Սովորեցրեք ձեր երեխաներին
Տիմոթեոսը ցանկանում էր և պատրաստ էր ծառայել
«ՊԱՏՐԱ՞ՍՏ ԵՍ»։ Երբևէ քեզ նման հարց տվե՞լ են։ Նա, ով այսպիսի հարց է տալիս, ուզում է իմանալ, թե արդյոք դու պատրաստված ես։ Օրինակ՝ նա կարող է նկատի ունենալ հետևյալը՝ «վերցրե՞լ ես դասագրքերդ», «կարդացե՞լ ես դասերդ»։ Ինչպես կտեսնենք, Տիմոթեոսը պատրաստ էր։
Տիմոթեոսը նաև ցանկություն ուներ։ Գիտե՞ս, թե ինչ է դա նշանակում։ Երբ Տիմոթեոսին հորդորեցին ծառայել Աստծուն, նա դրսևորեց այն նույն տրամադրվածությունը, որ ուներ Աստծու ծառաներից մեկը, որն ասաց. «Ահա ես, ինձ ուղարկիր» (Եսայիա 6։8)։ Քանի որ Տիմոթեոսը պատրաստ էր և ցանկանում էր ծառայել, նա հետաքրքիր կյանք ունեցավ։ Կուզեի՞ր իմանալ այդ մասին։
Տիմոթեոսը ծնվել է Լյուստրայում՝ Երուսաղեմից հարյուրավոր կիլոմետրեր հեռու։ Նրա տատը՝ Լոիդան, և մայրը՝ Եվնիկեն, լավ գիտեին Աստվածաշունչը։ Երբ Տիմոթեոսը դեռ երեխա էր, նրանք սկսեցին սովորեցնել նրան Աստծու Խոսքը (2 Տիմոթեոս 1։5; 3։15)։
Հավանաբար երբ Տիմոթեոսը դեռ պատանի էր, Պողոս առաքյալը իր առաջին քարոզչական ճանապարհորդության ժամանակ Բառնաբասի հետ այցելեց Լյուստրա։ Թերևս հենց այդ ժամանակ էր, որ Տիմոթեոսի մայրն ու տատը քրիստոնյա դարձան։ Կցանկանայի՞ր իմանալ, թե ինչ դժվարությունների հանդիպեցին Պողոսն ու Բառնաբասը։ Այն մարդիկ, ովքեր չէին սիրում քրիստոնյաներին, քարեր նետեցին Պողոսի վրա, գետին գցեցին նրան ու քարշ տալով քաղաքից դուրս հանեցին։ Նրանք կարծում էին, թե նա մահացած է։
Իսկ նրանք, ովքեր հավատում էին Պողոսի սովորեցրածին, հավաքվեցին նրա շուրջը։ Պողոսը ոտքի կանգնեց։ Հաջորդ օրը նա և Բառնաբասը մեկնեցին Լյուստրայից, սակայն կարճ ժամանակ անց նրանք նորից վերադարձան։ Այդտեղ Պողոսը մի ելույթ ներկայացրեց և աշակերտներին ասաց. «Բազում նեղությունների միջով է, որ պետք է մտնենք Աստծու թագավորությունը» (Գործեր 14։8–22)։ Գիտե՞ս, թե ինչ նկատի ուներ Պողոսը՝ ասելով այս խոսքերը։ Նա նկատի ուներ, որ մարդիկ դժվարություններ կստեղծեն նրանց համար, ովքեր ծառայում են Աստծուն։ Ավելի ուշ նա գրեց Տիմոթեոսին. «Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են Աստծու հանդեպ նվիրվածությամբ ապրել.... պիտի հալածվեն» (2 Տիմոթեոս 3։12; Հովհաննես 15։20)։
Պողոսն ու Բառնաբասը Լյուստրայից մեկնելուց հետո տուն վերադարձան։ Մի քանի ամիս անց Պողոսը Շիղային իր հետ վերցրեց շրջագայության և միասին կրկին գնացին այն վայրերը, ուր Պողոսը այցելել էր. նրանք պետք է քաջալերեին նոր աշակերտներին։ Որքա՜ն ուրախ էր Տիմոթեոսը Պողոսին տեսնելու համար, երբ նա Շիղայի հետ ժամանեց Լյուստրա։ Նա շատ ավելի ուրախացավ, երբ Պողոսը հրավիրեց նրան միանալ իրեն ու Շիղային։ Նա ընդունեց այդ հրավերը։ Տիմոթեոսը պատրաստ էր մեկնելու (Գործեր 15։40–16։5)։
Երեքը միասին ճանապարհ ընկան՝ քայլելով շատ կիլոմետրեր և այնուհետև նավ նստեցին։ Ափ հասնելուն պես նրանք ուղևորվեցին դեպի Թեսաղոնիկե՝ Հունաստան։ Այստեղ շատերը դարձան քրիստոնյա։ Սակայն կային մարդիկ, որոնք բարկացան և դուրս եկան նրանց դեմ։ Պողոսի, Շիղայի և Տիմոթեոսի կյանքը վտանգի տակ էր, ուստի նրանք գնացին Բերիա (Գործեր 17։1–10)։
Պողոսը անհանգստանում էր Թեսաղոնիկեի նորահավատների համար, այդ պատճառով էլ Տիմոթեոսին հետ ուղարկեց այնտեղ։ Գիտե՞ս, թե ինչու։ Հետագայում Պողոսը ասում է Թեսաղոնիկեի քրիստոնյաներին. «Որպեսզի նա հաստատի ու մխիթարի ձեզ,.... որ ոչ մեկը չսասանվի այս նեղություններից»։ Գիտե՞ս, թե ինչու Պողոսը երիտասարդ Տիմոթեոսին այսպիսի վտանգավոր հանձնարարություն տվեց։ Նախ հակառակորդները լավ չէին ճանաչում Տիմոթեոսին, և բացի այդ, նա ցանկանում էր գնալ։ Դրա համար մեծ քաջություն էր պահանջվում։ Ինչպե՞ս ընթացավ այդ այցելությունը։ Երբ Տիմոթեոսը վերադարձավ Պողոսի մոտ, նա պատմեց նրան, թե որքան հավատարիմ էին թեսաղոնիկեցիները։ Ուստի Պողոսը գրեց նրանց. «Մենք մխիթարվեցինք ձեզանով» (1 Թեսաղոնիկեցիներ 3։2–7)։
Տիմոթեոսը Պողոսի հետ ծառայեց տասը տարի ևս։ Դրանից հետո Պողոսը Հռոմում բանտարկվեց, իսկ Տիմոթեոսը, որը նոր էր բանտից ազատվել, Պողոսին մենակ չթողեց։ Բանտում Պողոսը նամակ գրեց փիլիպպեցիներին։ Տիմոթեոսը հավանաբար նրա քարտուղարն էր։ Պողոսն ասաց. «Հույս ունեմ.... շուտով ձեզ մոտ ուղարկել Տիմոթեոսին,.... քանի որ, նրանից բացի, ուրիշ ոչ մեկը չկա, որ այսքան հավատարիմ է և ձեզ ավելի լավ կծառայի» (Փիլիպպեցիներ 2։19–22; Եբրայեցիներ 13։23)։
Որքա՜ն էր Տիմոթեոսը ուրախացել՝ լսելով այս խոսքերը։ Պողոսը շատ սիրեց Տիմոթեոսին, քանի որ նա ցանկություն ուներ և պատրաստ էր ծառայելու։ Հուսով ենք, որ դու նույնպես պատրաստ կլինես։