Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Խոսքը «Աստվա՞ծ» էր

Խոսքը «Աստվա՞ծ» էր

ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ թարգմանիչները Հովհաննես Ավետարանի առաջին համարը թարգմանելիս պետք է անդրադառնան այս հարցին։ «Նոր աշխարհ թարգմանության» մեջ այս համարը հետևյալ ձևով է թարգմանվել. «Սկզբում էր Խոսքը, և Խոսքը Աստծու հետ էր, և Խոսքը աստված էր» (Հովհաննես 1:1)։ Իսկ նույն համարի ծանոթագրության մեջ գրված է, որ «Խոսքը» աստվածանման է, աստվածային է։ Սակայն շատ թարգմանություններում Հովհաննես 1։1–ի վերջին մասը հետևյալ կերպ է գրվել. «Եվ Բանն Աստուած էր» (ԱԹ, ԱԱ)։

Հարց է ծագում, թե ինչու է «Նոր աշխարհ թարգմանության» մեջ գրվել, որ «Խոսքը» աստված (աստվածային) է և ոչ թե Աստված։ Պատճառը համատեքստը և հունարենի քերականությունն է։ Նախևառաջ համատեքստից է երևում, որ «Խոսքը» չի կարող լինել նույն համարի սկզբում հիշատակված «Աստվածը»։ Ինչ վերաբերում է քերականությանը, տեղին է նշել, որ առաջին դարում հունարենը անորոշ հոդ չի ունեցել։ Դրա հետևանքով Հովհաննես 1։1–ը տարակարծությունների պատճառ է դարձել։ Համոզվելու համար, թե թարգմանության որ տարբերակն է ճիշտ, կարող ենք դիմել Աստվածաշնչի մի թարգմանության, որն արվել է առաջին դարում տարածված մի լեզվով։

 Այդ լեզուն ղպտիերենի սայիդյան բարբառն է։ Հիսուսի երկրային ծառայությանը հաջորդող դարերի ընթացքում ղպտիերենով խոսում էին Եգիպտոսում, և սայիդյան բարբառը այն ժամանակվա գրական լեզուն էր։ Աստվածաշնչի ղպտիերեն թարգմանության վերաբերյալ մի աստվածաշնչային բառարան հետևյալն է ասում. «Քանի որ [«Յոթանասնից»–ը] և [Քրիստոնեական Հունարեն Գրությունները] ղպտիերեն են թարգմանվել մ.թ. 3–րդ դարի ընթացքում, կարելի է ասել, որ ղպտիերեն տարբերակը հիմնված է [Հունարեն ձեռագրերի] վրա, որոնք ավելի հին են, քան եղած ձեռագրերը» («The Anchor Bible Dictionary»)։

Սայիդյան բարբառի ղպտիերեն տեքստը շատ հետաքրքիր է երկու առումով։ Առաջին՝ մենք տեղեկանում ենք, թե ինչպես էին քրիստոնյաները հասկանում Աստվածաշունչը մինչև չորրորդ դարը, երբ պաշտոնապես ընդունվեց Երրորդության ուսմունքը։ Երկրորդ՝ Քրիստոնեական Հունարեն Գրությունների սկզբնական թարգմանությունները եղել են արամերենով, լատիներենով և ղպտիերենով։ Արամերեն և լատիներեն լեզուները, այդ օրերի հունարենի նման, անորոշ հոդ չեն ունեցել։ Մինչդեռ ղպտիերենը, ինչպես վկայում են բազմաթիվ աստվածաշնչագետներ, ունեցել է թե՛ անորոշ, թե՛ որոշյալ հոդ։ Եվ այդ առումով ղպտիերենի քերականությունը նման է ժամանակակից հայերենի քերականությանը։

Ուստի Աստվածաշնչի ղպտիերեն թարգմանության շնորհիվ պարզ է դառնում, թե ինչպես են այն ժամանակ հասկացել Հովհաննես 1։1–ը։ Այդ համարի վերջին մասում «աստված» բառի հետ օգտագործվում է անորոշ հոդ։ Ակներևաբար, հին թարգմանիչները հասկացել էին, որ այս համարում խոսքն այն մասին չէր, թե Հիսուսը Ամենակարող Աստվածն է *։ Ուրեմն, Հովհաննես 1։1–ը պետք է թարգմանել՝ «Խոսքը աստված էր» և ոչ թե Աստվածն էր, ինչպես որ արվել է հայերեն «Նոր աշխարհ թարգմանության» մեջ։

^ պարբ. 6 Հայերեն «Նոր աշխարհի թարգմանության» մեջ «աստված» թարգմանված բառը գործածվում է որպես հատկանիշ՝ ցույց տալով, թե ինչպիսին էր «Խոսքը» (տե՛ս «Քրիստոնեական Հունարեն Գրությունների նոր աշխարհ թարգմանության» երրորդ հավելվածը)