Սովորեցրեք ձեր երեխաներին
Նախանձե՞լ ես. Հովսեփի եղբայրները նախանձեցին
ԳԻՏԵ՞Ս, թե ինչ է նշանակում նախանձել։ Դժվա՞ր է քեզ համար սիրել մեկին, ով լավն է, գեղեցիկ է, խելացի է։— * Եթե այդպես է, ուրեմն դու նախանձում ես ինչ–որ մեկին։
Երբ ծնողները երեխաներից մեկին ավելի շատ են ուշադրություն դարձնում, մյուսները կարող են նախանձել։ Աստվածաշնչում խոսվում է մի ընտանիքի մասին, որտեղ նախանձը մեծ խնդիրներ առաջացրեց։ Ե՛կ միասին քննարկենք, թե ինչ պատահեց, և ինչ կարող ենք սովորել այդ դեպքից։
Հովսեփը Հակոբի 11–րդ տղան էր։ Նրա եղբայրները նախանձում էին իրեն։ Իսկ գիտե՞ս, թե ինչու։ — Որովհետև իրենց հայրը՝ Հակոբը, շատ էր սիրում Հովսեփին։ Նա իր տղայի համար գեղեցիկ գծավոր շոր էր պատրաստել։ Հակոբը ավելի շատ սիրում էր Հովսեփին, «որովհետև նա իր ծերության որդին էր» և իր սիրելի կնոջ՝ Ռաքելի առաջին երեխան։
Աստվածաշնչում ասվում է, որ երբ «Հովսեփի եղբայրները տեսան, որ իրենց հայրը սիրում է նրան իր բոլոր եղբայրներից ավելի, ատեցին նրան»։ Մի օր Հովսեփը պատմեց, որ երազում տեսել էր, թե ինչպես են իր ընտանիքի բոլոր անդամները, նաև հայրը խոնարհվում իր առաջ։ Աստծու Խոսքում կարդում ենք, որ Հովսեփի «եղբայրները նախանձեցին» իրեն, իսկ հայրը նույնիսկ հանդիմանեց նրան՝ այդպիսի երազ պատմելու համար (Ծննդոց 37։1–11)։
Մի օր նրա եղբայրները իրենց ոչխարներին ու այծերին տարել էին հեռու մի տեղ՝ արածեցնելու։ Հակոբը 17–ամյա Հովսեփին ուղարկեց նրանց մոտ, որպեսզի իմանա, թե ինչպես են նրանք։ Գիտե՞ս, թե ինչ էին ուզում անել եղբայրները, երբ տեսան նրան։ — Ուզում էին սպանել։ Սակայն եղբայրներից երկուսը՝ Ռուբենն ու Հուդան, չուզեցին այդպիսի բան անել։
Այդտեղով վաճառականներ էին անցնում. նրանք գնում էին Եգիպտոս։ Ուստի Հուդան ասաց. «Եկեք ծախենք նրան»։ Եվ այդպես էլ արեցին։ Այնուհետև մի այծ մորթեցին և Հովսեփի շորը թաթախեցին նրա արյան մեջ։ Երբ նրանք տուն վերադարձան ու այն ցույց տվեցին իրենց հորը, նա բացականչեց. «Մի չար գազան կերել է Հովսեփին» (Ծննդոց 37։12–36)։
Երկար տարիներ Հովսեփը ապրեց Եգիպտոսում։ Ժամանակի ընթացքում փարավոնը՝ Եգիպտոսի կառավարիչը, շատ հավանեց նրան, քանի որ Աստծու օգնությամբ նա կարողացել էր բացատրել փարավոնի տեսած երկու երազների նշանակությունը։ Առաջին երազը յոթ առողջ և յոթ նիհար ու հիվանդ կովերի մասին էր։ Իսկ երկրորդ երազի մեջ փարավոնը տեսել էր ցորենի յոթ լավ հասկեր և յոթ վատ ու չորացած հասկեր։ Հովսեփն ասել էր, որ այդ երկու երազները ցույց են տալիս, որ լինելու են առատ բերքի յոթ տարիներ, որոնց հաջորդելու են սովի յոթ տարիներ։ Ուստի փարավոնը Հովսեփին մի մեծ գործ հանձնարարեց. առատ տարիների ընթացքում նա պետք է հավաքեր ամբողջ սնունդը ու այն պահեր սովի տարիների համար։
Երբ սովի տարիները եկան, Հովսեփի ընտանիքը, որը շատ հեռու էր ապրում, ուտելիքի կարիք ունեցավ։ Հակոբը Հովսեփի տասը եղբայրներին ուղարկեց Եգիպտոս՝ սնունդ բերելու։ Նրանք եկան Հովսեփի մոտ, բայց չճանաչեցին իրենց եղբորը։ Հովսեփը չհայտնեց, թե ով է ինքը։ Նա որոշեց ստուգել իր եղբայրներին ու տեսավ, որ նրանք փոշմանել են իրենց եղբոր հետ այդպես վարվելու համար։ Հետագայում Հովսեփը ասում է եղբայրներին, թե ով է ինքը։ Նրանք գրկախառնվում են և ուրախանում (Ծննդոց 40–45 գլուխներ)։
Ի՞նչ կարող ես սովորել նախանձի մասին Աստվածաշնչի այս պատմությունից։ — Նախանձը կարող է մեծ խնդիրներ առաջացնել, նախանձող մարդը կարող է նույնիսկ վնաս հասցնել իր եղբորը։ Ե՛կ կարդանք Գործեր 5։17, 18 և 7։54–59 համարները ու տեսնենք, թե նախանձող մարդիկ ինչ արեցին Հիսուսի աշակերտներին։ — Այս համարները կարդալուց հետո հասկանո՞ւմ ես, թե ինչու չպիտի նախանձես։ —
Հովսեփը ապրեց մինչև 110 տարեկան։ Նա ունեցավ երեխաներ, թոռներ և ծոռներ։ Մենք վստահ ենք, որ Հովսեփը հաճախ էր սովորեցնում նրանց սիրել իրար ու չնախանձել (Ծննդոց 50։22, 23, 26)։
^ պարբ. 3 Եթե ընթերցում եք երեխայի հետ, երկար գծիկը հիշեցնում է, որ պետք է դադար տալ և քաջալերել երեխային արտահայտվել։