Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Շնորհակալ եղիր անձրևի համար

Շնորհակալ եղիր անձրևի համար

Շնորհակալ եղիր անձրևի համար

ԱՆՁՐԵՎ։ Ինչպիսի՞ն կլիներ կյանքն առանց անձրևի։ Մի պահ մտածիր այն միլիոնավոր մարդկանց մասին, ովքեր ապրում են չոր կլիմայական գոտիներում և ստիպված են տանել հեղձուցիչ տապը։ Իսկ երբ վերջապես անձրև է գալիս, օ՜հ, նրանք զովանում են ու թարմանում։ Սակայն ցուրտ և խոնավ երկրներում ապրող մարդկանց համար անձրևը այդքան էլ հաճելի երևույթ չէ։ Բացի այդ, անձրևը բազում դժբախտությունների պատճառ է դառնում, օրինակ՝ ավերիչ սելավները սրբում–տանում են բազում բնակավայրեր (Եզրաս 10։9

Պողոս առաքյալը, երբ քարոզում էր Միջին Ասիայում, լիկաոնացիներին ասաց. «[Աստված] ինքն իրեն առանց վկայության չթողեց՝ բարիք անելով. անձրևներ տվեց ձեզ երկնքից և պտղաբեր ժամանակներ, լիացրեց ձեզ ուտելիքներով և ձեր սրտերը ուրախությամբ լցրեց» (Գործեր 14։17)։ Ուշադրություն դարձրու, որ Պողոսը սկզբում անձրևի մասին նշեց, քանի որ առանց դրա ոչինչ չէր աճի, և չէին լինի «պտղաբեր ժամանակներ»։

Աստվածաշնչում բազմիցս խոսվում է անձրևի մասին։ «Անձրև» թարգմանված եբրայերեն և հունարեն բառը հանդիպում է ավելի քան հարյուր անգամ։ Կուզեի՞ր իմանալ այս հրաշք երևույթի մասին։ Եթե այո, ապա այն կարող է զորացնել հավատդ և դու կհամոզվես, որ Աստվածաշունչը ճշգրիտ է նաև գիտականորեն։

Ի՞նչ է ասում Աստվածաշունչը անձրևի մասին

Հիսուս Քրիստոսը նշեց մի կարևոր փաստ՝ առանց որի այս հրաշք երևույթը չէր կարող տեղի ունենալ։ Նա ասաց. «[Ձեր Հայրը] իր արևը ծագեցնում է թե՛ չարերի և թե՛ բարիների վրա, և անձրև է բերում ինչպես արդարների, այնպես էլ անարդարների վրա» (Մատթեոս 5։45)։ Նկատեցի՞ր, որ Հիսուսը նախքան անձրևի մասին հիշատակելը խոսեց արևի մասին։ Նա այդպես ասաց, քանի որ արևը ոչ միայն էներգիա է տալիս բույսերին, այլև երկրագնդի ջուրը շրջանառության մեջ է դնում։ Իրականում արևի ջերմության շնորհիվ է, որ ամեն տարի մոտ 400 000 խորանարդ կիլոմետր ծովի ջուրը գոլորշիանում է (գոլորշիացած ջրերը աղեր չեն պարունակում)։ Քանի որ Եհովա Աստված է ստեղծել արևը, հենց նա է, որ վեր է բարձրացնում ջուրը և վերածում է այն անձրևի։

Աստվածաշունչը նկարագրում է ջրի շրջապտույտը՝ ասելով. «[Աստված] ջուրերուն կաթիլները կը քաշէ, որոնք իր գոլորշիէն անձրեւ կը թափեն, որ ամպերը վազցնելով մարդոց վրայ առատօրէն կը կաթեցնեն» (Յոբ 36։26–28, ԱԱ)։ Գիտականորեն ճշգրիտ այս խոսքերը գրվելուց ի վեր՝ մարդիկ դարեր շարունակ փորձել են հասկանալ, թե ինչպես է տեղի ունենում ջրի շրջապտույտը։ 2003 թ.–ին մի աղբյուրում նշվեց հետևյալը. «Առայսօր բացահայտված չէ, թե ինչպես են ձևավորվում անձրևի կաթիլները» (Water Science and Engineering)։

Գիտնականները միայն գիտեն այն, որ անձրևի կաթիլները ձևավորվում են միկրոսկոպիկ մասնիկներից, որոնք ամպերում դառնում են շատ փոքր կաթիլների միջուկը։ Այս փոքր կաթիլներից յուրաքանչյուրը պետք է մեծանա ավելի քան մեկ միլիոն անգամ, որպեսզի դառնա անձրևի կաթիլ։ Սա բարդ պրոցես է, որը տևում է ընդամենը մի քանի ժամ։ «Հիդրոլոգիան գործնականում» գիտական ձեռնարկում նշվում է. «Տարբեր թեորիաներ կան այն մասին, թե ինչպես են փոքրիկ կաթիլները մեծանում ու դառնում անձրևի կաթիլ, և գիտնականները դեռ շարունակում են հետազոտել առաջ քաշված վարկածները» (Hydrology in Practice)։

Ստեղծիչը Հոբին հարցրեց. «Անձրեւը հայր ունի՞ արդեօք, կամ ո՞վ է ցօղի կաթիլները ծնողը....։ Ո՞վ է համարում ամպերն իմաստութեամբ, եւ երկնքի տիկերն ո՞վ է պառկեցնում» (Յոբ 38։28, 36, 37)։ 3 500 տարի է անցել, սակայն գիտնականները դեռ չեն պատասխանել այս հարցերին։

Ի՞նչ է ջրի շրջապտույտը

Հույն փիլիսոփաները սովորեցնում էին, որ գետի ջրի աղբյուրը անձրևը չէ, այլ ծովի ջուրն է, որը ինչ–որ ձևով լցվում է երկրակեղևի խորքը, այնուհետև հասնում է լեռների գագաթը և դառնում քաղցրահամ ջուր։ Աստվածաշնչի մի մեկնաբան մեջբերում է Սողոմոնի ներշնչված խոսքերը՝ հաստատելու համար վերոհիշյալ միտքը. «Ամեն գետերը գնում են ծովը, բայց ծովը չէ լցվում. այնտեղը ուր որ գնում են գետերը, կրկին այնտեղ են դառնում որ գնան» (Ժողովող 1։7)։ Սակայն արդյո՞ք Սողոմոնը նկատի ուներ այն, որ ծովի ջուրը ինչ–որ ձևով հասնում է լեռներին և դառնում գետ լցվող քաղցրահամ ջուր։ Պատասխանն իմանալու համար եկեք տեսնենք, թե ինչ տեսակետ էր տարածված ջրի շրջապտույտի մասին Սողոմոնի ժամանակներում։

Աստվածաշնչում կարդում ենք Աստծու մարգարեի՝ Եղիայի մասին, որն ապրել է Սողոմոնի գրած խոսքերից մոտ հարյուր տարի հետո։ Մարգարեն գիտեր, թե որ կողմից է գալիս անձրևը։ Այս մասին իմանում ենք հետևյալ պատմությունից։ Իսրայելացիները մերժել էին Եհովա Աստծուն և սկսել էին երկրպագել Քանանի անձրևի աստծուն՝ Բաաղին։ Այդ պատճառով Եհովան երկրի վրա աղետ էր բերել. ավելի քան երեք տարի երկրում երաշտ էր (Հակոբոս 5։17)։ Սակայն Եղիան անձրևի համար աղոթեց Եհովային։ Հետո մարգարեն իր սպասավորին խնդրեց նայել «դէպի ծովակողմը»։ Երբ վերջինս հայտնեց, որ «մի փոքր ամպ՝ մարդի ձեռի չափ բարձրանում է ծովիցը», Եղիան հասկացավ, որ Աստված պատասխանեց իր աղոթքին։ Շատ չանցած՝ «երկինքը մթնեց ամպերով եւ հողմով. եւ մեծ անձրեւ եղաւ» (Գ Թագաւորաց 18։43–45)։ Այո՛, մարգարեն հասկանում էր, թե ինչ է ջրի շրջապտույտը։ Նա գիտեր, որ ամպերը գալիս են ծովից և քամիների միջոցով քշվում են դեպի արևելք ու անցնում Ավետյաց երկրի վրայով։ Առայսօր հենց այս պրոցեսի հետևանքով է անձրև գալիս։

Ամովս անունով մի խոնարհ հողագործ նույնպես կարևոր մանրամասնություն նշեց ջրի շրջապտույտի մասին։ Ամովսը մարգարեանում էր իսրայելացիների դեմ, քանի որ նրանք հարստահարում էին աղքատներին և երկրպագում էին կեղծ աստվածների։ Որպեսզի ժողովուրդը չբնաջնջվի, մարգարեն հորդորում էր. «Տիրոջը որոնեցէք եւ կ’ապրիք»։ Այնուհետև Ամովսը բացատրում էր, որ պետք է միայն Եհովային պաշտել, որովհետև նա է Ստեղծիչը, «որ ծովի ջրերը կանչում է, եւ նորանց ածում է երկրի վերայ» (Ամովս 5։6, 8)։ Ավելի ուշ նա կրկին հիշատակեց ջրի շրջապտույտի մասին (Ամովս 9։6)։ Փաստորեն, մարգարեն գիտեր, որ օվկիանոսներն են անձրևի հիմնական աղբյուրը։

1687 թ.–ին էդմոնդ Հալլեյը ջրի շրջապտույտի պրոցեսի մասին գիտական ապացույցներ բերեց, որոնք ներդաշնակ էին վերոհիշյալ մտքերին։ Սակայն ժամանակ էր հարկավոր, որպեսզի բոլորը ընդունեին Հալլեյի փաստերը։ «Բրիտանական հանրագիտարանում» գրված է. «Այն գաղափարը, որ Երկրագնդի ներսում գործում է ջրի շրջապտույտի համակարգը, որի միջոցով ծովի ջուրը հասնում է լեռների գագաթը և այնտեղից նորից վերադառնում է, գոյություն ուներ մինչև 18–րդ դարի սկիզբը» (Encyclopædia Britannica Online)։ Իսկ այսօր բոլորը գիտեն, թե ինչպես է իրականում կատարվում ջրի շրջապտույտը։ Նույն աղբյուրում նշվում է. «Ծովի ջրերը գոլորշիանում են, հետո ջրային գոլորշիները խտանում են մթնոլորտում, տեղումների տեսքով թափվում են Երկիր և, ի վերջո, հոսում են դեպի գետեր ու այնտեղից էլ ծով»։ Հստակ է, ուրեմն, որ Ժողովող 1։7–ում գրված ջրի շրջապտույտի մասին Սողոմոնի խոսքերը նույն պրոցեսն են նկարագրում։

Շնորհակալ կլինե՞ս

Այն փաստը, որ Աստծու Խոսքում ջրի շրջապտույտի պրոցեսը ճշգրտորեն նկարագրվել է տարբեր մարդկանց կողմից, ցույց է տալիս, որ Աստվածաշունչը ներշնչված է Արարչից (2 Տիմոթեոս 3։16)։ Ցավալի է, բայց քանի որ մարդը խախտել է երկրի էկոհամակարգը, այսօր որոշ տարածքներում հեղեղներ են, իսկ ուրիշ վայրերում՝ երաշտ։ Մխիթարական է իմանալ, որ Եհովա Աստված դեռ հազարավոր տարիներ առաջ խոստացել է «կործանել նրանց, ովքեր կործանում են երկիրը» (Հայտնություն 11։18

Իսկ դու ինչպե՞ս կարող ես շնորհակալ լինել Աստծուն այս հրաշք երևույթի համար։ Կարող ես ուսումնասիրել Աստվածաշունչը, և կիրառել այն, ինչ սովորում ես։ Այդպիսով դու նաև Աստծու նոր աշխարհում ապրելու հույս ձեռք կբերես։ Այնտեղ հավիտյան կվայելես Արարչի բոլոր պարգևները, քանի որ «ամեն բարի պարգև և ամեն կատարյալ նվեր» գալիս է անձրևի Աղբյուրից՝ Եհովա Աստծուց (Հակոբոս 1։17

[աղյուսակ/նկար 16–17-րդ էջերի վրա]

ԽՏԱՑՈՒՄ

ՏԵՂՈՒՄՆԵՐ

ԽՈՆԱՎՈՒԹՅՈՒՆ

ԳՈԼՈՐՇԻԱՑՈՒՄ

ՋՐՀՈՍՔ

ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ՋՐԵՐ

[նկարներ 16–րդ էջի վրա]

Մինչ Եղիան աղոթում էր, նրա սպասավորը նայում էր «դէպի ծովակողմը»