Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Նա սովորեց իր սխալներից

Նա սովորեց իր սխալներից

Ընդօրինակեք նրանց հավատը

Նա սովորեց իր սխալներից

ԿԱՏԱՂԻ քամին սուրալով խճճում է առագաստների պարանները, իսկ հսկա ալիքները ուժգնորեն հարվածում են նավին և ստիպում, որ ամեն մի գերան ճռնչա ու խուլ ձայներ արձակի։ Քամին ու ալիքները ահասարսուռ աղմուկ են բարձրացրել, սակայն Հովնանը ուզում է նավաստիների աղաղակները լռեցնել. խուճապի մատնված՝ անձնակազմը փորձում է նավը ջրի վրա պահել։ Հովնանը գիտակցում է, որ շուտով այս մարդիկ մեռնելու են, և այդ ամենի պատճառը ինքն է։

Ինչպե՞ս է Հովնանը հայտնվել այսպիսի սարսափելի իրավիճակում։ Նա լուրջ սխալ է թույլ տվել, որով բարկացրել է իր Աստծուն՝ Եհովային։ Ի՞նչ է նա արել։ Արդյո՞ք այլևս ոչինչ հնարավոր չէ փոխել։ Այս հարցերի պատասխանները մեզ շատ բան կարող են սովորեցնել։ Օրինակ, որ նույնիսկ անկեղծ հավատ ունեցող մարդիկ կարող են սխալներ թույլ տալ և կարող են ուղղել դրանք։

Մարգարե Գալիլեայից

Երբ լսում ենք Հովնանի մասին, հաճախ մտաբերում ենք նրա բացասական կողմերը՝ անհնազանդությունն ու կամակորությունը։ Բայց շատ ավելին կարող ենք իմանալ նրա մասին։ Հիշենք, որ Հովնանը Եհովա Աստծու մարգարեն էր։ Իսկ Եհովան, ինչ խոսք, անհավատարիմ ու անարդար մարդու չէր վստահի այդպիսի լուրջ պատասխանատվությունը։

Դ Թագավորաց 14։25–ից տեղեկանում ենք, թե որտեղից էր Հովնանը։ Նա Գեթքոփերից էր, մի քաղաքից, որը չորս կիլոմետր հեռու էր Նազարեթից, որտեղ մոտ ութ դար անց պիտի մեծանար Հիսուս Քրիստոսը *։ Հովնան մարգարեն ապրել է Իսրայելի թագավոր Հերոբովամ II–ի իշխանության օրոք։ Եղիա մարգարեն արդեն վաղուց մահացած էր, իսկ Եղիսեն մահացել էր Հերոբովամի հոր իշխանության ժամանակ։ Թեև Եհովան այդ մարդկանց միջոցով վերացրել էր Բաաղի երկրպագությունը, բայցևայնպես, Իսրայելը կրկին շեղվել էր ճշմարիտ ուղուց։ Այժմ երկիրը գտնվում էր մի թագավորի իշխանության ներքո, որը շարունակում էր «չարություն անել Տիրոջ աչքի առաջին» (Դ Թագավորաց 14։24)։ Ուստի կարելի է պատկերացնել, որ Հովնանի համար Եհովային ծառայելը հեշտ չէր։ Այդուհանդերձ, նա հավատարմորեն շարունակում էր իր ծառայությունը։

Մի օր, սակայն, Հովնանի կյանքը կտրուկ փոխվում է։ Նա Եհովայից մի հանձնարարություն է ստանում, որն իրեն չափազանց դժվար է թվում։ Ի՞նչ պիտի անի Հովնանը։

«Վեր կաց գնա Նինուէ»

Եհովան ասում է Հովնանին. «Վեր կաց գնա Նինուէ մեծ քաղաքը, եւ քարոզիր նորա դէմ. որովհետեւ նորանց չարութիւնը վեր է եկել իմ առաջին» (Յովնան 1։2)։ Դժվար չէ հասկանալ, թե ինչու է այդ հանձնարարությունը վախեցնում մարգարեին։ Նինվեն գտնվում էր մոտ 800 կիլոմետր հեռավորության վրա, ու այնտեղ հասնելու համար Հովնանը պետք է գրեթե մեկ ամիս ոտքով գնար։ Բայց դա դեռ ոչինչ, նա Նինվեում պիտի Եհովայի դատաստաննե՛րը հայտներ ասորեստանցիներին, որոնք դաժան էին ու արյունախում։ Եթե Աստծո՛ւ ժողովուրդը ականջ չէր դնում նրա խոսքերին, ուր մնաց՝ այն մարդիկ, ովքեր Եհովային չէին էլ ճանաչում։ Ինչպե՞ս պիտի Եհովայի ծառան մենակ գնար Նինվե՝ «արիւնհեղութեանց քաղաք» (Նաում 3։1, 7

Վստահ չենք կարող ասել, թե ինչ էր մտածում Հովնանը, սակայն մի բան պարզ է. նա փախավ։ Եհովան նրան հանձնարարել էր արևելք գնալ, բայց Հովնանը ճանապարհ է ընկնում դեպի արևմուտք։ Նա ուզում է որքան հնարավոր է հեռու փախչել։ Հասնելով Հոպպե նավահանգիստը՝ մարգարեն նստում է մի նավ, որն ուղևորվում է Թարսիս։ Որոշ աստվածաշնչագետների կարծիքով՝ Թարսիսը գտնվում էր Իսպանիայում։ Հետևաբար Հովնանը 3 500 կիլոմետր հեռու էր լինելու Նինվեից։ Մեծ Ծովի (այժմ՝ Միջերկրական ծով) մյուս ափ հասնելու համար մեկ տարի էր պահանջվելու։ Փաստորեն՝ Հովնանը նախընտրում է կրել այդ ճանապարհորդության դժվարությունները, քան կատարել Եհովայի հանձնարարությունը։

Արդյոք կարելի՞ է եզրակացնել, որ Հովնանը վախկոտ է։ Եկեք չշտապենք։ Մենք դեռ կտեսնենք, որ նա ունակ է առանձնահատուկ խիզախություն դրսևորելու։ Մեզ նման Հովնանը նույնպես անկատար էր և պայքարում էր իր թերությունների դեմ (Սաղմոս 51։5)։ Իսկ ո՞վ չի ունեցել վախի զգացում ու չի փորձել հաղթահարել այն։

Ժամանակ առ ժամանակ թվում է, թե Աստված մեզնից ակնկալում է անել մի բան, որը դժվար է ու երբեմն էլ անհնար։ Գուցե վախենում ենք Թագավորության բարի լուրը քարոզելուց (Մատթեոս 24։14)։ Հիսուսն ասաց, որ «Աստծու համար ամեն բան հնարավոր է» (Մարկոս 10։27)։ Եթե երբեմն մոռանում ենք այս պարզ ճշմարտությունը, ուրեմն կարող ենք հասկանալ, թե ինչ դժվար իրավիճակում էր հայտնվել Հովնանը։ Իսկ ի՞նչ պատահեց մարգարեին։

Եհովան խրատում է իր կամակոր մարգարեին

Հովնանը բարձրանում է նավ, հավանաբար փյունիկյան մի բեռնանավ, տեղավորվում է ու սպասում մինչև անձնակազմը պատրաստ լինի ծով դուրս գալու։ Վերջապես նավը հեռանում է ափից։ Ցամաքը մնում է հեռվում, և Հովնանին թվում է, թե իր խնդիրն էլ մնաց ցամաքում։ Հանկարծ եղանակը փոխվում է։

Մի սարսափելի փոթորիկ է բարձրանում ծովի վրա։ Անսանձ կատաղությամբ գալարվող ալիքներն այնքան վիթխարի են, որ դրանց համեմատ՝ նույնիսկ ժամանակակից նավերը նման կլինեին ջրի վրա լողացող տաշեղների։ Նավը քիչ է մնում ջարդուփշուր լինի։ Թվում է՝ ուր որ է փրփրադեզ ալիքները կխորտակեն փայտյա այդ փոքր ու դյուրաբեկ նավը։ Կռահո՞ւմ էր արդյոք Հովնանն այդ պահին, որ «Տէ՛րը մի մեծ քամի հանեց ծովի վերայ», ինչպես գրեց հետագայում։ Նա տեսնում է, թե ինչպես են նավաստիները աղաղակում իրենց աստվածներին. նա հասկանում է, որ դրանք չեն կարող օգնել իրենց (Յովնան 1։4; Ղեւտացոց 19։4)։ Իսկ ինչպե՞ս կարող է ինքը աղոթել իր Աստծուն, ումից փախել է։

Քանի որ անկարող է որևէ բան անելու, Հովնանը իջնում է նավի ամենացածր տեղը, պառկում է ու խոր քուն է մտնում *։ Ավելի ուշ նավապետը մոտենում է նրան ու ասում, որ վեր կենա ու մյուսների նման աղոթի իր Աստծուն։ Նավաստիները, համոզված լինելով, որ այս փոթորկի պատճառը գերբնական ինչ–որ բան է, որոշում են վիճակ գցել ու իմանալ, թե ում պատճառով է այս աղետը եկել իրենց վրա։ Մինչ վիճակը մեկից մյուսին է անցնում, Հովնանի սիրտը սկսում է ավելի ուժգին բաբախել։ Շուտով ճշմարտությունը բացահայտվում է. ինչպես փոթորիկը, այնպես էլ վիճակը Եհովան ուղղում է Հովնանի վրա (Յովնան 1։5–7

Ի վերջո, Հովնանը ամեն ինչ պատմում է նավաստիներին։ Նա ասում է, որ ամենակալ Եհովա Աստծու ծառան է, բայց փախել է նրանից ու այդպիսով բարկացրել իր Աստծուն։ Ուստի հենց Նա է այդ աղետը իրենց վրա բերել։ Նավաստիները զարհուրում են։ Նրանք հարցնում են Հովնանին, թե ինչ պետք է անեն, որպեսզի փրկվեն։ Ի՞նչ է ասելու Հովնանը։ Կարո՞ղ է անտարբեր մնալ, երբ հասկանում է, որ իր հետ միասին մեռնելու են նաև այդ մարդիկ։ Մի պահ նրա մարմնով սարսուռ է անցնում այն մտքից, որ խեղդվելու է սառն ու փոթորկալից ծովում։ Այդուհանդերձ, ասում է. «Առէք ինձ եւ գցեցէք ինձ ծովը, եւ ծովը կ’դադարէ ձեզ վերայ. որովհետեւ ես գիտեմ որ իմ պատճառով է եկել այս մեծ փոթորիկը ձեզ վերայ» (Յովնան 1։12

Մի՞թե սրանք վախկոտի խոսքեր են։ Երբ Եհովան տեսավ իր ծառայի խիզախությունն ու անձնազոհ ոգին այդ օրհասական պահին, նրա գութը շարժվեց։ Մենք կարող ենք ընդօրինակել Հովնանին, եթե ուրիշների կարիքները սեփական շահերից բարձր դասենք (Հովհաննես 13։34, 35)։ Երբ տեսնենք, որ ինչ–որ մեկը օգնության կարիք ունի, ձեռք կմեկնե՞նք նրան։ Որքա՜ն կուրախանա Եհովա Աստված, եթե այդպես վարվենք։

Հավանաբար նավաստիները նույնպես խղճացին Հովնանին, քանի որ չէին ուզում գցել նրան ծովը։ Նրանք ամեն ինչ արեցին, որ դուրս գան փոթորկի միջից ու նավը ափ հասցնեն, սակայն ապարդյուն։ Ծովը գնալով մոլեգնում էր։ Հուսահատված՝ նրանք կանչեցին Հովնանի Աստծուն՝ Եհովային, որպեսզի նա ողորմի իրենց, և Հովնանին գցեցին ծովը (Յովնան 1։13–15

Հովնանը ողորմության է արժանանում ու փրկվում

Հովնանը ալեկոծ ծովի մեջ է։ Նա պայքարում է ջրի երեսին մնալու համար։ Փրփուրների և ջրափոշու միջից նա հուսահատ հետևում է, թե ինչպես է նավն արագորեն հեռանում։ Հանկարծ հզոր ալիքները ծածկում են նրան ու քաշում ջրի տակ։ Նա ավելի ու ավելի խորն է սուզվում և զգում է, որ փրկության հույսի նշույլ անգամ չկա։

Ի՞նչ է զգում Հովնանը։ Նա ցավով մտածում է, որ այլևս չի տեսնելու Եհովայի հրաշագեղ տաճարը Երուսաղեմում։ Զգում է, որ հասել է ծովի հատակը, լեռների հիմքերին, ու ջրիմուռները փաթաթվել են իրեն։ Հասկանում է, որ ծովն իր գերեզմանն է դառնալու (Յովնան 2։2–6

Բայց սպասիր։ Հովնանը նկատում է, որ մի հսկայական ստվեր է շարժվում դեպի իրեն։ Հանկարծ մի մեծ բերան է բացվում ու կուլ է տալիս նրան։

Վե՞րջ։ Անհավատալի՜ է, Հովնանը ձկան փորում է, ու նա ողջ է։ Անկասկած, իր Աստվածը՝ Եհովան էր, որ «հրամայեց մի մեծ ձկան որ Յովնանին կուլ տայ» * (Յովնան 1։17

Այնտեղ՝ խոր մթության մեջ, Հովնանը սկսում է աղոթել Եհովա Աստծուն։ Այդ աղոթքը, որն ամբողջությամբ գրի է առնված «Յովնան» գրքի երկրորդ գլխում, շատ բան է բացահայտում նրա մասին։ Օրինակ՝ նա լավ գիտեր Գրությունները, քանի որ իր աղոթքում հաճախ էր մեջբերումներ անում Սաղմոսներից։ Հովնանը նաև երախտապարտ մարդ էր։ Դա երևում է նրա հետևյալ խոսքերից. «Ես շնորհակալութեան ձայնով քեզի զոհ պիտի մատուցանեմ ու ըրած ուխտս պիտի կատարեմ։ Փրկութիւնը Տէրոջմէն է» (Յովնան 2։9, ԱԱ)։

Հովնանը հասկացավ, որ միայն Եհովան կարող է փրկել ցանկացած մարդու, երբ էլ որ լինի, որտեղ էլ լինի։ Նույնիսկ «ձկան փորից» Եհովան փրկեց իր թշվառ ծառային (Յովնան 1։17)։ Միայն Նա կարող էր երեք օր ու երեք գիշեր Հովնանին ձկան փորում կենդանի պահել։ Ուստի լավ կլինի հիշել, որ Եհովան է այն Աստվածը, «որի ձեռքին է քո շունչը» (Դանիէլ 5։23)։ Մենք նրա՛ն ենք պարտական մեր գոյության համար։ Երախտապա՞րտ ենք։ Եթե այո, ապա պատրաստակամորեն կհնազանդվենք նրան։

Իսկ Հովնանը սովորե՞ց իր երախտագիտությունը հնազանդությամբ արտահայտել։ Երեք օր հետո ձուկը մոտեցավ ափին և «Յովնանին փսխեց ցամաքը» (Յովնան 2։10)։ Հովնանն անգամ ստիպված չեղավ լողալ ափ հասնելու համար։ Նրան մնում էր միայն կողմնորոշվել, թե որտեղ է գտնվում։ Կարճ ժամանակ անց մարգարեն պետք է ապացուցեր, որ երախտագետ է։ Յովնան 3։1, 2–ում կարդում ենք. «Տիրոջ խօսքը երկրորդ անգամ եղաւ Յովնանին ասելով. Վեր կաց գնայ Նինուէ մեծ քաղաքը եւ քարոզիր նորա դէմ այն քարոզչութիւնը, որ ես քեզ կ’ասեմ»։ Ինչպե՞ս կվարվեր նա այս անգամ։

Հովնանը չի հապաղում։ Կարդում ենք. «Յովնանը վեր կացավ ու գնաց Նինուէ Տիրոջ խօսքին համեմատ» (Յովնան 3։3)։ Այո՛, նա հնազանդվում է։ Ակնհայտ է, որ մարգարեն սովորել է իր սխալներից։ Այս հարցում նույնպես պետք է ընդօրինակենք Հովնանին։ Բոլորս էլ մեղք ենք գործում և սխալներ ենք թույլ տալիս (Հռոմեացիներ 3։23)։ Կհանձնվե՞ս, թե՞ դասեր կքաղես քո սխալներից ու հնազանդորեն կծառայես Եհովային։

Եհովան վարձատրե՞ց Հովնանին իր հնազանդության համար։ Այո՛։ Հավանաբար Հովնանն իմացել էր, որ նավաստիները փրկվել են, որովհետև փոթորիկն անմիջապես դադարել էր, երբ նրան ջուրն էին նետել։ Իսկ նավաստիները «մեծ երկիւով վախեցան Տէրիցը» և իրենց աստվածներին զոհեր մատուցելու փոխարեն՝ Եհովային զոհեր մատուցեցին (Յովնան 1։15, 16

Սակայն ամենամեծ վարձատրությունը դեռ առջևում էր։ Հիսուսը համեմատեց Հովնանի՝ ձկան փորում անցկացրած երեք օրերը այն բանի հետ, որ ինքը երեք օր մնալու է գերեզմանում (Մատթեոս 12։38–40)։ Որքա՜ն կզարմանա Հովնանը, երբ հարություն առնի և իմանա այդ մասին (Հովհաննես 5։28, 29)։ Եհովան ուզում է, որ դու նույնպես օրհնվես։ Իսկ դո՞ւ։ Հովնանի նման՝ կսովորե՞ս քո սխալներից, անձնազոհ ու հնազանդ կլինե՞ս։

[ծանոթագրություններ]

^ պարբ. 7 Փարիսեցիները մի անգամ Հիսուսի հետ կապված ասացին. «Քննի՛ր ու տե՛ս, որ Գալիլեայից ոչ մի մարգարե դուրս չի գալու» (Հովհաննես 7։52)։ Մինչդեռ Հովնանը ծնվել էր Գալիլեայում։ Շատ թարգմանիչներ և ուսումնասիրողներ նշում են, որ փարիսեցիների այդ պնդումը, փաստորեն, ասում է այն մասին, որ նրանք անտեսում են պատմությունը և մարգարեությունը (Եսայիա 9։1, 2

^ պարբ. 17 «Յոթանասնից» թարգմանության մեջ նշվում է, որ Հովնանը խոր քուն էր մտել ու խռմփացնում էր։ Սակայն դա անհոգության նշան չէր։ Հաճախ երբ անհատը հուսահատ ու խիստ տրտմած է, քնի ուժեղ պահանջ է զգում։ Օրինակ՝ Գեթսեմանի պարտեզում Պետրոսը, Հակոբոսը և Հովհաննեսը «տրտմությունից նիրհել էին», որովհետև Հիսուսին մի քանի ժամեր էր մնացել ապրելու (Ղուկաս 22։45

^ պարբ. 25 Եբրայերեն «ձուկ» բառը հունարենով թարգմանվել է «ծովային հրեշ», կամ՝ «վիթխարի ձուկ»։ Թեև չենք կարող նշել, թե ինչ ծովային կենդանի էր դա, սակայն ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Միջերկրական ծովում կան այնքան մեծ շնաձկներ, որ կարող են մարդուն ամբողջությամբ կուլ տալ։ Ավելի մեծ շնաձկներ էլ գոյություն ունեն, օրինակ՝ կետանման շնաձուկը, որի երկարությունը կարող է հասնել ավելի քան 15 մետրի։

[շրջանակ/​նկար 29–րդ էջի վրա]

«Հովնանը» քննադատության է ենթարկվում

▪ Աստվածաշնչի «Հովնան» գիրքը իրակա՞ն դեպքերի մասին է պատմում։ Սկսած հին ժամանակներից՝ այս գիրքը քննադատության է արժանացել։ Իսկ բարձրակարգ քննախոսության այս դարում գիրքը մերժվել է քննադատների կողմից, քանի որ ըստ նրանց՝ այն առակ է, առասպել, հորինված պատմություն, այլաբանություն։ 19–րդ դարի գրողներից մեկը պատմում է այն մասին, թե ինչպես է քահանան մեկնաբանել Հովնանի և մեծ ձկան պատմությունը՝ այն ներկայացնելով որպես այլաբանության մի ձև. Հովնանը իջևանել է Հոպպեի՝ «Կետ» անունով իջևանատանը։ Ու երբ նա չի կարողացել վճարել այնտեղ մնալու վարձը, իջևանատերը նրան վռնդել է։ Այսպես Հովնանը «մտել է» կետի մեջ և հետո «փսխվել է»։ Փաստորեն, քննադատները ավելի շատ են ցանկացել «կուլ տալ» Հովնանին, քան մեծ ձուկը։

Ինչո՞ւ են այս գրքի վավերականությունը կասկածի տակ դնում։ Պատճառն այն է, որ գրքում հրաշքների մասին է պատմվում։ Քննադատներից շատերը հրաշքների չեն հավատում և ասում են, թե անհնար է, որ նման բան եղած լինի։ Իսկ այդ մոտեցումը խելամի՞տ է։ Հարցրու ինքդ քեզ. «Հավատո՞ւմ եմ Աստվածաշնչի բացման խոսքերին՝ «սկզբումն Աստուած ստեղծեց երկինքը եւ երկիրը» (Ծննդոց 1։1)։ Բազում տրամաբանող մարդիկ ընդունում են այս պարզ ճշմարտությունը, որը գերազանցում է Աստվածաշնչում արձանագրված մյուս բոլոր հրաշքները։

Խորհիր. անծայրածիր աստղազարդ երկինքը և երկրի վրա կյանքի բոլոր բարդ տեսակները Ստեղծողի համար մի՞թե անհնար կլիներ փոթորիկ բարձրացնել, այնպես անել, որ մեծ ձուկը կուլ տա մարդուն և այնուհետև ցամաք փսխի նրան։ Վստահաբար, անսահման զորություն ունեցողի համար ոչ մի դժվարություն չէր ներկայացնի այդ ամենը (Եսայիա 40։26

Զարմանահրաշ բաներ տեղի են ունենում նույնիսկ առանց Աստծու միջամտության։ Օրինակ՝ 1758 թ.–ին Միջերկրական ծովում մի նավաստի ջուրն է ընկնում, և շնաձուկը կուլ է տալիս նրան։ Մյուս նավաստիները հրանոթից կրակ են արձակում շնաձկան վրա, որի հետևանքով ձուկը նավաստուն փսխում է։ Վերջինս դեռ կենդանի է լինում և գրեթե վնասվածքներ չի ունենում։ Եթե սա իրական պատմությունը է, ապա մեզ համար այն զարմանալի է, բայց ոչ հրա՞շք։ Մի՞թե Աստված, որն անսահման զորություն ունի, չէր կարող ավելին անել։

Քննադատները պնդում են, որ մարդը չի կարող երեք օր կենդանի մնալ ձկան փորում։ Սակայն եթե ջրի տակ շնչելու համար մարդիկ կարողացել են խտացած թթվածինը լցնել բաքի մեջ, մի՞թե Աստված ի զորու չէր լինի իր անսահման զորության ու իմաստության շնորհիվ այնպես անել, որ Հովնանը երեք օր շնչեր ձկան փորում։ Եհովայի հրեշտակներից մեկը մի անգամ ասաց. «Աստծու մոտ չկա մի խոսք, որ չիրականանա» (Ղուկաս 1։37

է՞լ ինչ ապացույցներ կան, որ Հովնանի պատմությունն իրական է։ Նա մանրամասնորեն է նկարագրում նավն ու անձնակազմը։ Հովնան 1։5–ում գրված է, որ նավաստիները ծով են նետում շատ իրեր, որպեսզի նավը թեթևացնեն։ Հին պատմիչները, նույնիսկ ռաբունական օրենքը մատնանշում են, որ վատ եղանակի ժամանակ սովորաբար այդպես են արել։ Նինվե քաղաքի նկարագրությունը նույնպես համապատասխանում է պատմական և հնագիտական փաստերին։ Եվ վերջապես, Հիսուս Քրիստոսն ասաց, որ ինքն էլ երեք օր մնալու է գերեզմանում, ինչպես որ Հովնանը երեք օր մնաց ձկան փորում (Մատթեոս 12։38–40)։ Հիսուսի վկայությունը հաստատուն ապացույց է, որ Հովնանի պատմությունն իրականություն է։

«Աստծու մոտ չկա մի խոսք, որ չիրականանա» (ՂՈՒԿԱՍ 1։37

[նկար 26–րդ էջի վրա]

Նավաստիները Հովնանին ծովը գցեցին