Սովորեցրեք ձեր երեխաներին
Սամուելն արեց այն, ինչը ճիշտ է
ԵՐԲԵՎԷ տեսե՞լ ես, որ մարդիկ վատ բաներ անեն *։ Սամուելի հետ նման բան տեղի ունեցավ։ Նա ապրում էր այնպիսի վայրում, որտեղ մտքովդ անգամ չէր անցնի, որ կարող են վատ բաներ տեղի ունենալ։ Այդ վայրը Աստծու խորանն էր՝ Սելովում գտնվող երկրպագության վայրը։ Տեսնենք, թե ինչպես ավելի քան 3000 տարի առաջ խորանը դարձավ Սամուելի տունը։
Մինչև Սամուելի ծնվելը նրա մայրը՝ Աննան, շատ էր ուզում երեխա ունենալ։ Մի անգամ, երբ նա խորան այցելեց, այդ մասին աղոթեց Աստծուն։ Նա այնքան ջերմեռանդորեն էր աղոթում, որ նրա շրթունքները շարժվում էին։ Դա տեսնելով՝ Հեղի քահանայապետը մտածեց, թե Աննան հարբած է։ Բայց երբ իմացավ, որ վերջինս վշտացած է, օրհնեց նրան ու ասաց. «Իսրայէլի Աստուածը տայ քո խնդրուածքը, ինչ որ նորանից խնդրեցիր» (Ա Թագաւորաց 1։17)։
Հետագայում ծնվեց Սամուելը։ Աննան այնքան ուրախացավ, որ իր ամուսնուն՝ Եղկանային, ասաց. «Կ’նստեմ մինչեւ տղայի կաթից կտրուիլը. յետոյ կ’տանեմ նորան որ Տիրոջ առաջին երեւայ, եւ միշտ այնտեղ կենայ»։ Աննան այդպես էլ արեց։ Այն ժամանակ Սամուելը հավանաբար չորս կամ հինգ տարեկան էր։
Հեղին արդեն ծերացել էր, իսկ նրա որդիները՝ Ոփնին ու Փենեհեսը, ճիշտ ձևով չէին երկրպագում Եհովային։ Նրանք նույնիսկ անբարոյություն էին գործում խորանում ծառայող կանանց հետ։ Ի՞նչ ես կարծում, ի՞նչ պետք է աներ նրանց հայրը։ ~ Այո՛, նա պետք է խրատեր նրանց և թույլ չտար այդպիսի վատ բաներ անել։
Պատանի Սամուելը ապրում էր խորանում և հավանաբար գիտեր Հեղիի տղաների վատ արարքների մասին։ Արդյոք Սամուելը հետևե՞ց նրանց վատ օրինակին։ ~ Ո՛չ, նա շարունակեց անել այն, ինչ ճիշտ էր, ինչպես որ նրա ծնողներն էին սովորեցրել իրեն։ Ուստի զարմանալի չէ, թե ինչու Եհովան բարկացավ Հեղիի վրա։ Նա նույնիսկ իր մարգարեին ուղարկեց, որպեսզի հայտներ Հեղիին, թե ինչպես է Եհովան պատժելու նրա ընտանիքին, հատկապես նրա վատ որդիներին (Ա Թագաւորաց 2։22–36)։
Սամուելը շարունակում էր Հեղիի հետ ծառայել խորանում։ Մի գիշեր, երբ Սամուելը քնած էր, մի ձայն լսվեց. ինչ–որ մեկը կանչում էր նրան։ Ուստի նա վազեց Հեղիի մոտ՝ մտածելով, թե կանչում է իրեն։ Սակայն Հեղին ասաց, որ ինքը չի կանչել։ Նույն բանը երկրորդ անգամ կրկնվեց։ Երրորդ անգամ Հեղին ասաց Սամուելին, որ երբ այդ ձայնը լսի, ասի. «Խօսիր, Տէր, որովհետեւ քո ծառան լսում է»։ Երբ Սամուելն այդպես պատասխանեց, Եհովան խոսեց նրա հետ։ Գիտե՞ս, թե ինչ ասաց Եհովան Սամուելին։
Աստված ասաց, որ պետք է պատժի Հեղիի ընտանիքին։ Առավոտյան Սամուելը վախեցավ Հեղիին պատմել տեղի ունեցածը, բայց վերջինս աղերսեց՝ ասելով. «Ինձանից մի ծածկիր»։ Ի վերջո Սամուելն ասաց նրան այն ամենը, ինչ Եհովան ասել էր իրեն։ Այդ նույն խոսքերը Հեղին լսել էր նաև Աստծու մարգարեից։ Հետևաբար նա ասաց. «Նա Տէրն է, ինչ որ հաճոյ է իր աչքերի առաջին՝ թող անէ»։ Հետագայում Ոփնին ու Փենեհեսը, ինչպեսև Հեղին մահացան (Ա Թագաւորաց 3։1–18)։
Եհովան Սամուելի հետ էր։ Այդ ժամանակ նա հավանաբար պատանի էր (Թագաւորաց 3։1–4։2)։ Քո կարծիքով՝ հե՞շտ էր Սամուելի համար շարունակել անել այն, ինչ ճիշտ էր, նույնիսկ երբ ուրիշները այդպես չէին վարվում։ ~ Թեև հեշտ չէր, բայց Սամուելը իր ամբողջ կյանքի ընթացքում հավատարմորեն ծառայեց Եհովային (Ա Թագաւորաց 3։19–21)։
Իսկ ի՞նչ կասես քո մասին։ Դու կլինե՞ս այնպիսին, ինչպիսին Սամուելն էր։ Կշարունակե՞ս անել այն, ինչ ճիշտ է։ Կհնազանդվե՞ս Աստվածաշնչի սկզբունքներին և քո ծնողներին։ Եթե այդպես վարվես, ապա կուրախացնես թե՛ Եհովային, թե՛ ծնողներիդ։
^ պարբ. 3 Եթե ընթերցում եք երեխայի հետ, ալիքաձև նշանը [~] հիշեցնում է, որ պետք է դադար տալ և քաջալերել երեխային արտահայտվել։