովի շուրջը պտտվելու յոթերորդ օրը սկսվել է» (Հեսու 6։15)։ Մենք շատ տպավորվեցինք՝ լսելով նրա խոսքերը։ Նա 85 տարեկան էր։ Ու թեև հեշտ կյանք չէր ունեցել, հետևյալն ասաց. «Որքա՜ն ուրախ եմ, որ երիտասարդ տարիքում որոշեցի ծառայել Եհովային։ Երբեք չեմ ափսոսացել դրա համար»։